26.11.2024

Свободная Платформа

Վերադարձի հույսը ամեն արցախցու մեջ է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

«Երազ» բազմամարդ այգում մոտեցա տարբեր տաղավարների՝ թույլտվություն խնդրելով նկարել այն բազմաշերտ, բազմագույն գործած, նկարած, թե պատրաստած իրերը, որ դասավորած էին սեղանների վրա կամ կախված պատերից։ Գետնին գեղեցիկ տեսարան էր՝ արցախցու ոճով պատրաստած փոքրիկ բարձիկներով, որ հեռվից դժվար էր կողմնորոշվել, թե ինչեր են շարված կանաչ խոտերի վրա։

Ուշադրությունս սեւեռեցի այն բեմահարթակին, որ գերող էր շատ, մեր պապիկ-տատիկները արցախյան տարազով էին, ազգային երգերի հնչողությամբ, արցախցիներին ուղղված հորդոր-խորհուրդներով, լուսավոր օրերի ու Արցախ վերադարձի հույսով։

«Մենք ենք, մեր Արցախը» միջոցառման երկրորդ մասը համերգ էր: Հագեցած էր ծրագիրը, ժողովրդի բուռն ծափահարությունների ներքո, հուզումնալից, արցախյան շնչով, որ լսելի էր ոչ միայն «Երազ» այգում։ Բարձր հնչողությամբ երգ-երաժշտության արձագանքն ամենուր էր՝ շրջապատը լցված երգերի հյութեղ, շատ հուզիչ ելեւէջներով:

Դեռ համերգը շարունակվում էր մեծերի թե փոքրերի ստեղծագործական արարումներով։ Ժամերով կանգնած լինելով՝ մեր հոգնած ոտքերին փոքր-ինչ հանգիստ տալու համար մտանք այգու սրճարաններից մեկը։

Մարտակերտի մեր դպրոցի տնօրեն Ռուզաննա Հարությունյանի եւ նրա ամուսնու` Սարգիս Գյուրջյանի հետ էի։ Վերջինս անակնկալ մատուցեց՝ նկարելով մեզ։ Նկատեցինք, որ երկուսիս ձեռքերն էլ նույն դիրքում են… Նույնն են նաեւ մեր մտածումները, որ Արցախի շուրջն են՝ կորցրած երկրի, մեր տեսած աղետների, նորօրյա հոգսերի, երազանքների ու կարոտների հետ կապված։

Տունդարձը երեկոյան Երեւանի շքեղ լույսերի «հրավառության» տակ էր… Սովորությանս համաձայն՝ տաքսու վարորդի հետ բառ չփոխանակեցի ամբողջ ճանապարհին։ Տեղ հասնելուն պես, որ պիտի իջնեի մեքենայից, նրա ձայնը լսեցի. «Երեւում է՝ Արցախից եք, ես այնտեղ եմ ծառայել՝ տարբեր զորամասերում։ Ամեն ծառ ու թուփ ինձ ծանոթ են։ Ես Հայաստանից եմ, կարոտում եմ Արցախը, բայց չգիտեմ՝ արցախցիներն ինչպես են դիմանում»:

«Ապառաժը գիտե՞ք որն է,- դիմեցի նրան՝ որքան հնարավոր է, զսպելով հուզմունքս, որպեսզի չփղձկամ,- այն մեծ, կարծր քարը… Մեր սիրտը քար չէ, բայց ապառաժի դիմացկունություն ունի»։

Չիմացա, թե ինչու մեքենայի դուռը իմ հետեւից ամուր փակեցի, բայց երբ տուն մտա, արցախասեր երիտասարդ վարորդին մտովի հինգ աստղ պարգեւեցի:

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.