Ուրբաթ, Հուլիսի 18, 2025

Շաբաթվա անցուդարձ

7-14 հունիսի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հունիսի 11-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում ամփոփվեցին 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Շուրջ մեկ շաբաթ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները քննարկում էին անցած տարվա բյուջեի կատարողականի մանրամասները: Թերեւս՝ ավելորդ է խոսել բարեխղճության ու պատասխանատվության այն բարձր նիշի մասին, որպիսին պահանջվում է պահպանել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի շրջանակում ներկայացվող զեկույցների մեջ: Բյուջեին առնչվող ցանկացած ցուցանիշ, հաշվարկ, աճի կամ հետընթացի նկարագրություն պետք է լինեն առավելագույնս ճշգրտված:

Եկամուտների ու ծախսերի հարաբերակցության, պետական պարտքի աճի, ժողովրդի բարեկեցության վիճակի եւ այլ մարտահրավերների մասին թող խոսեն մասնագետներն ու ոլորտային փորձագետները, մենք կանդրադառնանք պարզ տեսանելի շահարկումներին եւ մարդկանց աչքին «թոզ փչելու» փորձերին, որոնց վերջին տարիներս բախվում ենք գրեթե ամեն քայլափոխի: Հանձնաժողովների համատեղ նիստերից մեկի ժամանակ, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, մեզ վիճակվեց հեռատեսիլով ակնդրել նրա ելույթը եւ տեղեկանալ, որ «մարդիկ ՀՀ-ում այսօր շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 7 տարի առաջ»:

Բայց սա դեռ ի՜նչ է… պարզվում է «2024 թվականի նոյեմբերին Հայաստանը բոլոր ժամանակներում գրանցված եւ աշխատանքով ապահովված աշխատատեղերի թվով բացարձակ ռեկորդ է սահմանել. գրանցվել է 782.832 աշխատատեղ, որը 32 տոկոսով ավելի է 2018-ի նոյեմբերի ցուցանիշից»,- գլուխգովություն է արել Փաշինյանը՝ շրջանցելով, սակայն, ու չհրապարակելով 2024թ.-ի գործազրկության բավական բարձր ցուցանիշը, որպեսզի աշխատատեղերի տպավորիչ թվի խորապատկերին ակնհայտ հակասությունը՝ գործազրկության մոտ 24 տոկոս գրանցված արդյունքը չերեւա: Ո՞ւմ են պետք այդ հարյուր հազարավոր աշխատատեղերը, եթե դրանց աճին զուգահեռ՝ աճում է գործազրկությունը, այլ ոչ թե նվազում:

Աշխատատեղերի բացարձակ ռեկորդի առումով կդժվարանանք որեւէ բան ասել, բայց ստախոսության ու մանիպուլյացիայի ռեկորդի մասով հետաքրքիր մի օրինակ կբերենք: Փաշինյանը մի անկապ միտք դրեց շրջանառության մեջ՝ ասելով, որ եթե պետական ծառայողները մեկ ամիս աշխատավարձ ու պարգեւավճարներ չստանան եւ այդ ամբողջ գումարը բաժանվի թոշակառուների միջեւ, ապա վերջիններիս թոշակները հնարավոր կլինի բարձրացնել ընդամենը 1.400-ական դրամով, որն, ըստ նրա, եղանակ չի փոխում, ասել կուզի՝ չի բարելավում թոշակառուի նյութական վիճակը:

Մի կողմ դնենք նման խոսույթի անհեթեթությունն, ընդհանրապես, եւ դրանից բխող՝ հանրության տարբեր շերտերի միջեւ պառակտում սերմանելու վտանգավորությունը՝ մասնավորապես: Պարզ աչքաչափով էլ տեսանելի է, որ Փաշինյանի նշած բուն հաշվարկի ճշգրտությունը, ավելի ստույգ՝ 1.400 թիվը վստահություն չի ներշնչում, ինչը կարելի է ստուգել՝ ձեռքի տակ ունենալով երեք հիմնական տվյալ՝ ա/ ՀՀ պետական ծառայողների թվաքանակը, որը 220.000 մարդ է. բ/ պետծառայողների միջին ամսական աշխատավարձը, որը 213.000 դրամ է եւ գ/ պետական ծառայողների ամսական փաստացի աշխատավարձի ֆոնդը, որը կազմում է 46 միլիարդ 860 միլիոն դրամ:

Հիմա՝ մի փոքր թվաբանություն. եթե այս գումարը՝ 46 միլիարդ 860 միլիոնը, բաժանում ենք մեր թոշակառուների առկա թվաքանակի վրա, որը 498.000 մարդ է, յուրաքանչյուր թոշակառուի բաժին է հասնում ոչ թե 1.400 դրամ, ինչպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է պետության թիվ մեկ ամբիոնից, այլ… 94.000 դրամ: Գիտեինք, որ յոթ տարի նույն՝ «առաջին դասարանում» մնացած Նիկոլը եւ նրա կողմից հավաքագրված գործադիր/օրենսդիր մարմինների անդամները տառապում են տգիտությամբ,- սա նրա անկեղծ խոստովանությունն է,- բայց ա՛յն աստիճանի տգիտություն, որ չկարողանաս հասարակ բազմապատկում-բաժանում կատարել, դժվար էր պատկերացնել:

Մանավանդ՝ եթե խոսքը փող հաշվելու մասին է: Թերեւս՝ ուրիշի փողը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 7-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։  Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության կողմից ամենաօրյա ռեժիմով ավելի քան մեկ շաբաթ կաթողիկոսի ու եկեղեցու մյուս բարձրաստիճան հոգեւորականների դեմ շարունակվող արշավի եւ վիրավորական բառապաշարով ուղեկցվող քննադատության խորապատկերին: Տեր-Պետրոսյանը, ըստ Մայր Աթոռի, իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը:

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 12-ին հարցաքննվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը։ Ադրբեջանցի դատախազները Մնացականյանին հարցեր են ուղղել 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ դատախազներից մեկի հարցին ի պատասխան՝ Մնացականյանը հայտարարել է, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի ընթացքում 18 դիրք է կորցրել:

Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին տելեգրամյան իր ալիքում ազդարարել է 2026-ի խորհրդարանական ընտրությունների օրը: «Այսօր հունիսի 7-ն է։ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ գումարման ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Հետհաշվարկը սկսված է…»,- գրել է նա, ով ավելի վաղ ասել էր, թե «Քաղպայմանագիրը» միայնակ կմասնակցի 2026թ. ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առայժմ որեւէ տեղեկություն չկա խորհրդարանական հաջորդ ընտրությունների վերաբերյալ: Նախորդ համապետական ընտրությունները ՀՀ-ում անցկացվել են 2021թ. հունիսի 20-ին:

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն հունիսի 11-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրել է «մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչեւ մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ»: «Կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռեւանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները»,- ասված է Փաշազադեի նամակում, փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Հայաստանին սահմանակից Նախիջեւանում հունիսի 10-ին մեկնարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։ «Տանկային, մեքենայացված եւ խափանարար ստորաբաժանումները կիրականացնեն տարբեր ուսումնամարտական խնդիրներ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների եւ օդուժի աջակցությամբ»,- ասված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: