Չորեքշաբթի, Դեկտեմբերի 07, 2022

Շաբաթվա անցուդարձ

22-29 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցած երկուշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, մամուլից հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվել է անցանկալի անձ ՀՀ-ում: Լուրը խոր վրդովմունքով է ընդունվել Արցախի եւ Հայաստանի ընդդիմությունների ու հանրության լայն շրջանակների կողմից, քանի որ Զատուլինը մեծապես ճանաչված է որպես ՌԴ-ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ եւ հայամետ պատգամավոր: Yerevan.Today-ի հետ զրույցում նա մեկնաբանել է Հայաստան իր մուտքի արգելքը: «Դա մեզ համար հանկարծակի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Ինձ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ, իմ հայտարարությունները վնաս են հասցնում  Հայաստանին»,- նշել է պատգամավորը։

 

Մեկնաբանությունը

Սկսենք նրանից, որ ԱԺ-ն չունի օտարերկրյա քաղաքացուն անցանկալի անձ ճանաչելու որեւէ իրավասություն, եւ տվյալ դեպքում գործ ունենք իրավական թերուսություն երեւույթի հետ: Խորհրդատվության կարգով՝ ՔՊ-ական վերնախավին ի գիտություն, հայտնենք, որ այդպիսի լիազորություններ վերապահված են բացառապես ՀՀ ազգային անվտանգության մարմիններին, որոնք կարող են տվյալներ ներկայացնել: Ընդ որում՝ խորհրդարանը չկա անգամ տվյալներ ներկայացնողների ցանկում: Այդտեղ ներառված են միմիայն ԱԳՆ-ն, Ոստիկանությունը եւ Նախագահի աշխատակազմը՝ ըստ իրենց իրավասության: Այսինքն՝ այս ոլորտը բացարձակապես գործադիր իշխանության լիազորությունների տիրույթում է:

Տարօրինակ զուգադիպությամբ, թե օրինաչափ տրամաբանությամբ՝ օրեր առաջ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել ՌԴ ԱԳ նախարարություն՝ հայտարարելով, թե ռուսական պետական հեռուստաալիքներից մեկի հաղորդման ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, հնչել են հակաադրբեջանական տեսակետներ եւ կասկածի տակ է դրվել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Պաշտոնական Բաքվի ինքնասիրությունը վիրավորված էր, որ հաղորդման ժամանակ հրապարակվող հայտարարություններին տոն տվողը ՌԴ Պետդումայի պատգամավորն էր, ով Ադրբեջանում անցանկալի անձ է հայտարարված դեռ 2010-ից:

Այսօր շահերի բախման/համատեղման խաչմերուկում Հայաստանը, փաստորեն, համերաշխվեց Ադրբեջանին ճիշտ այնպես, ինչպես այս տարվա հուլիսին 14-ին՝ Թուրքիային, անցանկալի անձ համարելով ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանին եւ նրան «Զվարթնոցից» ետ ուղարկելով Փարիզ: «Գիտեի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելված է եւ հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել նաեւ Փաշինյանի Հայաստան»,- մեկնելուց առաջ օդակայանում լրագրողներին ասել էր Փափազյանը: Պատճառն իշխանությունները երկար ժամանակ չէին հրապարակում: Բայց հետո պարզվեց, որ Փափազյանը Ֆրանսիայում Փաշինյանի դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչն է եղել:

Մի փոքր ավելի ուշ՝ օգոստոսի 1-ին, ԱԱԾ-ն արգելել էր դաշնակցական եւս մեկ գործչի՝ Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանի ու նրա դստեր մուտքը Հայաստան: «Այս գործողությունը, որ ոչ միայն իմ, այլեւ Մուրադ Փափազյանի ու դստերս՝ Սյունե Աբրահամյանի նկատմամբ է իրականցվել, վրեժխնդրության դրսեւորում է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մեր կազմակերպած բողոքի գործողությունների եւ ցույցերի կապակցությամբ»,- հայտարարել էր Մասիս Աբրահամյանը:

Ո՞րն է այստեղ հատկանշականը: Իշխանությունների համար կարեւոր չէ, թե ազգությամբ ով է դրսում հայանպաստ գործունեություն ծավալած գործիչը՝ հա՞յ է, թե՞ այլազգի, եթե «տրորել» է անձամբ Փաշինյանի ոտքը, քննադատել կամ ընդդիմացել է նրան, պետք է լավ իմանա, որ հակահարվածն անպայման լինելու է՝ անկախ մեր պետությանն ու ժողովրդին մատուցած նրա ծառայություններից:

Եթե կատակը թողնենք մի կողմ՝ մեր եվրոպացի ազգակիցները, ինչպես նաեւ հարգարժան Կոնստանտին Ֆեոդորովիչը պետք է գոհ լինեն, որ ՀՀ-ում բերման չեն ենթարկվել՝ դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով: Ինչ վերաբերում է Զատուլինի «մեղքին», ապա նա քանիցս հրապարակային հարցազրույցներում մեղադրել է Հայաստանի իշխանությանը՝ 44-օրյա պատերազմում կրած պարտության համար, եւ բարձրաձայնել, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Իսկ Հայաստան վերջին այցի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավորը «Երկիր Մեդիա»-ի հետ զրույցում մեղադրել էր Փաշինյանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքով «միջանցք» ստորագրելու համար, ինչը ՀՀ գործադիրի ղեկավարը միշտ հերքել է:

Հավանաբար՝ սա է հիմնական դրդապատճառը, որ Զատուլինին չի ներվել մեր փոքրոգի իշխանավորների կողմից: Պետական մտածողություն ունենային՝ մի կողմ կդնեին անձնական վիրավորանքներն ու պատվախնդրությունները եւ կանսային ՀՀ-ի ու Արցախի անխոնջ նվիրյալի սթափեցնող ձայնին: Զատուլինը ՌԴ-ում հայկական լոբբինգով անկեղծորեն զբաղվող միակ գործիչը չէ: Ի՞նչ կմտածեն մյուսները՝ տեսնելով այն վերաբերմունքը, որին արժանանում է այդ երկրի շահերին անշահախնդիր ծառայող անձը: Կհասկանան, որ գործ ունեն ճղճիմ, անլուրջ մի իշխանակարգի հետ, եւ ի դերեւ կելնի նման անշնորհակալ սուբյեկտի համար ազգանպաստ գործունեությունը շարունակելու՝ նրանց ցանկությունը:

Զատուլինի հանդեպ տեղի ունեցածը ՀՀ-ում ակնհայտորեն սաստկացած հակառուսական տրամադրությունների համատեքստում է, եթե չասենք՝ այդ տրամադրությունների մի անկապելի մասը: Տեսանելիորեն՝ գնալով ավելի ու ավելի է նյութականանում ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանից հեռավորությունը մեծացնելու, հայացքը Արեւմուտքին ու ԱՄՆ-ին հառելու՝ հայկական որոշ շրջանակների անխոհեմ հակումները, որոնք առերեւույթ ուղղորդվում են ՔՊ-ական իշխանությունների կողմից: Դա ոչ այլ ինչ է, քան «կրակի հետ խաղ» եւ հղի է ՀՀ-ի ու Արցախի համար անկասելի անվտանգային, գոյութենական սպառնալիքներով:

Քանի դեռ հայկական զույգ պետությունների պաշտպանական, անվտանգային համակարգի դիվերսիֆիկացման հնարավորությունը սուղ է կամ, միգուցե, լիովին անիրատեսական, Հայաստանը չի կարող դուրս գալ ռուսական «հովանոցի» տակից եւ մատնվել բախտի քմահաճույքին: Մեծ հաշվով (մեր մեջ ասած)՝ մենք ոչ Ռուսաստանին ենք հույժ անհրաժեշտ, ոչ էլ, առավել եւս, Արեւմուտքին: Լրջորեն մտածեք այս մասին, եւ կգտնեք ելքը՝ հզորացնել ազգային բանակը: Իսկ ազգանվեր այս առաքելության մեջ Զատուլինի նման բարեկամների պետքը դեռ շատ ենք ունենալու:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հոկտեմբերի 27-ը 23 տարի առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության տարելիցի օրն է: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարություն ղեկավարը եւ անդամները Ազգային ժողովի պատգամավորների հետ ԱԺ այգում մասնակցել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:

Ռուսաստանը դիմել է ՀՀ իշխանություններին՝ խնդրելով պաշտոնապես հաստատել եւ պարզաբանել ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին եւ РТ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Հայաստան այցելելու արգելքի մասին լուրերը։ «Մենք այդ հաղորդագրությունը տարակուսանքով ենք ընդունել, հաստատվելու դեպքում այն դժվար է գնահատել մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող բարեկամական քայլ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ ՌԴ-ն իր արձագանքը կորոշակիացնի այդ լուրերը հաստատվելուց հետո, երբ Երեւանից պաշտոնական պատասխան ստանան։

Նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների եւ ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակության հետ հոկտեմբերի 27-ին քննարկել է պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական գործակցության զարգացման հնարավորությունները։ Հանդիպմանը, որին ներկա էր նաեւ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն, միաժամանակ արծարծվել են հարցեր՝ կապված Պնախարարի՝ ավելի վաղ Ֆրանսիա այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի հետ:

Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնը հոկտեմբերի 24-ին այցելել է Գեղարքունիքի մարզ, դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Հաղորդագրության համաձայն՝ նա եղել է Վարդենիս եւ Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ: Այցի ընթացքում Կամերոնը կարեւորել է Հայաստանի ինքնիշխանության եւ Հարավային Կովկասում տեւական խաղաղության հարցերում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը:

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ԱԳ նախարարը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Հռոմի Պապի հետ եւ ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարեւորությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, եւ այն լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի եւ նույնական հոգեւոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հոկտեմբերի 28-ին Երեւանում էր։ Եվրոպացի պաշտոնյան այս մասին թվիթերյան գրառմամբ էր տեղեկացրել՝ չհայտնելով, սակայն, այցի նպատակը: Ավելի վաղ Կլաարը Երեւան, ապա նաեւ Բաքու էր ժամանել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսայից անմիջապես հետո:

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին. այս մասին հոկտեմբերի 27-ին «Ազատությանը» հայտնել է ՀՀ Պնախարարության խոսնակը: Այլ մանրամասներ ՊՆ-ից չեն հաղորդում: Հիշեցնենք. պաշտոնական տվյալով՝ սեպտեմբերի երկօրյա մարտերի հետեւանքնով անհետ կորած է համարվում 29 հոգի: Հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ պնդել էր, որ Բաքուն խոչընդոտում է որոնողական աշխատանքներին:

Նոյեմբերի 27 2022
Նոյեմբերի 20 2022
Նոյեմբերի 13 2022
Հոկտեմբերի 30 2022
Հոկտեմբերի 23 2022
Հոկտեմբերի 16 2022

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: