Պուտինը ճանաչեց Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ «հանրապետությունները» որպես անկախ պետություններ։ Հավանաբար` վաղը կամ մյուս օրն ամենաուշը դա կանի Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմինը։
Սա այլեւս այն ռուբիկոնի հատումն է, որ նոր գործընթացների սկիզբ է դնելու Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում։ Ուղիղ հարձակում եւ պատերազմ սկսելու միակ այլընտրանքային քայլը Պուտինի համր սա էր, եւ Ռուսաստանի կառավարիչը գնաց հենց այս ճանապարհով։ Լիակատար նահանջ` ինքն իրեն անկյուն տանելուց հետո, Պուտինը չէր կարող այլեւս կատարել, իսկ բացահայտ հարձակում չէր կարող իրեն թույլ տալ։
Հիմա Ուկրաինային մնում է կա՛մ արագ ռազմական գործողություններով փորձել վերադարձնել վերահսկողությունը իր այդ տարածքների նկատմամբ, որի արդյունքում տեղի կունենա հենց այն պատերազմը, որի մասին ահազանգում էր վերջին շաբաթներին ԱՄՆ-ը, կա՛մ էլ համակերպվել այդ տարածքների` այլեւս բացահայտ ռուսաստանյան ռազմական պաշտպանության տակ առնելու հետ, որ նշանակելու է այդ տարածքների առնվազն երկարատեւ կորուստ Ուկրաինայի համար։
Բոլոր սցենարների պարագայում սա այն ռուբիկոնն է, որն արդեն Ռուսաստանը հատում է։ Այս քայլի արդյունքում այն հատում է նաեւ Արեւմուտքը` մասնավորապես, Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգներին այլեւս չի մնում այլընտրանք` քան Ռուսաստանը կազմաքանդելուն լծվելը։
Ռուսաստանն այլեւս անցել է անդառնալիության կետը եւ այլեւս Արեւմուտքի համար ընկալվելու է ոչ միայն որպես տեսական սպառնալիք` այլ արդեն նաեւ գործնական, ակտիվ սպառնալիք։ Պատերազմական գործողությունների սկսման պարագայում Արեւմուտքը զորքեր չի ուղարկելու` կռվելու Ռուսաստանի դեմ։ Եվ ճիշտ է անելու։ Բայց Ուկրաինային մատակարարելու է է՛լ ավելի հզոր զինատեսակներ եւ ամեն բան անելու է, որ ռուսական կողմում առավելագույն մեծաթիվ զոհեր լինեն։
Մյուս կողմից` անպայմանորեն սկսելու է Ռուսաստանի տնտեսական ավիրման գործընթաց եւ Ուկրաինան դարձնելու է հակառուսական ամենակարեւոր պետություններից մեկը։ Պատերազմից խուսափման պարագայում Արեւմուտքը միեւնույն է` անկասկած սկսելու է Ռուսաստանի կազմաքանդման գործընթաց եւ այդ մտքից այլեւս ետ չի կանգնելու։ Բոլոր սցենարների պարագայում Ռուսաստանը չի կարողանալու դիմագրավել արտաքին ճնշմանը։ Ռուսական պետական բուրգը փլուզվելու է` ներքին ահագնացող դժգոհության եւ անկայունության ֆոնին։ Այլեւս հատված են կարմիր գծերը։
Հայկ Մարտիրոսյան
23 փետրվարի