Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Մեծ աղմուկ հանած՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) ազգայնացնելու, իսկ ավելի դիպուկ՝ սեփականատիրոջ ձեռքից խլելու նախագիծը հուլիսի 1-ին դրվեց ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը: Խոսքը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում եւ դրան կից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի մասին է։ Այդու, օրինագծի համաձայն, ՀՀ ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է վարչական վարույթ սկսել ՀԷՑ ընկերության դեմ: Օրենսդրական փաթեթը նախատեսում է ընկերության ազգայնացման համար իրավական հիմքերի ստեղծում:
Հիշեցնենք, որ իշխանությունների աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության խորհրդարանական քննարկմանը նախորդել էր ՀԷՑ-ը հնարավորինս արդյունավետ եւ արագ ազգայնացնելու մտադրության մասին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը: Տիտղոսային ընդդիմությունը խստորեն քննադատել է իշխանության այս նախաձեռնությունը՝ համարելով, որ այն քաղաքական հաշվեհարդար է «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ եւ հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ, որը «համարձակվել» է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ ՀՀ իշխանության ծավալած պայքարում կանգնել Եկեղեցու կողքին:
Ավելին՝ ռուսաստանաբնակ գործարարը, որը ՀԱԵ-ի հովանավորն ու աջակիցն է միշտ եղել, հունիսի 17-ին հարցազրույց էր տվել՝ կարծիք հայտնելով եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին. «Մի փոքրիկ խմբակ՝ մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարամյակների պատմությունը, հարձակվել է Հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձեւով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: Փաշինյանի «պաշտոնական» արձագանքը չէր ուշացել. «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»,- դարձյալ բարձրաստիճան պաշտոնյայի դիրքին ոչ վայել բառապաշարով սպառնացել է նա:
Ասում են՝ ամբողջ օրը ջղաձգումների մեջ էր. նրան հանգիստ չէր տալիս ոչ այնքան Կարապետյանի՝ «Մենք մեր ձեւով ենք միջամտելու…» միտքը, որքան ԱԱԾ տնօրենի պահվածքը, որ անտեսել էր իր հանձնարարությունը, թե՝ «Տաշիր Սամոյին պետք է ասֆալտին փռես։ Դա ամբողջ հանրապետությունը պետք է տեսնի… Լսեցի՞ր, Աբազյան»: Աբազյանն, իհարկե, լսել էր, բայց, ի պատիվ իրեն, չէր կատարել ապօրինի հրահանգը, ինչի համար զրկվեց զբաղեցրած պաշտոնից եւ գլուխը բարձր հեռացավ ԱԱԾ շենքից: Առաջին անգամ Փաշինյանը մերժվեց ամենամերձավոր ենթականերից մեկի կողմից, ու դա ծանր հարված էր իր համար: Չհպատակության եւս 1-2 այդպիսի հարված, եւ նա կարող է լիովին կորցնել ուժային հենարանը:
Փաշինյանի վախերն առանց այդ էլ շատ են, ինքը լավ գիտի՝ որքան չարիք է գործել, հասկանում է, որ ներում-բեկում չի լինելու: Ուրեմնեւ՝ վախերի վախը իշխանությունը կորցնելու հետ է կապված, քանզի կորցնել իշխանությունը՝ կնշանակի «մերկ ձեռքերով» հայտնվել ուղիղ նշանառության տակ, ընդորում՝ մի քանի կողմերից: Համենայն դեպս, դատելով վարքագծից, ինքն այդպես է ընկալում առկա իրադրությունը, եւ դա իր մեջ խոր կասկածներ է առաջացնում բոլոր նրանց նկատմամբ, որոնց մեջ տեսնում իր հնարավոր ախոյանին: Եվ առաջին միտքը, որ ծագում է գլխում, գալիք ընտրություններին ընդառաջ՝ հավանական մրցակցին չեզոքացնելն է:
Այդ առումով ե՛ւ «Տաշիր գրուպի» ղեկավար, հայտնի բարերար Սամվել Կարապետյանը, ե՛ւ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու ավելի ուշ ԱԱԾ նկուղում նրան միացած՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Նիկոլ Փաշինյանի համար խիստ վտանգավոր հակառակորդներ են: Հետեւապես՝ գործող ՔՊ-ական իշխանության «գրպանային» դատարանն ու դատախազությունը անհարկի նրանց «գործերը» միավորում են փոխկապակցված մեկ ընդհանուր «գործում», բայց առաջադրելով տարբեր մեղադրանքներ: Փաստորեն՝ իրավապահներին կեղծ «պետական հեղաշրջման» պատվեր է իջեցված, ինչը եւ ծառայամտորեն կատարում են՝ առանց իրենց հետագա ճակատագրի մասին հոգալու:
Հիմա տեսնենք, թե ինչի մեջ են մեղադրում վերը հիշատակված անձանց: Սամվել Կարապետյանն, օրինակ, մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչ անելու մեջ: Փաշինյանը հենց այդպես է ընկալել նրա հայտարարության հետեւյալ տողը. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձեւով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: Բայց չէ՞ որ «մեր ձեւով»-ը կարող է շատ դրսեւորումներ ունենալ, ասենք՝ փորձել դիվանագիտություն բանեցնելով՝ համոզել իշխանությանը կամ փորձել մոտեցնել կողմերի դիրքորոշումները, հաշտության եզրեր գտնել կամ առաջարկել խնդիրը լուծել բանակցությունների սեղանի շուրջ եւ այլն:
Մանավանդ որ, այն ընդամենը հայտարարություն է, կոչ՝ որպես այդպիսին, չկա: Թե որտեղ են դրանում կոչ տեսնում «ձվի մեջ մազ փնտրող» մեր իրավապահները՝ խիստ տարօրինակ է: Հետեւաբար՝ կարող ենք վստահորեն արձանագրել, որ այս «գործում» դրդապատճառները բոլորովին այլ են՝ տնտեսական, քաղաքական եւ այլն, բայց ոչ իրավական: Այնպես որ, Փաշինյանը ծանր մոլորության մեջ է, եթե կարծում է՝ Սամվել Կարապետյանին կարող է կոտրել: Վերջինս ոչ թե պետության հաշվին հարստացած ու իշխանության հետ պայմանավորվածությունների գնացած օլիգարխ է, այլ ՌԴ-ում մեծ ճանաչում ձեռք բերած, հարգված գործարար։ Նրան «ասֆալտին փռելն» այդքան էլ հեշտ չէ, ինչպես որ էր:
Նույնանման հակափաստարկներ կարելի է բերել նաեւ հայ ժողովրդի խոր հարգանքը վայելող երկու բարձրաստիճան հոգեւորականների «քրգործերի» մասով, որոնց նկատմամբ եւս երկամսյա ապօրինի կալանքներ են սահմանված՝ ավելի ծանրակշիռ հոդվածներով: Այսպես՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին իրավապահները մեղադրում են երկու ծանր հոդվածով՝ ահաբեկչություն եւ իշխանության յուրացում։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում սրբազանին սպառնում է 18 եւ 12 տարի ազատազրկում: Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ այս շինծու «գործով» ձերբակալվել է «Սրբազան պայքար»-ի 15 անդամ:
Էլ ավելի անհեթեթ է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված մեղադրանքը, որը ենթադրում է «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»: Ա՛յ քեզ ճակատագրի հեգնանք. ո՛վ իշխանություն զավթի, երկրի տարածքային ամբողջականությունը ո՛ւմ մեղքով խախտվի եւ ո՛վ սահմանադրական կարգը բազմիցս տապալի, բայց ո՛ւմ տանեն, փակեն ԱԱԾ-ի նկուղում:
Հունիսի 24-ին իշխանամերձ «civic.am» կայքը «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացվում էր 7 էջանոց մի փաստաթուղթ, որը, լրատվամիջոցի պնդմամբ, ընդդիմության կողմից մշակված հեղաշրջման պլան էր: Մոնտաժված ձայնագրություններով, 2024թ. «արտադրության» այդ շինծու հրապարակումից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ հայտարարեցին, որ փաստաթուղթը ոչ մի կապ իրականության հետ չունի եւ տարածվում է, որպեսզի հիմք նախապատրաստվի ապագայում ընդդիմադիր գործիչներին ձերբակալելու համար։ Այդ ձերբակալությունները, ինչպես տեսնում ենք, չուշացան ու դեռ շարունակվելու են։
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության եւ կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր են քննարկվել հունիսի 30-ին՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին եւ խաղաղության գործընթացին։
Անդրանիկ Սիմոնյանը հունիսի 28-ին նշանակվել է ԱԱԾ տնօրեն: Վարչապետի որոշումը հրապարակված է E-gov-ում: Մեկ այլ որոշմամբ նա ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Նա այս պաշտոնում փոխարինում է Արմեն Աբազյանին, որ ազատվեց հունիսի 18-ին: Անդրանիկ Սիմոնյանը Փաշինյանի կառավարության օրոք 6-րդ ԱԱԾ տնօրենն է: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Աշխատել է դատախազությունում, Քննչական կոմիտեում, իսկ 2021թ. մարտի 31-ից ԱԱԾ տնօրենի տեղակալն է եղել։ Աբազյանի պաշտոնանկության պատճառների մասին վարչապետը միայն ասել էր, որ նա «աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020-ի նոյեմբերից», եւ «արժանացել է, որ մի քիչ հանգստանա»:
Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժելու համար ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Իրավաբան Վարդան Ալոյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից հեռացվել է օրենքով սահմանված կարգով տեղադրված մոտ 20 վահանակ՝ առանց սեփականատիրոջ գիտության, ու տարվել անհայտ ուղղությամբ։ Տեղի ունեցածը, նրա գնահատմամբ, կողոպուտ է։ Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժվել են նաեւ հունիսի 30-ին «Տաշիր» առեւտրի կենտրոնի տարածքից։ Այս առնչությամբ եւս կներկայացվի հանցագործության մասին հաղորդում:
ԱԺ-ն հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀԵՑ-ը պետականացնելուն ուղղված նախագիծը: ՔՊ խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթը փոփոխություններ է նախատեսում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում։ Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող հայտարարությունից, ապա նրա ձերբակալությունից ու կալանավորումից հետո հապճեպ մշակված նախագիծը հուլիսի 2-ին էր առաջին ընթերցմամբ ընդունվել: Իշխանությունները հայտարարում են՝ ՀԷՑ-ի կառավարումը կստանձնեն արդեն այս ամիս: Ըստ ՀԷՑ-ի, ընկերության դեմ «մարտեր առանց կանոնների» ձեւաչափով են պայքարում: Կարապետյանները հայտնել են՝ եթե իշխանությունները նույն կերպ շարունակեն, Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ կհարուցվի:
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» 28 պատգամավորները հուլիսի 3-ին երկրի խորհրդարանում շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, որով առաջարկվում է ՀՀ-ի հետ սահմանին գտնվող «Ալիջան» թուրքական անցակետը վերանվանվել Թալեաթ փաշայի անունով։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը՝ մեջբերելով կուսակցության առաջնորդ Դերվիշօղլուի խոսքերը. «Դա լոկ սահմանի անցակետի ցուցանակի պարզ փոփոխություն չէ։ Դա թուրքերի ազգային կամքի հզոր հռչակագիր կդառնա՝ վկայելով, որ մեր ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իր պատմությունը, հերոսներին եւ իր սեփական հիշողությունը»,- նշել է ազգայնական գործիչը: