Երկուշաբթի, Հոկտեմբերի 07, 2024

Շաբաթվա անցուդարձ

Սեպտեմբերի 1-8

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցնող շաբաթվա ամենից հատկանշական թեման, որը լայն արձագանք գտավ սոցցանցերում եւ դարձավ քննադատության ու քննարկումների առարկա, Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարությունն էր: Ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ում առկա իրավիճակին, Մարությանն այն բնութագրել է իբրեւ «սպիտակ ու սեւ» ուժերի հակադրություն, որտեղ, նրա խոսքով, իրենց թիմի դեմը «խաղ չկա»: «...Չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են»,- հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածուն:

…Ավելի ուշ Հայկ Մարությանը, ինչպես հաճախ է պատահում, պարզաբանում տարածեց, որ իր ասածը ճիշտ չի հասկացվել, եւ որ ինքը հասարակությունը սեւ-սպիտակի բաժանելու մտադրություն չի ունեցել: «Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս, եւ, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին»,- ափսոսանք է հայտնել Մարությանը՝ նշելով, որ «մեր դեմը խաղ չկա» ասելով` նկատի է ունեցել ժողովրդին: «Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է»,- հավելել է նա:

Բայց «ջինն» արդեն շշից  դուրս էր եկել, եւ զղջալու կամ արդարանալու փորձն այլեւս անօգուտ է: Քաղաքական անփորձությո՞ւնն է արդյոք պատճառը, խնդրին դիվանագիտորեն մոտենալու անկարողությո՞ւնը, թե՞ դերասանի գլխին ինչ-որ հեռահար նպատակով պարզապես «սարքել» են՝ դժվար է ասել: Փոխարենն ավելի դյուրին է ենթադրել, որ ելույթի վերոնշյալ սկանդալային դրվագները կամ դրանց որոշ շեշտադրումները անձամբ Մարությանի դատողությունները չեն կարող լինել: Բանն այն է, որ «թավշյա» հեղափոխության գաղափարախոսության հիմքում Նիկոլ Փաշինյանը դրել էր սիրո եւ համերաշխության հայեցակարգը՝ ջանալով գործընթացը դուրս բերել «սեւ-սպիտակի» ծիրից: Հետեւապես Հայկ Մարությանը չէր կարող ինքնագլուխ փոխել այդ հայեցակարգը, ընդ որում` ամբողջ 180 աստիճանով: Հնարավոր է` լավ խորհրդատուի հարցում նրա բախտն ուղղակի չի բերել: Մինչդեռ հասարակական-քաղաքական գործչին` մանավանդ սկսնակին, լավ խորհրդատուներ են հարկավոր, որպեսզի հանրությանն ուղղված նրա խոսքը լինի հղկված, լրջմիտ, միանշանակ եւ ծանրաբարո: Հանրային ելույթը չի կարելի շփոթել բեմից կամ հեռուստաէկրանից հնչեցրած զվարճախոսության, կատակի ու ծիծաղաշարժ ծամածռությունների հետ: Սրանք տրամագծորեն հակադիր ժանրեր են: Նիկոլ Փաշինյանի թիմում դա պետք է որ լավ իմանան եւ ըստ արժանվույնս գնահատեն ժողովրդի բարձր վստահությունը: Այսօրինակ եւս մի քանի անխոհեմ քայլեր ու արտահայտություններ, եւ այդ վստահությունից կարող են փշրանքներ մնալ: Ավելի վատ՝ եթե հանկարծ պարզվի, որ Մարությանի կարիերան փչացնելու նկրտումները հենց սեփական թիմի ներսում են խմորվել: Չէ որ այնտեղ ոմանք նույնպես «աչք ունեին» կուսակցական ցուցակի առաջին տեղի, ասել է թե՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնի վրա:

Փորձագիտական-լրագրողական որոշ շրջանակներ հակված են կարծելու, թե «հարվածը» կարող է գալ ՀՀ երկրորդ նախագահից, որի մուտքը քաղաքականություն հանրության շրջանում փաստացի ձեւավորեց «սեւ-սպիտակի» իրավիճակ: Կամ` մեզանում արդեն առկա այդ ընկալումներն ավելի խորացրեց, որովհետեւ այդպիսի իրավիճակն իրեն ձեռնտու է արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեծ թվով կողմնակիցներ հավաքագրելու առումով: «Ռոբերտ Քոչարյանը կատարեց առաջին քայլն ու սպասում է էֆեկտին, եւ էֆեկտը նրա համար այն կլինի, թե նոր բնույթի իշխանությունը որքան արագ է կուլ տալու «սեւ-սպիտակի» խայծը»,- գրում է Lragir.am-ի մեկնաբան Հակոբ Բադալյանը: Ամեն դեպքում «թավշյա» հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության կադրային վրիպումները, որոնց մասին չեն խոսել միայն ամենաալարկոտները, կարծես թե, սկսել են իրենց զգացնել: Երեւանի քաղաքագլխի ամենահավանական թեկնածուի սեպտեմբերի 2-ի ելույթը, ցավոք, այդ բացթողումների շարքից էր: Թե որքանով այն կազդի «Քո քայլը» դաշինքի եւ անձամբ Մարությանի վարկանիշին՝ ցույց կտա մոտակա ժամանակը:

 

Սեպտեմբերի 23-ին կայանալիք քաղաքապետի եւ Ավագանու ընտրությունների 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն առաջինը հրապարակեց մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են կուսակցության լրատվական ծառայությունից, «Ժառանգության» ծրագիրը ներառում է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտները, ինչպես նաեւ դրանց նկատմամբ քաղաքացիական իրավատեր ու հաշվետու կառավարում իրականացնելու՝ կուսակցության տեսլականը: Մանրամասն ներկայացված են քաղաքի բոլոր համայնքների, համատիրությունների համաչափ զարգացման ծրագրերը, կառուցապատման ու բարեկարգման, հանրային ծառայությունների մատուցման, աշխատատեղերի բացման, փոքր ու միջին բիզնեսի խթանման, գործարար միջավայրի առողջացման եւ մի շարք այլ խնդիրներ:

…Ծրագրի հրապարակման առթիվ «Ժառանգությունից» քաղաքապետի թեկնածու առաջադրված Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կոչ է արել անմիջապես իրականացնել Երեւան քաղաքի գույքագրման բազմաոլորտային վերլուծություն`ընդերքից մինչեւ նրա իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր տիրույթ ու տարածք: «Երեւանը ողջ հայկական աշխարհի սիրտն ու նյարդային համակարգն է, եւ մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի մեր հին ամրոցը դառնա համաշխարհային կարգի նորօրյա մայրաքաղաք»,- ասել է Հովհաննիսյանը: Իսկ նախօրեին «Ժառանգության» առաջնորդը հանդես էր եկել մեկ այլ նախաձեռնությամբ. նա քաղաքապետի բոլոր թեկնածուներին կոչ էր անում հանդիպել ՌԱՀՀԿ նիստերի դահլիճում եւ բացեիբաց՝ մամուլի ներկայությամբ, քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության ու փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ: Համանման մի ձեռնարկ էլ ասպարեզ է հանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը: Նա, իր հերթին, քաղաքապետի բոլոր թեկնածուներին առաջարկել է միասնական ուղերձով դիմել երեւանցիներին. «Քանի որ քարոզարշավի վերջին օրը մեր անկախության օրն է, առաջարկում եմ Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին` միասնական կոչով դիմել երեւանցուն, որպեսզի երեւանցին տեսնի, որ մենք ոչ թե հակառակորդներ ենք, այլ քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրն ունի Երեւանի զարգացման իր տեսլականը»,- ասել է Զոհրաբյանը:

Այս երկու նախաձեռնություններն էլ միանգամայն տեղավորվում են «թավշյա» հեղափոխության հռչակած սիրո եւ համերաշխության բանաձեւի տրամաբանության մեջ, ուստիեւ ողջունելի են: Սակայն, նկատի ունենալով նախկինում նման չկայացած հանդիպումների, ձախողված կոչերի ու թղթի վրա մնացած ձեռնարկների դառը փորձը՝ կարելի է եզրակացնել, որ այս նոր առաջարկների իրականացումը լավատեսություն չի ներշնչում: Որպես կանոն, միավորվելուն եւ համերաշխվելուն գրեթե միշտ խանգարել է քաղաքական խանդը: Կամ՝ ավելորդ կասկածամտությունը: Ու մի դեպքում խանդի, մյուս դեպքում կասկածանքի առարկան սովորաբար հրավիրող, նախաձեռնող կողմն է լինում: Վերջինիս մեջ մարդիկ տեսնում են առաջատարի սեփական դիրքը հաստատել ջանացող գործչի: «Գնալ այսինչի «ոտքը»՝ նշանակում է ընդունել նրա լիդերությունը». այսպես կամ մոտավորապես այսպես է մտածում հրավիրյալների մեծամասնությունը: Եվ հերթական միջոցառումն, այդպիսով, մնում է անարձագանք կամ, լավագույն դեպքում, անցկացվում է երկրորդ-երրորդ դեմքերի մակարդակով, ինչպես չորեքշաբթի օրը ՌԱՀՀԿ-ում, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի կոչի, հանդիպման ժամանակ էր, որին մասնակցում էին 12 քաղաքական միավորներից 5-ի ներկայացուցիչները:

Մոտավորապես նման մի բան է տեղի ունենում նաեւ ծրագրերի մասով: Ծրագիր գրում են բոլորը. ոմանք` հանգամանալից տեքստով, ոմանք` հակիրճ թեզիսներով: Ու թեպետ քչերն են կարդում թե´ մեկը, թե´ մյուսը, բայց քննադատում են բոլորը` «կոնկրետիկա չկա», «բարի ցանկությունների հավաքածու է», «Չունեն ճանապարհային քարտեզ» եւ այլն: Դարձյալ քաղաքական խա՞նդ է: Երեւի: «Ժառանգության» ծրագրի կարեւոր արժանիքը քաղաքային տնտեսության բոլոր խնդիրների վերհանումն ու դրանց լուծումների բանալիի առաջարկումն է: Այսինքն` մայրաքաղաքի բոլոր «հիվանդ օրգանների» ճիշտ ախտորոշումը եւ համապատասխան «բուժման» նշանակումը: Չնայած խանդոտ քաղաքական հակառակորդի համար դա ոչ մի նշանակություն չունի: Նրա համար նախընտրական ծրագիրն ընդամենը դիմացինին «քլնգելու» հարմար առիթ է, եւ ինքն այն բաց չի թողնի, որովհետեւ մտածում է, որ այդկերպ կարող է մրցակցից քվեններ թռցնել:

Ընդհանրապես` ծրագրերի եւ նրանցում շարադրված խոստումների հանդեպ անվստահությունը, հետեւաբար նաեւ` անտարբերությունը նախորդ վարչակարգերի անպատասխանատվության հետեւանք են: Մեծ-մեծ խոստումներ տալով եւ, որպես կանոն, դրանք չկատարելով` նախկին իշխանությունները՝ հատկապես Սերժ Սարգսյանի վարչակարգը, անլրջացրել են բուն ծրագիր երեւույթը` այն վերածելով ձեւականության: Բայցեւայնպես՝ ծրագիրը գործողությունների ռազմավարական ուղղությունը որոշող անհրաժեշտ փաստաթուղթ է եւ այդպիսին էլ, անշուշտ, կմնա` անկախ եկող-գնացող իշխանակարգերի ճաշակներից ու նախասիրություններից: Պատկերավոր ասած` ցանկացած անծրագիր գործընթաց նման է ծով բաց թողնված անառագաստ նավի: Հիմա հետեւություններն ինքներդ արեք, ծրագրին մատների արանքից նայող տիկնայք եւ պարոնայք:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Իդլիբի շուրջ աճում է լարվածությունը

CNN-ը հաղորդում է, որ նախագահ Թրամփը զգուշացնում է Սիրային ու նրա դաշնակիցներ Ռուսաստանին եւ Իրանին՝ ձեռնպահ մնալ Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի վրա հարձակումից:  Թրամփը թվիթերյան գրառում է կատարել այդ կապակցությամբ. «Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չպետք է անմտորեն հարձակվի Իդլիբի նահանգի վրա: Ռուսներն ու իրանցիները աղետալիորեն մեծ հումանիտար հանցանք գործած կլինեն, եթե մասնակիցը դառնան այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Հարյուր հազարավոր մարդիկ կարող են սպանվել: Դա չի կարելի թույլ տալ»: Բայց այդ գրառումից մի քանի ժամ անց, ռուսական օդուժը սկսեց ռմբակոծել արեւմտյան Իդլիբը: ԱՄՆ պաշտոնյաները մտահոգ են, որ Իդլիբի վրա հարձակման դեպքում կարող են քիմիական զենքեր կիրառվել:

Սիրիական հյուսիս-արեւմտյան Իդլիբ նահանգում զորքերի մեծածավալ կուտակման հետ կապված հնարավոր հարձակումը, ինչպես հայտնում է The Guardian-ը, կարող է այնպիսի հումանիտար աղետ դառնալ, որը չի եղել 7 տարի տեւող պատերազմի ողջ ընթացքում:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ պարբերականի, զգուշացրել է, որ Իդլիբի վրա հարձակումը կարող է իսկական սպանդի վերածվել: Սակայն վերլուծաբանները քիչ հավանական են համարում, որ Թուրքիան ընդդիմանա Ռուսաստանին եւ Սիրիային, եթե վերջիններս որոշեն արմատախիլ անել զինյալներին: The Guardian-ը նաեւ հայտնում է, ու ՄԱԿ-ի՝ Սիրիայի հատուկ հանձնակատար Շտեֆեն դե Միստուրան ասել է, որ Իդլիբի 3 միլիոն քաղաքացիները վախի մեջ են: Ըստ Միստուրայի հայտարարության, Ասադի կառավարությունը եւ նրա դաշնակիցները սեպտեմբերի 10-ը սահմանել են որպես վերջին խոշոր ապստամբական անկլավի ռմբակոծման ժամկետ:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024
Օգոստոսի 17 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: