Կիրակի, Մայիսի 18, 2025

Շաբաթվա անցուդարձ

19-26 ապրիլի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցից երկու օր առաջ, Ազգային ժողովի դահլիճն իսկական մարտադաշտ էր հիշեցնում՝ մեծ գզվռտոց էր սկսել իշխող ՔՊ խմբակցության եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ: Վեճ-տուրուդմփոցը բռնկեց ու դահլիճով մեկ տարածվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է բերել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը եւ դրա արդարացումը քրեականացնելու վերաբերյալ նախագիծ: Այդ մասին ընդդիմադիր ուժի հայտարարությունից կարճ ժամանակ անց խորհրդարանի խոսնակը սկսեց բորբոքել, թեժացնել նիստը եւ, ըստ էության, քաշքշոց առաջացնել:

ԱԺ նախագահի պահվածքն ակներեւաբար սադրանք էր, որին առաջինը եւ հատուկ լպիրշությամբ արձագանքեցին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ փողոցային իր կեղտոտ բառապաշարով, Ալավերդիում պարտված համայնքի ղեկավարի թեկնածու, այժմ պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ խուլիգանական վարքագծով: Դե, իսկ Ալեն Սիմոնյանի ձեռնարկած սադրանքը զարգացրեց Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը` քաշքշելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի վերնաշապիկի օձիքից: Ղալումյանն ուժով ձգտում էր դեպի Իշխան Սաղաթելյանը, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ամուր փակել էին նրա առաջխաղացումը։

Մամուլի որոշ միջոցների արձանագրմամբ՝ որքան էլ ԱԺ-ում կատարվածն ընկալվեց տհաճ միջադեպ, այնուամենայնիվ, դրա արմատներն ավելի խորն են: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, պարզվում է, որ խնդիրը միայն Ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր: Պարբերականը ՔՊ-ին մոտ կանգնած խորհրդարանական աղբյուրներից տեղեկացել է, որ այդ օրը ՔՊ-ականները մտադիր են եղել հարձակվել «Դաշնակցության» ղեկավար Իշխան Սաղաթելյանի վրա եւ ցուցադրաբար ծեծկռտուք սարքել հենց նրա հետ: «Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չկարողացավ զսպել էմոցիաները` թիրախավորված քննադատելով եւ վիրավորելով Իշխան Սաղաթելյանին»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Կարկառուն ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ըստ թերթի, թելեգրամյան ալիքներից իմացել է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկա օրերին խժդժություններ հրահրել կառավարող քաղաքական ուժի դեմ եւ այդ նպատակով, իբր, խմբեր են ձեւավորվում: Ուստիեւ ՔՊ-ականները ցանկանում էին «ԱԺ-ում իրենց համարձակությունն ի ցույց դնելով՝ կանխել հնարավոր այն բախումները փողոցում, որոնց հնարավորության մասին խոսում էր ՔՊ փոխնախագահ Ալեքսանյանը»: Անշուշտ՝ ցանկացած լրջմիտ պնդում կամ տեսակետ ունի գոյության իրավունք, բայց կարեւոր է նաեւ, որ այն ունենա փաստական հիմք: Ալեքսանյանի հայտարարությունը զուրկ է փաստական հիմքից եւ, հետեւաբար, այն ընդամենն ասեկոսեների շարքից է:

Փոխարենը փաստ է, օրինակ, որ ՀՀ ԱԺ-ն խուսափում է հիմնավորապես հակադարձել թուրք-ադրբեջանական հռետորաբանությանը կամ պաշտոնական բարձր մակարդակով տարածվող հակահայ խոսույթին: Այս առումով խորհրդարանական ընդդիմության բոլոր հակընդդեմ նախագծերն անխտիր «ջրվում» են ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից: Այդպես ՔՊ-ականների «դեմ» քվեով տապալվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու օրինագիծը, չընդունվեց Բաքվում կայացած «COP-29»-ի ժամանակ հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ հայտարարությունը, չդատապարտվեց Շուշիի՝ թուրք-ադրբեջանական հռչակագիրը եւ այլն։

Նույն օրը՝ ապրիլի 22-ին, երբ ԱԺ դահլիճում մեր ոչուփուչ իշխանությունները կռիվ էին գցել Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի ձախողման դիտավորությամբ, Երեւանում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Ցեղասպանագիտության շաբաթվա» շրջանակում անցկացվող մամուլի ասուլիսում՝ մասնակցությամբ Ֆրանկֆուրտում գործող «Ցեղասպանության հակառակորդների միության» թուրք եւ քուրդ ղեկավարների, հայ ու միջազգային փորձագետների, ցեղասպանագետների, պատմաբանների եւ գրողների, քննարկվում էր «Թուրքիան կարող է ապագա ունենալ միայն այն դեպքում, եթե ճանաչի Ցեղասպանությունը եւ կատարի հատուցում» թեմայով։

Նախատեսված էր նաեւ թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։ Հետաքրքիր է՝ այն պահին, երբ թուրք գիտնականներ են կոչ անում Հայոց ցեղասպանութունը ճանաչել ու հատուցել, քանի՞ պաշտոնյա կար Հայաստանում, որ ուրանում է Հայոց ցեղասպանությունը։ Եվ ոչ միայն ուրանում են, այլեւ ծեծկռտուք են հրահրում՝ հենց որ խոսք է բացվում Մեծ եղեռնը դատապարտելու մասին։

 

Մնում է մխիթարվել նրանով, որ Ապրիլքսանչորսի ոգին, պատգամն ու խորհուրդը՝ ի պատիվ նաեւ ՀՅԴ կառույցների, շարունակում են ապրել-պահպանվել աճող սերունդների մտքերում եւ սրտերում, ինչը Ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, ակներեւ դարձավ ավանդական՝ ջահերով բազմահազարանոց երթի մասնակից երիտասարդների ու պարմանուհիների կուռ, հաստատակամ շարքերից: Երթից առաջ, որպես բողոքի նշան, ակտիվիստներն այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, ինչից հետո շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։

Ջահերով երթին մասնակցում էին ինչպես հասարակական-քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ, ուսանողներ ու դպրոցականներ, այնպես էլ հայ հայտնիների մի շքեղ աստղաբույլ. սիրված երգչուհիներ Սիրուշոն՝ ամուսնու՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի հետ, Սոնա Ռուբենյանը, Ալլա Լեւոնյանը, Նունե Եսայանը, աշխարհաճանաչ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, մշակույթի նվիրյալներ Նազենի Հովհաննիսյանը, Ներսիկ Իսպիրյանը, Լուիզա Ղամբարյանը եւ էլի շատ-շատեր: Ի դեպ՝ սոցցանցերում Փաշինյանին փողով մեծարող որոշ թափթփուկներ, որոնք կյանքում ոչնչի չեն կարողացել հասնել, բացի սրան-նրան վճարովի կեղտոտ ծառայություններ մատուցելուց, վայրահաչ են տալիս Սիրուշոյի եւ Հենրիխ Մխիթարյանի հասցեին՝ Ջահերով երթին մասնակցելու՝ նրանց որոշման համար: Այստեղ են ասել՝ «Շունը կհաչա, իսկ քարավանը կգնա»:

Փաշինյանն՝ ինքը «միջնորդավորված» դատապարտեց ՀՅԴ-ի կազմակերպած՝ Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելու ակցիան: «Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն համարելով անընդունելի եւ անպատասխանատու։ Միջազգայնորեն ճանաչված պետության դրոշի այրումը, առավել եւս՝ հարեւան երկրների դրոշներինը, պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է»,- նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը չդատապարտեց, արցախահայության էթնիկ զտումները չդատապարտեց, ինչպե՞ս հասկանալ, որ հիմա դատապարտում է թշնամի պետությունների դրոշների այրումը: Մի՞թե Փաշինյանի համար երկու այրած դրոշը՝ այն էլ ի նշան բողոքի, շատ ավելին արժի, քան մեկուկես միլիոն հայերի արյունը, նրանց Հայրենազրկումը՝ գումարած հայկական երկրորդ պետության բռնազավթումը: Անառողջ դատողություն պետք է ունենալ՝ չհասկանալու համար, որ Ջահերով երթը իրականում ավելի խոր իմաստ եւ ավելի մեծ բովանդակություն ունի, քան կարող է թվալ:

Ամենադիպուկ բնորոշումը տվել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ահավասիկ. «Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ ներուժ ունի մեր ժողովուրդը՝ նայեք Ջահերով երթի մասնակիցների քանակին։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ ապագա ունի մեր ժողովուրդը՝ նայեք Ջահերով երթի մասնակիցների աչքերին։ Ուզո՞ւմ եք տեսնել մեր ժողովրդի կամքը՝ լսեք Ջահերով երթի մասնակիցների ձայնը ու նաեւ նրանց լռությունը։ Ուզո՞ւմ եք լինել իսկական հայ՝ դարձեք Ջահերով երթի փոքր մասնիկ, նույնիսկ, եթե գտնվում եք հայրենիքից դուրս»,- գրել է նա:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հոգեւոր դասի ներկայացուցիչներն Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին՝ ոգեկոչելու Ցեղասպանության նահատակների հիշատակը: Անմար կրակի մոտ Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս Վեհափառը հուշահամալիր այցելեց ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի եւ այլ պաշտոնյաների այցից առանձին: Բարձրաստիճան հոգեւորականներն ու իշխանության ներկայացուցիչները նախկինում Ծիծեռնակաբերդ այցելում էին միասին: Լրագրողների հետ զրույցում Վեհափառը անպատասխան թողեց իշխանության հետ տարաձայնությունների վերաբերյալ հարցերը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Հայկական հիշատակի օրվա իր ուղերձը, որում, ինչպես եւ իր նախորդ նախագահության շրջանում, օգտագործեց Մեծ Եղեռն (Meds Yeghern) եզրույթը, որն առաջինը 2009թ.-ին կիրառել էր ԱՄՆ 44-րդ նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման: «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը եւ հարգում 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկի ընթացքում տառապած հրաշալի հոգիների հիշատակը»,- ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում տեղադրված ուղերձում: -Հիշատակի այս օրը մենք վերստին միանում ենք Հայկական Մեծ Համայնքին Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում՝ սգալով մեկեւկես միլիոն կորսված կյանքերը»:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 23-ին ընդունել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է եվրակառույցի ղեկավարի այցը՝ կարեւորելով վեհաժողովի ակտիվ գործունեությունն ու տեղի ունեցող քննարկումները: Թեոդորոս Ռուսոպուլոսը խիստ արդյունավետ է գնահատել Հայաստանի խորհրդարանականների հետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ այն հաջողությամբ կշարունակվի: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ընթացող «ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված Կառավարության քայլերի շուրջ»:

Բաքվի զինվորական դատարանում ապրիլի 21-ին շարունակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, որին ներկա չէին անկախ լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ օրը ցուցմունքներով հանդես է եկել Արցախի երկրորդ նախագահը։ Նա անդրադարձել է Խոջալուում 1992-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ դրանց մասին տեղեկացել է «պաշտոնական աղբյուրներից»։ «Ողբերգության ծավալների մասին մենք այն ժամանակ տեղեկացված չէինք։ Գիտեինք միայն, որ Խոջալուից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Ստեփանակերտ, որոնց հետագայում փոխանցել են հակառակ կողմին»,- ըստ ադրբեջանական APA գործակալության, ասել է Արկադի Ղուկասյանը:

Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ապրիլի 23-ին գործադիրի պահուստային ֆոնդից հատկացվել է 49 մլն դրամ՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար։ «Մարդասիրական օգնության շրջանակներում անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք եւ դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները»,- ասված է ՆԳ նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ: Նախորդ ամիս եւս Հայաստանի կողմից Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն էր ուղարկվել Սիրիա:

Ապրիլքսանչորսյան ուղերձում Ռեջեփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում: Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական խոսքում նախագահը չի նշել, թե ում կողմից եւ ինչու են սպանվել մեկուկես միլիոն հայերը՝ ընդհանրական գնահատականներ տալով 1915-ից սկիզբ առած իրադարձություններին՝ ապստամբություններ, համաճարակներ եւ այլն: Միաժամանակ Էրդողանը պնդում է, որ անցյալի ցավալի հիշողությունները չպետք է գերի դարձնեն ներկան եւ ապագան:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: