Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ազգային ժողովի հերթական քառօրյայի երրորդ օրը` մայիսի 8-ի նիստում, երբ շարունակվում էր կառավարության 2019 թվականի գործունեության քննարկումը, խորհրդարանում տեղի ունեցավ ծեծկռտուք: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ նախ փոքրիկ «լեզվակռիվ» ծագեց Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի միջեւ, այնուհետեւ տեղից արձակած բղավոցներով իրավիճակը թեժացրեց իշխող խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` Մարուքյանի դեմ գործի դնելով բռունցքները: Այդպես սկիզբ առավ ընդհանուր ծեծկռտուքը: Պատգամավորները դուրս էին եկել իրենց տեղերից ու խառնիճաղանջ խմբվել կենտրոնում, չէր հասկացվում, թե ով էր եկել բաժանելու կռվողներին եւ ով՝ հարվածելու:
Հրմշտոցի մեջտեղում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձում էին հանդարտեցնել իրավիճակը: Ազգային ժողովում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պետք է եզրափակիչ ելույթ ունենար։
…Այն ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, խայտառակություն էր: Իսկ եթե նկատի ունենանք, որ ամոթալի ծեծկռտուքը տեղի ունեցավ մեր համազգային ամենահիշարժան տոներից մեկի` Շուշիի ազատագրման օրը, ապա խայտառակությանը գումարվում է նաեւ սրբապղծությունը: Հայոց չուզողները կդիտեն ու կչարախնդան մեր մսխվող ներուժի, տանուլ տրվող ժամանակի ու կորսվող ազգային համերաշխության վրա: Դա ճիշտ նրանց ուզածն է: Մեր անմիաբանությունը, ազգային անհանդուրժողականությունը նրանց ուժն է: Ծեծկռտուքներ, վեճեր եւ անհամաձայնություններ լինում են աշխարհի բազմաթիվ խորհրդարաններում, սակայն Հայաստանի պարագան մի փոքր այլ է: Մենք չավարտված պատերազմ ունենք ամբարիշտ հարեւանի հետ, որն աչալուրջ հետեւում է մեր վարքագծին` սպասելով, թե որտեղ ու երբ կսայթաքենք:
Նույնիսկ կարեւոր չէ, թե խորհրդարանական այս աղմկոտ միջադեպի կողմերից ով էր արդարացին, ով` մեղավորը: Սա մեր բացթողումն էր` բոլորինս: Հետեւաբար` որքան էլ դժվար լինի, պետք է խոստովանենք, որ «ներսից ենք փչացած», ինչպես կասեր Մեծն Լոռեցին: Եզրափակիչ խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, չի կարելի անվանել, իսկ սադրանքի համար մեղադրեց «Լուսավոր Հայաստան»-ին, որի անդամները, վարչապետի խոսքով, ուզում են իշխող ուժին շեղել իր արժեքներից, հանել հավասարակշռությունից: Իր արձագանքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նկատել է. «Նիկոլ Փաշինյանի ելույթի ուղերձը հետեւյալն էր` ով այսուհետ խոսի, կարող է ծեծ ուտել»: Նույն միտքն է ֆեյսբուքյան էջում զարգացրել նաեւ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը. «Նիկոլը ոչ միայն լեգիտիմացրեց Սասունի արածը, այլեւ փաստեց, որ այս ամենը դեռ սկիզբն է, ու փաստացի հրապարակային կերպով տվեց «դաբրո» ապագայի նոր բռնությունների համար»,- գրել է Կիվիրյանը:
Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` նշելով, որ նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի եւ ժողովրդավարության տրամաբանությանը: «Նման տհաճ միջադեպերը, բռնությունը պետք է մերժվեն եւ ցանկացած հարց, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության, հարկ եղած դեպքում նաեւ առողջ քննադատության ճանապարհով»,- ԱԺ գործընկերներին փոխադարձ հարգանքի ու կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում ԲՀԿ-ն: Հենց փոխադարձ հարգանքի ու կառուցողական վերաբերմունքի պակասի մասին է, առաջին հերթին, ահազանգում դիպվածին արձագանքողների գերակշիռ մեծամասնությունը: Նրանց կարծիքով` տվյալ միջադեպը, ինչպես նաեւ վերջին շրջանում համանման մի շարք հայտնի ընդհարումները, հանրության ներսում առկա ատելության, չարության ու արհեստական տարանջատումների հետեւանքն են:
ԱԺ դահլիճի առաջին շարքում այդ օրը նստած Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, առերեսվել էր անհարդուրժողականություն անունով մի «հրեշի» հետ, որի ծնողն ու սնողը ինքն է եղել, երբ կոչ էր անում արգելափակել դատարանները, ասֆալտին փռել ընդդիմախոսներին կամ պատերով տալ «վնգստացող դուրսպրծուկներին»: Պետության ղեկավարին հարիր չէ դաժանության կոչեր հնչեցնելը, փողոցային բառապաշար օգտագործելը, ինչի մասին բարեկամաբար զգուշացնում էին ավելի ավագ ու փորձառու գործընկերները: ԱԺ նախկին պատգամավոր, վաստակաշատ մանկավարժ Անահիտ Բախշյանը ստիպված էր մայիսի 8-ի ծեծկռտուքի առնչությամբ հիշեցնել ամիսներ առաջ կատարած ՖԲ գրառումը` վարչապետի «սպառնալի բառապաշարի» մասին: «…Շա՜տ եմ խնդրում,- գրել է նա,- փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը։ Խոսեք հանգիստ, հասարակությանը մի փոխանցեք Ձեր անձնական բարկությունը, թող Ձեր ելույթները խաղաղություն սփռեն, ոչ թե լարվածություն։ Խնդրում եմ` հանգիստ լսեք քննադատությունն ու դրանից ոչ թե վիրավորվեք, այլ լսեք դրանք, չէ՞ որ Դուք ՀՀ վարչապետն եք»:
Երեկվա եզրափակիչ ելույթում վարչապետը պետք է խոսեր Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականից, սակայն հարկադրված էր ելույթը գլխավորապես նվիրել «չնախատեսված» ծեծկռտուքի թեմային: Իսկ անցած տարվա հաջողությունների շրջանակում հիշատակեց երկրի «կայուն առաջընթացի» մասին վկայող ընդամենը երկու փաստ. ա/ 2019 թվականը նշանավորվել է ամենասակավ ծառահատումներով, եւ բ/ 1970 թվականից ի վեր` կես դար անց, Տավուշի մարզի Ենոքավանում, որը Նիկոլ Փաշինյանի պապենական գյուղն է, կովկասյան ընձառյուծ է երեւացել…
Հայաստանի կառավարության որոշմամբ մայիսի 4-ից հիմնականում վերացվեցին կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները: Փաստորեն չեղարկվում է կարանտինը, իսկ արտակարգ դրության պայմանակարգը պահպանվում է մինչեւ մայիսի 14-ը, ինչպես նախասահմանված է: Սա նշանակում է, որ մայիսի 4-ից հետո սկսում են գործել բացօթյա տարածք ունեցող սրճարաններն ու ռեստորանները, մանրամեծածախ առեւտուրը, տնտեսական գործունեության մի շարք տեսակներ, թույլատրվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը ՀՀ ողջ տարածքում եւ այլն: Միաժամանակ շարունակում են փակ մնալ բարձր ռիսկայնության որոշ ոլորտներ` մասնավորապես տրանսպորտը, առեւտրի խոշոր կենտրոններն ու շուկաները, կրթական ուսումնական հաստատությունները, մարդաշատ միջոցառումները:
…Անշուշտ, մարդիկ ձանձրացել են տանը մեկուսացված կամ ինքնամեկուսացված մնալուց եւ ուզում են վերադառնալ մինչհամավարակային կյանքին ու առօրյային, գնալ աշխատանքի, առանց որի շատերի համար դժվար է հոգալ հանապազօրյա հացի խնդիրը: Այդ իմաստով կարանտինից դուրս գալը որքան ցանկալի ու կենսականորեն պահանջված է ժողովրդի համար, նույնքան էլ խնդրահարույց է, եթե չասենք` տագնապալի: Կառավարությունը սահմանափակումներն էապես թուլացնում է այն ժամանակ, երբ վարակվածների վիճակագրությունը սկսել է աճել եռանիշ թվերով, ինչը հղի է վարակի նոր բռնկումների վտանգով: Չթուլացնելու դեպքում էլ տնտեսական մեծ կորուստներ կունենանք, որովհետեւ Կառավարության հաշվարկներով` COVID-19-ը շարունակվելու է առնվազն մեկ տարի: Արտադրության այդպիսի տեւական կանգը կարող է տնտեսական կոլապսի հանգեցնել:
Քանի որ այդքան ժամանակ «տնային ռեժիմում» մնալը նույնպես Կառավարությունն իրատեսական չի համարում, հետեւաբար նրան ոչինչ չի մնում, քան քաղաքացիների առողջապահության եւ տնտեսական ճգնաժամի հաղթահարման երկընտրանքում նախապատվությունը տալ վերջինիս: Վարչապետի խոսքով` մենք դատապարտված ենք առնվազն մինչեւ 2021-ի մարտ-ապրիլ ամիսներ ունենալ կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել: Նշանակում է, ըստ Փաշինյանի, մենք պետք է համակեցության նոր պայմաններ ապահովենք, որպեսզի համակերպվենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրել, ոչ թե փակված մնալ տանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Արտակարգ դրության պարետ, Տիգրան Ավինյանի հետ նախօրեին տեղի ունեցած քննարկմանը Նիկոլ Փաշինյանը` խոսելով համավարակի վերաբերյալ հետագա քայլերից, ընդգծել է ապակենտրոն պայքարի ռազմավարության հրամայականը: «Ապակենտրոն պայքարի ամենակարեւոր նրբությունն այն է,- նշել է վարչապետը,- որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կորոնավիրուսի ընթացքում իր վրա է վերցնում համաճարակի դեմ պայքարի իր բաժին պատասխանատվությունը: Եվ դա արտահայտվում է հետեւյալ կերպ. առաջինը` չվարակվել եւ երկրորդը` չվարակել»: Այսպես` Կառավարությունը «ձեռքերը լվանում», մի կողմ է քաշվում եւ քաղաքացիների առողջության մասին պատշաճ հոգ տանելու փոխարեն ամբողջ պատասխանատվությունը դնում նրանց ուսերին:
Արդյունքը երկար սպասել չտվեց: Վարակվածության դեպքերը մայիսի 4-ին եւ սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերին շարունակում էին կայուն աճ արձանագրել: Կարանտինի չեղարկման օրը կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը աննախադեպ էր` 4 քաղաքացի: Մայրաքաղաքում, բոլոր խոշոր քաղաքներում նույն օրը եռուզեռ էր, մարդիկ վայելում էին իրենց «ազատությունը»` անտեսելով ե´ւ այն վտանգը, որն ակնհայտ էր, ե´ւ այն պատասխանատվությունը, որը հայրենի Կառավարությունը փոխանցել էր հասարակությանը` իբրեւ այդ «ազատության» գին: Սա առաջին անգամը չէ, որ ծանր իրավիճակներում Կառավարությունը փորձում է ինչ-որ կերպ գլուխը պրծեցնել դժվարլուծելի խնդիրներից` դրանց առկայությունը պայմանավորելով մի դեպքում «Սերժի մնացորդներով», մեկ այլ դեպքում իշխանությունից չբավարարված սպասելիքներ ակնկալող «հիասթափվածներով» կամ երրորդ-չորրորդ այլ սուբյեկտներով: Այսինքն` իր անձից հնարավորինս հեռու:
Իսկ վարչապետի ցանկացած որոշում կամ տեսակետ վերահաստատողների, նրան ձայնակցողների պակաս չկա: Այս անգամ Փաշինյանի դիրքորոշումն իր հանրային խոսքում խտացրեց առողջապահության նախարարը` հատկապես շեշտելով, որ չվարակվածության նվազեցումը կախված է յուրաքանչյուր քաղաքացու անհատական վարքագծից ու պատասխանատվությունից: Մայիսի 4-ին Ազգային ժողովում Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե հակահամաճարակային կանոնները չպահպանելու դեպքում հավանական է կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնի մինչեւ 500 հազարի, ընդորում` հազարավոր մահերով: «Մինչեւ օրս դա տեղի չի ունեցել, որովհետեւ ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկման տարածումը»,- ասել է նա` փաստորեն ակնարկելով, որ նախարարությունն այլեւս անկարող է զսպել վարակվածության տարածումը: Բայց մի՞թե դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է թողնել բախտի քմահաճույքին: Չէ որ խոսքը մարդկանց կյանքին ու առողջությանն է վերաբերում:
Մեկ այլ առիթով առողջապահության նախարարը վերջին օրերին հաստատված դեպքերի աճը պայմանավորել է «մարդկանց շարժունակության մեծացումներով»: Ստացվում է, որ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն անմիջական կապ է տեսնում վարակվածության աճի ու «մարդկանց շարժունակության մեծացումների» միջեւ: Եվ այդքանն իմանալով հանդերձ` նա հանում է կարանտինային սահմանափակումները կամ, որ նույնն է, խթանում է մարդկանց ակտիվ տեղաշարժը: Այսինքն` գիտակցաբար նպաստում է ախտահարվածների թվի աճի՞ն:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով
Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է, որն այս տարի Հայաստանում, Արցախում եւ արտերկրի բոլոր հայկական համայնքներում նշվեց կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների իրադրությունում: Ուղիղ 28 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը եւ կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին, ինչը բեկումնային եղավ Արցախյան պատերազմում: Այստեղից էին ադրբեջանցիները հարվածում Ստեփանակերտի եւ մերձակա գյուղերի ուղղությամբ: Չնայած թշնամու գերակշռող ուժին, հայ հերոսների արիության շնորհիվ Շուշին վերջնականապես ազատագրվեց:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն էր: Այն տեւել է 26 ժամ, եւ մայիսի 9-ին բերդաքաղաքն արդեն ազատագրված էր: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:
Փառք ու պատիվ Շուշիի ազատագրման մարտական գործողություններում եւ Արցախյան պատերազմում մեծ հաղթանակ դարբնած քաջարի հայորդիներին: Շնորհավոր Եռատոն:
Հայաստանի ու Արցախի ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ստեփանակերտում էր: Արցախի իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ նա եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային եւ ժամկետային կազմի զինվորականների հետ:
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում:
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի` օրերս հրապարակած հայտնի տեսանյութի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ֆիքսվել են Գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր պատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու համար: Մինասյանը հանդես էր եկել հայտարարությամբ, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում էր նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որեւէ հիմնադրամ, դրանից հետո ազատ ապրել, չվերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը, իր ասելով, այս առաջարկությունը մերժել էր: