Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության սեւ էջերից է: Ուղիղ մեկ տարի առաջ այդ օրը, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ միաժամանակ շփման գծի ողջ երկայնքով օդուժի, հրետանու, ԱԹՍ-ների կիրառմամբ հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը ՀՀ-ում եւ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։
Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ներ, թիրախավորեց քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքներին: Թուրքիայի օգնությամբ Արցախյան ռազմաճակատ էին տեղափոխվել սիրիացի շուրջ 2.400 վարձկան-ահաբեկիչներ։ Աղետալի պատերազմի հետեւանքով հայկական կողմը ունեցել է, պաշտոնական տվյալով, առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ եւ գերիներ:
…Պատերազմի արդյունքները, որոնք մասամբ արտացոլված են 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ, հայկական կողմի համար խիստ աննպաստ են, եթե չասենք՝ նվաստացուցիչ: Այդ փաստաթղթի դրույթները հետագայում որոշակիացվեցին կամ ամրապնդվեցին 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում՝ դարձյալ Պուտին-Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով հանդիպման ժամանակ: Ըստ այդմ՝ Արցախի տարածքի մեծ մասը՝ Քարվաճառի, Ակնայի շրջանները, Լաչինի շրջանը՝ բացառությամբ համանուն միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը՝ ներառյալ Հադրութ քաղաքը, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների մի շարք գյուղեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը, իսկ Արցախի Հանրապետությունից մնացած մոտ 3 հազար քառակուսի կմ տարածքի անվտանգության պահպանումը լիազորվեց ռուս խաղաղապահներին։
Սեպտեմբերի 27-ից հետո անցած մեկ տարում շատ խոսակցություններ, բանավեճեր եւ քննարկումներ եղան այս պատերազմի մասին՝ սկսած ապիկար կառավարողներից ու գլխավոր մեղավորի փնտրտուքից, վերջացրած ՀՀ զինված ուժերի կազմաքանդման դիտավորության ու դավաճանական գործողությունների շուրջ դատողություններով, ընդ որում՝ ոչ անհիմն: Ամեն դեպքում փաստ է, որ արդիական տեխնոլոգիաներով ու հոգեբանական ազդեցության միջոցներով լավ զինված թշնամուն նախ հաջողվեց մեր ներսի «դավադիր ձեռքի» աջակցությամբ պառակտել հայ հանրությունը, Հայաստանը մեկուսացնել հիմնական դաշնակիցներից, հնարավորինս վարկաբեկել 1994-ի հաղթանակն ու այն կերտող հերոսներին, ապաեւ ջլատել իր անունը մարտական փառքով պսակած հայկական բանակի ողնաշարը եւ արդյունքում ստանալ այն, ինչի մասին երազում էր շուրջ 3 տասնամյակ՝ Հայաստանի խայտառակ կապիտուլյացիան, որն այլեւայլ ձեւերով շարունակվում է մինչ օրս:
Պատերազմում կրած պարտությունը միաժամանակ շատ բան հանեց ջրի երես ու դեռ կհանի՝ ի ցույց դնելով դաժան իրականությունը. «դավադիր ձեռքի» ստվերային ներկայությունը մարտական գործողությունների ողջ ընթացքում, որի պատճառով մենք զրկվեցինք այն երաշխիքներից, որոնք ձեւավորվել էին 1994-ից հետո: Խոսքը հուսալի սահմանների, անվտանգ ճանապարհների ու այն մարտունակ բանակի մասին է, որն անձնակազմի ու զինտեխնիկայի ցավալի կորուստներ ունեցավ 44-օրյա պատերազմում: Ավելին՝ պարտության պատճառով կրճատվեց նաեւ ՀՀ տարածքը, սահմանները դարձան առավել խոցելի, ռազմավարական մի շարք ճանապարհներ ու բարձունքներ անցան թշնամու վերահսկողության տակ: «Եթե տեսանելի ապագայում չստեղծվի հայկական փոխվրեժի (ռեւանշ) հնարավորություն, Ադրբեջանը կփորձի ամբողջական վերահսկողությունը վերականգնել ԼՂ ողջ տարածքի նկատմամբ»,- ռուսական «Կոմերսանտ»-ում հրապարակած իր հոդվածում գրել է Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը:
Պետական դավաճանության մասին բազմաթիվ ահազանգեր, հարցազրույցներ ու փորձագիտական-վերլուծական հոդվածներ, տեսանյութեր, փաստագրություններ են հրապարակվել ոչ միայն հայկական, այլեւ ռուսական մամուլում եւ այլուրեք: Նման հրապարակումների պակաս չկա նաեւ այս օրերին: Անկախ ԶԼՄ-ների եւ հեղինակների եզրահանգումը մեկն է՝ տեղի են ունեցել պայմանավորված պատերազմ եւ կանխորոշված պարտություն, ինչի դեմ 18-20 տարեկան հայ զինվորները երկրապահները, կամավորականները, ինչու չէ՝ նաեւ միջին ու բարձր հրամկազմի առանձին սպաներ հերոսական դիմադրություն են ցուցաբերել՝ հանուն Հայրենիքի չխնայելով իրենց կյանքը: Սակայն այդ դիմակայությունը, անկախ դիտորդների պնդմամբ, ջարդվել է ոչ առանց մեր ներսում գործող «դավադիր ձեռքի»: Չափից դուրս շատ են դավադրության մասին վկայող փաստերը, այդ մտատանջող «ինչո՞ւ»-ները:
Բերենք մի քանի տասնյակի հասնող «ինչո՞ւ»-ների ցանկից մի քանիսը: Այսպես՝ ինչո՞ւ պատերազմից ժամեր անց Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պարտության էր տրամադրում ժողովրդին՝ հայտարարելով. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի». ինչո՞ւ պատերազմից առաջ կրճատվեց մարտական 5 զորամաս եւ փոխարենն ավելացավ շտաբային աշխատողների թիվը. ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում Փաշինյանն իրեն ԱՊՕՐԻՆԱԲԱՐ հռչակեց ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ իր ձեռքը վերցրեց Զինված ուժերի կառավարումը՝ դրանից բխող ողբերգական հետեւանքներով. ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կասեցվեց բանակի զորահամալրման գործընթացը, եւ մարտադաշտ ուղարկվեցին կամավորները. ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 3-ին, 7-ին, 19-ին, ինչի հնարավորությունը փաստացի կար. ինչո՞ւ գնվեց խոտան զինտեխնիկա, ինչո՞ւ չկատարվեց պատշաճ զորահավաք: Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչու…
Վաղ թե ուշ ենթադրյալ դավադրության մշուշը կցրվի, եւ պատերազմի մասին ճշմարտությունն ամեն ինչ իր տեղը կդնի: «Այսօր ինձ համար կրկնակի դավաճան է նա, ով ասում է, որ հայկական բանակն է պարտվել: Սա թշնամու երազանքն է, որ անկատար է մնացել, ադրբեջանական ԶՈՒ-երը երբեք չեն կարողացել հաղթել հայկական բանակին։ Պարտվել է գործող իշխանությունը»,- 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասել է Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ Արցախի ու Հայաստանի դեմ գործել են «դավադիր ուժեր», եւ ընդդիմությունը հետամուտ է լինելու պարտության իրական պատճառները հետաքննող անկողմնակալ հանձնաժողովի ստեղծմանը՝ համոզված լինելով, որ «մեր հայրենակիցների կյանքը, առողջությունը, ազատությունը հանցավոր ապիկարությամբ զոհաբերած, Արցախը հանձնած դավադիր ուժերը կանգնելու են դատարանի առջեւ»:
Պարտության պատճառներից մեկն էլ, ըստ հանրային ու քաղաքական խոսույթում տիրապետող կարծիքի, ազգի անմիաբանությունն է, մասնավորապես՝ իշխանություն-ընդդիմություն աննախադեպ առճակատումը: Դա ակներեւ էր անգամ պատերազմի առաջին տարելիցի առթիվ նահատակների շիրիմներին այցելելու եւ նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հազարավոր իր աջակիցներով մոմավառության քայլերթով Եռաբլուրում էր արդեն սեպտեմբերի 26-ի երեկոյան: Հաջորդ օրն առավոտյան ժամը 7:30-ին զինվորական պանթեոն այցելեց Նիկոլ Փաշինյանը՝ թիկնազորով, անվտանգության աշխատողների շքախմբով եւ սեփական տեսալուսանկարահանող խմբով: Թիմակիցներից նրան ոչ ոք չէր ուղեկցում: Ավելի ուշ նահատակների շիրիմներին առանձին-առանձին եւ տարբեր ժամերի այցի գնացին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ իշխանական վերնախավի մյուս կարկառուն դեմքերը:
Ամենայն հավականակությամբ՝ միայնակ այցելելով Եռաբլուր, Նիկոլ Փաշինյանն ուզում էր իր խղճի հետ մենակ մնալ զոհված լույս-երիտասարդների աչքերին նայելիս:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը եւ երկու ամսով կկալանավորի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Վեդրջինս անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: ԱԱԾ-ն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ Տոնոյանը, ինչպես նաեւ ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են եւ այդ քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նույն գործով ժամեր անց կալանավորվել է նաեւ բանակին ժամկետանց զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով:
ԵԽԽՎ-ն աշնանային եւ եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին ընդունել է ԼՂ հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւ, որին Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել։ Վեհաժողովը նշում է, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը 2001թ. հունվարին՝ անդամակցելով ԵԽ-ին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով, 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը, հետեւաբար, այդ պարտավորությունների խախտում է եւ պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից: Վեհաժողովը խորապես մտահոգված է Բաքվում պահվող շուրջ 30 հայ գերիների ճակատագրով, որոնց գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկատվություն չկա: Ընդունված բանաձեւով Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ եւ համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Հայաստանին, ինչպես նաեւ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին եւ անհապաղ վերադարձնել նրանց Հայաստան:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին սեպտեմբերի 27-ին հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, ասված է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։ «Խորապես ցավակցում եւ մեր զորակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված եւ վիրավորված անձանց ընտանիքներին»,- գրում է Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը։
Զոհվածների հիշատակը հարգել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթել լիարժեք ապաքինում։ «Մեր ցավակցությունն ենք հայտնում այն բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարեւաններին եւ այլ մերձավորների։ ԵՄ-ը պատրաստ է խթանել նոր շփումներ, տրամադրել մարդասիրական օգնություն եւ շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության եւ բարեփոխումների ուղղությամբ»,- ասված է ԵՄ պատվիրակության ուղերձում։
Թուրքիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. այդ մասին հայտարարել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նշել է` հիմնական խնդիրը, որի պատճառով Անկարան սառեցրել էր Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ փակել սահմանը, «Ղարաբաղի օկուպացիան էր»: «Այժմ, երբ այդ խնդիրը լուծվել է, ըստ էության, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որեւէ խոչընդոտ չկա: «Միաժամանակ կան Ղարաբաղի հետ կապված որոշ հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն»,- ասել է նա՝ չկարգավորված հարցերի շարքում նշելով խաղաղության համաձայնագրի բացակայությունը: «Դա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային, այլեւ տարածաշրջանի կայունությանը»,- նշել է Քալընը: