Ռիչարդ Ֆեյնման, «Ֆիզիկական օրենքների բնույթը», գիտահանրամատչելի, թարգմանությունը՝ Հոմերոս Երիցյանի, 240 էջ, «Զանգակ», 2021թ.:
Գրքում ընդգրկված յոթ դասախոսությունները նշանավոր ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը կարդացել է Կորնելյան համալսարանում մեծ լսարանի առջեւ, եւս մեկը 1965թ. նրա արտասանած Նոբելյան ճառն է։
Դասախոսությունների առանցքում բնության հիմնարար օրենքներն են եւ դրանց հայտնագործումն ու առանձնահատկությունները։ Կիմանաք նաեւ, թե որքան դժվար են արվում հայտնագործությունները, որքան ջանք, աննկուն կամք եւ համբերատարություն է պետք դրսեւորել ֆիզիկոսին մինչեւ վերջնական հաղթանակ։
Լույսընծայումից հետո գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել տարիքային տարբեր խմբերի եւ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում, որոնք հետաքրքրված են այս գիտությամբ, քանզի շարադրանքը պարզ է եւ ընկալելի։
Ֆեյնմանը մշակել է լայնորեն օգտագործվող պատկերային սխեմա՝ ներատոմային մասնիկների վարքագծի եւ մաթեմատիկական արտահայտությունների համար, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ֆեյնմանի դիագրամ։ Ըստ 1999թ. Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքների, նա ճանաչվել է աշխարհի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆեյնմանն աջակցել է ատոմային ռումբի զարգացմանը եւ հասարակությանը հայտնի է դարձել 1980-ականներին՝ որպես «Ռոջերս Քոմիշիոն»-ի անդամ, որն ուսումնասիրում էր «Չելենջեր» տիեզերանավի աղետը։