Կիրակի, Մայիսի 18, 2025

Շաբաթվա անցուդարձ

26 ապրիլի - 3 մայիսի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հետաքրքիր է՝ Հայաստանի հասուն բնակչության մոտավորապես ո՞ր մասն է տեղյակ, որ մեր երկրում գոյություն ունի «Քաղաքացու օր» կոչվող տոն, եւ այն նշվում է 2019-ից՝ ամեն տարվա ապրիլի վերջին շաբաթը: Այս տարի «տոնը» համընկավ ապրիլի 26-ի հետ, եւ դրա կապակցությամբ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձով հանդես եկավ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ հերթական անգամ բացելով ձեռնածությունների ու ստերի իր անհատնելի շտեմարանը: «Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու»,- ուղերձում հարցնում է Փաշինյանը եւ ինքն էլ փորձում պատասխանել: Այլ հարց է, թե որքան հեռուն է գնում փաստերը նենգափոխելու, գլխիվայր ներկայացնելու իր փորձերում: Այսինքն՝ ինչպես միշտ:

ՀՀ քաղաքացին, անտարակույս, արժանի է ե՛ւ տոնի, ե՛ւ ուշադրության ու մեծարանքի, բայց ոչ անհարկի պոռոտախոսության եւ փարիսեցության, ինչի արտահայտությունը մենք տեսնում ենք խնդրո առարկա ուղերձում: Ակնհայտ է, որ Փաշինյանի շնորհավորանքն ընդամենը առիթ է՝ եւս մեկ անգամ մոլորեցնելու հանրությանը, թե ՀՀ-ում քաղաքացին մեծագույն արժեք է, իշխանության ձեւավորողն ու նրա տերը: Ուզում է հավատացնել, որ քաղաքացին ազատ է, եւ այդ ազատությունը երաշխավորված է Կառավարության կողմից: Իրական գետնի վրա, սակայն, քաղաքացին, իր բառապաշարով ասած, «տուգանքի մատերիալ» է: Այժմ արդեն՝ «մատերիալ» ավելի լայն իմաստով:

Իսկ օրվա խորհուրդը, որը բխում է համակարգչային հազիվ մեկուկես էջանոց տեքստից, «2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» վերնագրի բազմակի հիշատակումն է (1.5 էջում 6-7 անգամ) եւ այդ համատեքստում քաղաքացու աջակցության ակնկալումը, եթե չասենք՝ մուրումը: Փաստացի սա է Փաշինյանի «Քաղաքացու օրվա ուղերձի» ուղերձը: Ավելի ցայտուն դարձնելու համար տվյալ եզրահանգումը, կփորձենք հատվածաբար եւ շատ հակիրճ մեկնաբանել շարադրանքի բովանդակության մի քանի առավել տիպական դրվագները՝ ամբողջական պատկերացում տալու միտումով.

  1. «Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը». Փաշինյան

Ավելի հետաքրքիր ու առարկայական կլիներ, եթե ուղերձի հեղինակը բարեհաճեր մանրամասնել, թե խոսքը ո՞ր կարգի քաղաքացիներին է վերաբերում: Արդյո՞ք այն հղի կնոջը եւս, որն ուղիղ երեք տարի առաջ՝ ճիշտ ապրիլի 26-ին, զոհվեց Փաշինյանի ավտոշարասյան անիվների տակ, եւ մինչեւ օրս ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Մահացածը 28-ամյա Սոնա Մնացականյանն էր՝ տակավին լույս աշխարհ չեկած իր մանկան հետ: Կամ, միգուցե, պետության տեր հանդիսացող քաղաքացիներ ասելով՝ գործադիրի ղեկավարը նկատի ունի 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանները քաշքշում էին սեւազգեստ մայրերին ու զոհված զինծառայողների մյուս հարազատներին:

Բայց մի հարցում նա իրավացի է. քաղաքացին առաջ տեր ուներ՝ ի դեմս պետության, այժմ քաղաքացին ի՛նքն է, ըստ Փաշինյանի, պետության տերը: Ու դա հրաշալի է՝ ՔՊ առաջնորդը կարող է հենց Քաղաքացու վրա էլ բարդել անձամբ իր եւ իր թիմի բոլոր ձախողումները, թերացումներն ու ապօրինությունները: «Նախկինների» պատրվակն այլեւս չի աշխատում «նորաձեւ» չէ:

  1. «2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում որեւէ մակարդակի ընտրություն չի կեղծվել…». Փաշինյան

Եփած հավի ծիծաղը եկավ: Այս մարդու ամեն ինչը կեղծ է՝ խոստումը, ընկերությունը, բուհի դիպլոմը, վարչապետի պաշտոնը, անգամ՝ կինը… հիմա ընտրությունից է խոսում: Փաստն այն է, որ «ՔՊ»-ի իշխանավարման շրջանի առաջին՝ 2018թ. ԱԺ ընտրություններից բացի, հետագա մյուս բոլոր մակարդակի ընտրությունները՝ նույնիսկ «Քաղպայմանագիր» կուսակցության վերջին համագումարի վարչության կազմի քվեարկությունը, կեղծվել են: Նույնը կարելի է ասել 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱԺ արտահերթի մասին, որի արդյունքներն ընդդիմությունը վիճարկել էր Սահմանադրական դատարանում եւ բոլորիս հայտնի պատճառով՝ մերժվել:

Ընտրական զեղծարարություններից անմասն չեն նաեւ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները՝ սկսած Երեւանից մինչեւ ամենահեռավոր՝ Սյունիքի մարզի խոշորացված համայնքներ: Էլ չասած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ կիրառվող աննախադեպ հալածանքների ու շինծու քրգործերով կալանավորումների մասին: ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածուի հաղթանակը Փաշինյանի համար կենացմահու խնդիր է:

  1. Համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար եւ այս պայքարում հանրային ավելի ու ավելի մեծ աջակցություն է հարկավոր. Փաշինյան

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ավելորդ պարծենկոտություն է ցուցաբերում, թե 2018-ից ի վեր ՀՀ-ում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, երեք ատյանի դատարան, Ապօրինի գույքի բռնագանձման եւ համայնքային շահերի պաշտպանության ինստիտուտ եւ այլն։ Նույն պրոֆիլի գծով միմյանց կրկնող օղակների առատությունն, առհասարակ, չի խրախուսվում, ավելին՝ դրանք կարող են միայն իրար խանգարել եւ ոչ մի օգուտ չտալ գործին: Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուն, կարծում եմ՝ վաղ է դրա մասին խոսել: Հակառակի մասին վկայող բազմաթիվ օրինակներ կան:

Վերջերս Երեւանի քաղաքապետարանում իրավապահները ձերբակալեցին մեկ տասնյակից ավելի մանր ու միջին պաշտոնյաների, որոնք մեղադրվում էին կոռուպցիոն գործարքներում ներքաշված լինելու եւ ծառայողական դիրքի չարաշահմամբ ապօրինի գործունեություններ իրականացնելու մեջ: Համակարգային կոռուպցիայի տիպական օրինակ է Փաշինյանի իշխանության օրոք հիմնադրված ու նորերս լուծարված՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ն (առավելապես հայտնի է իբրեւ ԱՆԻՖ), որը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի առանցքում:

Հիմնադրամի մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն ներկայիս ղեկավարությունը որեւէ տվյալ չունի մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին: Հիմնադրումից մինչեւ 2023թ. նոյեմբեր դրա տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր: Ո՞ւր կորան պետական բյուջեից այս հիմնադրամին փոխանցված միլիարդները. մոտ երկու տարի է՝ իրավապահները քննում են քրեական գործը, բայց ցայսօր ոչ մի մեղադրյալ, կասկածյալ ու ձերբակալված անձ չկա: Երեւում է՝ գործի արմատները շատ խորն են:

Իսկ Փաշինյանն իր ուղերձում շեշտում է, թե «հակակոռուպցիոն գործերի առաջնային նախաձեռնողն ու հակակոռուպցիոն պայքարի առաջնորդը Կառավարությունն է ու կառավարող մեծամասնությունը»: Է՛, հետո՞: Ասում եք՝ համակարգային կոռուպցիա այլեւս չկա: Բա համակարգային կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Մայիսի 1-ի՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ՝ «Արժանապատիվ աշխատանք» խորագրով ավանդական երթ անցկացրեց Երեւանում, որի նպատակն էր եւս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող խնդիրները: Երթից հետո, որը մեկնարկեց «Աբովյան» պուրակից, Արհմիությունների կոնֆեդերացիայի գրասենյակում տեղի ունեցավ «Նվազագույն աշխատավարձը եւ սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով հետազոտության շնորհանդեսը:

«Պետք է ամեն ինչ անել, որ Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան»,- ասել է ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Երեւանում գտնվող՝ Վրաստանի  նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նա, ըստ Կառավարության տարածած հաղորդագրության, ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի համաձայնեցումը՝ հույս հայտնելով, որ շուտով այն կստորագրվի, եւ տարածաշրջանում կհաստատվի երկարատեւ խաղաղություն ու կայունություն: Կողմերը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ծիրում քննարկել են երկկողմ համաձայնագրի ստորագրման կարեւորությունը՝ ի նպաստ հարավկովկասյան գոտում խաղաղության եւ համագործակցության ապահովման:

Կիրակի օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել «Հայկական Համալսարանի» ունկնդիրների եւ դասախոսական անձնակազմի հետ։ Հանդիպմանը նախկին նախագահն անդրադարձել է ԼՂ շարժմանը, պատերազմներին, դրանց հետագծին, այն է՝ հաղթանակներ հողի վրա, դիվանագիտական հաջողություններ, այնուհետեւ՝ պարտություն։ Քոչարյանը խոսել է նաեւ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ մասնավորապես Քի Ուեսթի փաստաթղթի եւ Մադրիդյան սկզբունքների մասին։ Հավարտ հանդիպման՝ բանախոսը պատասխանել է մասնակիցների հարցերին՝ ընդգծելով հայոց բանակի մարտունակության վերականգնման, տնտեսության զարգացման հրամայականը:

Մայիսի լույս 1-ի գիշերը Ադրբեջանը շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր էր բացել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից: Այս մասին հայտնել է ռազմական փորձագետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ի տարբերություն Խոզնավար, Արավուս, Ջերմուկ եւ մյուս հատվածների, որտեղ կրակոցներն «ավանդական օրացույցով» են արձակվում` երեկոյան 22.30-ից մինչեւ 04.30, 2 ժամը մեկ ու կարճ կրակահերթերով, Խնածախի դեպքում կրակահերթերն ընդմիջվում էին առավելագույնը 5 րոպեով: Ընդ որում` դրանք հնչում էին ոչ թե մեկ, այլ ադրբեջանական մի քանի դիրքերից:

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում ապրիլի 29-ին տեղի ունեցած ծեծի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը»: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել նաեւ խմբային ծեծի ենթարկված ու հիվանդանոց տեղափոխված հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ, որը պարբերաբար ահազանգում է երեւանյան խնդիրների, մասնավորապես կոռուպցիոն սխեմաների մասին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: