Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

8-15 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մայիսի 12-ի վաղ առավոտյան Սյունիքի մարզում ադրբեջանցիները Սեւ լճի տարածքից անցել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր: Այդ մասին ահազանգել են Գորիսի համայնքապետարանից:

 ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ադրբեջանական զինուժը փորձել է որոշակի աշխատանք իրականացնել Սյունիքի սահմանին: «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանցի զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, այժմ ընթանում են բանակցություններ»,- մասնավորապես ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: Պաշտպանական գերատեսչությունը որեւէ տեղեկություն չէր հրապարակել մայիսի 12-ի դրությամբ բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ արդյոք ադրբեջանական զինուժը հեռացե՞լ է ելման դիրքեր, թե՝ ոչ։ Հաջորդ օրվա՝ մայիսի 13-ի տվյալներով, ռուսական կողմի մասնակցությամբ վարվող բանակցություններն արդյունք չեն տվել. Սեւ լճի տարածքից հակառակորդին հեռացնել չի հաջողվել:

Նախ՝ ներկայացնենք աշխարհագրական մի հակիրճ տեղեկանք: Իշխանասարի լանջին փռված Սեւ լճի ռազմավարական նշանակության մասին շատ է խոսվել: Բուն Իշխանասարն աշխարհագրորեն գտնվում է Սյունիքի ու Արցախի սահմանագլխին: Այս տեղանքը ընդունված է համարել Հայաստանի պարանոցը, որտեղից վերահսկելի են Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածին եւ Արցախին կապող ճանապարհները: Ադրբեջանցին այս տեղանքի վրա հնուց աչք ուներ: JPS-ով սահմանազատումների ապօրինի գործընթացների ժամանակ՝ մեր իշխանությունների լռելյայն թողտվության իրավիճակում, թշնամուն հաջողվել էր տիրանալ լճի 30 տոկոսին: Այս պահին արդեն լճի ամբողջական վերահսկողությունը, դեռ մի բան էլ ավելի, անցել է Ադրբեջանին: 

Ի՞նչ է սա նշանակում ադրբեջանական կողմի համար: Առնվազն՝ երեք լուրջ առավելություն. ա/ հայկական մի շարք բնակավայրերի ջրային պաշարների տնօրինում, բ/ Սյունիքից դուրս եկող գրեթե բոլոր կապուղիների նկատմամբ վերահսկողության պահպանում եւ գ/ Աստված մի արասցե՝ պատերազմական գործողությունների դեպքում Գորիսի ու շրջակա գյուղերի վրա հարձակվելու առումով մարտավարորեն շահեկան դիրքերի ձեռքբերում: Ընդհանրապես՝ ռազմական փորձագետների դիտարկումներով, հայկական դիրքերը՝ լինեն բարձունք, թե հարթավայր, հովիտ, թե լեռնալանջ, ունեն մի յուրահատկություն՝ մեկ գրավված դիրքը լուրջ սպառնալիք է դառնում մյուսի համար, մյուսը՝ հաջորդի եւ այդպես շղթայական ռեակցիայի կարգով: Այնպես որ, ՀՀ-ում չկա անկարեւոր դիրք ու բարձունք: Մեկ օրգանիզմի պես այդ բոլորը, ասես, պորտալարով կապված են միմյանց: 

Հիմա գանք միջադեպին: Դրա վերաբերյալ առաջին լուրերը խիստ հակասական էին: Համացանցային տարբեր աղբյուրներ տեղեկություններ տարածեցին, որ Իշխանասարի ուղղությամբ թշնամու մի մեծ խմբի առաջխաղացում է նկատվել, եւ իրավիճակը խիստ պայթյունավտանգ է, ընթանում են մարտեր։ Պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների փաստը հերքում է՝ հաստատելով, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Միջադեպից շատ ժամեր անց հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ: «Իրավիճակը մերձճգնաժամային է, եթե չասենք՝ ճգնաժամային: Տեղի է ունեցել դիվերսիոն ներթափանցման փորձ»,- ԱԽ նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա չի պարզաբանել, թե ինչու են դիվերսանտների հետ բանակցություններ վարում՝ փոխանակ ՀՀ տարածք ներխուժելու համար նրանց գերեվարելու: 

Բայց պարզաբանման կարոտ հարցերը սրանով չեն ավարտվում: Ուրեմն 200 ազերիներ մոտ երեքուկես կիլոմետր խորանում են պետական սահմանից ներս եւ, կարծես թե, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Ընդդիմությունը, անկախ ԶԼՄ-ները տագնապ են բարձրացնում, իսկ պաշտոնական լրահոսը, իշխանական ուսապարկերը եւ իշխանամերձ կարիերամոլները, ինչպես 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, «սվաղում» են եղելությունը, հանդարտեցնում ժողովրդին, թե անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ վերահսկվում է: Դեռ լրատվամիջոցներին ու նախկիններին էլ հանդիմանում են ստահոդ, սադրիչ ապատեղեկատվություն տարածելու համար: Մեկ օր անց՝ միջադեպի իրական պատկերն ամբողջանում է՝ դեպքից 24 ժամ անց ներխուժման փաստը Անվտանգության խորհրդի նիստում հաստատում է Փաշինյանը: Հիմա ո՞վ է սադրիչը կամ ստախոսը՝ անկախ լրատվամիջոցնե՞րը, թե՞ ՊՆ-ն ու Սյունիքի մարզպետը, ով լրագրողների հարցի հետ զրույցում պնդում էր, թե ադրբեջանցիներն ուղղակի մոլորվել էին, որեւէ ներխուժում չի եղել: 

Լավ, ինչո՞վ էին զբաղված պետությունը, նրա կառույցները՝ բացի առաջիկա ընտրությունները կեղծելու տեսակ-տեսակ հնարքներ մոգոնելուց: Ինչպե՞ս պատահեց, որ թշնամին՝ խախտելով պետական սահմանը եւ, առանց որեւէ խոչընդոտի բախվելու, երեքուկես կիլոմետր խորացավ մեր տարածքում, ինչը չլսված-չտեսնված բան է: Իսկ միգուցե սահմանի դռները թշնամու առջեւ բացողը սահմանի ներսի՞ց էր, ինչպես Շուշիի ու Հադրութի բանալիները հանձնողը: Կամ, միգուցե, սա նույնպե՞ս արտահերթ ընտրությունների շրջանակում է արվում, որպեսզի իշխանության վերարտադրության անհնարինության դեպքում պատրվակ լինի ընտրությունները չեղարկելու կամ դրանք, օրինակ, 6 ամսով հետաձգելու համար՝ համապատասխանաբար ձգձգելով նաեւ գործող ապիկարների պաշտոնավարումը: 

Այնաստիճան ապիկար, որ չեն կարողացել անգամ մեկ դիրքի մակարդակով անվտանգային խնդիր լուծել, որի մասին հենակետայիններն ահազանգում էին դեռ անցած ձմեռվանից: Արդյունքում հայկական կողմը ձյան պատճառով չէր պահպանել դիրքերը, ինչից օգտվելով էլ ադրբեջանցիները մայիսի 12-ին ներխուժեցին Սյունիք եւ ոչ մի կերպ այնտեղից դուրս չեն գալիս: Ասում են՝ բանակցություններն անարդյունք են, խնդրանքները՝ առավել եւս, իսկ ուժով չենք կարողանում դուրս քշել: Չլինի՞ դիմենք մի քանի հազարի հասնող այն հաղթանդամ թիկնապահներին, ոստիկանական ուժերին, դիպուկահարներին ու կարմիր բերետավորներին, որոնք օրեր առաջ նույն Սյունիքում անձնուրացաբար ծառայում էին մեկ մարդու անվտանգության պահպանման վսեմ առաքելությանը: Նրան պաշտպանում էին սյունեցիների ցասումից: Դե, հիմա կերեք…

 

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը մի քանի օր կառավարության շենքի դիմաց ակցիա էր իրականացնում։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն այլեւս վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի։ «Մենք տեսանք ցավալի իրողություն, որ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարումը, ներկայացել է կառավարության շենք, նշանակումներ է արել, ինչը հանցագործություն է»,- լրագրողներին ասել է Ղազարյանը։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովում մայիսի 10-ին երկրորդ անգամ քննարկվեց վարչապետի ընտրության հարցը, դարձյալ առաջադրվեց մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը, եւ պատգամավորները նրան դարձյալ չընտրեցին վարչապետի պաշտոնում, ինչը նշանակում է, որ խորհրդարանը լուծարված է:

…Թե՛ առաջին, թե՛ երկրորդ քվեարկության ժամանակ 132 պատգամավորներից Փաշինյանի օգտին քվեարկել է ընդամենը մեկը: Եթե մի կողմ դնենք «քաղաքական պայմանավորվածություն» արատավոր սխեմայով քվեարկության ձեւական բնույթը, ապա պետք է փաստել, որ խորհրդարանը, ըստ էության, նրան չընտրեց վարչապետի պաշտոնում: «Ուրեմն ինչպե՞ս է նրա մտքով անցնում մտնել կառավարության շենք, հրամաններ արձակել, նիստ անցկացնել ու պաշտոնական հանդիպումներ ունենալ»,- այսպես է դատում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի եւ այդ ողջ ժամանակահատվածում նա պետք է պաշտոնազրկվի եւ ստանա ՀՀ սովորական քաղաքացու կարգավիճակ։ 

Ասել է թե՝ Փաշինյանն այդ ժամանակ ստիպված պետք է լինի ընտանյոք հանդերձ կառավարական առանձնատնից տեղափոխվել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իր կողմից հայտարարագրված բնակարան՝ անշուշտ, առանց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակի, առանց թիկնազորի եւ առանց պետական ծառայողական մեքենաների։ Ղազարյանի դիտարկմամբ՝ սա օրենքի պահանջն է, որը Փաշինյանը չի կատարել: Ավելին՝ նախկին պաշտոնյան համոզված է, որ նա հանցավոր համաձայնության է եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ՝ «տապալելու 2018-ի մայիսի 10-ին օրինական, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձեւավորված ՀՀ իշխանությունը»։ 

Ապրիլի 25-ին հրաժարական տալուց հետո Փաշինյանի՝ որպես ժամանակավոր վարչապետի պաշտոնակատարի, գործունեությունը շարունակելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տվել հանրային հարթակում՝ մասնավորապես իրավական խոսույթի շրջանակում։ Ոլորտի մասնագետների մեծամասնությունը պնդում է, որ Սահմանադրության եւ գործող օրենսդրության ուժով Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդիսանալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հետեւաբար նա, ըստ էության, թույլ է տվել իշխանության յուրացում, եւ որ այս ընթացքում նրա կողմից ստորագրված բոլոր որոշումներն առոչինչ են, իսկ հրամանները ենթակա չեն կատարման ՀՀ պետական կառավարման գործադիր մարմինների կողմից։ Իշխանության ներկայացուցիչները, ընդհակառակն, փորձում են վստահեցնել, որ գործընթացը համապատասխանում է Սահմանադրությանը։ 

Վարչապետի պաշտոնավարման օրինականության եւ առաջիկա ընտրությունների օրինակարգության ապահովման մտահոգությամբ հանդես է եկել անգամ ՀՀ առաջին նախագահը: Լեւոն Տեր–Պետրոսյանը Փաշինյանի հետ պայմանավորվածության գնացած խորհրդարանական ուժերին, ինչպեսեւ ՀՀ նախագահին, ՍԴ դատավորներին կոչ է արել ամենայն լրջությամբ վերաբերվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի՝ «Համաձայն Սահմանադրության, վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։ «Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում»,- զգուշացրել է Առաջին նախագահը։ 

Հետաքրքիր դիրքորոշում են որդեգրել պատկան մարմինները եւ բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են պահպանել օրենքն ու սահմանադրականությունը, կանխել բարձր մակարդակով կատարվող իրավական կամայականությունները: Այսպես՝ ՀՀ գլխավոր դատախազությունը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի տվյալ գործողությունում առկա է «սահմանադրական նորմերի կիրառման առնչությամբ առերեւույթ վեճ», որի լուծումը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից: Այսինքն՝ ակնարկելով, որ հրաժարականից հետո Փաշինյանի պաշտոնավարումը սահմանադրական դրույթների կիրառման դաշտում է, Գլխավոր դատախազությունը «գնդակն ուղարկում» է Սահմանադրության պահպանումը երաշխավորող հաստատության՝ նախագահականի կողմը: Իսկ ավելի վաղ NEWS.am-ի հարցապնդմանն ի պատասխան՝ նախագահականից հայտնել էին, որ ՀՀ նախագահը Մայր օրենքի պաշտոնական մեկնաբանություն իրականացնելու լիազորություն չունի: 

Ակնհայտ է, որ պետական հաստատությունները՝ միգուցեեւ ներքուստ ընդունելով, որ անօրինականություն է տեղի ունենում, մի կողմ են քաշվել՝ «գլուխները ցավի մեջ չդնելու» համար: Պաշտոնամոլությունը, պետական մտածողության բացակայությունը նրանց մղել են կրավորական վարքագծի, վարչապետի պաշտոնում հայտնված անձի կոպտագույն չարաշահումների անտեսման: Դեռեւս հրաժարական չներկայացրած, ԱԺ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածություն չառաջադրած, երկու անգամ թեկնածուների քվեարկություն չիրականացրած՝ խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, նույնիսկ ապօրինաբար ընտրության կոնկրետ օր սահմանել՝ նշանակում է, շատ կներեք, թքել օրենքի ու օրինականության վրա: Իսկ այդ ամենի վրա աչք փակելը էլ ավելի մեծ տմարդության, վախկոտության ու երկրի ճակատագրի հանդեպ հանցավոր անտարբերության նշան է: 

Միայն քաղաքական կուրությունը կարող է խանգարել՝ չտեսնելու Սահմանադրության հստակ պահանջը՝ վարչապետի հրաժարականից հետո, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, շարունակում են պաշտոնավարել կառավարության անդամները, ոչ թե վարչապետը, որովհետեւ հակառակ դեպքում՝ նույն լիազորություններով մնալով իշխանության ղեկին, նա վարչական ռեսուրսի կիրառման եւ այլ ապօրինությունների միջոցով կարող է շատ հեշտությամբ ապահովել իր իշխանության վերարտադրությունը: «Վարչապետն արդեն հրաժարական է տվել, իսկ նախագահն ընդունել ու ամրագրել է այդ փաստը։ Երկրորդ կարծիք ունեցողներից բացառիկ ջանքեր են պահանջվելու այս պարզ ճշմարտությունը վիճարկելու համար»,- իր հոդվածում գրել է Ղազարյանը։ 

Կառավարության շենքի առջեւ այս օրերին իր ճշմարտությունը բարձրաձայնող նախկին բարձրաստիճան պաշտոնյան վստահ է, որ Սահմանադրության 130, 147, 149, 150, 152 եւ 158 հոդվածները, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը եւս մեկ անգամ ընթերցող ցանկացած ոք կարող է գալ նույն համոզմանը։

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի մայիսի 13-ի նիստում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակը։

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը եւ իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը»,- ասված է ՀԱՊԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 11-ին հրավիրված նիստում հաստատեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Հունիսի 7-ին մեկնարկելու է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, տեւելու է մինչեւ հունիսի 18-ը` ժամը 24:00: Թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը մինչեւ հունիսի 10-ն է` ժամը 18:00: Այդ մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Վրաստանի վարչապետը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ապա անցկացվել են բանակցություններ՝ ընդլայնված ձեւաչափով: Այցի շրջանակում Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ադրբեջանական զինված ուժերը մայիսի 13-ին կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի եւ Սիսիանի սահմանային հատվածներում, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։ «Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու եւ իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»,- նշում է պաշտպանական գերատեսչությունը։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: