Երկուշաբթի, Մարտի 01, 2021

Շաբաթվա անցուդարձ

28 նոյեմբերի - 5 դեկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Կառավարության շենքի մոտ նոյեմբերի 30-ից շարունակվում էին ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների խաղաղ անհնազանդության բողոքի գործողությունները: Այդ օրն ավելի վաղ ոստիկանները հեռացրել էին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում նույն պահանջով ակցիա իրականացնողներին, որոնք փորձում էին փակել Մաշտոցի պողոտան: Ցուցարարները վանկարկում էին` «Նիկո´լ, դավաճան» եւ ազգագրական երգերով քայլերթ իրականացնում: Նրանցից մեկը վարչապետին կոչ էր անում դուրս գալ եւ նայել իրենց աչքերի մեջ. «Հպարտ քաղաքացիներդ այստեղ են, Նիկոլ, դուրս արի… Հող ծախող, դավաճան, անիծում ենք քո յոթ պորտը»:

Հանրապետության հրապարակում կենտրոնացված ոստիկանները շրջապատել էին Կառավարության շենքը եւ կոշտ, անհամաչափ ուժ էին կիրառում ցուցարարների նկատմամբ` անտեսելով հավաքների սահմանափակումները վերացնելու մասին վարչական դատականի որոշումը։ Տեղի ունեցան բախումներ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանության տարբեր բաժիններ բերման էին ենթարկվել 33 անձ։

…Նոյեմբերի 9-ի լույս 10-ի դավաճանական գիշերվա իրադարձությունից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության բողոքի գործողությունները անցած երեք շաբաթների ընթացքում պարբերական բնույթ էին ստացել: Վերջին շաբաթվա ակցիաները, պետք է ասել, նախորդ երկուսի համեմատ առանձնանում էին ոստիկանական գործողությունների խստացմամբ, ինչը կարող է երկու պատճառ ունենալ` ա/ նոյեմբերի 10-ից հետո բողոքի առաջին ակցիաների ժամանակ` պայմանավորված Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հայտարարությամբ, հասարակության վրա մոսկովյան փաստաթղթի ազդեցության ցնցակաթվածը դեռ թարմ էր, եւ իրավապահ մարմինները, հավանաբար, ըմբռնումով էին մոտենում բողոքավորների պահանջին; բ/ Փաշինյանը, ում դեմ ուղղված է հանրության մեծ մասի ցասումը, լուրջ մտավախություններ ունի հետզհետե ահագնացող բողոքի ալիքի առնչությամբ եւ, ըստ երեւույթին, դիմել է երբեմնի դասընկերոջը` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ոստիկանության գործողություններում խստության չափաբաժինը վերանայելու խնդրով: 

Նիկոլ Փաշինյանի անհանգստությունը հասկանալի է: Նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցածից զայրացած` մի խումբ տաքարյուն երիտասարդներ ծեծի էին ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Սա, ըստ երեւույթին, նախազգուշացում էր նաեւ վարչապետի աթոռը զբաղեցրած անձին ու նրա ընտանիքին: Վտանգը, կարծես թե, մոտենում է իր դռանը, որովհետեւ հանրությունը չի հաշտվում եւ չի էլ կարող հաշտվել դավաճանական այն քայլի հետ, որի մասին արդեն բարձրաձայնվում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Հայաստանից դուրս: Վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ալիքը մայրաքաղաքից հասել է Գյումրի, Իջեւան եւ մի շարք այլ քաղաքներ, որոշ քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, առանձին անհատներ դատախազությունից պահանջում են դավաճանության փաստով քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ: Իշխող կառավարության եւ նրա պարտված առաջնորդի հրաժարականի պահանջով հանդես են եկել նաեւ սփյուռքյան ավելի քան 50 կառույցներ: 

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու միտք չունի` վարչապետի կարգավիճակում, թերեւս, իրեն ավելի պաշտպանված է զգում: Ոմանք համոզված են, որ նա դեռ անելիքներ ու պարտավորվածություններ ունի արտաքին պատվիրատուների առջեւ, հետեւաբար նրա ժամ առաջ հեռանալն ազգային անվտանգության առումով չափազանց հրատապ է: Փաշինյանին համակած վախերի մասին են վկայում ոչ միայն թիկնազորի անդամների թվի կրկնապատկումն ու ԱԺ տարածքի երկաթե ցանկապատի վերականգնումը, այլեւ իրավապահ մարմինների հավատարմության առհավատչյան պարբերաբար վերահսկողության տակ պահելու մղումները: Արդարադատության նախարարի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, գլխավոր դատախազի, ՀՔԾ-ի, ՔԿ-ի եւ իրավապահ այլ կառույցների ղեկավարների հետ նոյեմբերի 30-ին անցկացրած խորհրդակցությունը հերթական այդպիսի «ստուգատեսներից» մեկն էր, որն անցավ փոխըմբռնման մթնոլորտում: 

Ուշագրավ է, որ խորհրդակցությունում Փաշինյանը «ահագնացող հանրային պահանջի» լույսի տակ արծարծեց ԱԺ նախագահին ծեծելու «կոնկրետ օրինակը»` փորձելով այն հավասարեցնել Մոսկվայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած հայտնի իրադարձությանը: Նա ակնարկում էր, որ ԱԺ խոսնակին ծեծելու գործով 50 անձանցից, որոնց մեղադրանք էր առաջադրված, կալանավորվել է ընդամենը մեկը, ինչը, նրա կարծիքով, տեղի ունեցածին համարժեք արձագանք չէ: «…Հիմնական հարցը հետեւյալն է` մեր գնահատականը ո՞րն է, ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս` դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք` ի՞նչն է խնդիրը եւ ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Փաշինյանը: Վարչապետի աթոռը զբաղեցրած անձը երեւի շատ կուզենար, որ մեկ մարդու ծեծելու գործով բոլոր 50-ին էլ կալանավորեին` այդպես ավելի տպավորիչ կլիներ, չնայած Արարատ Միրզոյանին ծեծելու համար 2 հոգին լիովին բավարար էր: 

Խորհրդակցությունն, այդպիսով, ավարտվեց` Ոստիկանությունն իր անելիքն իմացավ, ԱԱԾ-ն` իրենը, ՀՔԾ-ն` իրենը ու այդպես` ամեն մեկը: Հրահանգները տրված էին, հավատարմության խոստումները` կորզված: Բայցեւայնպես, ինչ-որ բան, կարծես թե, պակասում էր: Ավելի վստահ լինելու համար, որ «ուժայիններն» անվերապահորեն կանգնած են իշխանության կողքին, որի դիրքերն աննախադեպ թուլացած էին, պետք է անձնապես շահագրգռել համակարգի առանցքային դերակատարներին: Դա կարող է լինել պարգեւատրման, կոչումների բարձրացման, պարգեւավճարների բաժանման տեսքով եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է առանցքային դերակատարին, որն ի զորու է հանրային դժգոհությունների այսպիսի ոչ բարվոք պայմաններում զսպել զանգվածային հուզումները, ապա դա ՀՀ ոստիկանությունն է: Եվ նույն օրը` նոյեմբերի 30-ին, տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը հենց դրան էր նվիրված: 

Անձնվեր ծառայության համար ոստիկանապետի հրամանագրով խրախուսվեցին պատերազմին մասնակցած` Ոստիկանության 184 ծառայողներ, որոնք արժանացան արտահերթ կոչումների, «Մարտական զորակցություն», «Իրավակարգի ամրապնդման համար», «Օրենքի պատվար» մեդալներով եւ «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով ու պատվոգրերով։ Շնորհակալություն հայտնելով պարգեւատրվածներին, ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշել է. «Պատերազմի ընթացքում ձեր հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց տվեց, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է»: Թե ում «նվիրյալ զինվորն» է ոստիկանը, Ղազարյանը կարող էր եւ չասել: Հրապարակում բողոքի խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները դա շատ լավ գիտի: 

 

Դեկտեմբերի 3-ին 17 կուսակցությունների խորհուրդը, որպես վարչապետ, առաջադրել է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ըստ այդմ` Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը` պարտավորվելով ԱԺ առաջիկա ընտրություններին անձամբ չմասնակցել ու չհավակնել վարչապետի պաշտոնին, ինչպես նաեւ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խորհուրդը որոշել է` ելնելով ստեղծված իրավիճակից, ընդլայնել իր ձեւաչափը` կազմավորելով հայրենիքի փրկության շարժում: Վարչապետի միասնական թեկնածուն, ըստ հաղորդագրության, դեկտեմբերի 5-ին, ժամը 15-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողություններն ու հակաճգնաժամային քայլերը:

…Եվ այսպես` 17 կուսակցությունների ձեւաչափը հրապարակեց վարչապետի պաշտոնի համար իր միասնական թեկնածուի անունը։ ՀՀ առաջին վարչապետ, պաշտպանության նախարար, ԱԺՄ կուսակցության երկար տարիների առաջնորդ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն այն փոխզիջումային թեկնածուն է, որն անցումային շրջանի վարչապետ է առաջադրվել ոչ միայն 17 քաղաքական ուժերի կողմից, այլեւ ՀԿ-ների, մտավորականների խմբերի, գիտամշակութային գործիչների լայն համաձայնության արդյունքում։ Ժամանակավոր վարչապետի հիմնական առաքելությունը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը` պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում: Մանուկյանը յուրօրինակ միջնորդի դեր պետք է խաղա եւ հավասար հնարավորություններ ապահովի բոլորի համար։ 

Մամուլի գնահատմամբ` Վազգեն Մանուկյանի առաջադրումը նաեւ ««պատմական արդարության» վերականգնման ակտ է», քանի որ շատերը համարում են, որ 1996-ին նա էր ընտրվել նախագահական ընտրություններում, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը` հատկապես Վազգեն-Վանո տանդեմը, թույլ չտվեց նրան գալ իշխանության։ 

Վարչապետի պաշտոնում Մանուկյանի ընտրությունը, ըստ հանրության շրջանում տիրող տրամադրությունների, ճիշտ որոշում է: Համենայն դեպս` այդպես է դատում մտածող մարդկանց, հասարակական-քաղաքական գործիչների, հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունը: Թեկնածուն կյանքի ու աշխատանքային գործունեության բեղմնավոր ճանապարհ է անցել` Պաշտպանության նախարար, ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ հիմնադիր նախագահ, Հանրային խորհրդի նախագահ, մի քանի գումարումների ԱԺ պատգամավոր եւ այլն: Նրա համար չկային մեծ ու փոքր պաշտոններ, ուր էլ որ ընտրվել կամ նշանակվել էր, աշխատել է բարձր պատասխանատվությամբ, ողջ ուժերի, փորձի ու կարողությունների ներդրմամբ: Մոտիկից ճանաչողները համոզված են, որ Վազգենը երկրին կբերի հանդարտություն եւ կայունություն: Ի տարբերություն գործող վարչապետի, ով պարտության ու պառակտման խորհրդանիշ է, Վազգեն Մանուկյանը խորհրդանիշ է հաղթանակի ու համախմբման: 

Ժամանակին Վազգենը Արցախյան շարժման լիդերներից մեկն էր, նրա աննկուն մարտիկն ու կրքոտ գաղափարախոսը: Արցախի առաջին պատերազմի տարիներին Հայոց բանակը կազմավորվում է նրա` պաշտպանության նախարար նշանակվելու շրջանում` 1992 թվականի հոկտեմբերից մինչեւ 1993-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում: Հենց օգոստոսից էլ մարտական գործողություններում բեկում է առաջանում, եւ հայկական կողմը սկսում է հաղթանակ հաղթանակի ետեւից տանել: Մանուկյանը կանգնած էր, ոչ միայն Արցախյան շարժման եւ Հայոց բանակի կազմավորման, այլեւ մեր անկախ պետականակերտման ակունքներում: Էությամբ նա պարզ ու մաքուր մարդ է: Մաքուր խղճով, մաքուր մտքով եւ մաքուր ձեռքերով: Եվ անտեղի են լրատվական դաշտում որոշ անհայրենիք անձանց հերյուրանքները, որոնք ուղղորդված կերպով փորձում են արատավորել ընդդիմախոսների, այդ թվում Վազգեն Մանուկյանի անունն ու գործը: 

Տարածում են, թե 17 կուսակցությունների կռիվն աթոռի համար է: Միայն այն փաստը, որ վարչապետի թեկնածուն համաձայնել է ստանձնել այս խառնակ ժամանակների մարտահրավերները եւ մեկ տարում արդար ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձեւավորելուց հետո հեռանալ, հակառակն է ապացուցում: Այն է` չկա աթոռակռիվ: Կա «ավգյան ախոռները» մաքրելու, ազգային արժանապատվությունը վերականգնելու, խայտառակ պարտության աղետալի հետեւանքները շտկելու հրամայական: Եվ, վերջապես,կա անհետաձգելի պահանջ մեր ցավն աշխարհին հասցնելու համար միջազգային հարթակ պատվիրակել բանիմաց, ազգային-պետական մտածողություն ունեցող, հեղինակավոր գործչի, այլ ոչ թե մեկին, ում Ալիեւը հրապարակայնորեն անվանում է ծաղրածու եւ պատասխանը չի ստանում:

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Ֆրանսիայի Ազգային ժողովն դեկտեմբերի 3-ին 188 կողմ եւ 3 դեմ ձայնով ընդունել է բանաձեւ, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Բանաձեւում նաեւ արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ ԼՂ-ում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։ Ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ին էլ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, 305 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը, որը խորհրդատվական բնույթ ունի։

Կառավարության դեկտեմբերի 2-ի որոշմամբ վերացվել են ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները: Ըստ կառավարության ֆեյսբուքյան էջում դրված պարզաբանումների, «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետեւյալ փոփոխությունները. վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման ու մասնակցելու արգելքը: Վերացվում է հրապարակումների եւ հաղորդումների սահմանափակումների արգելքը, ինչպես նաեւ Հայաստանի տարածք հատուկ մուտքի եւ ելքի ռեժիմն ու սահմանափակումները։

ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը եւ մյուսները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հորդորով դեկտեմբերի 1-ին դադարեցրել են Կառավարության շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլը: «Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը մեզ այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ»,- Ֆեյսբուքում գրել է Մանուկյանը։

Փետրվարի 27 2021
Փետրվարի 20 2021
Փետրվարի 12 2021
Հունվարի 29 2021
Հունվարի 24 2021
Հունվարի 17 2021
Դեկտեմբերի 27 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: