Tuesday, 26 November 2024

B Book Review

Լիկա Զաքարյան, «44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Լիկա Զաքարյան, «44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից», իրապատում, հրատարակվել է «Creative Armenia» մշակութային հիմնադրամի կողմից, 2021թ.:

Արցախյան 2020թ. պատերազմի ժամանակ Ստեփանակերտի բունկերում գրված օրագրային գրառումների, լուսանկարների, սոցիալական մեդիայի գրառումների եւ հոդվածների բազմաշերտ հավաքածու է: Հեղինակի խոսքով՝ այն նման է Աննա Ֆրանկի օրագրին, որտեղ ներկայացվում է Հոլոքոստը։ Պատերազմի ընթացքում Լիկան եղել է Արցախում՝ որպես լրագրող եւ հայրենասեր արցախցի:

Նրա կարծիքով՝ մենք պարտվեցինք ոչ միայն ռազմական գործողություններում, այլեւ քարոզչական պատերազմում. «Մի պարզ օրինակ՝ փորձենք «Յութուբ»-ում Արցախի մասին տեսանյութեր, ֆիլմեր փնտրել ու համեմատել ադրբեջանական կողմի ու մեր ունեցածը: 30 տարի շարունակ մենք պարտվել ենք… Մարդիկ, որոնք մտածում էին, թե հաղթելու ենք, պարզապես շատ հեռու էին իրականությունից»,- համոզված է հեղինակը: Իր «Օրագրում» նա տալիս է 44-օրյա պատերազմի իրական դեմքը՝ իրական պատմությունների, լուսանկարների, վավերագրական այլ նյութերի լեզվով: Լիկա Զաքարյանի հերոսը նախնյաց բնօրրանի, հողուջրի համար մարտնչող արցախցին է, հայ զինվորականը, սրբազնացած այդ հողակտորի մեծ ու փոքր տերերը:

«Սիվիլնեթ»-ը պատերազմի օրերին առցանց հրապարակում էր Լիկայի օրագրերը, իսկ այն հրատարակելու պատասխանատվությունը ստանձնեց Creative Armenia մշակութային հիմնադրամը՝ ի դեմս Կարին Հովհաննիսյանի, որը Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է: Հովհաննիսյան ավագը ներկա էր շնորհանդեսին եւ առաջին գնահատանքը տվեց «44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից» գրքին. «Դա 44-օրյա աղոթք էր, տառապանք էր, նկուղային իրականություն էր, որը վերապրեց մեր հերոսական ժողովուրդը, եւ Լիկան դրա պատմիչն էր, ում հերոսականությունն իր բնականության մեջ է»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գիրքը երեք լեզուներով է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Հայերեն եւ անգլերեն տարբերակներն արդեն վաճառքում են, իսկ ռուսերենը շուտով դուրս կգա տպարանից:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.