Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

30 հոկտեմբերի - 6 նոյեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում ընթանում էին 2022թ. բյուջեի նախագծի քննարկումները: Երկուշաբթի մեկնարկած նիստում քննարկվում էին արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ԱԱԾ մասով եկամուտներն ու ծախսերը: Խորհրդարանական հանձնաժողովները եկող տարվա բյուջեի քննարկումները կշարունակեն մինչեւ նոյեմբերի 14-ը, իսկ ԱԺ լիագումար նիստում փաստաթուղթը կքննարկվի՝ սկսած նոյեմբերի 16-ից։

Մինչ այդ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է տնտեսական հարցերի։ Նրա խոսքով՝ գնաճը տեղական երեւույթ չէ. աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում՝ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում։ «Պատճառն այն է, որ ամբողջ աշխարհում քովիդի ժամանակ, կարելի է ասել, «կանգնեցվեցին» գործարանները եւ հիմա, երբ պահանջարկը վերականգնվեց, պարզ է, լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել»,- նշել է նախարարը։ Ըստ նրա, գործադիրը ներդրումների խթանմանն ուղղված երկու խոշոր ծրագիր է գործարկելու։ «Պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարենք ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի»,- ամփոփել է Քերոբյանը։

…Ճեպազրույցի ամենաուշագրավ հատվածը, թերեւս, տնտեսական աճի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի չափազանցված պատկերացումն է: Պաշտոնը ստանձնելուց հետո նա 2021-ի համար երկնիշ տնտեսական աճ էր խոստացել՝ նշելով, որ հակառակ դեպքում հրաժարական կտա: Ոլորտի մասնագետների կարծիքով՝ այդ ցուցանիշն իրատեսական չէ, սակայն Քերոբյանն իր պնդման մեջ անդրդվելի է, անգամ կոնկրետ թիվ է նշում՝ 13-14 տոկոս տնտեսական աճ: Կենտրոնական բանկի կանխատեսումն այդ առումով շատ ավելի համեստ է՝ 5,4 տոկոս: Հավանաբար՝ երկնիշ թվի մասին խոսելիս նորանշանակ նախարարի հույսը Ամուլսարի շահագործումն է եղել կամ՝ հայ-թուրքական սահմանի բացումն ու թուրքական կապիտալի ներհոսքը հայաստանյան շուկա: Այժմ ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը: Փոխարենը ավելացել են բացասական, տնտեսական աճը սանձող գործոնները՝ հյուծված տնտեսություն, անկում ապրող շինարարություն, տկար արդյունաբերություն եւ այլն, մասնավոր ներդրումների մասին էլ չխոսենք: Այնպես որ, հարկային ու մաքսային մուտքերը հանած՝ տակը մնում են «հպարտ» քաղաքացիների գրպանին խփող աղբյուրները՝ արտերկրից փոխանցվող տրանսֆերտները, գնաճը եւ ժողովրդից անխնա գանձվող տուգանքները: Լավ, պարոն նախարարին թողնենք «երկնիշի» իր պայծառ երազանքների աշխարհում եւ դիտարկենք բյուջեի մյուս ուղղությունները: 

2022-ի բյուջեն, ըստ գործադիրի ղեկավարի, հենվում է երեք հիմնական առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում եւ կրթության ու գիտության արդիականացում: «Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները»,- ՀՀ կառավարություն նիստում նշել է Փաշինյանը: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների բարձրացման, ժողովրդի աղքատացման հաշվին բյուջե լցնող այս իշխանությունն ունակ չէ լուծել անվտանգային, սոցիալ-տնտեսական, գիտակրթական որեւէ լուրջ խնդիր: Իրենք միայն շռայլել գիտեն, անտեղի ծախսերով բյուջեն մսխել, պետական պարտքն ավելացնել ու սերունդների ուսերին դնել գիտեն: Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի պետական պարտքը հասել է աննախադեպ բնագծի՝ 8 միլիարդ 952 միլիոն դոլարի, ինչը գրեթե 2,2 միլիարդ դոլարով ավելի է 2018թ. մայիսի համեմատ, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը եկավ իշխանության։ Եվ դեռ մտադիր են նոր պարտք վերցնել ոչ թե գոնե կապիտալ ծախսերի, այլ աշխատավարձ ու թոշակ տալու համար: 

Խորհրդարանական հանձնաժողովների նիստերի մեկնարկի օրը, ինչպես ասվեց վերը, քննարկվում էին արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մասով եկամուտներն ու ծախսերը: Միանգամից նկատենք, որ ուժային համակարգի հանդեպ իշխանությունը հատուկ համակրանք ունի եւ շարունակում է ունենալ: Բյուջե-22-ի նախագծով Ոստիկանությանը հատկացվում է 66,5 միլիարդ դրամ կամ ընթացիկ տարվա ծախսերի համեմատ 3 տոկոսով ավելի գումար, որից 48,3 միլիարդը (72,5 տոկոս) գնալու է զուտ գերատեսչության աշխատավարձի, բնականաբար, նաեւ պարգեւավճարների հիմնադրամին: Էական բարձրացում է նախատեսվում հատկապես ԱԱԾ-ի համար՝ 22,7 տոկոս, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 42,6 միլիարդ: Իհարկե՝ չի կարելի անտեսել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների «անբասիր» ծառայությունը: Ուստիեւ այս անգամ Արդարադատության նախարարության «շուրթերով» առաջարկվում է աշխատավարձերի 90-120 տոկոսի չափով հավելավճար տալ գլխավոր դատախազին եւ նրա տեղակալներին։ Բա ի՞նչ եք ուզում՝ մարդիկ «առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող» պաշտոններ են վարում: 

Համաձայն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձի գործակիցը 15 է, բազային աշխատավարձը՝ 66.140 դրամ: Եթե այս թիվը բազմապատկում ենք 15-ով, ստացվում է, որ գլխավոր դատախազի ամսական աշխատավարձը 992.100 դրամ է` չհարկված գումարը։ Տեղակալների համար սահմանված է 11 գործակիցը, այդ հաշվարկով նրանց ամսական աշխատավարձը կազմում է 727.540 դրամ։ Հավելավճարի մասին առաջարկն ընդունվելուց հետո, իսկ այն անպայման կընդունվի, գլխավոր դատախազը կստանա ամսական մոտավորապես 2 մլն դրամ, իսկ նրա չորս տեղակալները՝ 1,5-ական մլն դրամ։ «Հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որ արժանիքն է շոյել, որ նա որոշել է քաղցր աչքով նայել նախկինում իրեն կալանավորելու միջնորդությամբ հանդես եկած Դավթյանին ու տեղակալներին»,- տարակուսանք է հայտնում «Ժողովուրդ» օրաթերթը: Եվ իսկապես՝ ո՞ր արժանիքի համար. ո՛չ «Մարտի մեկ»-ի գործով է որեւէ նոր բացահայտում եղել, ո՛չ սպանություններն են բացահայտվել, ո՛չ այդքան չարչրկված ապօրինի գույքն ու թալանն են բռնագրավվել ու բյուջե վերադարձվել: 

Բայց մի արժանիք, այնուամենայնիվ, ունի՝ դա ՔՊ-ական իշխանությանը հավատարմորեն ծառայելն է: Նիկոլ Փաշինյանը շռայլորեն փոխհատուցել գիտի նման ծառայությունների համար: Այդպես նա՝ հանձին իրավապահ համակարգի եւ ուժային կառույցների, ամրացնում է իր իշխանության հենարանները: Փոխանակ ամրացնելու ծվատվող երկրի սահմանները: 

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ին մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26): Սարգսյանը ելույթով հանդես է եկել համաժողովի շրջանակում կայացած՝ Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում, ինչպես նաեւ ունեցել է երկկողմ հանդիպումներ: Համաժողովին, որը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր, մասնակցում էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանjուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ այլ երեւելի դեմքեր:

Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ եւ հարաբերությունների զարգացմամբ. նոյեմբերի 2-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Վերջինս, իր հերթին, արդյունավետ է գնահատել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը եւ դրա ընդլայնմանը միտված ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման եւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նույն օրն առանձնազրույց է ունեցել նաեւ հայաստանցի գործընկերոջ հետ: Արշակ Կարապետյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, իսկ քննարկման ընթացքում կարեւորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման եւ կայուն զարգացման անհրաժեշտությունը:

Գյումրիի նոր ավագանին նոյեմբերի 1-ին առաջին նիստում քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանին, որին աջակցում էր նաեւ ՔՊ կուսակցությունը։ Սամսոնյանը ստացավ 24 ձայն, ընդդիմադիր ուժերը դեմ քվեարկեցին՝ 8 ձայն։ Հինգ խմբակցություններից միայն «Բալասանյան» դաշինքն է առաջադրել քաղաքապետի թեկնածու։ ՔՊ-ն հայտարարել էր, որ քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ քվեարկելու են Սամսոնյանի օգտին։

Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունները՝ «հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին նոյեմբերի եռակողմ փաստաթղթի մոտալուտ տարելիցը»։ Ռուսական կողմի փոխանցմամբ` «հատուկ ուշադրություն է դարձվել հրատապ հումանիտար խնդիրների լուծման առաջխաղացմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը եւ մշակութային-կրոնական ժառանգության պահպանմանը»: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը «համադրել են մոտեցումները հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ»։

Արդեն մի քանի ամիս կալանավայրում գտնվող՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը նոյեմբերի 3-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Կալանավայրից Առուշանյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրեն ոչ միայն չի տեսնում օրենսդիրում, այլեւ ցանկանում է լինել Գորիսում, «ապրել ու արարել իր հարազատ քաղաքում, ամբողջ ներուժը ներդնել հանուն համայնքի բարգավաճման ու իր սիրելի գորիսեցիների բարօրության»։ Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գորիսում հաղթել էր գործող համայնքապետի առաջնորդած ուժը՝ «Առուշանյան» դաշինքը։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: