Կիրակի, Օգոստոսի 07, 2022

Շաբաթվա անցուդարձ

21-28 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մամուլի տեղեկացմամբ՝ մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Սա, ռուսական մեդիայի բնորոշմամբ, այլ բան չէ, քան հերթական փորձը՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը «մեռյալ կետից» պոկելու եւ որոշակի տեղաշարժ ապահովելու համար։ Հիշեցնենք, որ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով նախորդ հանդիպումն ապրիլի 6-ին էր, երբ կողմերը, Միշելի «քավորությամբ», պայմանավորվեցին մինչեւ ապրիլի վերջը սկսել երկու երկրների սահմանային հարցերի հանձնաժողովի աշխատանքները։ Սակայն համատեղ հանձնաժողովն առայժմ հապաղում է, ինչում Ադրբեջանը երկրի առաջին դեմքի մակարդակով մեղադրել է Հայաստանին, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պարզաբանմամբ՝ համատեղ նիստը չի կայացել տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության բացակայության պատճառով։

 

Մեկնաբանությունը

Ամեն դեպքում վերջին հանդիպումից ընդամենը մեկուկես ամիս անց Ալիեւ-Միշել-Փաշինյան բանակցությունների վերաթարմացումը շատ հարցեր է առաջ բերում: Հայ փորձագիտական որոշ շրջանակներ ուշադրությունը հրավիրում են այն փաստին, որ հանդիպումը կիրակի օրով էր նշանակված, ինչը մտածելու տեղիք է տալիս: Միջազգային պրակտիկայում ընդունված չէ հանգստյան օրերին պաշտոնական հանդիպումների անցկացումը: Միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարող են բացառություններ լինել, եթե անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ են ի հայտ եկել: Տվյալ պարագայում, կարծես թե, նման հրատապ օրակարգ չկա: Ո՞րն էր, ուրեմն, շտապողականության պատճառը:

Մեկնաբանությունը չծանրաբեռնելու համար կանդրադառնանք պատճառներից միայն մեկին, թերեւս՝ ամենագլխավորին, որը պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական դիմակայությամբ: Օգտվելով հանգամանքից, որ պատերազմի բերումով Ռուսաստանի գլուխը խառն է ավելի քան երբեւէ, հավաքական Արեւմուտքը մտածում է, որ իսկը ժամանակն է պաշտոնական Մոսկվային դուրս մղել հարավկովկասյան տարածաշրջանից եւ նրան փոխարինել ՆԱՏՕ-ական Թուրքիայով: Դրա համար պահանջվում է շուտափույթ լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը, «խաղաղ դաշն կնքել», եւ տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունն ինքնին կիմաստազրկվի:

Սակայն թե՛ շտապողականությունը, թե՛ խաղաղությունն իր ներկայիս պայմաններով՝ չեն բխում Հայաստանի շահերից, ինչը Եվրոպային ամենաքիչն է հետաքրքրում: Այս գործարքում նրա սեփական շահերը զուգադիպում են նավթով հարուստ Ադրբեջանի շահերին, որից որոշակի սպասելիքներ ունի: Մանավանդ հիմա, երբ Ռուսաստանը սկսել է Եվրոպա մատակարարվող իր էներգակիրների սակագինը սահմանել ռուսական ռուբլով: Հետեւաբար՝ Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումից Հայաստանի համար դրական արդյունք ակնկալելը պարզամտության գագաթնակետն է: Ալիեւը կստանա այն, ինչ ցանկանում է, իսկ մյուս կողմը՝ Փաշինյանը, ֆինանսական որոշակի աջակցության խոստում՝ «ճիշտ» պահվածքի համար:

Բրյուսելյան եռակողմ հանդիպումների նախօրեին հանրային եւ մասնագիտական խոսույթը Երեւանում  հիմնականում այն հարցերի շուրջ էր, որոնք առնչվում էին. ա/ Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների սահմանագծման ու սահմանազատման գործընթացով, բ/ Ադրբեջանի կողմից պահանջվող, այսպես կոչված, «անկլավների» հարցով, գ/ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, դ/ տրանսպորտային եւ հաղորդակցության այլ միջոցների ապաշրջափակմամբ, ե/ արցախյան խնդրով, մասնավորապես՝ կարգավիճակի հստակեցմամբ պայմանավորված մտահոգություններին:

Եվ, դատելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ կայացած եռակողմ հանդիպման արդյունքներից, գալիս ես այն եզրակացության, որ հայկական կողմի մտահոգություններն անտեղի չեն: Ակնհայտ է, որ Ադրբեջանը՝ որպես 44-օրյա պատերազմում հաջողության հասած կողմ, փորձում եւ փորձելու է բանակցային գործընթացի ցանկացած հնարավորություն ու առիթ օգտագործել ռազմի դաշտում իր հաջողությունը քաղաքական-դիվանագիտական առումով նյութականացնելու, Հայաստանից ավելին պոկելու եւ բոլոր հարցերում պայմանների թելադրող լինելու համար։

Մեր կամազուրկ, «անատամ» իշխանությունների դեպքում դա թշնամի երկրին հաջողվում է, քանզի վերջիններս, որպես կանոն, անպատասխան են թողնում Բաքվի բռնակալի ագրեսիվ բարբաջանքները, ինչից նա ավելի է առիթավորվում ու լկտիանում: Ալիեւի ախորժակը բացվել է. նա արդեն բացեիբաց, ի լուր աշխարհի, հայտարարում է Հայաստանի տարածքների, այդ թվում նույնիսկ Երեւանի, Սյունիքի եւ Սեւանա լճի նկատմամբ իր նկրտումների մասին՝ համոզմունք հայտնելով, որ դրանք պատմականորեն ադրբեջանական հողեր են: Այդ «լեզուն» նրա բերանում Փաշինյանն է դրել՝ իր «ուսապարկերով» հանդերձ: Կարճ ասած՝ Հայաստանն այսօր ճաշակում է 44-օրյա պատերազմի պարտության դառը պտուղները: Պարտություն, որը հայ ժողովրդի վզին փաթաթեց ՔՊ-ական այս դավաճանաբարո իշխանությունը:

Եթե հակիրճ ամփոփենք բրյուսելյան գործընթացի այս վերջին փուլի արդյունքները՝ փորձելով հասկանալ, թե ինչը հատկապես դիվանագիտական ճակատում ստեղծեց Հայաստանի համար այսօրվա նվաստացված վիճակը՝ կհանգենք մոտավորապես մի պատկերի, որը նկարագրված է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի ֆեյսբուքյան դիտարկումներում: Այսպես.

1. Բանակցությունների հիմքում դրվել էին Ադրբեջանի ներկայացրած 5 հայտնի սկզբունքներն ու թուրք-ադրբեջանական կողմի թելադրած օրակարգը: Փաստորեն պաշտոնական Երեւանի 6 կետանոց արձագանքը նույնիսկ քննարկման չէր դրվել, քանզի բանակցային սեղանի շուրջ որեւէ խոսք չկար ԼՂ հակամարտության ու կարգավիճակի մասին:

2. Ընդհանրապես՝ բանակցային բառապաշարից դուրս են մնացել «Լեռնային Ղարաբաղ» եւ «Ղարաբաղյան հակամարտություն» բառեզրերը։ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» (the ethnic Armenian population in Karabakh) ձեւակերպումը, ինչը նշանակում է, որ Փաշինյանը համաձայնել է Արցախը ներառել Ադրբեջանի կազմի մեջ եւ հիմա ընդամենը խոսվում է արցախահայերի իրավունքների մասին՝ որպես Ադրբեջանի էթնիկ փոքրամասնության:

3. Բավական լղոզված, քողարկված ձեւակերպում է ստացել «անկլավների» եւ հստակեցվել «միջանցքի» հարցը։ «Նրանք (Փաշինյանն ու Ալիեւը-Գ.Լ.) համաձայնության են եկել Արեւմտյան Ադրբեջանի ու Նախիջեւանի եւ Հայաստանի տարբեր շրջանների միջեւ Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ»,- նշված է Միշելի հայտարարության մեջ:

Ի՞նչ է նշանակում «Հայաստանի տարբեր շրջանների միջեւ Ադրբեջանի տարածքով տարանցում», եթե ոչ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեցանք Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց հատվածում։ Ինչպես հայտնի է, այդ կտորը հանձնվեց Ադրբեջանին՝ Փաշինյան-Ալիեւ բանավոր փոխհամաձայնության արդյունքում։ Հիմա պայմանավորվել են նույնն անել Տավուշի եւ Արարատի մարզերում, բայց արդեն ԵՄ-ի հովանու ներքո եւ «խուճուճ» ձեւակերպումների քողի տակ։

4․Միշելի հայտարարության աշխարհաքաղաքական մեխն այն էր, որ Արեւմուտքն ուզում է դուրս մղել Ռուսաստանին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման ու սահմանագծման գործընթացից եւ, ի վերջո, Արցախից։ Չկա որեւէ խոսք ռուսական խաղաղապահների մանդատի մասին։ Ավելին՝ արցախահայությունը դիտարկվում է Ադրբեջանի կազմում բնակվող ազգային փոքրամասնություն, որի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովի Բաքուն։

5․ Արեւմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Նիկոլ Փաշինյանից ստանալ բոլոր զիջումները, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական կյանքը չի հանգեցրել փոփոխությունների։ Պատահական չէ, որ հստակեցվել են Բրյուսելի հովանու ներքո սպասվող հանդիպումների ու քայլերի ժամանակացույցերը։ Ամեն ինչ պլանավորվել է արագացված տեմպերով։

6․ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել կողմերին՝ իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցում։ Սա «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանում է՛լ ավելի է ինտենսիվացվելու «Հողերը տանք, խաղաղ ապրենք», «Ղարաբաղը հանձնենք, խաղաղ ապրենք», «Թուրքը մեր հարեւանն է, ռուսներն են միշտ մեզ խանգարել» եւ նմանատիպ այլ քարոզչական կոդերի տարածումը։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ ազգային իշխանության ձեւավորումը աղետից խուսափելու հնարավորության պատուհան են։ Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ, պատվախնդրություն եւ կամք գտնի Փաշինյանի վտանգավոր պաշտոնավարումը հնարավորինս շուտ կասեցնելու համար: Բրյուսելյան դավադրությունը Արցախի, ուրեմնեւ՝ ազգի դեմ ուղղված հերթական ձախողումն էր: Բարեբախտաբար, դեռ ժամանակ ունենք խուսափելու վատթարագույնից: Բայց դրա համար կա պարտադիր մի նախապայման՝ սրընթաց իշխանափոխությունը։

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին որոշում է ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին: Նույն օրը նմանատիպ հանձնաժողով ձեւավորելու որոշում է կայացրել նաեւ Ադրբեջանի նախագահը: Ե՛վ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը: Հանձնաժողովների կազմերում ընդգրկվել են՝ ՀՀ-ում 11 անդամ, Ադրբեջանում՝ 22: Մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի առաջին հանդիպումը` սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով:

Մայիսի 23-ին նախագահ Վահագն Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել էր Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը եւ բիզնես ռազմավարությունները» թեմային: Քննարկվել են անվտանգության եւ հրատապ հումանիտար խնդիրները, համաճարակից հետո տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը եւ այլ հարցեր: Համաշխարհային տնտեսական համաժողովի քննարկումներին մասնակցում էին կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ավելի քան 2 հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ 50 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

Պաշտոնական այցով Հայաստանում է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Նրան մայիսի 26-ին ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Պաշտոնյաները քննարկել են ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Փաշինյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը: Երկու երկրների ղեկավարները խոսել են նաեւ տնտեսության՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի մասին` պատրաստակամություն հայտնելով ընդլայնել գործարար կապերն ու առեւտրաշրջանառության ծավալները:

Արցախի իշխանությունների եւ ժողովրդի համար խիստ անընդունելի է մայիսի 23-ին ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձեւակերպումը։ Այս մասին մայիսի 25-ի Ստեփանակերտում տեղի ունեցած՝  Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը «չի արտահայտում արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»։ Հարությունյանը շեշտել է, որ ԱՀ-ն անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին եւ հավաստիացնում է, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի փոխնախագահ Գյունդյուզ Իսմայիլովը մայիսի 24-ին հայտարարել է, որ կառավարությունը նոր մզկիթներ է կառուցում Հադրութում, Շուշիում, Մատաղիսում։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Աղդամում, Զանգիլանում գտնվող մի քանի մզկիթներ էլ վերականգնվում են։ Ամիսներ ի վեր հայկական կողմն ահազանգում է պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակության ժառանգության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների մասին՝ պնդելով, որ «վերանորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական եկեղեցիներն ու կոթողները: Միջազգային պատկան կառույցներն առայժմ լռում են:

Հուլիսի 24 2022
Հուլիսի 17 2022
Հուլիսի 11 2022
Հունիսի 27 2022
Հունիսի 17 2022
Հունիսի 13 2022

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: