Ուրբաթ, Սեպտեմբերի 22, 2023

Շաբաթվա անցուդարձ

26 օգոստոսի - 2 սեպտեմբերի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ամենանշանակալից իրադարձությունը օգոստոսի 23-ից մեկնարկած՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն է, որն այս օրերին եռուն ընթացքի մեջ է: Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն եւ կուսակցությունների 1 դաշինք։ Քարոզարշավը շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24:00։ Սեպտեմբերի 16-ը լռության օր է, իսկ սեպտեմբերի 17-ին կանցկացվեն ընտրությունները։ Ընտրության իրավունք ունեցող երեւանցիները թիվը 823.559 է։ Քաղաքացիների մասնակցության առումով, սակայն, դիտորդների նախնական հետազոտությունները լավատեսություն չեն ներշնչում: Անտարբեր ընտրազանգվածի թիվն այս պահի դրությամբ մեծ է՝ թեեւ, հնարավոր է, փոխվի:

ԱԺ ընդդիմությունն ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել: Միայն «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն է առաջադրվել Երեւանի քաղաքապետի թեկնածու: Նա գլխավորում է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը, որը ձեւավորվել է «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունների միավորմամբ։ Չի բացառվում, որ «Մայր Հայաստան»-ի «ստվերում» խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունն է, որը նպատակահարմար է համարել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին հանդես գալ ոչ սեփական դեմքով, այլ ընտրական գործընթացների «մարտադաշտ» ուղարկել իր «ծանր հրետանիներից» մեկին՝ փույթ չէ, թե պատգամավորական մանդատը վայր դնելու գնով:

Անշուշտ՝ սրանում որեւէ արտառոց բան չկա, յուրաքանչյուր քաղաքական ուժ այս կամ այն իրավիճակում ինքն է որոշում պայքարի իր ձեւն ու մարտավարությունը: Իրականում Թեւանյանը չվարկաբեկված, անբասիր կենսագրություն ունեցող եզակի գործիչներից է եւ Երեւանի քաղաքապետի 14 թեկնածուների մեջ, թերեւս, լավագույններից մեկը: Նրա սկզբունքայնությունը, արդարամտությունը, կշռադատված խոսքն ու հայրենասիրական ջիղը մենք տեսել ենք դժվար պայմաններում ԱԺ պատգամավորի իր առաքելությունն իրականացնելիս, այսինքն՝ կոնկրետ գործի մեջ: Ամեն դեպքում ակնհայտ է, որ ՔՊ-ական թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի հիմնական ախոյանը նա է լինելու:

Ինչ վերաբերում է Ավինյանին՝ պետք է նկատել, որ վերջինս իր «քարոզարշավը» փաստացի սկսել էր ամիսներ առաջ, երբ բյուջեի սուղ միջոցների հաշվին ճապոնական սակուրաներ էր բերում մայրաքաղաքի համար՝ հատելով դարավոր սաղարթախիտ ծառերը: Կամ՝ երբ Նոր տարվա տոնածառին լուսային գրավչություն տալու նպատակով աղճատում էր Հանրապետության հրապարակի շենքերի ճարտարապետական տեսքը: Իսկ անցած երկուշաբթի՝ արդեն պաշտոնական քարոզարշավի օրը, գտնվելով արձակուրդում՝ սովորականի պես վարում էր քաղաքապետարանի նիստը, ինչը եւս վարչական ռեսուրսի չարաշահում է. համատեղելով հանրակարգային եւ քարոզչական գործունեությունը, իշխանության ներկայացուցչն անհավասար մրցակցության պայմաններ է ստանում: Ավելին՝ քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում դիտորդներն արձանագրել են, որ քաղաքապետարանի լրատվամիջոցները եւ Հանրային հեռուստաընկերությունը մրցակցային առավելություն են ստեղծում փոխքաղաքապետի օգտին։

Ինչ ասել կուզի՝ ՀՀ հետանկախական շրջանի մեր տեսած իշխանությունները միշտ պատրաստ են եղել գնալ ցանկացած ստորության՝ ընտրություններում սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Աթոռը կորցնելու վախը սրտում այսօրվա իշխանությունը՝ առավել եւս: Ու հատկապես՝ Երեւանում, որտեղ կենտրոնացած է ՀՀ ընտրազանգվածի գրեթե կեսը: Ու հատկապես՝ երբ հիմնական ընդդիմադիր հատվածը, ի դեմս «Մայր Հայաստանի» եւ էլի մի քանի իրապես ընդդիմադիր քաղաքական ուժերի, չի թաքցնում Երեւանի ավագանու ընտրություններն իշխանափոխության խարիսխ դարձնելու իր մտադրությունները:

«Մենք կարծում ենք, որ այս ընտրությունները հնարավորություն են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու եւ ամեն ինչ անում ենք, որ այդ օրակարգը դոմինանտային դառնա»,- Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու բակում քարոզարշավի 5-րդ օրը հայտարարել է ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը: Նման միտք է արտահայտել նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում. «Եթե գալիս է ուժ, որը խոսում է Արցախի մասին, ուրեմն՝ երկրում բան է փոխվել, ինչը կարեւոր ազդակ է։ Եվ նշան, որ ընդհանուր իշխանափոխությունը մոտ է»,- նշել է նա։

Այնպես որ, «Ասեք՝ կանենք» կարգախոսով իրեն «ոսկե ձկնիկ» երեւակայող Ավինյանին ու նրա տխրահռչակ թիմին ծանր ժամանակներ են սպասվում՝ անկախ երեւանյան ընտրություններում նրանից հաղթելուց կամ պարտվելուց: Որովհետեւ, մեծ հաշվով, բանը բանից անցել է:

 

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է: Այս մասին օգոստոսի 29-ին Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում առկա իրադրությանը: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետեւողական ջանքերի կարեւորությունը:

Նախօրեին Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ Բերձորի միջանցքում ստեղծված կացությունն առաջիկա օրերին քննարկելու է ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ «Մենք պահանջելու ենք լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի կենսագործունեության պայմանները։ Այս ուղղությամբ մենք միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը»,- ասել է Մակրոնը։ Թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը՝ Ֆրանսիայի նախագահը չի մանրամասնել։

Բայց ենթադրելի է, որ նա նկատի ուներ ՄԱԿ ներկայացվելիք բանաձեւը, ինչի մասին այդ կազմակերպության ԱԽ մշտական անդամ երկրի ղեկավարը ավելի վաղ խոստացել էր: Մակրոնը, սակայն, ձեռնպահ է մնացել Արցախում այսօրվա իրավիճակի վերաբերյալ միջազգային փորձագետների կողմից օգտագործվող «ցեղասպանություն» եզրը գործածել: Եվ, չնայած այդ զգուշավորությանը, Ադրբեջանի դժգոհությունից չի խուսափել: Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» արտահայտության օգտագործումը, ըստ պաշտոնական Բաքվի, անթույլատրելի է, քանի որ այն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում է»:

Լավ, տարածքային ամբողջականության «գաղափարի ոտնահարմանը» դեռ կարելի է մի կերպ դիմանալ: Իսկ ոչի՞նչ, որ Ադրբեջանն իր հարեւան պետության ոչ թե «գաղափարն» է ոտնահարում, այլ բուն տարածքային ամբողջականությունը՝ «Իրիվանը» եւ, առհասարակ, ողջ Հայաստանի տարածքը վերանվանելով «Արեւմտյան Ադրբեջան»: Բայց աշխարհին ի տես՝ չքմեղանում է, ավելին՝ կեղծ մարդասիրություն է խաղում, ինչպես օգոստոսի 29-ին, երբ ցուցադրում էր, թե ինչպես է Աղդամով 40 տոննա հումանիտար ալյուր փոխադրում իր կողմից սովահարության մատնված Արցախի համար: Լավ է, որ արցախցիները, ի պատիվ իրենց, հրաժարվեցին այդ «օգնությունից»:

Նրանք աշխարհին հասկացրին, որ իրենց պայքարը ոչ թե հացի համար է, այլ՝ ազատության, անկախության ու արժանապատվության: «Մենք ավելի լավ է մեռնենք, քան Ադրբեջանի հացն ուտենք»,- այս հարցում միակամ էր Արցախի մեծամասնությունը: Սա օտարի լծին եւ բռնապետությանը հասցված շառաչյուն ապտակ էր:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Սեպտեմբերի առաջին օրը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 2 զոհ եւ 1 վիրավոր: ՊՆ-ից հայտնում են, որ զոհված զինծառայողների տվյալները, ինչպեսեւ վիրավոր զինվորի առողջական վիճակի մասին նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ:

Բաքվի հաղորդմամբ՝ օգոստոսի 29-ին Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացելուց հետո կարող է օգտագործվել նաեւ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի մաքսային եւ սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ։ Ըստ Ադրբեջանի հաղորդագրության՝ Ալիեւը Ֆրանսիայի առաջնորդին դժգոհել է նաեւ, որ «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին» հրավիրել են Բաքու եւ Ադրբեջանի այլ քաղաքներ՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, սակայն հայերը մերժել են:

Արցախի նախագահը օգոստոսի 30-ին տեսակապով ողջունել է Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունն ուղեկցող պատվիրակության անդամներին: Հարությունյանը Արցախի իշխանությունների ու ժողովրդի երախտագիտությունն է հայտնել Փարիզ քաղաքի եւ բարեկամ Ֆրանսիայի մյուս տարածաշրջանների ներկայացուցիչներին, «ովքեր Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին ու բարեկամության ուխտին՝ սատար կանգնելով լիակատար պաշարման մեջ ցեղասպանության ենթարկվող արցախցիներին»:

Հակակոռուպցիոն դատարանն օգոստոսի 30-ին մերժեց Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդությունը: «Անպիտան հրթիռներ»-ի գործով շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող նախկին Պնախարարը գրեթե 2 տարի կալանքի տակ է։ Նրա պաշտպանները կալանքը փոխարինելու 5-ից ավելի միջնորդություն են ներկայացրել, սակայն բոլոր դեպքերում դատարանն անփոփոխ է թողել Տոնոյանի խափանման միջոցը՝ պատճառաբանությամբ, թե նա կարող է վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրել։

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել՝ գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը. այս մասին հաղորդել է «Արցախպրես»-ը: Գործակալության փոխանցմամբ՝ Կուլակովը 54 տարեկան է, 2017 թվականից Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարն այս տարվա ապրիլից գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն էր:

Սեպտեմբերի 17 2023
Սեպտեմբերի 09 2023
Հուլիսի 28 2023
Հուլիսի 21 2023
Հուլիսի 15 2023
Հուլիսի 08 2023

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: