Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտեւի մինչեւ հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, անցկացվելու են հունիսի 20-ին: Սակայն էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկեց հունիսի 11-ին ժամը 08:00-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն եւ կուսակցությունների 4 դաշինք:
Ընտրողներներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան, այսինքն՝ 26 քվեաթերթիկ, ընտրելու են դրանցից միայն մեկը՝ դնելու են ծրարի մեջ ու գցելու են քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրչով որեւէ նշում չի կատարվելու:
…Արդեն ետեւում է մնացել նախընտրական քարոզարշավի 12 օրերի ուղիղ կեսը՝ 6 օր, եւ պատկերը գնալով հստակվում է: Անակնկալներ առանձնապես չկան՝ քարոզչական ճակատի առաջնագծում քաղաքական այն միավորներն են, որոնց փորձագետները հիմնականում տեսնում էին եւ են նոր կազմավորվելիք խորհրդարանում: Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ, մասամբ, «Լուսավոր Հայաստան»-ը: Մյուս 21 կուսակցություններն ու կուսդաշինքները, չնչին բացառությամբ, կարծես թե, բավարարվել են համապատկերային գործառույթի իրենց դերակատարմամբ: Այսպիսով՝ որպես քարոզարշավի լոկոմոտիվային ուժեր, կարելի է առանձնացնել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ կուսակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանի՝ «Հայաստան» դաշինքը, որոնց ընտրապայքարային մարտավարությանն էլ կփորձենք անդրադառնալ սույն մեկնաբանության մեջ:
Նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ մայիսի 7-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) եւ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը հանդես եկան ընտրական գործընթացի բոլոր մասնակից ուժերին ուղղված հայտարարություններով, որտեղ կոչ էին անում քարոզչության շրջանում դրսեւորել պատասխանատու վարքագիծ, խստագույնս պահպանել օրինականությունը, զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից, բռնության կամ թշնամանքի քարոզից: «Պետության բոլոր մարմինները, պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երեւույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի խրախուսումը»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Սակայն հանդարտ, բարեկիրթ քարոզարշավ անցկացնել մեզ չհաջողվեց: Հունիսի 7-ը եւ դրան հաջորդած օրերը նշանավորվեցին անառողջ մթնոլորտը խտացնող հախուռն, աննախադեպ իրադարձություններով, որոնց տոն տվողը, որքան էլ դա տարօրինակ հնչի, կառավարող կուսակցությունն էր, մասնավորապես նրա կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը, որի ելույթներում այդպես էլ չհնչեց ծրագրային որեւէ դրույթ, իրավիճակը շտկելու որեւէ տեսլական: Փոխարենը ելույթներից անպակաս էին քաղաքական հակառակորդներին ուղղված անձնական վիրավորանքը, ատելության խոսքը, բարձրաստիճան ղեկավարին անհարիր բառամթերքը: Ահավասիկ մեկ օրինակ, որտեղ նա քաղաքացիական բախում հրահրելու ակնարկ է հղում՝ քարոզչության առաջին իսկ օրը դիմելով մրցակից ճամբարին. «Բաղրամյան պողոտայում 500 դրամանոց քյաբաբ ուտողները բախվելու են ժողովրդի հե՞տ։ Չի՛ կարող որեւէ ուժ կանգնել ժողովրդի առաջ, դե՛ փորձեք, դե՛ փորձեք, կտրորե՛նք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողներ»։
Այդ օրը Արմավիրի մարզում նրա քարոզարշավը, որն ուղեկցում էին անվտանգության եւ ոստիկանական մեծ ուժեր, սկսեց միջադեպով: Նկարահանված տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են Փարաքար համայնքում անվտանգության աշխատակիցները հետապնդում Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացուն եւ, ականատեսների վկայությամբ, դաժան ծեծի ենթարկելուց հետո գցում մեքենան ու հեռացնում տարածքից: Իսկ որտեղ անվտանգությունը չէր հասցնում «սաստել» Նիկոլին մերժող կամ «դավաճան» անվանող քաղաքացիներին, նրան փոխարինում էին ոստիկանները: Նույն օրը վերջիններս Էջմիածնում բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին տարեց մի կնոջ, ով Փաշինյանի հասցեին քննադատական վանկարկումներ էր արել: Ընդհանուր առմամբ՝ քարոզարշավի միայն առաջին օրը Փաշինյանի՝ Արմավիր այցի ընթացքում 3 քաղաքացի էր բերման ենթարկվել:
Ընդդիմախոսների պնդմամբ՝ կառավարող ուժի նախընտրական հավաքներում «մարդաքանակ» ապահովելու համար վարչապետի պաշտոնակատարը վարչական ռեսուրս է օգտագործում: Այսպես՝ կոնկրետ Արմավիրի մարզում ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան գյուղի դպրոցի վերջին զանգը հետաձգվել է, քանի որ դպրոցի տնօրենը Փաշինյանի նշանակած կադրն է եւ ուսուցիչներին տարել էր նրա քարոզարշավին: Երեւում է՝ ընդդիմությանը ամենաշատն անհանգստացնողը հատկապես վարչական ռեսուրսի խնդիրն է: Այդ մասին խոսվում էր դեռ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ, երբ պաշտոնից իրավաբանորեն հրաժարական տված վարչապետի պաշտոնակատարը շարունակում է դե-ֆակտո պահպանել Կառավարության ղեկավարի լիազորությունները եւ ողջ ծավալով իրականացնել այդ լիազորություններից բխող, սակայն օրենքով չթույլատրվող գործունեություն՝ անտեսելով մասնագետների կարծիքները:
Ոչինչ նրան չի կաշկանդում առաջվա պես վարել Կառավարության նիստերը, ստորագրել հրամաններ, իրեն անհաճո մարդկանց ազատել պաշտոններից, նշանակել անձնապես իրեն հավատարիմ կադրեր, մեկնել մարզային հանդիպումների՝ լայնորեն օգտվելով վարչական ռեսուրսներից: Փաշինյանը բազում սխալներ է գործել եւ շարունակում է գործել: Բայց նրան, չգիտես ինչու, ամեն ինչ ներվում է՝ ներառյալ պատերազմ հրահրելն ու խայտառակաբար տանուլ տալը, տասնյակ հազարավոր մարդկային ողբերգություններ պատճառելը, պետությանը միլիարդավոր վնասներ հասցնելը, հասարակության մեջ թշնամանք եւ ատելություն սերմանելը, ազգը պառակտելը: Այսօր եւս, երբ թշնամին Սյունիքում ու Գեղարքունիքում մի քանի կիլոմետր խորացել է մեր տարածքում, նա շարունակում է նախընտրական ամբիոնից թշնամանքի ու ատելության թույն թափել «նախկինների» վրա՝ հիստերիկ ճղավելով. «Ռոբիկից եւ Սերժիկից մնալու են իրենց պամպերսները հունիսի 21-ին: Ռոբի՛կ, դու ոչ մի բան ես, դու ոչնչություն ես, դու տղամարդ չես. արի բանավեճի, քո մեյիդը կփռեմ»: Ասում են՝ այդ օրը Նիկոլն ուղղակի չարաշահել էր խմիչքը, եւ նրան ներում են:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը 10 կետից բաղկացած կոչով դիմեց իր թիմակիցներին, դաշինքի համակիրներին եւ բոլոր քաղաքացիներին: Կոչում ներառված են, մասնավորաբար, հետեւյալ կետերը. «1. Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական ներուժ: 2. Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի եւ արժանապատվության գաղափարը։ 3. Մոռացե՛ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։ 4. Մի´ տրվեք որեւէ սադրանքի։ Ակնհայտ է, որ գործող իշխանության մի նեղ խումբ ցանկանում է անել ամեն ինչ՝ ներքին լարվածություն ու նույնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողությունն է, իսկ անխուսափելի պարտության հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականությունների։ 5. Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտության էջը փակելու համար, մեր գործընկերներն են։ 6. Համբերատար խոսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնվել են իշխանական տոտալ քարոզի եւ օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչության ազդեցության տակ։ 7. Կոչ եմ անում պետական համակարգի աշխատողներին. ձեր ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, եւ մենք միասին աշխատելու ենք երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման ու համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որեւէ սպառնալիքի տակ։ 8. Կոչ եմ անում ուժային կառույցների աշխատողներին. պահպանեք զգոնություն, սառնասրտություն, մի´ կատարեք հեռացող իշխանության ապօրինի հրամանները, կատարեք բացառապես ձեր ծառայողական պարտականությունները։ 9. Իմ թիմակիցների եւ ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրենքի առաջ։ 10. Այս ընտրություններում հարցը շատ պարզ է՝ հաղթելու է հույսը, վերելքի հեռանկարը, արժանապատիվ խաղաղության գաղափարը»։
Վերջում դաշինքը խոստանում է հունիսի 20-ին Հայաստանում բացել նոր էջ՝ անպայման ունենալ անվտանգ սահմաններ, կայուն խաղաղություն եւ արժանապատիվ կեցվածք տարածաշրջանում, անպայման ունենալ աշխատող ու զարգացող պետություն։ «Ամեն ինչ լավ է լինելու»,- սա էլ դաշինքի հավատո հանգանակն է։
Վերը նշված կետերն ամբողջապես արտացոլված են «Հայաստան»-ի նախընտրական պայքարի մարտավարությունում եւ քարոզչության ընթացքում խստորեն պահպանվում են: Դաշինքը քննադատում է գործող իշխանություններին, բայց չի չարախոսում եւ անձնական վիրավորանք չի հասցնում: Տեղերում հանդիպումները, ի տարբերություն ՔՊ-ի հիստերիկ, անհավասարակշիռ «ցեխարձակումների», զուտ գործնական բնույթի են. դաշինքը ներկայացնում է իր ծրագիրը, իր գործող անդամներին եւ այն խնդիրների առաջնահերթությունները, որոնց պատրաստվում են ընտրվելու դեպքում լուծում տալ: Հանդիպումների ընթացքում ժամանակի մեծ մասը հատկացվում է մարդկանց հուզող հարցերի պարզաբանումներին: Ոչ մի հարց, առաջարկ, նկատառում անպատասխան չի մնում՝ նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահի մասին հանրության մեջ շրջանառվող միֆերն ու մեղադրանքները «թալանի», «Մեղրին ծախելու», «Արցախը հանձնելու» եւ այլ թեմաներով ամենասուր հարցադրումները:
Մարզային հանդիպումների արդյունքում դաշինքի առաջնորդն առանձնացրել է այն հիմնական հարցերը, որոնք ամենաշատն են հուզում բնակչությանը։ Քոչարյանը դրանք բաժանել է 3 խմբի՝ ա/ երկրի սահմանների ու քաղաքացիների անվտանգություն; բ/ տնտեսական վիճակի վատթարացում. գործազրկության եւ աղքատության աճ; գ/ահռելի չափերի հասնող արտագաղթ եւ հասարակության բեւեռվածություն՝ բնակչության ներսում գեներացված թշնամություն, ինչը մարդկանց շրջանում անորոշության եւ անհանգստության զգացում է առաջացնում: Այս մարտահրավերները, ըստ Երկրորդ նախագահի, ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ լուծել, որովհետեւ հենց ինքն է դրանց աղբյուրը։ Նա հավելել է նաեւ, որ իր հասցեին սուտ ու կեղծիք տարածելու հարցում իշխանության գործողությունները ծայրաստիճան աբսուրդ են. «Չեմ զարմանա, եթե ասեն, որ 8-րդ դասարանում երկու անգամ դասից փախել եմ»,- հումորով նկատել է նա:
«Հայաստան»-ի այս օրերի հանդիպումների ժամանակացույցը բավական սուղ է ու հագեցված: Դաշինքն արդեն եղել է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու մարզերի մի շարք համայնքներում, Երեւանի Նոր Նորք, Աջափնյակ, Դավթաշեն, Էրեբունի թաղամասերում եւ բազմաթիվ այլ բնակավայրերում: Քոչարյանի թիմի հավաքներում գերիշխում է նախընտրական միջոցառումներին բնորոշ դասական ոճը՝ թեմատիկ բազմազանություն, հարցուպատասխան, անկաշկանդ երկխոսություն, փոխադարձ հարգանքի մթնոլորտ եւ այլն: Հանդիպումները, որպես կանոն, մարդաշատ են եւ զերծ տարատեսակ ձեւականություններից, թատերականացված, շինծու տեսարաններից: Ելույթներում չկան ինչ-որ մեղքերի համար արդարացման փորձեր, հարազատ զավակին ռազմագերիների դիմաց Բաքու պատանդ ուղարկելու սին խոստումներ, մորթապաշտության, անպատասխանատվության շքահանդեսներ եւ այլն:
Բայց այս ամենի իրական ու վերջնական գնահատականը կտրվի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ նրանց վստահության քվեով: Կապրենք՝ կտեսնենք:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում` հունիսի 7-18-ը ներառյալ, կգտնվի արձակուրդում: Որոշումը հրապարակված է Կառավարության էլեկտրոնային կառավարման կայքէջում: Արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Հունիսի 9-ին երեկոյան Երեւան է ժամանել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։ Այս մասին հաղորդում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ «Ուրախ ենք Հայաստանում ողջունել Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը», - ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
Արտաքին գործերի նախարարի բոլոր երեք տեղակալները` Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը եւ Արմեն Ղեւոնդյանը, հունիսի 7-ին ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով անցյալ շաբաթ ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են ԱԳ նախարարությունից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ, մայիսի 27-ին, ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Արա Այվազյանը:
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հունիսի 8-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով, հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Նույն օրը ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պայմանագրային զինծառայող, շարքային Ա.Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ներկայացված դիմումի նպատակը, համաձայն հաղորդագրության, գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը երաշխավորելն է։