Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Պարտությունը եւ քաղաքական մտքի սնանկությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Համաշխարհային պատմության մեջ դժվար է գտնել մի ժողովուրդ, որն ապրած չլինի թե՛ հաղթանակի բերկրանքը, թե՛ պարտության դառնությունը։ Հաղթում եւ պարտվում են քաղաքական ու պետական գործիչները։ Պարտությունների համար այդ գործիչները պատժվում են, իսկ ժողովուրդները համապատասխան հետեւություններ են անում եւ դրանց հիման վրա փոխում մտածողությունն ու գործելակերպը: Եվ, որ ամենակարեւորն է՝ անարդյունավետ պետական հաստատությունները վերակազմավորում են ժամանակի պահանջներին համընթաց՝ որդեգրելով կառավարման արդիական միջոցներ։ Հակառակ դեպքում շարունակական պարտությունները կարող են կործանարար լինել։

Անցյալ դարի 90-ականների հաղթանակի բերկրաթմբիրը (էյֆորիան) մեզանում փոխարինվել է պարտության հետեւանքով առաջացած հիստերիայով, սակայն տեղի ունեցածի պատճառահետեւանքային տրամաբանված վերլուծություններ մեր քաղաքական հանրույթը չի ձեռնարկում, ինչը չէր արել նաեւ հաղթական էյֆորիայի ժամանակ։ Եթե ազգն ի վիճակի չէ սթափ գնահատականներ տալու եւ սթափ հետեւություններ անելու, ապա քաղաքական լուծումների մասին խոսելն անիմաստ է։

Նախ, որքան էլ ծանր լինի, պետք է ընդունել, որ մեր պարտությունն օրինաչափ էր, որովհետեւ, երբ Ադրբեջանը բացեիբաց զինվում էր, Թուրքիայի հետ համատեղ զորավարժանքներ էր անցկացնում՝ միաժամանակ մեզ սպառնալով պատերազմով: Սակայն մեր պետական ինստիտուտները ոչ մի կերպ չէին արձագանքում կամ մեծամտորեն անտեսում էին՝ փոխանակ կանխարգելիչ քաղաքական ու ռազմական պատրաստություններ տեսնելու։

Հետեւաբար, առանց սխալվելու դույզն-ինչ մտավախության, կարող ենք ասել, որ այս պարտությունը ոչ թե հայ ժողովրդինն էր, առավել եւս՝ մեր քաջարի զինվորներինը, այլ հայկական պետությանը: Իսկ ավելի ստույգ՝ սա հայ քաղաքական մտքի սնանկության արգասիք էր։ 2018 թվականի «հեղափոխությունը» եւ, մասնավորապես, «ժողովրդի վարչապետի» անտրամաբանական, երբեմն իրարամերժ քայլերը, որոնք ընդունելի էին եւ ե՛ն հանրության բավական լայն շրջանակների կողմից, վերը նշված երեւույթի՝ քաղաքական մտքի բացակայության ակնառու վկայությունն են։

Պարտությունից հետեւություններ անելը նույնպես քաղաքական մտքի առկայություն է ենթադրում։ Միջազգային քաղաքականությունը գիշատիչների պայքար է, որտեղ պարտվածներին չեն խնայում, իսկ հաղթողների հետ մրցակցում են։ Այսինքն՝ նրանց արժեւորում են:

Այնպես որ, եկել է հետեւությունների անելու, կատարվածից դասեր քաղելու ժամանակը, սակայն անգամ այս դժնդակ ժամին քաղաքական դաշտում պայքարն ընթանում է ոչ թե երկրի փրկության ու վերագործարկման համար, այլ դարձյալ հանուն իշխանության: Սա վերաբերվում է ե՛ւ գործող իշխանությանը, ե՛ւ ընդդիմադիր կուսակցություններին։

Ակնհայտ է, որ երկիրը պարտության մատնած եւ բոլոր առումներով ապիկարություն դրսեւորած իշխող խմբավորումը պետք է հրաժարական տա: Ակնհայտ է նաեւ, որ իշխանության եւ ազգափրկության հայտ ներկայացրած քաղաքական խաղացողները պարտավոր են հանրության դատին հանձնել հստակ ծրագիր ու ապագա՝ թեկուզ ժամանակավոր, կառավարության կազմը։ Ժողովրդի վստահությունը շահելու այլ տարբերակ չկա:

Ռուսական ասացվածքը սովորեցնում է՝ «Վստահիր, բայց եւ ստուգիր» (Доверяй, но проверяй!): Մենք պետք է տեսնենք, թե ովքեր են նախատեսվում անցումային շրջանի կառավարության կազմում եւ որոնք են լինելու այդ շրջանի գերակայությունները, գործողությունների ժամանակացույցն ու գործունեության մեթոդաբանությունը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: