Կիրակի, Օգոստոսի 07, 2022

Շաբաթվա անցուդարձ

2-9 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, տարածաշրջանային եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ մամուլի ասուլիս տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թեման, մասնավորապես, առնչվում էր Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքներին, երկրում առկա ծանր կացությանը, հնարավոր զարգացումներին, վտանգներին ու մարտահրավերներին։ Ներածական խոսքում Երկրորդ նախագահը պատերազմի ու պարտության պատճառների մասին հանգամանորեն ներկայացրեց իր տեսակետներն ու գնահատականները, ինչպես նաեւ անդրադարձավ տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին, իսկ վերջում պատասխանեց լրագրողների հարցերին:

«Փաստի» տեղեկացմամբ՝ լրատվամիջոցները հրավիրվել եւ մասնակցում էին հավատարմագրման կարգով. ընդգրկվել էր լրատվական դաշտի ողջ տարրապատկերը, այդ թվում՝ իշխանական դաշտում գործող լրատվամիջոցները:

…Բանախոսի ներածական խոսքը բավական ընդգրկուն էր ու բովանդակային: Նմանատիպ տեքստերից հետո գրեթե հարցեր չեն ծագում: Սակայն այս կոնկրետ թեմայի հետ կապված որոշ առանձնահատկություններ կան: 44-օրյա պատերազմը եւ պատերազմում կրած ծանր պարտությունը բազմաթիվ հարցեր են առաջացրել, որոնց մեծ մասը տակավին՝ պատերազմից մեկ տարի անց, մնում են չպարզաբանված, ինչը ժողովրդի մեջ նոր հարցերի, կասկածների, ասեկոսեների տեղիք է տալիս: Առաջին եւ ամենակարեւոր հարցը, որից էլ լրագրողների հետ իր զրույցը սկսեց ՀՀ երկրորդ նախագահը, 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի բուն իրողությանն էր վերաբերում՝ արդյոք այն հրահրվա՞ծ էր, թե՞ անխուսափելի: Մանրամասն վերլուծելով եւ համադրելով հայտնի փաստերը, բանախոսը եզրակացրեց, որ արցախյան պատերազմը՝ միգուցե ոչ միտումնավոր, բայց հրահրված էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: 

Որո՞նք են այդպիսի եզրահանգման հիմքերը: Քոչարյանը մատնանշում է դրանցից առավել կարեւորները. 1/ Բանակցային գործընթացի փակուղային վիճակը: Խնդրի կարգավորման վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները, «երեք տարում երեք տարբեր մոտեցումներ» որդեգրելու գործելակերպը հանգեցրել են ՀՀ-ի նկատմամբ ՄԽ անվստահությանը. 2/ Բանակի ու սպայակազմի վարկաբեկումը՝ բարձրաստիճան զինվորականների դեմ տարբեր քրգործեր «թխելու» միջոցով. 3/ Հասարակության բաժանումը սեւերի ու սպիտակների. 4/ Ռուսաստանի եւ, հատկապես, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների փչացումը. 5/ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» ու նման կարգի այլ անխոհեմ, սադրիչ թեզերի հնչեցումը. 6/ ԱԳՆ-ի դերի՝ որպես կառույցի, նսեմացումը՝ թեպետ ունեինք եւ ունենք փորձառու դիվանագետներ: «Մեկ անգամ ասել եմ, էլի կրկնեմ՝ եթե ՀՀ իշխանությունների փոխարեն լինեին թուրքական գործակալներ, ապա իրենց նպատակին հասնելու համար կանեին ճիշտ նույն քայլերը՝ ճիշտ նույն հերթականությամբ»,- հայտարարել է Քոչարյանը: 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շատ ուշադիր հետեւում էր այս ամենին եւ օրըստօրե համոզվում, որ պատերազմով Արցախին տիրանալու համար «սրանից բարենպաստ պայմաններ իրենք երբեք չեն ունենալու…»: Թշնամին նաեւ համոզված էր, որ Հայաստանում կառավարման տեսանկյունից քաոտիկ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «շողուլից ընկած» իշխանություն է գործում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար: Եվ հատկապես վերոնշյալ սխալների ու անկարության պատճառով էր, որ մենք ոչ միայն պարտվեցինք, այլեւ հայտնվեցինք մեկուսացման մեջ: «Ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար»,- նկատում է բանախոսը: 

Հանրության շրջանում կա բավական տարածված եւս մեկ կարեւոր հարցադրում, որը հակասական մեկնություններ, ենթադրություններ է առաջ բերել՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությանը հայտնի չէր պատերազմի ստույգ օրը: Չէ՞ որ ռազմական փորձագետները, վերլուծաբանները գրեթե միաբերան ահազանգում էին, որ պատերազմի վտանգը չափազանց մեծ է: Նույնիսկ դեսպանատներն էին սկսել իրենց երկրների քաղաքացիներին զգուշացնել, որ այդ օրերին ձեռնպահ մնան Լեռնային Ղարաբաղ այցերից՝ դա կարող է վտանգավոր լինել: Սեպտեմբերին անմիջապես նախորդող ամիսներին արցախա-ադրբեջանական սահմանից անդին առերեւույթ պատերազմական պատրաստություններ էին ընթանում… Թուրքիայի հետ համատեղ խոշորածավալ զորավարժություններ Նախիջեւանում, պահեստազորայինների մոբիլիզացման գործընթաց, զինտեխնիկայի ու քաղաքացիական փոխադրամիջոցների կուտակումներ եւ այլն: Ըստ Քոչարյանի, զարգացումներին հետեւող ցանկացած մեկը չէր կարող չտեսնել վտանգը: Կառավարությունը՝ առավել եւս: 

Պատերազմում պարտվում են ոչ թե բանակները, այլ պետությունները, որովհետեւ պետությունն է մոբիլիզացնում բոլոր հնարավորությունները հաղթանակ տանելու համար: Սրանով է Երկրորդ նախագահը հիմնավորում այն հանգամանքը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է բանակի Գերագույն գլխավոր հրամանատար, որպեսզի հնարավորություն ունենա մոբիլիզացնել ողջ ռեսուրսները՝ եւ մարդկային, եւ նյութական: Բանախոսը վստահ է, որ մեզանում դա չի արվել, եւ ձախողման առաջին պատճառը հենց այդտեղ է: Ի դեպ, մոբիլիզացումը ձախողելու, բանակը չհամալրելու, փոխարենը ջոկատների ձեւավորմամբ զբաղվելու սխալ մարտավարությամբ էր ամիսներ առաջ մեր անհաջողությունները պայմանավորում նաեւ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, որի հնչեցրած լրջագույն մեղադրանքները, չհերքված փաստերը մինչ օրս մնում են որպես «ձայն բարբառո յանապատի»: 

Ողջամիտ պատասխաններ չեն տրվել մասնավորապես այն հարցերին, թե ինչպես եղավ, որ հանձնվեցին Հադրութը եւ Շուշին, ինչո՞ւ Ջրականից (Ջաբրայիլ) մինչեւ Շուշի ընկած ճանապարհին չփորվեց ոչ մի խրամատ, չստեղծվեց ոչ մի բնագիծ եւ, կարծես թե, թույլ տրվեց ադրբեջանական զինուժին մտնել Շուշի: Քոչարյանը տարակուսանք է հայտնում, որ սպառիչ պարզաբանումներ չկան նաեւ հայտնի 5 միլիարդի առաջարկի մասին: Փաստ է, որ մինչեւ 2018 թվական Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարներով ինչ-որ հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձն արվել է նաեւ 2018-ից հետո, իշխանություններն ամեն անգամ խույս են տալիս այդ հարցից, ինչն ավելի է խորացնում կասկածները: Եվ քանի դեռ այն չի հերքվել՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կասկածելու, որ կա այդպիսի փաստ: 

«Իշխանություններն ամեն կերպ խուսափում են իրենց համար ոչ հաճելի մի շարք հարցերի պարզաբանումներից»,- խոսքի շարունակության մեջ նշում է նախկին նախագահը՝ հիշեցնելով Գերագույն գլխավոր հրամանատարի հայտնի հրապարակային ելույթը, որով կոչ էր արվում ձեւավորել ջոկատներ, տներից, հարեւաններից՝ ով ինչ ունի, գտնել զրահաբաճկոններ, սաղավարտներ եւ այլն: Բանախոսը չի բացառում, որ այս հրապարակային կոչը ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանն այլեւս ռեսուրսներ չունի, եւ Ադրբեջանը կարող է ավելացնել ռազմական ճնշումը: «Սա ուղղակի առերեւույթ հանցագործություն է»,- ասում է Քոչարյանը եւ անցնում հանրորեն հետաքրքրություն ներկայացնող հաջորդ հարցադրմանը: Հանուն արդարության՝ պետք է ասել, որ դա միակ հարցն է, որին Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն պատասխանել է: 

Հարցը հետեւյալն է. «Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին եւ 19-ին, երբ դրա հնարավորությունը երկու դեպքում էլ առկա էր»: Այս հարցին Փաշինյանը, ինչպես նշվեց, պատասխանել է: Նա ասել է, թե պատերազմը չեն կանգնեցրել, որ իրենց դավաճան չանվանեն: Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս: Այս տարօրինակ անձնավորությունը զուտ դավաճան չանվանվելու եւ ավելի քան 3 հազար երիտասարդ կյանքեր զոհասեղանին դնելու երկընտրանքում նախապատվությունը տվեց առաջինին: Վերջնարդյունքը եղավ այն, որ արժանացավ ե՛ւ դավաճանի պիտակի (դեռ մի բան էլ ավելի), ե՛ւ հազարավոր սեւազգեստ մայրերի նզովքին: Քոչարյանի գնահատմամբ՝ չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պայմանավորված պարտության մասին: «Այսպես ձեւակերպեմ՝ փաստերի համադրումը հիմք է տալիս մտածելու, որ շատ հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության»,- բանաձեւում է բանախոսը: 

Նա համոզված է, որ գալու է այս ամենի համար պատասխան տալու ժամանակը, որովհետեւ ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել առանց վերը նշված հիմնարար հարցերի պատասխանների: «Երկրում կա բավական մեծ զանգված, մարդկային ներուժ, որ չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչեւ այս պարզաբանումները չստանան: Սա եւս փաստ է»,- վերջում շեշտել է Երկրորդ նախագահը: 

Մնում է՝ այս վերջին մտքի հանգույն հավելել հետեւյալ ամփոփումը. երկրում առկա իրավիճակը կմնա անփոփոխ այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմադիր ուժերը խոսքից չեն անցել կոնկրետ գործողությունների: Սա ժողովրդի մեծամասնության համոզմունքն է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը  

 

Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Նախիջեւան ուղեւորափոխադրումների համար, ասվում է «Ադրբեջանական ավիաուղիների» հոկտեմբերի 6-ին տարածած հայտարարության մեջ, որը զետեղել են նաեւ ռուսական մի շարք աղբյուրներ: «Այսօրվանից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը`Բաքու-Նախիջեւան-Բաքու ներքին չվերթով: Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու՝ Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»,- ասված է չորեքշաբթի ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Միաժամանակ հստակեցվում է, որ «Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի նաեւ այս ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաեւ թռիչքի ընթացքում վառելիքի սպառման նվազմանը:

ՀՀ ավիացիայի կոմիտեն հաստատել է տեղեկությունը՝ պարզաբանելով, որ Հայաստանի երկնքով քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար ՀՀ ավիացիոն իշխանությունների թույլտվությունը չի պահանջվում:

…Ծուռ հայելիների թագավորությունը մեզանում դարձել է սովորական երեւույթ, իսկ մազոխիզմը կարծես սկսել է հաճույք պատճառել մարդկանց։ Ադրբեջանը թռիչք է կատարել Նախիջեւանից Բաքու հենց Հայաստանի տարածքով։ Հայ-հարայ, էս ինչ զուլում եկավ մեր գլխին։ Սա հականիկոլական շատ մարդկանց հիստերիկ արձագանքն է, իսկ իշխանության պահապան շները շտապում են հանգստացնել, թե նախկիններն են մեղավոր, օդային տարածքը միշտ բաց է եղել, մենք ի՞նչ անեինք։ Իրականում եթե նախկինաֆոբիայից ու նիկոլատյացությունից դուրս գանք եւ սառը նայենք, ապա ոչ մի սարսափելի բան չկա օդային տարածք տրամադրելու մեջ։ Պատերազմի ժամանակ մենք էլ Թուրքիայի օդային տարածքով քաղաքացիական օդանավերով զենք էինք բերում Հայաստան։ Իհարկե, ոչ Նիկոլի շնորհիվ։ ՌԴ հայ գործարարներն էին դա կազմակերպում, որի մասին անգամ Ալիեւն է բարձրաձայնել։ 

Հիմա եկեք մի բաժակ սառը ջուր խմենք ու սթափ նայենք այսօրվա իրավիճակին՝ առանց նիկոլական կամ հականիկոլական էմոցիաների։ Հայաստանը եւ Ադրբեջանը երբեւէ օդային տարածք չեն փակել միմյանց առաջ, բայց ստեղծել են պայմաններ, որ չօգտվեն դրանից։ 2014-ից Ադրբեջանը չի թռչում Հայաստանի երկնքով, քանի որ Արցախի երկնքում թիրախավորել ու ոչնչացրել էր հայկական ուղղաթիռ, սպանել հայ սպաների, նաեւ հետեւողականորեն դեմ էր հանդես գալիս Հայաստանի ծրագրերի իրականացմանը՝ կապված օդագնացության եւ գեոստացիոնար դիրքերի հետ։ Դա խորը թեմա է, առանձին քննարկման ենթակա։ Հայաստանը չէր թռչում Ադրբեջանի օդային տարածքով, քանի որ թշնամին սպառնում էր հրթիռակոծել նույնիսկ քաղաքացիական օդանավերը, եթե դրանք հանկարծ հայտնվեն Արցախի երկնքում։ Հենց դա էր պատճառը, որ Ստեփանակերտի օդանավակայանը մինչեւ հիմա չի գործարկվել։ 

Հիմա քննարկվող հարցը, թե ինչու Ադրբեջանը հենց այս պահին որոշեց օգտվել Հայաստանի օդային տարածքից։ Դա նախեւառաջ քաղաքական քայլ է, թուրքական դիվանագիտություն, որի խայծը հիմարաբար կուլ տվեցին Հայաստանի իշխանությունները։ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, բայց ներքին կարգով չեն թույլատրվում նաեւ քաղաքացիական օդանավերի թռիչքները։ Սա Իրանի անթաքույց ուղերձն է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այսօր թուրքական այդ երկու պետությունները միմյանց հետ կապվում են առաջին հերթին Իրանի ցամաքային եւ օդային տարածքով։ Իրանը հասկացրեց, որ կարող է մեկ քայլով առնվազն փակել թուրք-ադրբեջանական կապի փականը։ 

Հայաստանը, որպես Իրանի բնական դաշնակից, փոխանակ քաղցրացներ Թեհրանի կենացը, իրականում մեջքից դաշունահարեց՝ այլընտրանքային օդային ճանապարհ տալով Ադրբեջանին։ Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքական իշխանության պահվածքը նման է այն աղջկան, ում սիրեկանը միշտ ծեծում է, բայց նա էլի անում է սիրեկանի պահանջները, միայն թե չտարածվի, որ ինքը նրա սիրուհին է։ 

Այսպիսով, ամրագրենք, որ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանին տալը անվտանգային հարց չէ, այլ քաղաքական՝ ընդդեմ Հայաստանի դաշնակից Իրանի։ Եվ դա այն պարագայում, երբ Իրանը պաշտոնապես հայտարարեց, թե թույլ չի տա ՀՀ տարածք մեր թշնամու ներխուժում։ Եթե Իրանը վաղը մի քայլ անի՝ ի վնաս Հայաստանի տարածաշրջանային շահերի, չզարմանաք եւ չնեղսրտեք։ Իրանը չի մոռանում եւ չի ներում բարեկամների սխալները։ 

Հաճախ մենք մեծ ողբերգություն ու հիստերիա ենք սարքում փոքր խնդիրներից, իսկ իրական սպառնալիքներին նայում ենք եզան հանդարտությամբ։ Ռազմավարական մտածողություն է պետք։

 

Մեկնաբանեց Նաիրի Հոխիկյանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով մեկնել է Հռոմ: Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախագահի աշխատակազմից հաղորդում են, որ այցի օրակարգի առանցքում երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր են:

Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում սա երկրի նախագահի առաջին պետական այցն էր Իտալիա:

Նույն օրը Հռոմ էր մեկնել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ եւ երկրի ապագան․կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին եւ միջեկեղեցական աղոթքին։ Մայր Աթոռի հաղորդմամբ` համաժողովին Գարեգին Երկրորդը հանդես է եկել բանախոսությամբ, Վատիկանում հանդիպել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է նաեւ Վատիկանի պետքարտուղարի հետ, խոսել պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին, շեշտել ռազմագերիների եւ հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Պատվիրակության կազմում էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Համաժողովին եւ միջեկեղեցական աղոթքին մասնակցում էր նաեւ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը:

Հոկտեմբերի 3-ին պաշտոնական այցով Լիտվայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նա նշել է` պետք է իմանանք, որ «քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ եւ շրջահայաց լինենք»:

Պաշտոնական հանդիպումների շրջանակում Փաշինյանն անդրադարձել է խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտությանն ու հրամայականին, որը կառավարության ծրագրի առաջնահերթություններից է:

Նախիջեւանում հոկտեմբերի 5-ին մեկնարկել էին թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժությունները, որոնք շարունակվեցին մինչեւ հոկտեմբերի 8-ը։ «Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժություններում մարտական հրաձգություն է կատարվում, ներգրավված են նաեւ ռազմական օդանավեր, հարվածային եւ տրանսպորտային ուղղաթիռներ։ Զորավարժությունների սցենարով հարվածային ստորաբաժանումները կատարում էին հակառակորդի դիրքերին աննկատ մոտենալու վարժություններ՝ շրջանցելով հակառակորդի օպտիկական սարքավորումների տեսադաշտը:

Արաքսի մյուս ափին էլ Իրանն էր զորավարժություններ անցկացնում:

Հուլիսի 24 2022
Հուլիսի 17 2022
Հուլիսի 11 2022
Հունիսի 27 2022
Հունիսի 17 2022
Հունիսի 13 2022

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: