Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

8-15 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Անցած կիրակի` հունիսի 9-ին, Հայաստանի 23 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցել է 32 հազար 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։

Աբովյանում անցկացված` քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող Վահագն Գեւորգյանը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված արդյունքների, Գեւորգյանը ստացել է 8.453, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8.058 ձայն։ Հիմնական մրցակցությունն ընթանում էր այս երկու թեկնածուների միջեւ։ Մյուս թեկնածուները շատ ավելի համեստ ձայներ են ստացել: Աբովյանում գրանցված 44.519 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 18.176-ը կամ ընտրողների 40,83 տոկոսը: 360 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Օրվա ընթացքում ահազանգեր են եղել ընտրողներին ուղղորդելու, քվեաթերթիկներ նկարահանելու վերաբերյալ։ Դիտորդներն ընտրակաշառքի մասին ահազանգեր չեն ստացել: 

…Նախընտրական շրջանն Աբովյանում աննախադեպ թեժ էր: Ընտրությունների նախորդ օրը անհայտ անձինք հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի պետի մեքենան եւ տան մի հատվածը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Մենք շատ ուրախ կլինենք, որ դա բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Մեղավորները պետք է բացահայտվեն, նման քայլի գնացողները «մուտիլովշչիկներ» են»,- պատասխանելով լրագրողների հարցին, նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Պետք է ասել, որ մրցակցությունն  ի սկզբանե այս կուսակցության ոչ պաշտոնական աջակցությունը վայելող Վահագն Գեւորգյանի ու իշխանության թեկնածու Գրիգոր Գուլյանի միջեւ էր: Հունիսի 6-ին` Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ի աջակցություն Գրիգոր Գուլյանի` Աբովյանում անցկացված բազմամարդ քայլերթին: Այդ առնչությամբ պնդումներ եղան, թե հօգուտ «Քաղպայմանագիր» կուսակցությունից Աբովյանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուի՝ օգտագործվում են վարչական լծակներ. նրան սատարում էր թե՛ մարզպետը, ով անգամ արձակուրդ էր վերցրել, թե՛ ՀՀ վարչապետը, ով ակնհայտորեն պաշտպանում էր Գուլյանին:

Սակայն քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ այդ ամենն առոչինչ է: Տեղի ունեցավ վերջին տասնամյակների համար բավական արտասովոր մի երեւույթ՝ ընտրությունում իշխանության թեկնածուն պարտություն կրեց: Իրենք՝ իշխանության ներկայացուցիչները, դրանում ոչ մի արտառոց բան չեն տեսնում: Ավելին՝ տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ժողովրդավարության հաղթանակ, աբովյանցու հաղթանակ: Մինչդեռ դիտորդներից ոմանց կարծիքով՝ Գրիգոր Գուլյանի պարտությունը երկու բացատրություն կարող է ունենալ. կամ ԲՀԿ-ն, Կոտայքի մարզպետն ու գործող քաղաքապետը ստվերային ինչ-որ մեխանիզմներով ազդել են ընտրողների ազատ կամարտահայտության վրա, կամ իշխող կուսակցության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահությունն ընկել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը համամիտ չէ այն դիտարկումներին, թե հնարավոր է՝ վարչապետի վարկանիշն անկում է ապրել: Tert.am-ի հետ զրույցում նա ասել է. «Տեղի է ունեցել քաղաքական գործընթաց, որին մենք մասնակցել ենք եւ միանշանակ կուզեինք տեսնել մեր հաղթանակը, սակայն պարտվել ենք, ու դա ողբերգություն չենք համարում»:

«Ստվերային մեխանիզմների» օգտագործման հնարավորության մասին վերը նշված դատողության մեջ միգուցեեւ իմաստ կա՝ վերջին խոսքն այստեղ իրավապահներինն է: Բանն այն է, որ ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը թիվ 27 տեղամասում արձանագրել է երեք դեպք, երբ քվեարկողները՝ խախտելով գաղտնիության սկզբունքը, տեսանկարահանել են իրենց քվեարկությունը: Ենթադրելի է, որ նրանք որոշ մարդկանց ապացուցելու բան են ունեցել: Առավել աղմկահարույց միջադեպ է արձանագրվել թիվ 29/07 տեղամասում, որտեղ ԲՀԿ-ի ներկայացուցչի մոտ, որը հանձնաժողովի անդամ էր, հայտնաբերվել է մի ցուցակ՝ ընտրողների անձնական տվյալներով: Ցուցակում եղել են ընտրողների անուն-ազգանուններ, հասցեներ եւ անունների դիմաց՝ «պլյուս»-«մինուս» նշաններ: Այս խախտումների բացահայտմամբ իրավապահ մարմիններն այժմ զբաղվում են, եւ հուսանք՝ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ի դեպ՝ Աբովյանը միակ համայնքը չէ, որտեղ հունիսի 9-ի ՏԻՄ ընտրություններում պարտվել է իշխանության թեկնածուն: Եվ սա, խոշոր հաշվով, դրական միտում է, որն ավելի կկայունանա նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո:

 

Նախորդ շաբաթավերջին Դիլիջանում մեկնարկել էր «Մտքերի հայկական գագաթաժողովը», որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող` «Մտքերի գագաթաժողովն» այս անգամ հյուրընկալվեց Հայաստանում եւ ստացավ «Մտքերի հայկական գագաթաժողով» անվանումը: Այն մեկ տանիքի տակ համախմբել էր հայաստանցի եւ օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական եւ քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Ներկա գագաթաժողովի համակազմակերպիչներն էին՝ ՀՀ նախագահի աշխատակազմը, Հայաստանի կենտրոնական բանկը եւ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը:

…Գագաթաժողովը ՀՀ-ում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ նախագահ Արմեն Սարգսյանը, որպես հիմնական բանախոս, մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթաժողովին»: Իրականում սա շատ հեղինակավոր հարթակ է, որտեղ աշխարհի լավագույն «ուղեղները» պարբերաբար քննարկում են գլոբալ խնդիրներ՝ բնապահպանական աղետներից մինչեւ աշխարհաքաղաքական զարգացումներ: Հարափոփոխ աշխարհում մարդկային միտքը, բանականությունը, տաղանդը այսօր ամենաբարձր գնահատվող կապիտալն են, ուստի պատահական չեն այդ ոլորտում արվող հսկայական ներդրումները: Մարդկությունը, ըստ էության, հասել է զարգացման մի հանգրվանի, որտեղից դժվար է առաջ շարժվել՝ առանց ճկուն միտք եւ գիտելիքահեն տեխնոլոգիաներ բանեցնելու:

«Ամբողջ քաղաքակրթությունը հիմնված է մեկ գործոնի վրա, եւ դա մարդկային միտքն է»,- Դիլիջանում եռօրյա գագաթաժողովի բացման ողջույնի խոսքում շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միջոցառումն առաջին անգամ Հայաստանում անցկացնելու համար հատուկ շնորհակալություն հայտնելով նախագահ Արմեն Սարգսյանին: Հիրավի, վերջինիս պետք է արժանին մատուցել. նա է, որ Հայաստան բերեց աշխարհի հետ շփվելու, առաջադիմական աշխատաեղանակները յուրացնելու, արհեստական բանականությունը, մտավոր ներուժը խթանելու նոր մշակույթ: Բերեց՝ ի հեճուկս որոշ հոռետեսների, թե ինչ կարիք կա այդքան նյութական միջոցներ վատնել ժողովների եւ այլ կարգի միջոցառումների վրա, որոնցից ոչ մի օգուտ չկա: Օգուտը գուցեեւ այսօր նկատելի չէ, բայց վաղը կամ մյուս օրը այդ կապերը հաստատ կսկսեն աշխատել: Ու կաշխատեն հօգուտ Հայաստանի, հօգուտ սերունդների ապագայի: «Մենք հավատացած ենք, որ գագաթաժողովի երեք օրերի ընթացքում եղած շփումները կնպաստեն միմյանց ավելի լավ ճանաչմանն ու ներդրումային նոր գաղափարների հղացմանը, ինչն անհրաժեշտ է նաեւ Հայաստանին»,- գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ընգծել է այդ միջոցառման կազմակերպիչներից «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն: Նրա խոսքով՝ «Մտքերի գագաթաժողովի» ձեռնարկման հիմքում մշտապես բոլոր մասնակիցները պետք է ստանձնեն հետեւյալ հանձնառությունը. հեռանալ գագաթաժողովից՝ ունենալով առնվազն նոր գաղափար, նոր ընկեր եւ նոր նախագիծ: Միջոցառումը դիպուկ է բնորոշել նաեւ հանրապետության նախագահը՝ ասելով. «Այս գագաթաժողովը բանականության մի փոքր տապան է: Նոյյան տապանը չէ, բայց հայկական տապանն է, որտեղ մարդիկ հավաքվել են եւ քննարկում են, թե ինչպես փրկել աշխարհը: Շատ ուրախ եմ մոլորակի ապագայով մտահոգված այդ տապանը հենց Հայաստանում հանգրվանած տեսնել»:

Ինչ խոսք, դրանով պետք է ուրախ ու հպարտ լինի ամեն մի հայաստանցի, ամեն մի հայ: Անգամ՝ ամենավերջին հոռետեսը:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Ազգային ժողովի հունիսի 10-ի արտահերթ նիստում  երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց կառավարության ներկայացրած երեք փաստաթուղթ` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: Առաջին ու երկրորդ օրինագծերը ստացան պատգամավորների 109-ական կողմ ձայներ, իսկ երրորդը` 92 կողմ, 15 դեմ, մեկ ձեռնպահ:

Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հունիսի 11-ի հրամանագրերով մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես` Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից եւ նշանակվել Արցախի ոստիկանապետ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն է նշանակվել Վլադիկ Խաչատրյանը՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Նախագահի այլ հրամանագրերով՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը` նույնպես ազատվելով պաշտոնից, նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական ու նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հունիսի 12-ին վկայի կարգավիճակով պետք է հարցաքննվեր Քննչական կոմիտեում՝ Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանի ավտոմեքենան եւ տան մուտքը հրկիզելու գործով: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավարը ճանաչվել է տուժող։ Սարիբեկյանը հրկիզումը կապել էր քաղաքապետի ընտրությունների հետ։ «Ազատության» հարցին, թե իր կարծիքով` ում կողմից է դա իրականացվել, տուժողը պատասխանել էր. «Ըստ իս, հակառակորդ ուժի՝ «Բարգավաճ»-ի»։ Մինչդեռ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ընտրություններից մեկ օր առաջ մեքենայի եւ տան մի հատվածի հրդեհումը բեմականացում էր որակել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը պատռել է քննիչից ստացած ծանուցագիրը եւ չի ներկայացել հարցաքննության:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին։ Ըստ Հայաստանի ԱԳ նախարարության, նիստը վարել են Զոհրաբ Մնացականյանը եւ Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Խորհրդի նիստի արդյունքներով` ՀՀ արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: