Ժերար դը Ներվալ, «Հոկտեմբերյան գիշերներ: Զբոսանքներ եւ հիշողություններ», արձակ պատումներ, ֆրանս. թարգմանեց Շ.Թամրազյանը, Անտարես, 2020թ.:
Գրքում ներառված է ֆրանսիացի մեծ բանաստեղծի «Հոկտեմբերյան գիշերներ» արձակ պատումների շարքը, որն առաջին անգամ լույս էր տեսել 1852 թվականին: Այն յուրօրինակ մի խորհրդածություն է ներքին եզերքի որոնման, բանաստեղծական սխրանքի ու հասարակական պահանջարկի բազմաբարդ փոխհարաբերությունների մասին:
Իրեն հատուկ նուրբ հեգնանքով փորձելով հետեւել ռեալիզմի՝ «ճշմարտության դպրոցի» ջատագովներին, Ժերար դը Ներվալն ամեն անգամ ստիպված է արձանագրել իր պարտությունը՝ պարբերաբար հայտնվելով ներաշխարհի կախարդված պարտեզներում:
Մինչ ընթերցողի առջեւ էջ առ էջ ամբողջանում է քաղաքային բարքերի ու զվարճալիքների նկարագրությունը՝ իրական, գունեղ մանրամասնություններով, ժամանակ առ ժամանակ հայտնվում է «Աստվածային կատակերգության» հետագիծը՝ հիշեցնելու, որ բանաստեղծի իրապատում դեգերումները նաեւ ներքին ուղեւորություն են իրական ու մտացածին քաղաքի խառնարաններով:
«Զբոսանքներ եւ հիշողություններ»-ում, որ Ներվալի վերջին երկերից է, շարունակվում է ներքին եզերքի համառ ու հետեւողական որոնումը: