Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ընթացիկ շաբաթը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսով: Սա նրա ութերորդ մեծ ասուլիսն էր եւ առաջինը առցանց` կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Վարչապետը նախ ներկայացրեց ավանդական «100 փաստը» Նոր Հայաստանի մասին, ապա` պատասխանեց լրատվամիջոցների կողմից նախապես վարչապետին ուղղված 69 հարցերին, որոնք վերաբերում էին գրեթե բոլոր ոլորտներին ու կենսագործունեության բնագավառներին։ Միջոցառումը նվիրված էր «թավշյա» հեղափոխության 2-րդ տարեդարձին:
«100 փաստի» ներկայացումը Նիկոլ Փաշինյանը սկսեց Կառավարության ընդունած հակաճգնաժամային 18 միջոցառումների հիշատակմամբ, որոնց շրջանակներում ասուլիսի օրվա` մայիսի 16-ի դրությամբ արդեն բաշխվել էր 84,4 մլրդ դրամ, եւ այդ աջակցությունից օգտվել էին 48 հազար 400 իրավաբանական անձ եւ շուրջ մեկ միլիոն 100 հազար շահառու:
…Վարչապետը մեկառմեկ թվարկեց բնակչության աջակցության միջոցառումները եւ, որպես նյութական օգնություն, թիրախային խմբերին բաժանված գումարները, սակայն լռությամբ շրջանցեց կազմակերպչական այն խնդիրները, որոնց պատճառով բազմաթիվ քաղաքացիների այդ օգնությունը չհասավ կամ հասավ նրանց, ովքեր չունեին դրա կարիքը: Սոցիալապես խոցելի սեգմենտի հազարավոր ներկայացուցիչներ, այդպիսով, դուրս էին մնացել Կառավարության աջակցության ծրագրերից: Եվ, եթե հիշում եք, վարչապետը ստիպված էր հորդորով դիմել օգնություն ստացած, սակայն դրա կարիքը չունեցող անձանց` խնդրելով իրենց անունով թյուրիմացաբար բաշխված օգնության չափով փոխհատուցել կարիքավոր հարեւանի, բարեկամի, ծանոթի փետրվար ամսվա կոմունալ ծախսերի մի մասը: Վարչապետի հորդորը ոմանց հիշեցրել էր ՀՀՇ-ական դժնդակ տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանի նշանավոր արտահայտությունը, թե «փող չունեք` հարեւանից պարտքով վերցրեք»:
Այս կարգի հորդորները` թե մեկը եւ թե մյուսը, խոսում են իրականությունից մարդու` տվյալ դեպքում պետական այրի, կտրվածության մասին: Բայց դառնանք Փաշինյանի թվարկած հերթական փաստերի «հարյուրյակին»: Ի դեպ` դրանցում քիչ չեն այնպիսիք, որոնք վկայում են բավական մեծ խզվածքի մասին, որ վերջին երկու տարվա ընթացքում առաջացել է վարչապետի եւ իրական կյանքի միջեւ: Անշուշտ` ներկայացված նյութում կան նշանակալի փաստեր, որոշ ոլորտներում առկա առաջընթացի վկայություններ, կարեւոր արձանագրումներ: Բայց, ընդհանուր առմամբ, որակ են կազմում անհամոզիչ, բովանդակազուրկ, գորշ ու հանրային քիչ հետաքրքրություն ներկայացնող փաստերը: Ավելին` մի շարք դեպքերում ներկայացվում են ապառնի ժամանակով ձեւակերպված հաստատագրումներ, որոնց դժվար է փաստեր կոչել: Օրինակ` «իրականացվելու են», «ներդրվելու է», «ձեռնարկվելու են» ժամանակաձեւերը, որոնք օգտագործված են տեքստում, ինքնին խոսում են ոչ թե կայացած իրողությունների կամ, որ նույնն է, փաստերի մասին, այլ` կայանալիքի: Երեւում է` փաստերի սակավության պատճառով սույն տեքստը պատրաստողները ստիպված են եղել «ավանսով» փաստեր փոխառել ապագայից` ձեւաչափի զուտ քանակական բաղադրիչն ապահովելու համար:
Նոր Հայաստանի մասին «100 փաստ»-երի շարքում տեղ են գտել նաեւ անկարեւոր, երբեմն աննշան դիպվածներ, ասենք` Տավուշի մարզում 50 տարի անց առաջին անգամ ընձառյուծի հայտնվելը, դիրքերում զինվորներին շշով ջուր մատուցելը, ՀԴՄ կտրոնների տպագրության աճը, քաղաքացիների` հայկական դրամին ավելի շատ վստահելը եւ այլն: Վերջինիս համատեքստում Նիկոլ Փաշինյանը բերել է իր օրինակը` ասելով, որ «Հունդա» մակնիշի իր ավտոմեքենան վաճառել եւ գումարը դրամով ավանդադրել է բանկում: Ուշագրավ է նախավերջին` 99-րդ փաստը. վարչապետի տիկինը վարչական տուգանքի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության կողմից` կառավարական առանձնատան բակում մեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Փաշինյանը զարմանում է, որ ոմանք թերահավատորեն են արձագանքել այդ փաստին` դա համարելով ձեւականության ցուցադրություն: «Սա օրենքի առջեւ բոլորի հավասարության ցայտուն օրինակ է»,- փորձել է հակառակը պնդել Փաշինյանը:
Կան կասկածահարույց, ինչպես նաեւ իրականությանը չհամապատասխանող այնպիսի փաստեր, որպիսիք են ժողովրդավարության, մարդու իրավունքների ցուցանիշների բարելավումը, ներդրումային միջավայրի գրավչությունը, բենզինի գնի նվազումը որպես Կառավարության ձեռքբերում ներկայացնելը, սննդամթերքի` մասնավորապես կարագի, մսի էժանացումը, մեր բանկերի նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահության աճը եւ այլն: Ներդրումային միջավայրի գրավչության եւ հայկական բանկերի նկատմամբ վստահության աճ գուցեեւ կա, բայց օգուտը ո՞րն է, եթե ներդրող չկա: Ժողովրդավարության, այդ թվում մարդու իրավունքների ցուցանիշների բարելավման մասին խոսելն էլ դեռ վաղ է, քանզի «հեռախոսային» արդարադատության գործելակերպը, սոցցանցերում եւ ամենօրյա կյանքում մարդու իրավունքների` հաճախադեպ հանդիպող ոտնահարումները, բռնության կոչերն ու ատելության խոսքը հակառակն են ապացուցում: Իսկ ինչ վերաբերում է վառելանյութերի էժանացմանը, ապա դա համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկման հետեւանք է:
Մեծամասամբ մակերեսային կամ մինչեւ վերջ չգիտակցված պատասխաններ էին տրվում լրատվամիջոցների հարցերին: Բերենք տասնյակ օրինակներից ընդամենը մեկը: Հարցին, թե «արդյունավե՞տ եք համարում ԼՂ լուծման տարբերակը», վարչապետը հակասական պատասխաններ տվեց. «Մենք պետք է լուծում գտնենք իմ առաջարկած բանաձեւի շրջանակում,- ասաց նա,- այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար… Շատերն ասում են` հնարավոր չի այդպիսի լուծում: Է, հնարավոր չի` հնարավոր չի, ուրեմն չի լուծվի։ Մեր խնդիրն է` գտնել այդպիսի լուծում»: Ահա այսպիսի անորոշ, անտրամաբանական եւ անպատասխանատու արձագանք: Բայց սա դեռ ամենը չէ: Արցախի Հանրապետության նախագահին Փաշինյանն ակամա «մղում է» բանակցելու ԼՂՀ-ի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ, քանի որ… ուշադրությո´ւն, «Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը շատ էական ու կարեւոր ենք համարում»: Ընտրված ներկայացուցիչնե՞ր… Շատ ներողություն, բայց ինչպե՞ս կարելի է Սահմանադրություն, Զինված ուժեր, սահմաններ ու պետականության մյուս-մյուս հատկանիշներն ունեցող պետության (փույթ չէ, թե չճանաչված) օրինական նախագահի եւ «ադրբեջանական համայնք» կոչված ինչ-որ ամորֆ կառույցի միջեւ հավասարության նշան դնել: Եվ այն էլ` Հայաստանի վարչապետի թեթեւ ձեռքով:
Անհավանական է, բայց` փաստ, որը կարելի է ներառել Նոր Հայաստանի մասին հաջորդ փաստերի «հարյուրյակի» ցանկում: Մանավանդ որ, գնալով փաստերի սուր պակաս է զգացվում: Այնքան սուր, որ անհրաժեշտություն է առաջանում անտառում ընձառյուծի հայտնվելը հրամցնել որպես ակնառու իրադարձություն:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` տեսակապի միջոցով մայիսի 19-ին անցկացված նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքը, համավարակով պայմանավորված՝ տնտեսական իրավիճակը եւ ձեռնարկված միջոցառումները: «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում այսօր հատկապես սուր է Հայաստանի համար գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձեւավորման անհրաժեշտությունը, ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը»,- նշել է Փաշինյանը: Գազի միասնական գին սահմանելու առաջարկով հանդես է եկել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սակայն «Մինչեւ 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» նման բանաձեւ ամրագրելու խնդրում Վլադիմիր Պուտինին համոզել չհաջողվեց: «Նման բան հնարավոր է միայն միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում»,- ասել է ՌԴ նախագահը:
Երդման հանդիսավոր արարողությամբ Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Միջոցառումը տեղի ունեցավ Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով: Պաշտոնի ստանձնման ու երդման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Գերաշնորհ Սրբազան հայրը: ԱԺ հատուկ նիստին մասնակցում էին ԱՀ ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի անվտանգության խորհրդի եւ կառավարության անդամները, դատական համակարգի բարձրաստիճան ղեկավարներ, Պաշտպանության բանակի բարձրագույն սպայակազմը եւ այլք:
Հաջորդ օրը` մայիսի 22-ին, տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի հետ Արցախի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Մայիսի 19-ին Ազգային ժողովը արտահերթ նիստին առաջին եւ երկրորդ ընթերցմամբ հաստատեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Փոփոխությամբ առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամ, ազատ տեղաշարժման պայման-պահանջների խախտման համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված` բաց տարածքներում դիմակների առկայության պահանջին, որը խախտելու համար գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ էր: Այժմ առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ պատժաչափ:
Օրենսդրական նախաձեռնության օգտին քվեարկել է 92 պատգամավոր, 1-ը ձեռնպահ է մնացել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնի պատճառներով շարունակում է ԱԺ ներստերի բոյկոտը:
Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը սեփական դիմումի համաձայն` ազատվել է աշխատանքից: NEWS.am-ի տեղեկությամբ` Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել ՔԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին եւ մեկ օր անց նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Նշվել էր, որ Քյարամյանի նշանակման կապակցությամբ ԱԱԾ-ում բունտ է հասունանում, եւ այլ պաշտոնյաներ նույնպես ազատման դիմումներ են գրել։ ԱԱԾ-ն, սակայն, պաշտոնապես հերքել էր այս տեղեկությունը եւ վստահեցրել, որ որեւէ մեկն ազատման դիմում չի ներկայացել։