Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Շաբաթասկզբին՝ հուլիսի 3-ին, հայ ռազմագերիների եւս մեկ խումբ Բաքվից տուն վերադարձավ։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները, խումբը բաղկացած է 15 գերիներից, որոնց ուղեկցում էր Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն այս անգամ Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) եւ Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Վերադարձածների թվում են նաեւ այն 12 զինծառայողները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գերեվարվել էին Խծաբերդից։ Նրանք Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները դատապարտվել էին կես տարվա ազատազրկման՝ իբր «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն՝ արդարացվել առաջադրված մի շարք այլ հոդվածներով: Նրանց ազատազրկման ժամկետը նախօրեին ավարտվել էր։ Մամուլը հրապարակել է վերադարձած բոլոր 15 ռազմագերիների անունները։
…Անտեսելով միջազգային ճնշումները, Ադրբեջանը կարողանում է հայ գերիների վերադարձը մաս-մաս իրականացնել իր ուզած պայմաններով: Նախորդ 15 հոգանոց խմբի վերադարձի դիմաց, որը տեղի էր ունեցել հունիսի 12-ին, հակառակորդը պահանջել ու ստացել էր Ակնայի (Աղդամ) ականապատման քարտեզները: Դեռ այն ժամանակ հայկական կողմից ոչ պաշտոնական տեսակետներ էին հնչում, որ փոխանակումը կոռեկտ չէ, քանզի գերիների, պատանդների ու պահվող այլ անձանց վերադարձի կարգը սահմանված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, որի հիման վրա էլ այն պիտի ի կատար ածվեր: Ոմանք կարծիք էին հայտնում, որ հաշվի առնելով քարտեզների կարեւորությունը՝ արդարացի կլիներ փոխանակումը գոնե Ադրբեջանում գտնվող բոլոր անձանց հետ, որոնց թիվը չճշտված տվյալներով՝ հասնում է շուրջ 200-ի:
Իհարկե, թշնամի երկրում պահվող հայ գերիների եւ այլ քաղաքացիների ժամ առաջ վերադարձի ապահովումը մեզ համար կարեւորագույն խնդիր է, իսկ գերեվարվածների ընտանիքների համար՝ գերնպատակ: Բայց սա չի նշանակում, որ կարելի է հանուն այդ գերնպատակի՝ թույլ տալ, որ թշնամին փորձի հիմարացնել մեզ, առուվաճառքի առարկա դարձնի մարդկանց ճակատագրերը, անմաքուր խաղեր տա, ստորացնի մեր ազգային արժանապատվությունը: Ադրբեջանի կողմից պարտադրված եւ Հայաստանի ղեկավարության հլու-հնազանդ համաձայնությունը ստացած «Գերիներ՝ պետական գաղտնիք պարունակող քարտեզների դիմաց» բանաձեւը հենց այդպիսի անմաքուր խաղերից է, որին տուրք տվեց Արցախի 44-օրյա պատերազմն անփառունակ ավարտած իմքայլական իշխանությունը՝ առանց խորամուխ լինելու խնդրի նրբերանգների մեջ:
Ինչպես նշվեց, գերիների վերադարձի իրավակարգավորման հիմքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ դրույթն է, որով հստակ սահմանված է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման կարգը՝ «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով: Եռակողմ փաստաթղթում ականապատված տարածքների քարտեզների փոխանցման մասին ոչինչ նշված չէ: Այդ առումով տարակուսանք են առաջացնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հուլիսի 3-ի հայտարարության հետեւյալ տողերը. «Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու աշխատանքները՝ այսօր Բաքվում անձամբ ես ադրբեջանական կողմին եմ փոխանցել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Իր հերթին՝ Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիների, որոնք Երեւան են հասցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»։
Մուրադովը հավելել է, որ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ: Եղբա՛յր, այդ ի՞նչ փաստաթղթի մասին եք խոսում, որից մենք անտեղյակ ենք, եռակողմ համաձայնագրում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման որեւէ դրույթ չկա: Ադրբեջանը պետք է անվերապահորեն, առանց հավելյալ որեւէ պայմանի, վերադարձնի բոլոր գերեվարվածներին, պատանդներին եւ պահվող այլ անձանց, ինչպես դա ամիսներ առաջ արել էր Հայաստանը՝ վերադարձնելով անգամ մարդասպանության համար դատապարտված երկու ազերի դիվերսանտի: Առհասարակ՝ Հայաստանն իր համաձայնությունը չպետք է տար 9 կետերից որեւէ մեկի իրականացման համար, քանի դեռ միակ՝ փոքրիշատե հայամետ 8-րդ դրույթը մնում էր եւ է չկատարված:
Մեզանում ակնհայտորեն իրեն զգալ է տալիս պարտվածի համախտանիշը: Դա պարզ երեւաց հատկապես գերիների վերջին խմբաքանակի վերադարձի առնչությամբ ՀՀ կառավարության տարածած հայտարարությունից, որտեղ Վարանդայի եւ Կովսականի ականապատ դաշտերի քարտեզների՝ Ադրբեջանին փոխանցումը բնորոշվում է որպես «բարի կամքի» դրսեւորում: Հետաքրքիր է՝ որքան անսահման է այդ «բարի կամքը», որ այդքան թանկ արժե՝ պետական խիստ կարեւոր գաղտնիք պարունակող փաստաթղթի նվիրաբերում ամենաոխերիմ թշնամուն: Ոչի՞նչ, որ դրանով աշխարհը կարող է սխալ պատկերացում կազմել, թե գործ ունի «օկուպանտ» պետության հետ, որը 30 տարի բռնազավթել էր օտարի հողերն ու ականապատել՝ յուրացնելու նպատակով: Կարգին երկրում այդպիսի կառավարությունը միանգամից հրաժարական կտար:
Կա գերիների վերադարձի հետ կապված եւս մեկ զգայուն հարց: Հանրության մի հոծ հատված իրավացիորեն դժգոհություն է հայտնում գերիներին հերոսացնելու փորձերի առնչությամբ. նրանց վերադարձի առիթով կազմակերպվում են շքեղ ընդունելություններ, քեֆ-ուրախություններ, ոմանք ավտոմեքենայի բանալիներ են նվեր ստանում եւ այլն: Իրականում գերություն երեւույթն իր մեջ դավաճանության տարրեր է պարունակում, հետեւաբար ցանկացած քաղաքացու, առավել եւս զինծառայողի գերեվարման բոլոր հանգամանքները պետք է մանրազնին կերպով հետաքննվեն իրավապահ մարմինների կողմից: Գուցե ծանր բան եմ ասում, բայց սա է տարրական տրամաբանությունը: Օրինակ՝ Հայրենական մեծ պատերազմից հետո գերիների խնդիրը լուրջ քննության առարկա էր դարձել՝ արդարներն արդարացվում էին, կասկածելի հանգամանքներում գերի ընկածները դատապարտվում կամ աքսորվում: Գերուն ցկյանս պաշտոն չէր վստահվում:
Մեր դեպքում ամեն ինչ հակառակ տրամաբանությամբ է գործում: Մեջբերենք ֆեյսբուքյան ուշագրավ մի գրառում եւ դրանով ավարտենք: Գրառման հեղինակը Արա Վարդանյանն է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը: «Հերոսի տանը տուշոնկա-շոու են սարքում, գերիին՝ հերոսացնում», «Իրական գեներալին դատում են, պատահական մեկին էլ՝ օդից գեներալ դարձնում», «Հաղթանակած Նախագահի վրա գործ են «կարում», պարտված վարչապետին՝ վերընտրում», «Թուրքի դեմը դարպասներն անառիկ պահողներին դավաճան են հռչակում, թուրքի վրա հայրենիք ծախողներին՝ հերոսացնում»,- գրում է Վարդանյանը՝ նկարագրելով մեր ժամանակներին բնորոշ տխուր բարքերից մեկը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հուլիսի 5-ին Հայաստանը նշեց Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, եւ այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
Սահմանադրության օրվա առթիվ ուղերձներով հանդես են եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Պետք է անենք առավելագույնը պետականության պահպանման, մեր ազգային ինքնության վերաիմաստավորման, ազգային գաղափարախոսության սահմանման եւ հաջորդ սերունդներին արժանապատիվ ապագա ապահովելու համար:ուղերձում մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Մոսկվայում հուլիսի 7-ին մեկնարկեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նախքան փակ հանդիպման մեկնարկը Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանի ղեկավարի հետ ստիպված է ավելի հաճախ անվտանգության հետ կապված հարցեր քննարկել, «քանի որ տարածաշրջանային իրավիճակը կայուն չէ, մասնավորապես, անհանգիստ է հայ-ադրբեջանական սահմանը»: Պուտինի խոսքով՝ զգայուն հարցերը հնարավոր է լուծել ժողովրդի աջակցությունն ունենալու պարագայում։ Ռուսաստանի ղեկավարը նաեւ ընդգծեց, որ այդ աջակցությունը Փաշինյանն ունի. «Դրա համար ես Ձեզ շնորհավորում եմ եւ ակնկալում լուրջ քննարկում բոլոր այն հարցերի շուրջ, որ վերջին շրջանում ակտիվ քննարկում ենք»,- ասաց Ռուսաստանի առաջնորդը։
Սա Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է խորհրդարանական ընտրություններից հետո եւ Պուտինի հետ՝ երրորդ հանդիպումն այս տարի (մեկնաբանությունը՝ հաջորդիվ):
Սահմանադրական դատարանում հուլիսի 9-ին մեկնարկեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործով դատավարությունը: «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունները վիճարկել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում: Բարձրագույն ատյանը որոշել է միավորել 4 դիմումները: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը եւ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ:
Ուժային կառույցների մի խումբ ղեկավարների եւ այլ պաշտոնյաների հուլիսի 5-ին շնորհվել են ծառայողական կոչումներ ու դասային աստիճաններ: Հայաստանի ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին, ԱԱԾ պետ, գնդապետ Արմեն Աբազյանին, ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին եւ ԱԱԾ-ի ՊՊԾ պետ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Համապատասխան հրամանագրերը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է՝ հիմք ընդունելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները: Նախագահը հրամանագիր է ստորագրել նաեւ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության առաջին դասի խորհրդականներ Գեւորգ Բաղդասարյանին, Արմեն Աֆանդյանին եւ Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել ավելի քան 55 հազար մարդ, նույն ցուցանիշն անցյալ տարի 11 հազար էր, իսկ 2019-ին՝ ընդամենը 3000։ Միգրացիոն ծառայությունում կարծում են՝ Հայաստանի սահմանները հատած ու չվերադարձած մարդկանց նման թիվը պայմանավորված է հիմնականում աշխատանքային միգրացիայիով։ Հայաստանի հեռացածների մեծ մասը, ըստ ծառայության պետ Արմեն Ղազարյանի, մեկնել է Ռուսաստան։ Ընդհանուր առմամբ՝ 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է 127 հազար մարդ, որի կեսից ավելին նշել է, որ գնում է Ռուսաստան աշխատելու նպատակով։