Շաբաթ, Հունվարի 31, 2026

Շաբաթվա անցուդարձ

5-12 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթավերջին ԱԺ-ն Կառավարության նախաձեռնությամբ գումարեց արտահերթ նստաշրջան: Օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններն էին եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա չերկարաձգել արդեն մոտ 7 ամիս Հայաստանում ձգվող արտակարգ դրությունը եւ շարունակել իրականացնել կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային միջոցառումներ։ Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում էր անհրաժեշտության դեպքում կարանտին մտցնել եւ կիրառել սահմանափակումներ։

…Եվ այսպես` սեպտեմբերի 12-ից Հայաստանում գործելու է, ժողովրդի լեզվով ասած, «Կարանտինի օրենքը», որը կփոխարինի արտակարգ դրության ռեժիմին: Այսինքն` նոր կարգավորման անունը կփոխվի, բայց էությունը կմնա գրեթե նույնը: Կշարունակեն գործել բոլորիս հայտնի կանոններն ու սահմանափակումները` նոր կարգով ու ձեւով: Օրինագծով սահմանվում է, որ կարանտինը կտեւի վեց ամիս, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել եւս վեց ամսով: Սա մտահոգիչ տեղեկատվություն է բոլոր նրանց համար, ովքեր զանազան հանգամանքների բերումով ուզում են շտապ մեկնել արտերկիր: Օրինակ` մտահոգիչ է արդեն երկար ժամանակ Ռուսաստան գնալ ցանկացողների համար, որոնք օրեր շարունակ Կառավարության եւ ԱԺ շենքերի մոտ բողոքի գուծողություններ էին անցկացնում` պետական ոչ մի ատյանից չստանալով իրենց հարցերի պատասխանը: Այժմ նրանց ավելի մեծ հուսահատություն է սպասվում: 

Խոշոր հաշվով` կարանտինային պայմանակարգը շատերին է հուսահատության վիճակի հասցրել: Եվ դա հասկանալի է` դիմակներ կրելու պարտադիր պահանջը պահպանվել է, կարգը խախտող քաղաքացիների նկատմամբ տուգանքների թիվը 11 նոր տեսակով ավելացել է, հավաքների սահմանափակումները նույն պայմաններով մնացել են եւ այլն: Երեւում է` 7-ամսյա արտակարգ դրության «բարվոք» պայմանները իշխանություններին դուր են եկել: Համենայն դեպս նրանց մի շարք գլխացավանքներից զերծ են պահել` հնարավորություն տալով անաղմուկ անցկացնել խնդրահարույց մի շարք օրակարգեր: Խոսքը նախեւառաջ հավաքների խստիվ արգելքի պայմաններում հանրաքվեն չեղարկելու, Սահմանադրության մեջ հակասահմանադրական եղանակով խայտառակ փոփոխություններ մտցնելու, ՍԴ-ում արհեստականորեն ճգնաժամ առաջացնելու, առանց հանրային քննարկման Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելու մասին է: Հիմա էլ հերթը Ստամբուլյան կոնվենցիայինն է: 

Ըստ էության, թե´ արտակարգ դրության եւ թե´ կարանտինի իրավական ռեժիմով պայմանավորված սահմանափակումներն ունեն ավելի շուտ քաղաքական, քան առողջապահական բաղադրիչ: Կամ այսպես ձեւակերպենք` տվյալ իրավական կարգավորումները կառավարության համար լավ հնարավորություն էին եւ են զուտ առողջապահական գործոնն օգտագործել քաղաքական խնդիրներ` այդ թվում նեղ անձնական նպատակներ իրագործելու համար: Այդ պատճառով կորոնավիրուսային իրավիճակը, նրա դեմ պայքարի միջոցառումները մեզանում մղվեցին երկրորդական պլան, եւ ամբողջ ուշադրությունը սեւեռվեց համավարակի քաղաքական ասպեկտին: Հետեւանքը եղավ այն, որ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը գրեթե զրոյացվեց, եւ ունեցանք այն, ինչ ունենք` տարածաշրջանում մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածության ու մահերի ամենաբարձր ցուցանիշները:

Այժմ դառնանք դիմակների խնդրին, որը, թերեւս, ամենաշատ քննարկվածներից ու քննադատվածներից է: Տեղեկատվական աղբյուրներից մարդիկ քաղում են տվյալներ, վարակաբան-մասնագետների կարծիքներ, ըստ որոնց` վարակի տարածվածության հարցում դիմակների օգտակար գործողության գործակիցը չնչին է եւ համարժեք չէ այն համառ պահանջին, որ ՀՀ-ում քարոզվում է, ընդ որում` վարչապետի մակարդակով: Թվում է` դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դիմակը քաղաքականացնել: Բայց մեր իշխանություններն ի զորու են աներեւակայելին դարձնել հնարավոր: Չէ՞ որ նրանք «կախարդական փայտիկը» գտել են: Ինչեւէ: Կար ժամանակ, որ վարկանիշի անկման խնդիր ունեցող Նիկոլ Փաշինյանը փողոցում դիմակ էր բաժանում, անձամբ էր էկրաններից հանրայնացնում օրվա վարակվածության ու մահվան փոքրիշատե բարեհույս տվյալները` փոխանակ դա ոլորտի մասնագետներին թողնելու, ինչն ավելի տրամաբանական կլիներ: Բայց ոչ, ինչո՞ւ բաց թողնել քաղաքական շահաբաժին կորզելու այդպիսի հիանալի հնարավորությունը: 

Սակայն դիմակ կրելու անհրաժեշտության ոչ մի մասնագիտական հիմնավորում կամ ապացույց չբերվեց, եւ գործընթացը վերածվեց պարզ ձեււականության: «Հպարտ» քաղաքացին դիմակ կրում է բացառապես իր 10 հազար դրամը չկորցնելու համար, շատ դեպքերում` դիմակը ծնոտից կախ: Տուգանքների ահռելի քանակությունն ուղղակի ցնցակաթված է առաջացրել նույնքան ահռելի գործազրկության հասած հանրության մեջ: Մի փոքր խիղճ ունեցող ոստիկանն այնքան էլ հաճույքով չի տուգանում կարգազանց քաղաքացուն` չնայած իր աշխատանքի արդյունավետության չափանիշը տուգանքների թիվն է, ըստ որի պարգեւավճար է ստանում: Օրվա` «կրի´ր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսը որոշ սրամիտների վերաձեւակերպմամբ դարձել է` «մուծի´ր տուգանք, փրկիր բյուջեն»: 

Ահա այսպիսին էր կյանքը արտակարգ դրության սահմանափակումների ժամանակ, այսպիսին էլ կմնա կարանտինի պայմաններում: 

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 7-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ: Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Հակոբյանը նախ եղել են Չինարի գյուղում, որտեղ հանդիպել են տեղի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի` ընդգծելով սահմանապահ գյուղերի նկատմամբ առանձնահատուկ քաղաքականություն վարելու կարեւորությունը: Այնուհետեւ վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ, ծանոթացել կատարվող ճանապարհաշինության, հանրային տարբեր օբյեկտների, ինչպես նաեւ թշնամու հուլիսյան հրետակոծությունից վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ եղել է նաեւ Բերդի ամրոցում, որտեղ իրականացվում են պեղումներ:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն սեպտեմբերի 8-ին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին: Հանդիպմանը քննարկվել են եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերությունների վերաբերող մի շարք հանրային հնչեղության հարցեր:

ԱԺ նախագահն ու Վեհափառը անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին եւ կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Հայ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը հայրենիքի զորացման, պետության ամրացման ու ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար:

Պարզվել են Երեւանի Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այդ մասին Քննչական կոմիտեի սեպտեմբերի 8-ին տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է, որ 1999-2008 թվականներին Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մհեր Սեդրակյանը` «պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ հողատարածքը օտարել է որդուն եւ եղբորը, որի արդյունքում նշված հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»:

Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հունվարի 24 2026
Հունվարի 17 2026
Հունվարի 10 2026
Դեկտեմբերի 27 2025
Դեկտեմբերի 20 2025
Դեկտեմբերի 13 2025
Նոյեմբերի 29 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: