Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Ոչինչ պատահական չի եղել, սակայն արթնացումի մեծ ժամը մոտեցել է

Օգտվողների գնահատում. 2 / 5

գործուն աստղգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հազիվհազ կարողացանք գլխի ընկնել, որ 1998-2008 թվականներին երկրի երկու ղեկավարների` Քոչարյանի ու Սարգսյանի հասցեին այն ժամանակվա ընդդիմադիրների հորինած պիտակներն ու ածականները ոչ այլ ինչ էին, եթե ոչ հստակ ծրագիր, որը նրանք` իշխանությունը զավթելով, իրականացրին առնվազն հարյուրապատկված ծավալներով: Հիշենք.

Թալան, կոռուպցիա: Իհարկե, եղել են, այդուհանդերձ, ոչ մի ապացույց ու դատավճիռ գոյություն չունեն, իսկ իրենք պետական գանձարանը, սփյուռքին ու հարուստներին թալանում են օրը ցերեկով՝ անունը դրած պարգեւավճար կամ նվեր, իշխանությունը լցրել են ոչ թե արհեստավարժներով, այլ անգրագետ, սորոսական յուրայիններով:

Ոստիկանապետություն: Երեկ մեծ մասամբ բարեկիրթ, հայասիրությամբ դաստիարակված ոստիկաններ եւ այսօր` սեւավորված ու դաժան ոստիկաններն ամենուր են, մինչեւիսկ վարչապետի առանձնատունն օղակած, իհարկե՝ լռեցնելու համար ճշմարիտ խոսքը:

Ավազակապետություն: Նախկինում ավազակությունն ընդամենը խուլիգանական արարքներն էին, այսօր` պետական դիրքորոշում, որին ծառայում են հեղափոխության պահապաններ անվանյալ հրոսակներն ու օլիգարխների թիկնազորները: Խաղաղ ցուցարարների հետ վարվում են` ինչպես թշնամիները:

Ազատ խոսքի ճնշում: Երեկ ամեն կարգի վայրահաչությունների սանձարձակություն՝ դրսի հատուկ ծառայությունների վարձկանների կատարմամբ: Հիմա՝ միլիոնների տուգանք ճիշտ ասված ամեն բառի համար:

Քաղաքական հալածանքներ: Նախկին զրոյի դիմաց՝ այժմ սարքած դատական գործեր արցախյան հերոսամարտի գլխավոր դերակատարներ Քոչարյանի, Օհանյանի, Սարգսյանի, Խաչատուրովի դեմ…

Մարտի մեկ ու 2016-ի պատերազմ՝ 10 եւ 75 զոհ: Այսօր դավադիր պատերազմ` նահանջով, 5000 զոհ, 9000 վիրավոր, հարյուրավոր անհետ կորածներ, հարյուրավոր գերիներ: «Իսկանդեր»-ով կործանած, ապա թուրքին հանձնած Շուշի: Երեկ իբր բենզինի փոխարեն ջուր, զենքի փոխարեն փայտ, այսօր` զենքը ձեռքին զինվորներին նահանջի հրաման:

Հող հանձնել: Նախկիններ՝ մեկ բլուր, այսօր՝ Արցախի 80 տոկոս, գումարած Սյունիքով թուրանականության ճանապարհ, Սոթքի ոսկու հանքերի զիջում ու դեռ անհայտ է՝ ուրիշ ինչ դավադրություններ:

Թալանված բանակ: Նախկինում թշնամուն չորս օրում ծնկի բերած զինուժ, այսօր` 5 գնդով կրճատված, առանց արդիական հզոր զենքերի, վարկաբեկվող, պարտված բանակ, հայ ռազմիկին խայտառակելու լկտիություն: Բանակին սփյուռքի վիթխարի օգնությունների փոշիացում:

Դավաճանություն: Նախկինում՝ 2009-ին սխալմամբ ստորագրված, ապա չեղարկված մեկ թուղթ, այսօր՝ գաղտնի ստորագրություն կապիտուլյացիայի հայտարարությամբ, բնօրրան հայրենիքի հանձնում ոսոխին, արցախահայության տեղահանություն, ռուսների օգնությամբ փրկված ավերված բնակավայրեր, անորոշ ապագա:

Անգրագետ պատգամավորներ ու պաշտոնյաներ: Մի քանի նախկին անհաջող պատգամավորների դիմաց՝ այսօր մի ամբողջ անունակ կառավարություն ու մեծամասնական պատգամավորներ՝ սորոսականներ, բացարձակապես տգետ, լկտի ու հայրենադավ:

Վերջապես` երկրի ղեկավար: Ազատագրական պատերազմի երկու հերոս, պետության հիմքերն ամուր պահած, թշնամու հետ հաղթողի դիրքերից բանակցած երկու նախագահ եւ սա՝ դավաճանի ու գժի պիտակը ճակատին, փրփրաբերան ստախոս ու զրպարտիչ: Իրենց որոշակի թերություններով հանդերձ՝ նախկին երկու նախագահներից երբեւէ որեւէ մեկը չի լսել մի անվայել բառ, հայհոյանք, սպառնալիք, բղավոց ու ճղավոց, սա՝ ամբողջովին բացասականի խտացում՝ գումարած հասարակությունը պառակտելու մոլուցքն ու սովահարի շատակերությունը, ընտանիքը որպես քաղաքական մանրադրամ օգտագործելու հիմարությունը:

Իր թերթոնում ու ամբիոններից սա նախկինում գոռում էր հակահայկական զառանցանքներ, որոնք բազմապատկեց ու գործի դրեց իշխանությունը զավթելու հաջորդ իսկ վայրկյանից՝ մշակույթի, սփյուռքի, գյուղատնտեսության նախարարությունների փակում, կրթական համակարգի ապազգայնացում, ազգային գործունեություն ծավալող հաղորդումների փակում եւ հազարումի այլանդակություն…

Միով բանիվ՝ Հայաստանի նախկին երկու ղեկավարների մասին հորինովի պիտակներն ու ածականները ստույգ ու հաշվարկված ծրագրեր էին, որոնցով սրանց զինել ու խցկել էին հայկական իրականություն:

90-ականներից անկախ Հայաստանում ներդրված գործակալական ամբողջ ցանցը գործել է մեր թշնամու ծրագրով, որն արդեն գրեթե ամբողջությամբ կատարվել է: Կկարողանա՞նք եղածը փրկել՝ սա է հարցերի հարցը: Համենայնդեպս` ծայրը չի երեւում, թե տերերն իրենց աշակերտներից գոհ են ու պատրաստ են նրանց փոխարինել կամ հաշտվել հայ ազգի պատվասիրության ու պետականությունը պաշտպանելու կամքի հետ:

Անվարան ասում եմ. այո՛, մենք ունենք ե´ւ պատվասիրություն, ե´ւ կամք, ե´ւ հայրենանվեր ժողովուրդ: Արթնացումի մեծ ժամը մոտեցել է, Սարդարապատյան զանգերգությունը հնչում է` իր սուրբ գործը վերստին կանի՛:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: