Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Շաբաթվա անցուդարձ

24 հունիսի - 1 հուլիսի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հունիսի 26-ին ԱԺ-ում մեկնարկած արտահերթ նստաշրջանում մթնոլորտը շիկացել էր՝ հնչում էին իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներ, միմյանց ուղղված վիրավորական արտահայտություններ, կոշտ բնորոշումներ եւ այլն։ Նիստի սկզբում, երբ ԱԺ խոսնակը հորդորեց մեկ րոպե լռությամբ հարգել մի քանի օր առաջ իր մահկանացուն կնքած ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը, ընդդիմությունը դեռ դահլիճում չէր, լրիվ կազմով բացակայում էր: Իսկ երբ ուշացած ներկայացավ, սկսվեց մեզ արդեն ծանոթ լեզվակռիվը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմությունից ոչ ոք չէր մասնակցել Խաչատրյանի հոգեհանգստին, ինչպեսեւ ոչ մի ընդդիմադիր գործիչ գրառում չէր կատարել խորհրդարանում բացված հուշամատյանում:

Ընդդիմությունը փորձում էր համոզել, որ հանգուցյալի հոգեհանգստին մասնակցել-չմասնակցելը յուրաքանչյուրի անձնական վերաբերմունքի հարց է, եւ խորհրդարանական գործունեության հետ որեւէ կապ չունի: Սակայն իշխանության ներկայացուցիչները՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, բուռն արձագանքեցին ընդդիմության քայլին՝ որակելով այն «ճղճիմ» ու «բարոյակազուրկ»: «Եթե դուք լինեինք Խաչատրյանի փոխարեն, նա կգար ձեր հոգեհանգստին»,- ԱԺ ամբիոնից Սեյրան Օհանյանի կողմը նետեց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Այս երկրի համար ոչինչ չարած մի փուչ արարած կոպտորեն վիրավորեց պատերազմում հաղթած մարտական գեներալին, որի եղունգը չարժե ինքը:

Ինչո՞ւ իշխանության շարքերում հանկարծ իրարանցում սկսվեց՝ ինչ է թե ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցել Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը: Մամուլում տրված տարբեր գնահատականներից ամենաուշագրավը «Հրապարակի» վարկածն է. «Իրենք դրա մեջ տեսան իրենց արտացոլումը եւ սարսափեցին՝ իրենց էլ են այդպես անելու… Նայեցին հայելու մեջ ու տեսան, որ ժողովրդի վիրավորվածությանը չափ չկա… Տեսան, որ իրենց նայում է վիրավորանքից, ցասումից, նվաստացումից  այլայլված ժողովրդի դեմքը, որն ամեն պահի կարող է հոշոտել հայրենիքն իր ձեռքից խլողներին: Իրենց աչքով տեսան, համոզվեցին, որ հայը երկիր հանձնողին մեռած ժամանակ էլ հանգիստ չի տալու»,- գրում է թերթը։

Առհասարակ՝ Խաչատրյանի մահը հանրային-քաղաքական տարբեր շրջանակներում հակասական արձագանքներ է առաջացրել՝ ոմանք ցավակցել, ափսոսանք են հայտնել նրա մահվան կապակցությամբ, մյուսներն անտարբեր են մնացել, անգամ՝ ուրախացել են, ինչը, բնականաբար, անընդունելի է. իզուր չէ, որ ասում են՝ հանգուցյալի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ: 1990թ.-ից ի վեր փոխնեփոխ 7 տարբեր քաղաքական ուժերի կազմում ԱԺ մտած Խաչատրյանին շատերը չեն սիրել նրա քաղաքական հայացքների համար, որոնք միշտ հարմարեցված են եղել օրվա իշխանության նախասիրություններին:

Այսպես՝ 2021-ի հոկտեմբերին, երբ նա արդեն ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավոր էր, քաղաքական գործիչների մի հանդիպման ժամանակ շեշտեց, թե «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը չափազանց վտանգավոր է, որովհետեւ գերնպատակը, ըստ նրա, Հայաստանն է, ոչ թե Արցախը: Հետո՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, հայտարարեց, որ վերջին 300 տարում այդ տարածքները եղել են վիճելի եւ «երբեք խոսք չի գնացել, որ դրանք Հայաստանին են պատկանում»։ ՔՊ-ական պատգամավորը ԼՂՀ խնդրի լուծումը տեսնում էր Ադրբեջանի կազմում, ինչի մասին բացեիբաց հայտարարել էր 2022թ. ապրիլի 14-ին Ազգային ժողովում ունեցած ելույթում։

Հակահայ պատմույթներից մեկն էլ, որը հանրային եւ փորձագիտական հարթակներում խստիվ քննադատության էր ենթարկվում, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում հայկական պահանջատիրությունից հրաժարվելու վերաբերյալ 2021թ. հոկտեմբերի 15-ին հնչեցրած տեսակետն էր: Նրա հիմնավորմամբ՝ պահանջատիրության հայեցակարգը թույլ չի տալիս կամ կաշկանդում է արդյունավետ դիվանագիտություն ունենալ:

Իհարկե, կարելի էր նրբանկատության սահմանը չանցնել եւ մահացած մարդու հետեւից այս ամենը չասել, բայց այդ դեպքում հնարավոր չէր լինի վերհանել որոշ շրջանակներում նրա չսիրված լինելու պատճառը: Անշուշտ՝ ճիշտ չէ մարդուն սիրել կամ ատել՝ դատելով նրա հայացքներից: Ցանկացած կարծիք, եթե այն պատեհապաշտության արգասիք չէ, այլ կայուն սկզբունք է՝ արժանի է հարգանքի: Ուղղակի հանդուրժողականության հայկական մշակույթը դեռ ի զորու չէ հաղթահարել այլակարծության արգելապատնեշը:

 

Որքան շատ է Հայաստանում եւ Ադրբեջանում գեներացվում խաղաղության թեման, այնքան սահմանում հաճախադեպ են դառնում կրակոցները: Ադրբեջանն իր «ձեռագիրը» չի փոխում՝ նախապես ապատեղեկատվություն է տարածում, թե սահմանի այսինչ հատվածում հայկական կողմը խախտել է հրադադարի պայմանակարգը, ապա մեկ-երկու օր անց նույն հատվածում դիմում զինված սադրանքի: Արցախի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ հունիսի 28-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի վրա՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը, ցավոք սրտի, ունեցավ 4 զոհ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ, թե, իբր, Արցախի ՊԲ ստորաբաժանումները խախտում են հրադադարը, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար»,- նշում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից՝ ավելի ուշ հրապարակելով ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադեւոսյան, Գագիկ Բալայան: Լո՛ւյս, խաղաղությո՛ւն եւ օրհնա՛նք ձեր հոգիներին, տղերք ջան:

Մամուլից հայտնի դարձավ, որ նույն՝ հունիսի լույս 28-ի գիշերն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի մահացու հարվածների միջոցին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ շնորհավորել նրան «Կուրբան Բայրամի» տոնի առթիվ: Ի դեպ՝ «Կուրբան Բայրամը» թարգմանաբար նշանակում է «Զոհաբերության տոն»: Եվ չի բացառվում, որ գիշերային հարձակումը նախաձեռնվել էր զուտ «տոնական սիմվոլիզմի» շրջանակում: «Երեւանը կարող էր «Կուրբան Բայրամի» առթիվ նախ շնորհավորել մեծ իսլամական աշխարհին, որտեղ մենք ունենք մեծաթիվ բարեկամ երկրներ՝ հատուկ ուղերձով, որ իսլամի հետեւորդների համար նվիրական այդ օրն անթույլատրելի է ներկել խաղաղ մարդկանց արյունով»,- գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների համար գերակայությունը ավելի քան 200 օր շրջափակման խուլ օղակում տվայտացող 120 հազար արցախցիները չեն եւ ոչ էլ իրենց հողը սեփական արյան գնով պաշտպանող քաջակորով հայորդիները: Նրանց համար առաջնահերթությունը թուրքերի հետ անպատասխան սիրախաղերն են, ինչը եւ ապացուցվեց հունիսի 28-ի սեւ գիշերը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ ՀՀ կառավարության հաղորդման, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին: Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույցներ էր ունեցել Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Բելառուսի առաջնորդների հետ:

Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում հունիսի 27-ին մեկնարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները: Ըստ Բաքվի, քննարկումների օրակարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել նախ՝ ՀՀ արտգործնախարարի, ապաեւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ։ Բանակցությունները կտեւեն մինչեւ հինգշաբթի՝ հունիսի 29-ը: Այլ տեղեկություններ չեն հաղորդվել:

Վարչապետ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հունիսի 26-ին հեռախոսով քննարկել է տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Ըստ վարչապետի գրասենյակի՝ կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների եւ շփումների կարեւորությունը: ՀՀ վարչապետի ու Իրանի նախագահի անցյալ տարվա նյույորքյան հանդիպման ժամանակ Ռաիսին շեշտել էր տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը՝ ընդգծելով, որ Իրանի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունիսի 27-ին տեղի ունեցած վարչության նիստում որոշում է ընդունվել, որ Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանց դաշինքի։ Ընտրությունների անցկացվումը նախատեսված է այս տարվա սեպտեմբերի 17-ին։ Իշխող քաղաքական ուժը դեռ անցած տարի էր հայտարարել, որ Երեւանի քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Առայժմ իրենց մասնակցության մասին հայտնել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Դավիթ Խաժակյանը, «Ապրելու երկիր»-ից՝ Մանե Թանդիլյանին եւ էլի մի քանի հոգի։

Շփման գծում նախօրեի արյունալի միջադեպի հետեւանքով զոհված 4 հայ զինծառայողից երկուսի դիերը Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել. այս մասին հունիսի 29-ին «Ազատությանը» հայտնել է Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ժամկետայիններից մեկը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ էր. ծնողները ցանկանում են Եռաբլուրում հուղարկավորել, մյուսը՝ 20-ամյա Երվանդ Թադեւոսյանը, Քաշաթաղի նախկին բնակիչ, որի հարազատները պատերազմից հետո բնակվում են ՀՀ-ում։ Արցախի օմբուդսմենը հերքում է ադրբեջանական կողմի պնդումները, թե 2 զոհված զինծառայողները ՀՀ զինված ուժերից են, ու դրանք որակեց «հերթական մանիպուլյացիա»։

Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: