Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

30 մայիսի - 6 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Մայիսի 30-ին տեղի ունեցավ նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության համագումարը, որի օրակարգում էին նախագահի, խորհրդի եւ վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական ու ծրագրային փոփոխությունների հարցերը։ Միաձայն քաղաքական ուժի նախագահ ընտրվեց Արթուր Վանեցյանը։ Կազմավորվեցին կուսակցության ինը հոգուց բաղկացած խորհուրդը (Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, Ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց), վերստուգիչ մարմինը, հաստատվեցին կանոնադրական եւ ծրագրային փոփոխությունները։ «Հայրենիք»-ը, հիմնադիրների վկայությամբ, գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։

Համագումարն ընթանում էր արտակարգ պայմաններում՝ բացօթյա, անվտանգության կանոնների պահպանմամբ: Թագավարակով պայմանավորված հանգամանքներից ելնելով, այն գումարվում էր սահմանափակ կազմով` շուրջ 100 մարդ, եւ առանց հրավիրյալների ու լրագրողների մասնակցության:

…Այսպիսով` պաշտոնապես ազդարարվեց ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Արթուր Վանեցյանի մուտքը քաղաքականություն, ինչի մասին նա հայտարարել էր այս տարվա փետրվարին` պաշտոնից ազատվելուց ավելի քան չորս ամիս անց: Ի՞նչը ստիպեց քաղաքականությամբ երբեք չզբաղված Վանեցյանին մտնել իր համար անսովոր մի ոլորտ եւ, ինչպես ասում են, «անցավ գլուխը դնել ցավի մեջ»: Այդ հարցին գեներալը պատասխանել է մեկ բառով` պատասխանատվությունը: «Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են։ Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ անհրաժեշտ է մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար»,- համագումարի իր ելույթում պարզաբանել է Վանեցյանը:

Վերջինս բացեիբաց հայտարարել էր ընդդիմադիր գործունեություն ծավալելու մտադրության մասին, ինչը տրամաբանական է` հաշվի առնելով իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունները եւ միմյանց հասցեին հնչած քննադատությունները: Բավական է հիշել ԱԱԾ նախկին տնօրենի` վարչապետին ուղղված «Կանգ առ» հայտնի կոչը, որով ակնարկում էր դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ անառողջ զարգացումները: Բայց նախ հակիրճ անդրադառնանք Արթուր Վանեցյանի համագումարային ելույթին, որտեղ արտացոլված են նրա քաղաքական մոտեցումների ու աշխարհայացքային ընդգրկումների ողջ տարրապատկերը, ներքին եւ արտաքին մարտահրավերների հաղթահարման տեսլականը: 

Այսպես` «Հայրենիք»-ը կենտրոնամետ, աջ ուղղվածությամբ կուսակցություն է, որն իր գործունեության հիմքում, ըստ Վանեցյանի, դնելու է ավանդույթների ու առաջընթացի համադրման գաղափարը: Հիմնարար սկզբունքները, որոնց վրա խարսխված են նոր քաղաքական ուժի ծրագիրն ու գործելաոճը, հետեւյալն են. պատասխանատվություն՝ ընդդեմ ինֆանտիլիզմի, ազնվություն՝ ընդդեմ ստի ու մանիպուլյացիայի, կայունություն՝ ընդդեմ անորոշության, միասնականություն՝ ընդդեմ պառակտման, պրոֆեսիոնալիզմ` ընդդեմ դիլետանտիզմի եւ այլն: Կուսակցությունը, նրա խոսքով, ասպարեզ է եկել քաղաքացիների անվտանգության, ներքին համերաշխության ապահովման, մարդու բարօրության ու առաջընթացի խթանման, բանակի մարտունակության բարձրացման, միջազգային հարաբերությունների լավացման, տնտեսության հզորացման, կրթության, գիտության ու մշակույթի, արդարադատության, բնապահպանության եւ այլ ոլորտների կայուն զարգացման համար հիմքեր ստեղծելու վճռականությամբ: 

Անվտանգության մակարդակի եւ բանակի մարտունակության բարձրացումը, բանախոսի կարծիքով, պահանջում է ամենօրյա, ամենժամյա գրագետ աշխատանք` բազմաթիվ ուղղություններով: Այդ համատեքստում, որպես առանցքային, Վանեցյանը մատնանշել է Արցախի խնդիրը` հավելելով, որ արցախցիների ինքնորոշման իրավունքն անքակտելի է «եւ չի կարող կախվածության մեջ դրվել որեւէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից»: Արցախի հարցի լուծման միակ ճանապարհը, նրա կարծիքով, խաղաղ բանակցություններն են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը Ադրբեջանի ճնշման առաջ չեն ընկրկելու, եւ այդ սպառնալիքը որեւէ կերպ չի նպաստելու հարցի համապարփակ եւ ամբողջական լուծմանը: «Մենք պետք է գնանք բազմամիլիոնանոց միասնական հայկական աշխարհի ձեւավորման ճանապարհով, եւ այդ աշխարհի խորքային ինտեգրացիայի գաղափարը  պետք է փոխարինելու գա այսօրվա անհասկանալի հարաբերություններին»,- ընդգծել է «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։ 

Նա անթույլատրելի է համարում ծայրահեղական մոտեցումները, երկրի բաժանումը թշնամության հասնող ճամբարների, եւ քաղաքական նպատակներով հետադիմական մոտեցումների քարոզը: «Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն իրական խնդիրների լուծման շուրջ, իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ ու ֆեյքային օրակարգերից, գործելաոճից եւ գործիքակազմից։ Մեր ժողովրդին հարկավոր է այնպիսի իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր»,- համոզված է բանախոսը, որի դիտարկմամբ` ազգային եւ համամարդկային արժեքների արհեստական հակադրումը հաճախ ստեղծում է նոր թշնամի ճակատներ մեր հանրության ներսում։ Ուստի «Հայրենիք»-ի քաղաքական նպատակը, ըստ նրա, ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը եւ մարդկանց համար շոշափելի խորքային բարեփոխումները։ 

Պետք է նկատել, որ Արթուր Վանեցյանը բավական ճիշտ է ընտրել քաղաքական դաշտ մտնելու պահը` չեկիստի հոտառությունն, ըստ երեւույթին, գործել է անվրեպ: Սխալվելու աննշան հավանականությամբ կարելի է պնդել, որ մեր քաղաքական դաշտը` հատկապես նրա արտախորհրդարանական ընդդիմադիր հատվածը, երբեք այսքան ամայի չի եղել: Անհատ ընդդիմադիր գործիչներ կամ խմբավորումներ, անշուշտ, կան` ի դեմս «Ազգային օրակարգ» կուսակցության, «Իրավական ուղի», «Քաղաքացիական գիտակցություն», «Ադեկվատ» ՀԿ-ների տղաների եւ այլոց, բայց չկա համակարգված աշխատանք: Մերժված ՀՀԿ-ականներն ու երկրորդ նախագահի կողմնակիցները ոչ մի կերպ վերադարձի շանս չունեն, եւ լավ է, որ չունեն: Իսկ դաշտի «ծանրքաշայինները»` «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ այլք, աշխուժանալու քիչ նշաններ են ցույց տալիս, թեեւ ՀԱԿ-ի դեպքում զարմանալի ոչինչ չկա: Եվ, ընդհանրապես, նորություն չէ, որ մեր քաղաքական ուժերը, որպես կանոն, ակտիվանում են ընտրություններից առաջ: 

Մինչդեռ երկրում առկա լարված իրադրությունը, սրություն ստացած բազմաթիվ խնդիրներն ու անառողջ մթնոլորտը` ինքնին մտահոգիչ լինելով հանդերձ, նպաստավոր պայմաններ են ստեղծել հատկապես ընդդիմադիր կուսակցությունների գործունեության համար, որի պահանջարկը կա: Արթուր Վանեցյանի քաղաքական հայտը գլխավորապես այդ պահանջարկը սպասարկելու առաքելություն ունի, ինչով եւ իմաստավորվում է նրա նորամուտը: Արդյո՞ք կհաջողվի «Հայրենիք»-ին դառնալ ազդեցիկ քաղաքական ուժ եւ իր շուրջը ձեւավորել ընդդիմադիր բեւեռ` ցույց կտա ժամանակը: Չի բացառվում նաեւ, որ դաշտում բավական լուրջ քաղաքական միավորի հայտնվելը կարող է խախտել մյուս ընդդիմադիր ուժերի «դալուկ» անդորրը: Իսկ, որ Վանեցյանն իշխանությունների համար իրական վտանգ է ներկայացնում` կարելի է դատել նրա հրաժարականից հետո մամուլն ու սոցցանցերը հեղեղած կոշտ քննադատություններից եւ իշխանության «ֆեյքային» գրոհներից: Ինչեր ասես, որ չեն անի իշխանությունը կորցնելու մտավախությունից: 

Եվ այդ մտավախություններն անհիմն չեն: Իշխանությունները հասկանում են, որ իրենց վարկանիշի կտրուկ անկման իրադրությունում «թավշյա» իշխանափոխությունից հիասթափվածները ԱԱԾ նախկին տնօրենի հավանական կողմնակիցներն են լինելու: Ի դեպ, այդպիսիք քիչ չեն նաեւ բուն իշխանության ներսում: Եթե դրան գումարենք «Սերժի մնացորդներին», հազարավոր «աբիժնիկներին» եւ էլի շատ ուրիշ շերտերի, հնարավոր է` տպավորիչ թիվ ստացվի, եւ իշխող քաղաքական մեծամասնությունն անկարող լինի դրա դեմն առնել: Վանեցյանը շատերի համար ընդունելի կերպար է թե´ ներսում, թե´ դրսում, ունի փող եւ կապեր, բնավորությամբ հանգիստ է, հանդուրժող, հավասարակշռված ու ծանրաբարո: ԱԱԾ-ի ղեկավար աշխատած ժամանակ հասարակությունը սիրեց նրան, որոշակի վարկանիշ էր ձեռք բերել եւ մի շարք շրջանակներում դիտարկվում էր որպես գործող իշխանությունների այլընտրանք: 

Ամեն դեպքում` Վանեցյա՞նը կլինի, թե մեկ ուրիշը, հայաստանյան քաղաքական միջավայրին օդուջրի նման անհրաժեշտ է ուժեղ, համախմբված ընդդիմություն, որպեսզի ձիգ ու սթափ պահի գնալով լկտիացող քաղաքական մեծամասնությանը:

 

Ազգային ժողովը հունիսի 1-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագծերի փաթեթը։ Որոշումը կայացվել է պատգամավորների 83 կողմ, 16 դեմ ձայներով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպեսեւ կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանում է:

Քառօրյայի հաջորդ օրը` հունիսի 2-ին, խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջապես ընդունեց բավական խնդրահարույց օրինագիծը:

…Փաստորեն չսպասելով ԵԽ Վենետիկի հանձնաժողովից ակնկալվող այն հարցերի պատասխաններին, որոնցով խորհրդատվության համար դիմել էր Արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության հանրաքվեն չեղարկելու իրավական հիմք ընձեռող փոփոխությունները: Խոշոր հաշվով` օրենքը չի բխում ժողովրդի կենսական շահերից, սակայն քաղաքական մեծամասնության համար, կարծես թե, դարձել է կենացմահու խնդիր: Այժմ դժվար է ասել, թե ինչպես են վարվելու օրենսդիրները, եթե եվրահանձնաժողովը բացասական եզրակացություն տա Բադասյանի հարցումներին: Ի դեպ, ոլորտի մասնագետների գնահատականներով, ապօրինի էր ինչպես հանրաքվեի անցկացման որոշումը, այնպես էլ դրա չեղարկումը: «Այս օրենքի ընդունմամբ իրավունքի գերիշխանությունը փոխվելու է իրավունքի նկատմամբ ուժի գերիշխանության»,- դեռ ամիսներ առաջ ասում էր սահմանադրագետ Վարդան Այվազյանը: 

ԱԺ-ում քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դրան չի մասնակցելու, քանզի գտնում է, որ նախագիծը հակասահմանադրական է։ Նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը եւս հորդորեց հետեւել իրենց օրինակին, սակայն վերջինս, 20 րոպե ընդմիջում խնդրելուց հետո, նախընտրեց մասնակցել նիստին եւ ողջ կազմով դեմ քվեարկել խնդրո առարկա օրենսդրական փաթեթին, ինչը եւ արեց: Հիշեցնենք, որ Սահմանադրության հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի վեց անդամների պաշտոնավարումը: Հանրաքվեն ՀՀ նախագահի հրամանագրով նշանակված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով: Պաշտոնական մեկնաբանմամբ` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում «հանրության առողջությունն առավել կարեւոր է, քան հանրաքվեն»: 

Ոչ պաշտոնական շրջանակները, սակայն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու առումով այլ տեսակետ ունեն: Ընդդիմախոսների կարծիքով` իրականում իշխանությունները զգուշանում են հետզհետե անկում ապրող իրենց վարկանիշից: Ապրիլի 5-ից հետո անցած երկու ամսվա ընթացքում անգամ այն կտրուկ իջել է, եւ իշխանությունները մտավախություն ունեն, որ «Այո»-ի համար դժվար թե կարողանան բավարար ձայներ ապահովել: Այդ մտավախությունը միանգամայն հիմնավոր է, եթե նկատի ունենանք իշխանությունների վերջին շրջանի լրջագույն բացթողումներն ու ձախողումները` սկսած համավարակի դեմ անարդյունավետ պայքարից, ավարտած ադամանդի, զենքի վաճառքի հետ կապված աղմկահարույց բացահայտումներով եւ Եվրահանձնաժողովի ավիացիոն «սեւ ցուցակում» հայտնվելու փաստով: Ոմանք մոտալուտ կոլապս են կանխագուշակում Հայաստանի համար: 

Ազգային ժողովը, ինչպես պնդում են գիտակները, չունի Նախագահի հրամանագրով նշանակված հանրաքվեն չեղարկելու լիազորություն: «Նույն հաջողությամբ ԱԺ-ն կարող էր հունիս ամիսը չեղարկելու մասին օրինագիծ ընդունել»,- սրամտորեն նկատել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Անհեթեթ իրավիճակ կստեղծվի, եթե նախագահ Արմեն Սարգսյանը հարկադրված լինի այս անգամ էլ ստորագրությամբ վավերացնել տրամագծորեն հակառակ ընթացակարգը` իր իսկ նշանակած հանրաքվեի չեղարկումը` անլրջացնելով ոչ միայն իր փոխբացասող ստորագրությունները, այլեւ Նախագահի ինստիտուտն առհասարակ: Էլ ավելի զավեշտալի իրավիճակ կստեղծվի, եթե Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները հանգուցալուծվեն Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում, ինչի մասին իշխանության ներկայացուցիչներն արդեն բացահայտորեն խոսում են: 

Ողջ զավեշտն այն է, որ իր ուզած դիպաշարով խնդիրը կարգավորելու համար ԱԺ-ն ստիպված է լինելու անցնել նույն ՍԴ-ի «թրի տակով»: Օրենքը հստակ պահանջում է ԱԺ-ի տվյալ որոշումը հաստատման համար ներկայացնել Սահմանադրական դատարան: Միայն անուղղելի լավատեսները կհավատան այն հեքիաթին, թե ՍԴ-ն կարող է ինքն իր լուծարման օգտին տալ համաձայնություն:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Հունիսի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը քաջառողջություն եւ հաջողություն է մաղթել Փաշինյանին, ինչպես նաեւ` շուտափույթ ապաքինում նրան ու նրա ընտանիքի անդամներին: Հեռախոսազրույցի շրջանակում Փաշինյանը եւ Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի ու հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության հարցերը: ՌԴ նախագահն ընդգծել է Հայաստանին համաճարակի դեմ պայքարում աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը:

Եվրահանձնաժողովն արգելել է Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերություններին` թռիչքներ իրականացնել Եվրամիության (ԵՄ) տարածքում: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ Հանձնաժողովը մինչ այդ լսել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի եւ ընկերությունների փաստարկները։ ԵՄ Տրանսպորտի գծով հանձնակատար Ադինա Վալեանը հայտարարել է, որ հայկական ընկերությունների մասին որոշումը կայացվել է` հաշվի առնելով այս հարցում Անվտանգության հանձնաժողովի միասնական դիրքորոշումը։ «Հանձնաժողովը` Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության հետ, պատրաստակամ է համագործակցել ու ներդրումներ անել Հայաստանում՝ ոլորտի անվտանգությունը բարելավելու համար»,- ընդգծված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրությունում։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 4-ին ազատման դիմում է ներկայացրել վարչապետին: Այս մասին Անանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ եւ արգասաբեր համագործացկության, ինչպես նաեւ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- նշել է նա իր գրառման մեջ։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: