Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Մայիսի 28-ին Հայաստանում նշվում էր Առաջին հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձը: Առավոտից ոստիկաններն ուժեղացված հսկողություն էին իրականացնում Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին: Մայրուղու երկայնքով բոլոր գյուղերի մուտքի մոտ կանգնած էին հասարակական կարգի պահապանները, որոնք թույլ չէին տալիս մարդկանց մուտքը հուշահամալիր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա կարդալ Հանրապետության տոնին նվիրված 12-րոպեանոց իր ուղերձը: Սարդարապատի հարակից տարածքում հավաքված քաղաքացիները ստիպված էին տոնական քայլերթին հետեւել բջջայիններով՝ մոտ երկու կմ հեռու վարչապետից եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաներից:
Վաղ առավոտից մարդիկ սպասում էին, որ համալիրի արգելապատնեշներն, ուր որ է, կբացվեն, եւ կմտնեն տարածք՝ դիտելու տոնական միջոցառումը: Արգելապատնեշները, սակայն, հանվեցին, երբ տարածքից հեռացավ Նիկոլ Փաշինյանը, փառք Աստծո՝ անվնաս: Վերջինիս հեռանալուց հետո հավաքվածները հիշեցին, թե ինչպես էր Փաշինյանը 2018, 2019 թվականներին տոնական օրերը նշում իրենց հետ, իրենց շարքերում: Վերջին 2-3 տարիներին իրեն ժողովրդից հեռու է պահում՝ հետեւից «դավաճան», «հողատու» են կանչում: Իսկ երբ շուրջբոլորն իր թիմակիցներն են, գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ուժայիններ եւ այլն՝ հազիվ թե որեւէ մեկը համարձակվի անվանարկել:
Բայց գանք Փաշինյանի ելույթին, որն, ըստ էության, նրա գաղափարական-քարոզչական ուղերձների այն շարքն է, որն արդեն հասցրել է մի լավ ձանձրացնել հանրությանը: Ի՞նչ է, այնուամենայնիվ, ասում յուրայինների ապահով շրջապատում ժողովրդից թաքնվող առաջնորդը: Ասում է այն, ինչ ասում է արդեն յոթ տարի՝ ստահոդ, անպատասխանատու խոսքեր, անհիմն պնդումներ, աղճատված մտքեր, էժանագին հավաստիացումներ եւ այլն: Բան չի փոխվել ոչ միայն նրա խոսքային մշակույթում ու բովանդակային մակարդակում, այլեւ բուն մտածելակերպում եւ վարքագծում: Չի փոխվել եւ հույս էլ չունենանք, թե երբեւէ կփոխվի: Մանավանդ՝ նույն դասարանում 7 տարի մնալուց հետո:
Դիտարկենք ամենավառ օրինակներից մի քանիսը: Ելույթում նա պնդում էր, թե «այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի անկախ ենք, քան երբեւէ»: Չլինի՞ այս մարդը «Ծուռ հայելիների թագավորություն»-ից էր եկել Սարդարապատ: Աչքին ամեն ինչ հակառակ կողմից է պատկերանում: Լավ, ինչո՞վ ես՝ ավելի պետություն: Արդյոք նրանո՞վ, որ այն ղեկավարվում է Ալիեւ-Էրդողան զույգի կողմից, իսկ դու ընդամենն այդ զույգի կամակատարն ես: Կամ՝ երբվանի՞ց դարձար ավելի ինքնիշխան ու ավելի անկախ: Գուցե 2022-ի հոկտեմբերի 6-ի՞ց, երբ Պրահայում լուռ ու գլխահակ ստորագրում էիր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու «ղազագիրը»:
Անամոթաբար հայտարարում է, թե «նախորդ շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ»: Եվ գիտե՞ք, թե որն է այդ «անուրանալի» հաջողություններից առաջինը. Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագիծը, որը երկուստեք համաձայնեցված է, սակայն Ալիեւն այն չի ստորագրում՝ որպես նախապայման Երեւանից պահանջելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխել Սահմանադրությունը: Եվ այս պահանջները, Փաշինյանի խոսքով, չտեսնված-չլսված ինքնիշխանության ու անկախության արդյունք են: Մյուս հաջողությունն էլ, ըստ նրա, Հայաստան-Թուրքիա «ակտիվ երկխոսությունն է»:
Այստեղ հաջողության նշույլ, ընդհանրապես չկա՝ ո՛չ «ակտիվ», ո՛չ էլ, նույնիսկ, «պասիվ»: Ինչպես հայտնի է, երեքուկես տարի Երեւանն ու Անկարան բանակցեցին, սակայն՝ անարդյունք. ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունները ցայսօր մնում են չիրականացված: Փաշինյանի մատնանշած եւս մեկ «փայլուն հաջողություն» է Հայաստանի հետ Վրաստանի «ռազմավարական գործընկերությունը»: Տարօրինակ է՝ գործընկերային նման հարաբերություններ ունենալով հանդերձ՝ մեր գործարարները չեն կարողանում Վրաստանի տարածքով բեռները հասցնել ՌԴ եւ մերձբալթյան երկրներ:
Գյուղմթերքները՝ Լարսի ճանապարհին տեւապես մնալով, փչանում են, մինչդեռ գործադիրում այդ պարզ հարցը լուծող գեթ մեկ պաշտոնյա չի գտնվում: Պետությունն ի զորու չէ քաղաքացու մատից մի փուշ հանել, բայց ամբիոններից մեծ-մեծ ճամարտակում է, թե այսօր ավելի պետություն է, ինքնիշխան է, անկախ է, քան երբեւէ: Էդ լո՞ւրջ եք ասում:
Մայիսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հերթական աղմկահարույց հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կարծիք հայտնելով, թե «Արեւմտյան Ադրբեջանի» եւ ադրբեջանցիների՝ այդտեղ վերադարձի մասին Ալիեւի հայտարարությունները ԼՂՀ ներկայացուցիչների քայլերի հայելային պատասխանն են: «Դե մենք էլ ենք տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ որ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր, ինչ-որ նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում: Մենք էդ չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք՝ տեսա՞ք ինչ ասեց»,- անշնորհք ձեւակերպված կցկտուր հայերենով ասել է ԱԺ խոսնակը:
Ասվածից դատելով՝ Ալեն Սիմոնյանը երկու հիմնական հայեցակետ է զարգացնում հօգուտ Ադրբեջանի. ա/ Ալիեւի տարածքային նկրտումների հարցում մեղավոր են ԼՂ ներկայացուցիչները, որոնք Արցախի պետական հաստատությունների վերականգնման խոսակցությամբ եւ, ընդհանրապես, ցանկացած համատեքստում արցախյան թեմայի արծարծմամբ հրահրում են Ալիեւի «հայելային» արձագանքը, եւ բ/ լեգիտիմացնում է «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը՝ դիտարկելով այն ԼՂՀ-ի հետ նույն հարթության վրա: Իրականում ԱԺ նախագահի համեմատությունները դույզն-ինչ եզրեր չունեն, եւ նա, ըստ էության, փորձում է համեմատել անհամեմատելին:
Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը առնվազն քառորդդարյա օրինական շրջափուլ է անցել միջազգայնորեն ճանաչված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո: Խոսքն այն կառույցի մասին է, որին Իլհամ Ալիեւը ջանք չի խնայում ժամ առաջ լուծարելու համար: Ավելին՝ այդ գործին լծել է նաեւ Նիկոլ Փաշինյանին, որը նմանապես տվել է այն լուծարելու իր համաձայնությունը: Եթե Ալիեւի դեպքում հասկանալի է Մինսկի խմբի վերացման դրդապատճառը, ապա ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի պարագայում դա մեծ առեղծված է: Հիմա էլ՝ Ալեն Սիմոնյանի այս անհամատեղելի հայտարարությունը:
Լրագրողը նրան հարցնում է. «Հայաստանի տարածքում երբեւէ եղե՞լ է «Արեւմտյան Ադրբեջան» կոչվող» պետական միավոր: Իշխող ուժի ներկայացուցիչը պատասխանում է՝ «ո՛չ»: «Արցախ չի՞ եղել… տասնամյակներով միջազգային գերտերությունների հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարց է քննարկվել»: Այստեղ Սիմոնյանը խեղճանում է. «Ախր, հայկական մոլորակից դուրս եկեք, այո, չի եղել… պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձեւի են, իրանք էլ էդ ձեւով են պատասխանում: Իմ ասածը հետեւյալն է, որ այս քայլերը, այս հայտարարությունները իրա հայելային արձագանքն է, էդքան բան»: Ու արագ փոխում է թեման եւ մեղմացնում տոնը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղի հայերը մի օր, երբ անվտանգ լինի, կվերադառնան, կապրեն իրենց տներում: Իսկ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի մասին հորդորում է մոռանալ, չի տեսնում հնարավորություն, որ ադրբեջանցիները գան ու ապրեն Հայաստանում. «Ես դա չեմ տեսնում, որովհետեւ դա անվտանգային առումով այս պահի դրությամբ անհնար է»,- ասում է Սիմոնյանը՝ այնուամենայնիվ, ադրբեջանցիների վերադարձի հնարավորության համար եւս թողնելով մի փոքրիկ «պատուհան»՝ ասելով, որ «անվտանգային առումով դա անհնար է ա՛յս պահի դրությամբ»: Միա՛յն այս պահի…
ԱԺ նախագահը վստահ է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե անց Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առեւտուր անել. ինքն, օրինակ, Ադրբեջանից գազ կառներ: Խորհուրդ կտայինք զգուշանալ շմոլ գազից՝ ածխածնի մոնօքսիդն առավելապես ազդում է գլխուղեղի վրա:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Մայիսի 26-ին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն: ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Միրզոյանի եւ Բարոյի առանձնազրույցը: Զրույցից մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան Երեւանում է՝ մասնակցելու «Երեւանյան երկխոսություն-2» միջազգային ֆորումին: Երեւանում են նաեւ Սլովակիայի վարչապետը, Հունգարիայի ԱԳ նախարարը եւ այլք: Նույն օրը ՀՀ ղեկավարի հետ առանձին հանդիպման առիթը բաց չի թողել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը Փաշինյանին առաջարկել է համագործակցել մի շարք կարեւոր ուղղություններով, այդ թվում զենքի արտադրության, պաշտպանական արդյունաբերության եւ միջուկային էներգետիկայի ոլորտներում:
Պարտադիր զինծառայությունից, ինչպես նաեւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճով պայմանավորված՝ Կառավարությունն առաջարկում է խստացնել ՔՕ-ով նախատեսված պատժաչափերը: «Ցավոք, նկատվում է պարտադիր զինծառայության զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ»,- մայիսի 27-ին ԱԺ-ում հայտարարել է արդարադատության փոխնախարար Գեւորգ Քոչարյանը: Գործադիրը նոր նախագծով առաջարկում է զինծառայությունից խուսափելու համար ՔՕ-ով նախատեսված 2-5 տարի ազատազրկման ժամկետը դարձնել 3-6 տարի: Վարժական հավաքներից խուսափելու դեպքում էլ գործող առավելագույն 20-ապատիկ տուգանքը դարձնել 30-ապատիկ, իսկ ազատազրկման մինչեւ 2 տարի ժամկետը՝ 1-3 տարի:
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարատեւ խաղաղության հաստատմանը»,- մայիսի 28-ին Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հակամարտության խաղաղ կարգավորումը,- շարունակել է նա,- կնպաստի Հարավային Կովկասի հետագա բարգավաճմանը, ինչպես նաեւ նոր հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Այժմ խաղաղության հասնելու եւ Հարավային Կովկասի ժողովուրդների բարօրությունն ապահովելու ճիշտ ժամանակն է»: Դոնալդ Թրամփի ուղերձի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Դատարանը մայիսի 29-ին հրապարակել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի գործով վճիռը: Մեղադրանք առաջադրվելուց վեց տարի անց նա արդարացվեց: Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Դավիթ Սանասարյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր՝ «քրեական գործը շինծու գործ է, եւ որեւէ ձեւով իրականության հետ կապ չունի այն մեղադրանքը, որ ինձ ներկայացրել են»:
Գորիսում երկուշաբթի՝ հունիսի 2-ին, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը: Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: Այս շաբաթ Երեւանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել: