Ուրբաթ, Հուլիսի 18, 2025

Շաբաթվա անցուդարձ

31 մայիսի - 7 հունիսի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Իշխող ընտանիքի հակաեկեղեցական նախաձեռնության շարունակությունը, կարծես թե, ուշագրավ երանգներ է ստանում՝ «չուլանացման» անմեղ թվացող խոսույթից սահուն անցում կատարելով դեպի Վեհափառ Հայրապետի եւ կուսակրոն հոգեւորականության անձնական կյանքի տիրույթ: Նոր զարգացումների առանցքում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարեվարքության զգայուն թեման է, մասնավորապես՝ այն հարցի պարզաբանումը, թե ունե՞ն արդյոք Վեհափառ Հայրապետն՝ ինքը, եւ հոգեւոր դասի մյուս ներկայացուցիչները ապօրինի զավակներ կամ սիրուհիներ: Այսինքն՝ խոսքը կուսակրոնության սրբազան ուխտին նրանց հավատարմության մասին է:

Միգուցե այս հարցադրումն այնքան էլ արտասովոր չհնչեր, եթե թեման չունենար ակնհայտորեն ընդգծված քաղաքական ենթատեքստ, իսկ ավելի ստույգ՝ նախընտրական փաթեթավորում: Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) անկախ գոյությունը եւ, չնայած եկեղեցին անջատ է պետությունից, գործադրում է ամեն ջանք, որպեսզի Կառավարությունը վճռական ձայն ունենա Հայոց Հայրապետի ընտրության հարցում: Նրա համար ինչ մի դժվար բան է՝ թեկուզ սահմանադրական կարգի տապալման գնով, հասնել իր ուզածին՝ ունենալ «գրպանային» Մայր աթոռ եւ իրեն հլու-հպատակ կաթողիկոս:

Երբ երկրի ղեկավարի համար Սահմանադրությունը «խաղուպար» է, եւ նա, ինչպես հայտարարեց օրեր առաջ, պատրաստ է նախաձեռնել սահմանադրական փոփոխություն, եթե խաղաղության համաձայնագիրը չհամապատասխանի Սահմանադրությանը, ապա ինչու չի կարող նույնն անել՝ Ամենայն Հայոց Հայրապետին իր ենթակայության ուղեծրում պահելու համար: Չէ՞ որ խոսքն այստեղ սեփական իշխանությանն ու ճակատագրին է վերաբերում: Պատկերացրի՞ք. Կառավարության գլուխը փոխանակ Ալիեւի հետ կնքվելիք համաձայնագիրը (որն ի դեպ, ՀՀ-ի համար ստորացուցիչ թուղթ է) համապատասխանեցնի երկրի Սահմանադրությանը, փորձում է Սահմանադրությունը համապատասխանեցնել համաձայնագրին:

Միով բանիվ՝ Փաշինյան ընտանիք-Եկեղեցի հարաբերությունները գնալով ավելի են սրվում, եւ հունիսի 2-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ, թեմակալ առաջնորդներ ՀՀ-ից եւ Սփյուռքից։ Ժողովում՝ ի մասնավորի, անդրադարձ կատարվեց վարչապետի ու նրա տիկնոջ կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին:

Այս առնչությամբ ԳՀԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետեւանքներով եւ սպառնալիք են Հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում եւ թե՛ Սփյուռքում։ Նման գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում ազգի ոգին, հայրենանվիրումի բարձր գիտակցությունը՝ հատկապես մարտահրավերների առկա պայմաններում»: Այսօրինակ դատապարտելի ձեռնարկումները, ըստ ԳՀԽ-ի, սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ «որոշակի կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների ու շինծու մեղադրանքների հետ»:

Մայր աթոռը իրավասու պետական մարմիններին կոչ է անում կասեցնել վարչապետի անհեռատես եւ անօրինական քաղաքականությունը, հորդորում է Եկեղեցու հավատավոր զավակներին՝ լինել միաբան ու միասնական, առ հայրենին եւ Սուրբ Եկեղեցին երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Ի դեպ՝ Փաշինյանի տմարդի արարքից վրդովված շատ քաղաքացիներ համարում են, որ Մայր աթոռի գնահատականները չափից դուրս մեղմ ու ներողամիտ են, որին հասցեատերն արժանի չէ: Անտարակո՛ւյս՝ արժանի չէ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հոգեւոր վերնախավի վարքուբարքի վերաբերյալ Հայաստանի վարչապետի թեժ ստատուս–կասկածները, հնարավոր է, դառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննարկման թեմա։ Փաստաբան Արա Զոհրաբյանն է բողոք ուղարկել, դրանում ներառել Փաշինյանի 11 գրառումները, հիմնավորել, որ երկրի առաջին դեմքն իր վարքագծով, լկտի բառապաշարով օրենք է խախտում։ Ըստ նրա՝ Փաշինյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի երեք հոդված, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած վարքագծի կանոնագրքի 6 կետի պահանջներ։ Փաստաբանը բողոքը ներկայացրել է հունիսի 13-ին եւ ենթադրում է՝ մի քանի օրից կստանա պատասխան՝ գործը վարույթ ընդունելու մասին։

Փաշինյանը հունիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչի մասին հաղորդում է ՀՀ կառավարության լրատվականը: Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է «Կուրբան Բայրամ»-ի տոնի առիթով։ Կողմերը  քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը X-ում համառոտ հաղորդագրություն է հրապարակել հեռախոսազրույցի վերաբերյալ։ Նշվում է, որ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Հայաստանն իրականացնում է գետնի վրա դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիաներ»,- հունիսի 2-ին Գորիսում հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ է: Ավելի քան 2 ամիս ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի սահամանմերձ գյուղերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ բնակելի տները: «Կրակոցները վստահաբար չեն օգնում ընդհանուր իրավիճակին, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- նշել է Կոստանյանը:

Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է e-gov.am կայքէջում: Լոռու մարզպետի պաշտոնից Ղազարյանի հրաժարականի մասին հայտնի դարձավ հունիսի 2-ին: Այս պաշտոնում նա փոխարինում է ոստիկանության պետի պաշտոնում երկու տարուց ավելի աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին: Վարչապետն ի՞նչ դժգոհություն ուներ Հովհաննիսյանից, արդյոք պաշտոնից ազատման պատճառը հանցավորության, մահացու վրաերթերի, թմրամիջոցների, ապօրինի զենքի շրջանառության աճն է՝ հանրությանը գործադիր իշխանությունը բացատրություն չի տվել:

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հունիսի 4-ին վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի վերջին պատերազմի ժամանակ զինվորական անփութության, զենք-զինամթերք թշնամուն հանձնելու գործով: Ըստ մամուլի՝ այս վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա: Թե կոնկրետ ինչ հաղորդում է ներկայացրել Բաբայանը, փաստաբան Ռոման Երիցյանը ոչինչ չասաց: Գործը թեեւ հարուցվել է դեռ 2023թ.-ին, բայց քննաչականը երկու տարի անց Շահրամանյանին ինտենսիվ հրավիրում է հարցաքննության: Փաստաբանի համար էլ է անհասկանալի՝ ինչո՞ւ են կարեւոր գործով Արցախի վերջին նախագահին հիշել երկու տարի անց:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: