Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց հուլիսի 19-ին տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: Այս մասին հայտնում են ԱԺ «Հայաստան» դաշինքից։ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո մասնակիցները երթով շարժվել են դեպի կառավարության շենք, որտեղ միջոցառում է անցկացվել «ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի եւ ազգադավ կառավարության գործողությունների հետեւանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների»: Ավելի վաղ հայտարարություն էր տարածել Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել: «Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Գրիգորյանը հանկարծամահ էր եղել հուլիսի 15-ին՝ հենց դատական նիստի ընթացքում:
Մեկնաբանությունը
Գրիգորյանն անազատության մեջ էր մայիսի 17-ից. նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Ընդդիմությունը պնդում է, որ Գրիգորյանը կալանավորվել է բացառապես իր քաղաքական հայացքների համար, իսկ անկախ իրավաբանները վերջինիս արտահայտություններում եւ գործողություններում չեն տեսնում քրեական հանցակազմ: Համենայն դեպս՝ այնպիսին, որն առաջադրվել է ՔՕ-ի վերոնշյալ հոդվածով:
Մեղադրանքի հիմքը 2021 թվականի ապրիլին մամուլին տված հարցազրույցներից մեկում նրա հնչեցրած խոսքերն են, որոնց մասին իրավապահները, չգիտես ինչու, հիշել են գրեթե մեկ տարի անց: Իր հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասել էր. «Շիրակի եւ արարատյան դաշտավայրի ժողովուրդը միշտ դավաճան է եղել, իսկ սարեցիները՝ Տավուշը, Սյունիքն ու Արցախը, միշտ էլ եղել են իսկական հայ, որովհետեւ արյուն չեն խառնել թուրքի հետ, սրանց կեսը թուրք է, սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են սրանք հայ լինել»։
Կարծում եմ՝ պարտադիր չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ այստեղ բռնության գործադրման հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու փորձի նշույլ անգամ չկա: Ազգային արժանապատվությանը հասցված վիրավորանք՝ միգուցե, բայց ոչ ավելին: Իսկ ՔՊ-ական իշխանության հեղինակած եւ մի քանի ամսվա կյանք ունեցած՝ ծանր վիրավորանքի քրեականացման հոդվածը, ինչպես հայտնի է, եվրոպական կառույցների ճնշման տակ պիտի հուլիսի 1-ից չեղարկվեր ու չեղարկվեց: Փաստորեն՝ մայիսի 18-ին մարդուն «կպցրել են» մի հոդված՝ իմանալով, որ այն հակաժողովրդավարական լինելու բերումով մեկուկես ամսից ապաքրեականացվելու է:
Սա իրավական անբարոյականություն է՝ հավասար այն անառողջ դրսեւորումներին, որոնք այդ օրերին հանդիպում էին ատելության թույնով ախտահարված ինչ-ինչ շրջանակներում: Ուրիշի մահով ուրախանալը, չարախնդալը հասարակության բարոյալքության ցուցիչ են: Նման պահվածքը, որին ականատես եղանք ՖԲ որոշ օգտատերերի գրառումներում, որեւէ արդարացում չունի: Ափսոսանքով ու ցավով պետք է նկատել, որ միջին վիճակագրական հայի մարդկային որակներն էապես ընկել են: Մարդու հանդեպ հանդուրժողականության, ապրումակցային զգացմունքները մղվել են հետին պլան՝ տեղը զիջելով անգթությանն ու մարդկային ողբերգության հանդեպ քար-անտարբերությանը:
Արմեն Գրիգորյանը մեր ժամանակի հասարակական խոցերի դեմ պայքարող տեսակ էր՝ այն քչերից մեկը, ով պատրաստ էր հանուն ազգային նպատակի ու ազգի արժանապատիվ կյանքի գնալ մինչեւ վերջ՝ թեկուզ դա լինի սեփական կյանքի գնով: Նա առողջական խնդիր ուներ, բայց դրա մասին չխոսեց, իր ցավը լուռ տարավ իր մեջ, հիվանդությունը երբեք «մատի փաթաթան» չդարձրեց: Նա մարդու այդ հազվագյուտ տեսակից էր՝ վեհանձն ու պատվախնդիր:
Արմենը դարձավ պիղծ, անհայրենիք, մորթապաշտ համակարգի իշխանատենչության եւ փոքրոգության զոհը: ՌԱՀՀԿ-ն եւ «Հայացքի» խմբագրակազմը խորին վշտով ցավակցում են Արմեն Գրիգորյանի ընտանիքին, բոլոր մերձավորներին ու համախոհներին:
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ Թբիլիսիում հուլիսի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Միրզոյանն ու Բայրամովը անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը եւ մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հասնելու ճանապարհին կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, եւ այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։
Մեկնաբանությունը
Երկու ոխերիմ հարեւանների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին երկկողմ հանդիպումը, բնականաբար, ողջունել են մի շարք առանցքային երկրներ ու միջազգային կառույցներ՝ չնայած երեք ժամ տեւած բանակցություններն առանձնապես չեն փայլել արդյունավետությամբ: Բայց միջազգային հանրության համար, ինչպես երեւում է, արդյունավետության չափանիշը հակամարտող երկրների ներկայացուցիչների ուղիղ հանդիպման բուն փաստն է: Այսինքն՝ կարեւորությունը տրվում է ոչ թե բովանդակությանը, այլ ձեւին: Հավանաբար՝ մտածում են, որ ձեւը կարող է մի օր լցվել համապատասխան բովանդակությամբ. եթե ոչ այսօր, ապա՝ վաղը կամ մյուս օրը:
Թբիլիսիում Միրզոյան-Բայրամով ուղիղ երկխոսության փաստն անմիջապես արժանացավ նախաձեռնող կողմի՝ պաշտոնական Վաշինգտոնի գնահատանքին: Հանդիպմանն առաջինը արձագանքեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը. «Ջեյհուն Բայրամովը եւ Արարատ Միրզոյանը Թբիլիսիում հանդիպմամբ դրական քայլ արեցին՝ ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունները հարթելու ամենավստահելի ճանապարհն է»,- թվիթերյան իր էջում գրել է Բլինքենը: Հանդիպումը ողջունել է նաեւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Ըստ նրա, հայ-ադրբեջանական դեմառդեմ հանդիպումը «կարեւոր քայլ է դեպի հակամարտության համապարփակ լուծում»:
Այնուհետեւ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի եւ եվրոպական ու եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանը զրուցակցին մասնավորապես ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերջին զարգացումները, կարեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ համանախագահող երկրների դերը։
Հատկանշական է, որ թբիլիսյան երկկողմ բանակցություններին նախորդել էին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցելությունները Երեւան ու Բաքու, ինչպես նաեւ ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի անակնկալ այցը Հայաստան: Հայ-ադրբեջանական առճակատման թուլացման ուղղությամբ Արեւմուտքի դրսեւորած ակտիվությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները մտադիր չեն Կրեմլի տնօրինմանը թողնել տարածաշրջանում այնպիսի կարեւորագույն հարցեր, ինպիսիք են արցախյան հակամարտության կարգավորումն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բնականոնացումը:
Որոշ փորձագետ-վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա ամիսներին պարզ կդառնա, թե որքանով են Վաշինգտոնը կամ Բրյուսելը պատրաստ ներգրավվելու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ինչով էլ, ըստ նրանց, պայմանավորված է լինելու նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ապագան: Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արեգ Քոչինյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, թե որ դեպքում կարելի է հավատալ ամերիկացի կամ եվրոպացի գործիչների անկեղծությանը. «Միայն կոնկրետ գործողության դեպքում,- ասել է նա եւ հավելել,- օրինակ՝ եթե ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին եռակողմ հանդիպման ձեւաչափով հրավիրի Վաշինգտոն՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր»: Ինչ խոսք, շատ պրագմատիկ մոտեցում է:
Իսկ այլընտրանքը, ըստ Քոչինյանի, տարածաշրջանում այս պահի դրությամբ ակտիվորեն կազմավորվող ռուս-թուրքական ձեւաչափն է լինելու: «Մենք ռուս-թուրքական ձեւաչափի երկու արար արդեն տեսել ենք, առաջին արարը 44-օրյա պատերազմն էր, երկրորդը՝ «3+3» ձեւաչափը»,- հոռետեսորեն նկատել է փորձագետը: Ուրեմն՝ հայացքը դեպի ո՞ւր դարձնի փոքրիկ ու վտիտ Հայաստանը՝ ոտքի կանգնելու համար: Ո՞ւմ աջակցությանն ապավինել, կարգավորման ո՞ր օրակարգին վստահել՝ մոսկովյա՞ն, թե՞ բրյուսելյան:
Դաշնակից համարվող Ռուսաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի խոսքը երբեք գետնով չի տա, իսկ անբովանդակ ձեւականություններ ցուցադրող Արեւմուտքը, ըստ էության, հայտարարություններից ու այցերից անդին առայժմ չի անցնում: Պարզ հաշվով՝ Կրեմլի «նժարն» ավելի ծանր է՝ հաշվի առնելով տարածաշրջանում նրա ռազմական ներկայությունը: Բայց հա՞ որ…
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Իրանը Հայաստանի հետ սահմանի փակում չի հանդուրժի: Այս մասին հուլիսի 19-ին հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թեհրանում աշխատանքային այցով գտնվող՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ալի Խամենեին նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նույնպես շեշտել էր հայ-իրանական սահմանի փակման անթույլատրելիությունը: «Այդ սահմանը երկար տարիների միջանցք է»,- IRNA պետական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը:
Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները հուլիսի 18-ին հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով երկու երկրների միջեւ փոխգործակցությանը, ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար: Քննարկվել են նաեւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր:
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով եւ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ: Բունդեսթագի փոխնախագահին ընդունել եւ հետը զրույց է ունեցել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին եւ անվտանգային մարտահրավերներին:
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հուլիսի 16-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության մի շարք հարցեր։ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու եւ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։ Արծարծվել են նաեւ բարեկամ երկու երկրների ներքին ու արտաքին օրակարգերին վերաբերող հրատապ հարցեր:
Հայաստանը ամբողջովին դուրս է բերում իր զորքերը Լեռնային Ղարաբաղից: Այս մասին հուլիսի 19-ին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ «Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են ՀՀ: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ»,- նշել է ԱԽ քարտուղարը։