Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

3-10 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Պաշտպանության բանակի 5 զինծառայողների շնորհվել է Արցախի հերոսի կոչում: Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնմամբ: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Անցած կիրակի` հոկտեմբերի 4-ին, այս առիթով այցելելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն, Հարությունյանը հատուկ արարողակարգով հանձնել է բարձր պարգեւները:

…Ասում են` յուրաքանչյուր պատերազմ ծնում է իր հերոսներին: Այդպես էր 1991-94 թվականներին, այդպես է նաեւ այժմ, երբ թշնամու պարտադրած նոր պատերազմում ի հայտ եկան Մայր հայրենիքի առաջին նվիրյալները: Պատերազմի 5-րդ օրը Արցախի հերոսի կոչման էր արժանացել եւ «Ոսկե արծիվ» շքանշանով պարգեւատրվել էր Արցախյան առաջին պատերազմի ու 2016-ի ապրիլյան Քառօրյայի ժամանակներից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանը: Այնուհետեւ մի քանի օր անց ռազմի դաշտում «իր խոսքն ասաց» մեր նորօրյա նվիրյալների փայլուն հնգյակը, որոնցից մեկը` Դավիթ Ղազարյանը, ցավոք, հետմահու: Բոլոր պարգեւատրվածների հերոսականության դրվագները վառ ու տպավորիչ են եւ հիմք են տալիս պնդելու, որ նոր սերունդը արժանի ժառանգորդն է Մոնթեի ու Լեոնիդ Ազգալդյանի, Դուշման Վարդանի ու Դեւի, Սիմոն Աչիկգյոզյանի ու  Բեկորի, Թաթուլ Կրպեյանի ու Կարոտի, հարյուրավոր եւ հազարավոր մեր արծիվների:

Դժվար է առանց հուզմունքի ու հպարտության զգացումի խոսել Արցախյան գոյապայքարի հաղթանակները դարբնած եւ այժմ դարբնող արիասիրտ հայորդիների մասին` լինեն Առաջին արցախյան պատերազմի ժամանակվա հերոսներ, Ապրիլյան, թե` այսօրվա պատերազմների: Ժողովրդի համար առավելապես թանկ են հանուն հայրենիքի ընկածների անունները, նրանց մասին հիշողությունները: Մարդիկ, ովքեր պատրաստ եղան զոհողության գնալ` ազատագրելու եւ կրծքով պաշտպանելու հայրենի հողը, նախնյաց բնօրրանը, ազատատենչ արցախցու խաղաղ, ստեղծարար աշխատանքը: Նրանք միշտ կան ու կմնան ազգի ոգեղեն տիրույթում:

Սակայն մի բան է պատերազմի հերոսի կամ, առհասարակ, զինվորի նկատմամբ ժողովրդական սերն ու մեծարանքը եւ մեկ այլ բան` վերջինիս հանդեպ պետության վերաբերմունքը: Արդյո՞ք խաղաղ կյանքի վերադարձած հայրենիքի զինվորը` հայոց սահմանների աննկուն պաշտպանը, շրջապատված է պետության պատշաճ հոգածությամբ: Միանշանակ` ոչ: Ազատամարտիկը, իր կյանքը հայրենիքի պաշտպանության պայքարի զոհասեղանին դրած երիտասարդը քաղաքացիական կյանքում հաճախ է հանդիպում սոցիալական այլեւայլ խնդիրների, պետական հիմնարկների հազարումի դուռ է բախում, բայց շատ անգամ ոչ մի տեղից որեւէ օգնության եւ ուշադրության չի արժանանում: Ավելին` պետական պաշտոնյան կարող է իրեն թույլ տալ վիրավորել ազգի հերոսին, նվաստացնել, արժեզրկել հայրենիքին նրա մատուցած ծառայությունները եւ այլն: Մի խոսքով` հերոսին դարձնել հակահերոս:

Իհարկե, հերոսն առանձնաշնորհյալ անձ չէ: Բայց դա չի նշանակում, որ կարելի է թքած ունենալ նրա կերպարի հանրային ընկալման արժեքային գործոնի վրա, հեղինակությունը հավասարեցնել հողին: Չէ՞ որ հերոսը եկող սերունդների համար ընդօրինակման տիպար է, հետեւաբար` նրան մեծարման արժանացնելը հետագա սերունդների մեջ հայրենասիրական ոգի սերմանելու համատեքստում շատ կարեւոր խթան է: Ցավոք, մեր կրթական համակարգն այսօր քայլ առ քայլ հեռանում է այս ուղղությամբ իր գործառութային առաքելություններից մեկից: Հանրակրթական դպրոցներում հայագիտական առարկաների ծրագրերում օտարոտի չափորոշիչների ներմուծումը, ռազմագիտության դասընթացների փոխարեն ցածր դասարաններից սկսած` ուսումնական ծրագրում սեռական դաստիարակության առարկայի ներառումը հաստատ չեն նպաստելու մեր վաղվա օրվա համար հայրենասեր, անձնուրաց պայքարի պատրաստ սերունդներ աճեցնելու հրամայականին:

Չմոռանանք, որ նախախնամությունը մեզ ամբարիշտ ու բարբարոս հարեւան է բաժին հանել, որի հետ պարտադրված ենք ապրել նույն տարածաշրջանում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Ժնեւի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին ընդունել է բանաձեւ, որով դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Փաստաթուղթը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության միակ երաշխիք: Շվեյցարական քաղաքի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հորդորում են վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ադրբեջանն առաջնորդող Ալիեւների կլանի ունեցվածքի սառեցման հարցով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախ: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաեւ ԶՈՒ առաջիկա քայլերի մասին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ` անդրադառնալով Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը: Սարգսյանը բոլոր չափանիշներով անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումն Ադրբեջանին եւ հորդորել է Իսրայելի նախագահին՝ օգտագործել ազդեցությունն իր երկրի կառավարության վրա` անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումները, որոնք լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով եւ քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ հանգեցնելով մարդկային բազմաթիվ զոհերի ու հսկայական ավերածությունների:

Նախագահ Ռիվկինը պատրաստակամություն է հայտնել իր երկրի կառավարության հետ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել հայկական կողմի բարձրացրած հարցերը:

Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 8-ին հարվածել են Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ինչը համայն հայության շրջանում զայրույթի մեծ ալիք է առաջացրել: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով եկեղեցուն հասցված հարվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին եւս դարձավ ահաբեկիչների թիրախ: Բարբարոսական այս դրսեւորումը դեմ է մարդկության եւ Աստծո օրենքներին: Կվերականգնենք»:

Արգիշտի Քյարամյանն ազատվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից: Նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հոկտեմբերի 8-ին` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը` նույնպես վարչապետի առաջարկության հիմքով: Մանրամասներ չեն հրապարակվում:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: