Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

1-8 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Ազգային ժողովի նախորդ շաբաթավերջի նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչպես հայտնի է, մայիսի 20-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի միջեւ տարաձայնություններ հրահրող «նախկին համակարգի որոշ ուժերին», Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ «հասունացել է 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը: «Նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել ու տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա»,- իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրած հանդիպման ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի ղեկավարն ընդգծել էր, որ այդօրինակ վարքագիծը համարում է պետական դավաճանությանը համարժեք գործունեություն եւ ձեռնարկելու է ամենակոշտ միջոցները այդ դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար:

Սոցիալական ցանցերում եւ մամուլի որոշ միջոցներում խստորեն քննադատել են Փաշինյանի այդ հայտարարությունը` նշելով, որ ՀՀ վարչապետը դրանով Ալիեւին քարտ-բլանշ է տալիս Արցախի դեմ պատերազմ սկսելու համար: Պաշտոնական Բաքուն, ըստ ընդդիմախոսների, այժմ ծանրակշիռ հիմքեր ունի միջազգային հանրությանն ասելու, որ հայկական կողմի որոշակի ուժեր Ադրբեջանի դեմ «դավադիր պատերազմ» սանձազերծելու մտադրություն ունեն, եւ իրենք պարտավոր են հակահարված հասցնել հակառակորդի հանցավոր նկրտումներին: Թե ովքեր են Հայաստանի եւ Արցախի միասնականությունը խարխլող այդ ազգադավ ուժերը` Փաշինյանն իր հայտարարության մեջ չի հստակեցրել: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի խոսքով` դավադիր շրջանակը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունների եւ Արցախի հանրապետության ներկայիս նախագահ Բակո Սահակյանի շուրջը համախմբված ուժերն են: «Այդ մարդիկ են կոռուպցիոն համակարգ ստեղծել, սպասարկել այդ կոռուպցիոն համակարգը, այդ մարդիկ են անվերջ շահարկել պատերազմի վտանգը` բանակը թալանելու, ընդհանրապես երկիրը թալանելու համար: Իհարկե, այդ մարդիկ անգործության են մատնվել նաեւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տարիներ շարունակ, հատկապես` 2011-16 թվականներին, ինչի հետեւանքը մենք տեսանք 2016 թվականի ապրիլին»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը: Ամեն դեպքում հարյուրից ավելի հայ զինվորների կյանքեր խլած ապրիլյան քառօրյայի մասին կարծիքը հանրության շրջանում միանշանակ չէ: Մինչ օրս էլ շրջանառվում է տեսակետ, համաձայն որի՝ պատերազմը կազմակերպված, ավելին՝ Հայաստանի նախորդ վարչակարգի հետ համաձայնեցված ռազմական ագրեսիա էր, որն ինչ-ինչ քաղաքական նպատակներ էր հետապնդում: Առաջինն այդ մասին բարձրաձայնել եւ համապատասխան տեսանյութ էր հրապարակել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ինչի համար Սերժ Սարգսյանի վարչակարգը նրան երկար ժամանակ կալանքի տակ էր պահում:

ՀՀ նոր իշխանությունները, ըստ երեւույթին, փորձում են խորհրդարանական հետաքննությամբ լուծել երկու կարեւոր խնդիր. ա/ Քառօրյա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը վերհանելու միջոցով պատռել թշնամանք տարածող «դավադիրների» դիմակները՝ ցույց տալով իրենց տեղը, եւ բ/ հանրային մթնոլորտը մաքրել Հայաստան-Արցախ շինծու ներհակության վտանգավոր զարգացումներից, ինչը, ըստ վարչապետի, դարձյալ «նախկին կոռուպցիոն համակարգը» ներկայացնող ուժերի ձեռքի գործն է:

 

Եվ այսպես, լրատվական միջոցների հաղորդմամբ, 2016-ի ապրիլյան չորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը հասցրեց շաբաթվա ընթացքում անցկացնել իր անդրանիկ նիստը: Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ՝ 11 հոգուց բաղկացած իրենց խումբը  մտադիր է փակ ռեժիմով քննության առարկա դարձնել հարցերի լայն շրջանակ՝ սկսած հետախուզությանը եւ սպառազինությանն առնչվող խնդիրներից, վերջացրած հակառակորդի գործողությունների կանխարգելմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության հարցով: Նիստից հետո տված մամլո ասուլիսում Քոչարյանը շեշտել է, որ ուսումնասիրելու են նաեւ տարածքային կորուստների պատճառներն ու բոլոր մյուս կասկածահարույց դիտանկյունները: Հանձնաժողովի աշխատանքը, նախնական հաշվարկներով, կտեւի առնվազն վեց ամիս:

…Հանձնաժողովի նախագահը խոստանում է անառարկելի փաստեր ներկայացնել իրավապահների դատին, որոնք էլ կորոշեն՝ քրեական գործեր հարուցե՞լ, թե՞ ոչ: «Հարյուրից ավելի զոհ ենք ունեցել՝ դա հենց այնպես չի եղել: Պետք է պարզենք բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորներներին, հասարակության մեջ որեւէ կասկածներ չպետք է մնան»,- լրագրողներին ասել է նորաստեղծ հանձնաժողովի նախագահը: Եվ իսկապես՝ պատերազմում հայկական կողմը 100-ից ավելի զոհեր ու տարածքային կորուստներ տվեց, ինչից հետո չէին դադարում խոսակցություններն առ այն, որ մեր զինվորները չեն ունեցել փամփուշտ, տանկերը՝ դիզվառելիք: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր անգամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ եղել են դեպքեր, երբ անորակ դիզվառելիքի պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել: Բացի դրանից, առաջնագիծը պատշաճ կերպով կահավորված չի եղել, իսկ հրամանատարական կազմը համարժեք չի արձագանքել հակառակորդի հարձակման մասին լուրերին: «Թող ոչ մեկը չկասկածի՝ անկախ նախկինում իր զբաղեցրած պաշտոնից, տվյալ հանձնաժողովը լուծելու է խնդիր… Եթե պետական ինստիտուտները այն ժամանակ իրենց վրա դրված խնդիրները լիարժեք լուծեին, հաստատ այսօր ոչ մի հանձնաժողովի կարիք էլ չէր լինի: Բայց իրենք զբաղված էին այլ բանով՝ հարստանում էին, տներ էին սարքում... ամեն քարի մեջ մի զինվորի ճակատագիր կա: Ահա այդ մասին պետք է մտածել, որովհետեւ հանձնաժողովը կարող է նաեւ այդպիսի բացահայտումներ անել»,- նշել է Քոչարյանը:

Հանձնաժողովի օրակարգն այժմ հրապարակված է: Որքանո՞վ են համարժեք ու օպերատիվ եղել հակառակորդի գործողությունների կանխմանը եւ խափանմանն ուղղված՝ հրամանատարների որոշումները: Իրականում ինչպիսի՞ վիճակում էին այդ ժամանակվա հետախուզական գործունեությունը, թիկունքային սպառազինությունը, մարտական պատրաստությունը… Օրակարգում այս հարցերն առանցքայիններից են: Հանձնաժողովին իրավունք է վերապահված նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց՝ ընդհուպ մինչեւ բարձրագույն սպայական կազմից, ինչպես նաեւ պահանջել ու ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր: Քոչարյանի ասելով` թե´ գործող, թե´ նախկին պաշտոնյաները անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն հանձնաժողով: Եվ չի բացառվում, որ նրանց թվում լինեն Հայաստանի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հանձնաժողովի գործունեության շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների, նրանց ծառայակիցների հետ:

Մի խոսքով` հանրորեն նշանակալից ոչ մի ասպեկտ, հանձնաժողովականների վստահեցմամբ, չի վրիպելու իրենց տեսադաշտից: Եվ, մանավանդ, առեղծվածային 800 հեկտար տարածքային կորստի հարցը:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին եւ հանդես եկել ելույթով: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լրագրողների ներկայությամբ կարճատեւ զրույցից հետո երկու ղեկավարները հանդիպումը շարունակել են փակ դռների հետեւում. սա Փաշինյան-Պուտին արդեն 8-րդ հանդիպումն էր: Տեղի են ունեցել նաեւ վարչապետի հանդիպումներն այլ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիս է տվել:

Ազգային ժողովը հունիսի 4-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ միաձայն ընդունեց խորհրդարանի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված՝ «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրինագիծը: Ըստ այդմ՝ մարտի 1-ին միջին եւ ծանր վնասվածք ստացած քաղաքացիներն աջակցությունից օգտվելու համար պետք է ներկայացնեն դատաբժշկակական փորձագետի եզրակացությունը: Օրենքը չի վերաբերում թեթեւ մարմնական վնասվածք ստացած անձանց: Նախատեսվում է աջակցություն տրամադրել նաեւ մարտի 1-ին տուժած ոստիկաններին: Աջակցության չափն ու կարգը կսահմանի կառավարությունը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին Հանրապետության նախագահի նստավայրի բակում երեխաներին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել:

Տոնական օրը մեկնարկել է հատուկ համերգով, ինչին հաջորդել են ուրախ երգն ու պարը: Փոքրիկների համար կազմակերպվել էին ժամանցային եւ ուսուցողական խաղեր: Նրանք հնարավորություն են ունեցել դիտելու սիրելի հեքիաթների բեմականացումները՝ Մանկապատանեկան թատրոնի սաների կատարմամբ: Միջոցառումը կազմակերպվել է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ:

Հատուկ քննչական ծառայությունը երեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին, ով կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար: Տարիներ շարունակ հրապարակվող պաշտոնական տեղեկատվության համաձայն` 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել, բայց գիտակցության չգալով` մահացել է: Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետեւանքով առաջացած արյան սուր կորուստը:

Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ նշելով, որ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը բնականոն շարունակվում է: Պրահայում՝ Ինտերպոլի եւ չեխական ոստիկանության աշխատակիցներին Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով ու կեղծ անձնագրով ներկայացած Սարգսյանը Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական զենք պահելու համար:

 

Միջազգային մամուլ

Կիպրոսը, Հունաստանը, Հայաստանը ցանկանում են ամրապնդել կապերը, խթանել կայունությունը 

The New York Times-ը գրում է, որ Կիպրոսի, Հունաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են՝ ավելի սերտ կապեր հաստատելու եւ տարածաշրջանում կայունությունն ու բարգավաճումը խթանելու համար: Պարբերականի հաղորդմամբ` երեք երկրների ԱԳ նախարարները երեքշաբթի երեկոյան Կիպրոսի մայրաքաղաքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ ուսումնասիրում են համագործակցության հնարավորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, ճգնաժամերի կառավարումը, առողջապահությունը եւ զբոսաշրջությունը:

Հունաստանի եւ Կիպրոսի նախարարները, որոնք Եվրամիության անդամ են, ասել են, որ կօգնեն ամրապնդելու Հայաստան-Եվրամիություն կապերը: Հայտնի է նաեւ, որ բանակցությունների ընթացքում որոշվել է առաջիկայում Հայաստանում կազմակերպել երեք երկրների ղեկավարների առաջին եռակողմ գագաթաժողովը:

 

Հայաստանը փոխել է ՄԱԿ-ում իր քվեարկությունը՝ հօգուտ Վրաստանի 

Eurasianet-ը գրում է, որ Հայաստանն առաջին անգամ դեմ չի քվեարկել տեղահանվածների վերադարձի իրավունքի մասին Միավորված ազգերի կազմակերպության վրացական բանաձեւին, ինչը Երեւանի ակնհայտ բարեկամական ժեստն է՝ Թբիլիսիի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու համար:

Հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որը վերահաստատում է Հարավային Օսիայից եւ Աբխազիայից վտարված վրացիների`իրենց տները վերադառնալու իրավունքը:

Վրաստանը 2008 թվականից ի վեր նմանատիպ բանաձեւեր է հեղինակում, որոնց Հայաստանը դեմ էր քվեարկում, սակայն այս տարի Հայաստանը ձեռնպահ է մնացել:

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: