Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Այս շաբաթվա թիվ 1 իրադարձությունը նոր Սահմանադրության նախագծի հրապարակումն էր, որը հանրության, մամուլի ու մասնագիտական շրջանակների բուռն քննարկման առարկա դարձավ։
ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ բաղկացած 89 հոդվածից, մեր անկախության պատմության ընթացքում սահմանադրական փոփոխությունների 4-րդ փորձն է (1995, 2005 և 2015 թվականների հանրաքվեներից հետո)։
Ինչ տեսք ունի և ինչ փոփոխություններ են առաջարկվում այս նոր նախաձեռնությամբ։ Նախաբանից հանվել է հղումը 1990թ. Անկախության հռչակագրին։ Համազգային նպատակների փոխարեն ամրագրված է, որ Սահմանադրությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»՝ հանուն պետականության հարատևության, զարգացման և խաղաղության ապահովման։ Պետության բնութագրման մեջ (ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական) ավելացվել է «աշխարհիկ» բառը։ Ի տարբերություն գործող Սահմանադրության, նոր նախագծում պետական խորհրդանիշները (դրոշ, զինանշան) տեքստային նկարագրություն չունեն (այդ թվում՝ հանված է Արարատ լեռան նկարագրությունը)։ Դրանց ընդունումը նախատեսվել է հանրաքվեով։ Պահպանվել է խորհրդարանական մոդելը, սակայն ընդլայնվել է վարչապետի դերը. նա դառնում է Զինված ուժերի գերագույն հրամանատար ոչ միայն պատերազմական, այլև ղեկավարման ողջ ընթացքում (խաղաղ ժամանակ)։ Սահմանվել է նաև, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի ընտրված պատգամավոր։ Հանրապետության նախագահի տարիքային շեմը 40-ից իջեցվել է 35-ի։
Նախագծի հրապարակման առիթով հատուկ ուղերձով հանդես եկավ Կառավարության ղեկավարը։ Ըստ նրա՝ այս նոր նախագծով ինքը հիմք է դնում Հայաստանի Չորրորդ Հանրապետությանը։ Նա պնդում է, որ Երրորդ Հանրապետությունը ստեղծվել էր Անկախության հռչակագրի «կոնֆլիկտի տրամաբանության» հիման վրա, ինչը երկիրը հյուծել է, բերել արտագաղթի և օլիգարխիկ համակարգի ձևավորման։ Քննադատելով նախորդ Սահմանադրությունը՝ Փաշինյանն ասել է, որ նախորդ սահմանադրությունները եղել են կեղծված։ Այս մեկը հնարավորություն է տալիս ունենալ միաժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետականություն, դուրս գալ «ֆորպոստի» կարգավիճակից և դառնալ «Խաղաղության խաչմերուկ»։ Նոր Սահմանադրության ընդունումից հետո նախատեսվում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում և վավերացում։
Հանրության շրջանում ամենասուր քննադատությանն է արժանացել նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելը։ Ընդդիմությունը սա դիտարկում է որպես արտաքին պարտադրանքի և ազգային-պետական հիմնարար նպատակներից հրաժարման քայլ։
Նախագծի շուրջ ստեղծված ամենաթեժ քաղաքական հանգույցը վերաբերում է դրան իրավական ընթացք տալուն։ Ինչպես գիտենք՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ձայների 2/3-ը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հանրաքվե նշանակելու համար պակասում է 6 ձայն։ Վարչապետն ընդդիմությանն առաջարկել է կողմ քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը՝ առաջադրելով երկու հետևյալ պայմանները։
- Եթե ժողովուրդը հանրաքվեով դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա և կհեռանա վարչապետի պաշտոնից։
- Եթե ժողովուրդը կողմ քվեարկի, ապա Փաշինյանը այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու հաջորդ (հերթական կամ արտահերթ) ընտրություններում՝ մինչ այդ ավարտին հասցնելով խաղաղության ինստիտուցիոնալացումը։
Դատելով ընդդիմության ներկայացուցիչների ելույթներից ու գնահատականներից՝ նրանք չեն ապահովելու պակասող 6 ձայնը՝ մերժելով Փաշինյանի առաջարկը։ Ինչպիսի հանգուցալուծում կստանա իշխանության համար առաջացած կոլապսը՝ ցույց կտա ժամանակը։




