Շաբաթ, Ապրիլի 27, 2024

Ազատ ամբիոն

Զարգացման ուղղությունն ընտրված է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Թավշյա» հեղափոխությունից հետո երկրում նոր կազմավորված կառավարության առջեւ նպատակ էր դրված լիովին փոխել կառավարման սկզբունքները՝ առաջացած փակուղուց դուրս գալու համար: Դրությունը չափազանց լուրջ էր, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում տնտեսությունը հիմնականում պահպանվում էր արտաքին փոխառությունների, այլ պետությանների ցուցաբերած տնտեսական օգնությունների ու ծրագրերի արտաքին ֆինանսավորման շնորհիվ, որոնց կատարումը չէր իրականացվում պարզ գողության պատճառով: Ակնառու օրինակը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումն է՝ դրա մասին շատ է գրվել: Հայաստանի արտաքին պարտքը զգալիորեն գերազանցել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 50 տոկոսանոց բնագիծը, ինչն արդեն ակնհայտորեն սպառնում էր պետության անվտանգությանը: Առաջադրված նպատակներին հասնելու համար հարկավոր էր անհապաղ լուծել կարեւորագույն մի շարք խնդիրներ, առանց որի հնարավոր չէր շարժվել առաջ:

Այդ ուղղությամբ ամենագլխավոր խնդիրը կոռուպցիայի վերացումն էր՝ վերից վար: Չի կարելի ասել, թե այդ խնդիրն ամբողջ հարյուր տոկոսով լուծված է, բայց դրա առողջ սկիզբը դրված է: Եթե պետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք կաշառք չեն վերցնում, բնական է, այն բուրգը, որի վրա այդ ամենը հիմնված է, չի ունենում ամուր հենարան եւ փլվում է: Միանգամից լցվեց գանձարանը, եւ կառավարությունը կարողացավ նախանշել երկրի զարգացման ռազմավարորեն կարեւոր ուղղությունները: 2020 թվականի բյուջեն՝ չնայած քննադատություններին, այնուամենայնիվ, ընդունվեց: Այն լիովին արտացոլում է պետության քաղաքականությունը մոտակա մեկ տարվա համար եւ լավ է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ մեզ հաջողվեց, թեկուզ փոքր չափով, բայց նվազեցնել արտաքին պարտքը:

Այն վերափոխումները, որոնք հաջողվեց իրականացնել վերջին մեկուկես տարում, հնարավորություն ընձեռեցին առաջ ընթանալ՝ անկյունաքար դարձնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտելիքահեն արտադրության զարգացումը եւ ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) կառուցման ամուր հիմքի ստեղծումը: Դա միակ ճիշտ լուծումն է, առավել եւս հարեւանների հետ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար: Բավականաչափ գիտական ներուժի առկայության դեպքում ՌԱՀ-ի զարգացումը թույլ կտա ստեղծել ոչ միայն զենքի առաջավոր տեսակներ եւ ամրապնդել պետության պաշտպանունակությունը, այլեւ նշանակալի չափով նվազեցնել պաշտպանական ծախսերը՝ կրճատելով դրսից սպառազինությունների գնումները: Մյուս կողմից՝ բուն երկրում կարող են բացվել հազարավոր աշխատատեղեր: ՌԱՀ-ը միայն աշխատատեղեր չէ: Դա նաեւ հարեւանների մոտ նմանը չունեցող զենքի արտադրության մեջ ամենաառաջավոր գիտական նվաճումների ու տեխնոլոգիաների ներդրումն է: Դա հնարավորություն է այդ զինատեսակներն ուրիշ երկրների վաճառելու համար:

Հայաստանի երկկողմանի շրջափակման առկայությունը հաստատում է զարգացման ընտրված ուղղությունների ճշմարտացիությունը: Մյուս կողմից՝ կոռուպցիայի լիակատար բացակայության պայմաններում օրենսդրական եւ կշռադատված հարկման բազայի ստեղծումը հետագայում արտերկրում նվազագույն կապիտալ ունեցող մեր բոլոր հայրենակիցներին թույլ կտա այն ներդնել Հայաստանի արդյունաբերության մեջ՝ առաջադիմական տեխնոլոգիաների հիման վրա ստեղծելով նոր արտադրություններ: Վարչապետը հասկանում է, որ այդ բոլոր հարցերը լուծելու համար առանցքային պետք է դարձնել սովորողների կողմից որակյալ գիտելիքների ձեռքբերումը՝ ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական կրթության շրջանակներում: Կառավարման արդի եղանակները, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած առաջավոր արտադրությունները չեն կարող յոլա գնալ առանց գրագետ ու բարձրակարգ մասնագետների: Պետք է գիտակցել, որ կրթության ու գիտության մեջ ներդրված կապիտալը հետագայում կստեղծի բարձր կրթվածություն ունեցող կադրային ներուժ: Եվ դա երկրի ամենագլխավոր հարստությունն է:

Կարելի է վստահաբար ասել, որ առաջ շարժվելու համար նախահիմքը դրված է: Կառավարությունը, Ազգային ժողովը եւ Նախագահը այդ մասին ամեն ինչ գիտեն: Տեսնենք՝ ինչպես կընթանան գործերն առաջիկայում: Ժողովուրդն առայժմ իր աջակցությունը չի խնայում:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: