26.11.2024

Еженедельный Обзор

14-21 սեպտեմբերի 2024թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ «Սրբազան պայքարի» համակարգող խումբը գործնական միջոցառումների աշխուժացմամբ թեւակոխեց Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 22-ին նախատեսված մեծ հավաքին նախորդող շաբաթը: Երկուշաբթի օրը Սրբազան հայրը Ազգային ժողովում հանդիպեց ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություների պատգամավորներին։ Դեռ շատ առաջ էր խոստացել պայքարը շարունակելու համար հանդիպել քաղաքական դաշտի բոլոր գործող դերակատարներին, եւ այդ առումով հավաքին նախորդող շաբաթը բավական հագեցած էր։

Սրբազանի այցը Ազգային ժողով նկատելիորեն սիրալիր ընդունվեց շենքը սպասարկող անձնակազմի եւ խորհրդարանի մյուս ծառայողների կողմից՝ հակառակ նրան, որ իշխող ՔՊ խմբակցությունում այդ պահին ամայություն էր տիրում: Մամուլի տեղեկություններով՝ իշխանականներից միայն Հակոբ Արշակյանն էր մտամոլոր քայլում միջանցքում, եւ երբ լրագրողները խոսք բացեցին ԱԺ ժամանած՝ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման առաջնորդի հետ հանդիպելու մասին, փոխխոսնակը մի տեսակ իրար խառնվեց. «Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն, գրանցվեն, կհանդիպենք, եթե խոսելու բան կա»,- ասել է նա:

Խորհրդարան այցից առաջ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ իշխող քաղաքական ուժի հետ հանդիպում նախատեսված չէ, բայց պատրաստ է լսել նաեւ իշխանական պատգամավորներին, եթե ասելիք ունեն: «Իրենք՝ առյուծ կտրած, ամենավերջին խոսքերն ու լուտանքներն են տարածում իմ հետեւից։ Հիմա այս շենքում եմ… չեմ հրավիրում, եթե ցանկություն ունեն այդ խոսքերը նորից ասելու, այստեղ եմ ես։ Իրենց որ պատառոտում էին, հիմա կարո՞ղ են գալ, ասել, թող գան։ Եկել եմ իրենց դուռը մեռելոցի առիթով»,- մարտահրավեր նետելու պես հայտարարել է շարժման առաջնորդը։

Խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպման նախաձեռնությունը Սրբազանինն էր, իսկ օրակարգը՝ սեպտեմբերի 22-ի հավաքը, այսինքն՝ հանրային ճնշմամբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին իշխանությունից հեռացնելու հարցը: Ընդդիմադիրների հետ զրույցը տեւել է երկու ժամ: Բագրատ սրբազանը փոխանցել է Փաշինյանի հեռացման իր տեսլականը եւ սեպտեմբերքսաներկուսի միջոցառումից ունեցած սպասելիքները: ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, վերահաստատել են, որ պատրաստ են աջակցելու «Սրբազան շարժմանը» թե՛  խորհրդարանում եւ թե՛ փողոցում: Քննարկվել են նաեւ շարժման առաջիկա անելիքները:

Ավելի վաղ Սրբազան հայրը հանդիպում էր եւնեցել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց քանի որ հանդիպումն ընթացել էր փակ պայմանակարգով, տեղին չհամարեց քննարկված հարցերը մանրամասնել լրագրողների համար, միայն նշեց, որ խոսակցության հիմնական թեման եղել է սեպտեմբերի 22-ի հավաքի շուրջ: Անշուշտ՝ միայն միասին, համագործակցաբար կարելի է հասնել ճշմարտության վերջնական հաղթանակին եւ հզոր, հոգեւոր Հայաստանի կերտմանը, հանուն որի մայիսի 5-8-ը քայլելով՝ Տավուշից մայրաքաղաք էր եկել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան շարժումը»:

Սեպտեմբերի 22-ին, մեծ հայահավաքի բախտորոշ օր է: Այդ օրը բոլորս,- ում համար թանկ են ՀՀ նորանկախ պետականությունը, մեր արնաներկ Հայրենին, ներկա ու գալիք սերունդների ապագան, սուրբ նահատակների հիշատակը եւ, պարզապես, մարդկային արժանապատվությունը,- դեպի Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր:

 

Շաբաթվա նշանակալի անցուդարձերից մեկն էլ Երեւանում սեպտեմբերի 17-19-ը անցկացված՝ «Համաշխարհային հայկական 2-րդ գագաթաժողովն» է, որի պանելային քննարկումներից մեկի՝ սեպտեմբերի 18-ի նիստին մասնակցում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ գործադիրի ղեկավարը: Ստեղծած ավանդույթը Փաշինյանը չխախտեց եւ սփյուռքահայ հանրույթի առջեւ լայնորեն բացեց վայրիվերո արտահայտությունների, բառախաղային ձեռնածությունների, խրթին, անբովանդակ ձեւակերպումների իր պատուհանը՝ ջանալով հնարավորինս ինքնատիպ երեւալ եւ մթագնված մտքերի դժվարամարս պաճուճանքներն այս անգամ փռել «Համաշխարհային հայկականի» լսարանով մեկ:

Գագաթաժողովի վերաբերյալ պաշտոնական հաղորդմամբ ծանուցվում է, որ առաջին համանուն միջոցառումն անցկացվել էր 2022թ.-ին, որին մասնակցել են 600-ից ավելի հրավիրվածներ՝ շուրջ 5 տասնյակ երկրներից: Ֆորումի ընթացքում, ըստ պաշտոնական ներկայացման, քննարկվել էր համահայկական նշանակության հիմնահարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում բարձրաձայնված առաջարկներն ու հարցադրումները դրվել էին Հայաստան-Սփյուռք համագործակցության ռազմավարարության մշակման հիմքում: Տպավորություն է, թե մինչեւ 2018-ը ո՛չ «Հայաստան-Սփյուռք» համաժողովներ են եղել, ո՛չ փոխգործակցություն, ո՛չ ռազմավարություն: Մինչդեռ դա այնքան էլ այդպես չէ:

Իրականությունն այն է, որ «թավշյա» կոչվող իշխանափոխությունից առաջ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը շատ ավելի կուռ, ազգային ոգով ավելի ամրապինդ կառույց էր՝ հաղթանակած, աշխարհում հարգանք ու ճանաչում գտած, թշնամիների նախանձը շարժող մի միջնաբերդ: Ստույգ վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ սկսած 1999 թվականից՝ մինչեւ 2018-ը, 20 տարվա մեջ մոտավորապես մեկ տասնյակ համաժողովներ են անցկացվել Երեւանում՝ Սփյուռքի եւ Արցախի գործուն մասնակցությամբ: Սա փաստ է, որքան էլ Փաշինյանը փորձի ջնջել նաեւ քսանամյա այդ պատմության հետքը՝ սկսելով «իր սեփական կետից»:

Փաստ է նաեւ, որ «Քաղպայմանագրի» առաջնորդը՝ փոխանակ շարունակելու եւ զարգացնելու Եռամիասնության լավագույն ավանդույթները, քանդեց հայակենտրոն այդ կառույցը՝ Արցախը նվիրելով ազերի թուրքին, Սփյուռքի կարող ուժերը, անհատներն ու կազմակերպությունները օտարելով Հայաստանից, իսկ բուն Հայաստանը հասցնելով կործանման եզրին: Եվ այս ամենի հենքին մարդ որքան պնդաճակատ, անպատկառ ու անամոթ պետք է լիներ, որ կանգներ ու հայտարարեր. «2018 թվականից ի վեր ամենամեծ պրոբլեմը, որը ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը, եւ այս ասվածի մեջ հեգնանք չկա»:

Հեգնանք, միգուցեեւ չկա, բայց կա մեծ ողբերգություն: Եվ դա բոլորիս ողբերգությունն է, ողջ հայության ողբերգությունը: Իսկ մյուս մտքերի «դժվարամարս պաճուճանքների» մասին՝ մեկ այլ առիթով:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի հայաթափման մեկ տարին։ 2023թ. սեպտեմբերի 19-20-ը ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետեւանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին ՀՀ-ում: Ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։ Նրանք «Եռաբլուր»-ում էին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 14-ին վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական, արժանապատիվ խաղաղության կարեւորությունը՝ փոխանցել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Զրուցակիցները քննարկել են նաեւ ԱՄՆ-Հայաստան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առեւտրի, ներդրումների եւ կրթության ոլորտներում՝ ասված է Վաշինգտոնի հաղորդագրությունում: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ «աջակցելու ժողովրդավարական, անկախ եւ բարգավաճ Հայաստանին»:

Երկօրյա այցով սեպտեմբերի 15-16-ը Երեւանում էր Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, որի հանդիպումը հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ կայացավ ՀՀ ԱԳՆ-ում՝ սեպտեմբերի 16-ին: Երկու նախարարների պաշտոնական հանդիպմանը հաջորդեց նրանց համատեղ մամլո ասուլիսը. այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: Սեժուրնեն ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախօրեին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Ըստ հայկական կողմի՝ Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետեւ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով:

Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը եւ ձեռքը, որ պահվում են Բրիտանական թանգարանում, արդեն Հայաստանում են: Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ից, շուրջ վեց ամիս, դրանք կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ Մայր աստվածությանը վերաբերող նմուշների հետ։ Ցուցադրությունը կոչվում է «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ»: Անահիտի բրոնզաձույլ արձանը ՀՀ-ում երբեք չի ցուցադրվել։ Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ Անահիտայի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870 ականներին՝ Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին Բրիտանական թանգարանն է ձեռք բերել:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.