Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Արցախյան ընտրություններ. «պատժի փրկագնի» ընտրարշավ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արցախում սկսված նախընտրական արշավը միանգամից ի հայտ բերեց շոշափելի մի գծապատկեր: Իշխանական թեկնածուն, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, որպես նախընտրական ծրագիր, ընտրողներին առաջարկեց դրամական օգնություն եւ խոստումներ, իսկ առավել արմատական ընդդիմությունը պահանջեց արգելել ընտրություններին Հարությունյանի մասնակցությունը: Ձեւավորվեց բանավեճի այն հանգուցային գիծը, որի հենքին էլ անցնում է բոլոր թեկնածուների նախընտրական արշավը: Խոսքն այն բանավեճի մասին է, որը ծավալվել է Արցախի նախկին պետնախարարի կողմից անցկացվող` «մարդկանց օգնություն ցուցաբերելու» ընտրարշավի շուրջը: Իր «բարեգործական» գործունեությունը լայնորեն գովազդող Արայիկ Հարությունյանը հրապարակավ գանգատվում է, թե իրեն քննադատում են մարդկանց օգնելու համար, մինչդեռ ինչ-որ մեկին ֆինանսական օգնություն ցուցաբերելիս` ինքը թախանձագին խնդրում է ընտրողի իր ձայնը ոչ մի կերպ չկապակցել այդ օգնության հետ:

Հարությունյանի «երկաթյա փաստարկն» ընդդիմությունը բնորոշում է իբրեւ «իշխանությունների կոռումպացված դրածոյի» երեսպաշտություն եւ պահանջում է ոչ միայն նախընտրական մրցավազքից նրա դուրսբերումը, այլեւ Բակո Սահակյանի եւ երկու ուժային նախարարների հրաժարականները, որոնք պայմաններ են ապահովել նմանօրինակ ընտրարշավի համար: Ըստ էության, սա դրամական դիմակահանդեսին` «Այո»-ի կամ «Ոչ»-ի երկընտրանք է: Հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանի փորձը Արցախում տեղի ունեցողի համեմատ դժգույն տեսք կունենար: Էլ ավելի չնչին բաներ են նախկին Հանրապետական կուսակցության նախընտրական կաշառքները:

Իսկապես, հազիվ թե որեւէ տեղ ժողովրդավարական ընտրություններում աշխարհը հանդիպած լինի այդպիսի նախընտրական փորձի: Մարդկանց ներշնչել, թե նախագահի թեկնածուից «դրամական օգնություն» ստանալը միանգամայն բնական է` ամենքը չեն կարող: Դա որեւէ կապ չունեցող բաներն իրար շաղկապելու, ամենաբացահայտ խաբեությունն ամենաակներեւ ճշմարտության վերափոխելու, մարդկանց սրտերը «գթասրտությամբ» դյութելով` նրանց ստրկացնելու զարմանալի տաղանդ է: Ընդ որում` փորձելով բոլորին համոզել, որ ամեն ինչ չափի մեջ է եւ այլ կերպ չի էլ լինում:

Ուրիշ ձեւով դժվար թե իրեն կարողանա պահել տասը տարի երկրի վարչապետ եղած մարդը: Միայն այդպե՛ս: Նախ` ստեղծել պայմաններ, որոնք մարդուն թողնում են բախտի քմահաճույքին, հետո իրենից ստեղծել բախտի քմահաճույքին թողնված մարդու «օգնականի» կերպար: Այնուհետեւ համոզել մարդկանց, որ այդ օգնությունն իրականացվում է մարդուն «իր գրպանից փող տալու» միջոցով: Մնում է միայն պարզել` ինչո՞ւ իշխանությունների վերջին ռեսուրսն այդ բարոյական ամբոխահաճությունն է մնացել: Ո՞րն է Արցախում արմատավորված վարչակարգի «մեղքը» եւ ո՞րն է ներկա քաղաքական իրավիճակի էությունը:

Կարծում եմ` այստեղ առանձնապես գաղտնիքներ չկան: Բերձորում 2015-ին Արցախի իշխող վերնախավի գործողությունները եւ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դիպվածը ամենայն ակնհայտությամբ ցույց տվեցին այդ վերնախավի բռնաճնշողական բնույթը: Ըստ էության, տասնամյակների ընթացքում Արցախում կազմավորվել ու գործել է հասարակության կամքին բռնացող ֆեոդալա-ոստիկանական վարչակարգ: Երկրի բյուջեն վերածվել էր մի նեղ շրջանակի անձանց բիզնեսին աջակցող հիմնադրամի: Ընդ որում` բյուջետային միջոցների հետ օրենսդրական մակարդակով կատարվող բոլոր մեքենայությունները պարբերաբար օրինականացվում էին: Հասարակությունը քշվել էր թշվառականների մի որմնախորշ եւ զրկված էր սեփական ճակատագրի վրա ազդեցության որեւէ հնարավորությունից: Այդ կարգը պահպանվում էր տարատեսակ բռնաճնշումներով ու «արտաքին սպառնալիքի» շանտաժով: Հայաստանի ղեկավարության կողմից այդ վարչակարգը լիակատար աջակցություն էր ստանում:

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունը վիժեցրեց վերը նկարագրված համակարգի գործունեության հիմքը Արցախում: Անկախ նրանից, որ այստեղ գործող իշխանությունների պահելաձեւերը կորցրել էին Հայաստանում ունեցած իրենց հիմքը, բուն Արցախում սկսել էր սրընթաց կերպով փոխվել իրավիճակը: Վախի մթնոլորտն ի չիք էր դարձել, ինչը հասարակության վրա իշխանությունների ազդեցության զգալի կորստի էր հանգեցրել: Ժամանակի ընթացքում իշխանություններն անկարող վիճակում էին մնացել հասարակության պահանջների դեմհանդիման: Հադրութում 2019 թվականի սեպտեմբերյան ընտրություններում քաղաքապետի պաշտոնում իրենց թեկնածուին առաջ քաշելու` տեղի հեղինակություններին մերժելը, հասարակության պահանջով փոքր ՀԷԿ-երի կառուցման դադարեցումը եւ, վերջապես, ներկա պահին Ստեփանակերտում բողոքի գործողությունների դեմ ոստիկանության ուժերի կիրառման անհնարինությունը ցույց տվեցին, որ ավանդական բռնաճնշողական մեքենան սկսել է խափանումներ տալ:

Մնացել է միայն բնակչության համատարած կաշառումների ռեսուրսը` միաժամանակ բարոյական դեմագոգիայի օգտագործմամբ` որպես այդ պրակտիկայի գաղափարական ապահովում: Հասարակությանը ներշնչում են, որ իսկական ղեկավարը նա է, ով ունակ է «օգնել մարդկանց»: Թե հույսներն ինչի վրա են դնում այդ մարդիկ, դժվար է հասկանալ: Ավելի շուտ` նրանց թվում է, թե կարող են համոզել մարդկանց հաշտվել այն ճակատագրի հետ, որն իրենց առաջարկվում է: Եթե ոչ մտրակով, ապա կարկանդակով կանգնեցնել «հեռացող գնացքը»: Թե ինչ դուրս կգա դրանից` կարելի կլինի դատել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:

Բայց փաստը, որ հասարակությունների պատմության մեջ նաեւ այդպիսի անհեթեթ իրավիճակներ են ծագում, ինքնին հետաքրքիր է: Հավանաբար` միայն խորը սոցիալ-քաղաքական եւ գաղափարական ճգնաժամը կարող է ստեղծել փողի ու բացահայտ ստի համակեցություն` որպես իրենց սպառած ինչ-որ կարգերի պահպանման մեխանիզմ: Նման իրավիճակի պատմական լավ ապացույց է ինդուլգենցիաների պատմությունը, որը դրսեւորվեց Կաթոլիկ եկեղեցու 16-րդ դարի ճգնաժամի շրջանում: Հնարավոր է` մեր քննարկած թեմայի հետ զուգահեռ անցկացնելն այնքան էլ կոռեկտ չէ, բայց «մեղքերի քավում» հասկացությունը «պատժի փրկագին» հասկացությամբ փոխարինելու երեւույթը, թերեւս, խորթ չէ մարդկությանը:

Առհասարակ` ինդուլգենցիան (indulgentia, լատ. indulgeo, պարտքի մեջ լինել, «համբերել, թույլ տալ») Կաթոլիկ եկեղեցում նշանակում էր ժամանակավորապես պատժից ազատում մեղքերի համար, որոնցում մեղավորն արդեն զղջացել է: Բայց հետաքրքիրն այն է, որ Վերածննդի դարաշրջանում ինդուլգենցիա հասկացությունը տարածում էր գտել որպես մեղքերի թողություն՝ փողով, ընդ որում, անկախ նրանից` զղջացել է արդյոք մարդը, թե ոչ: Ինդուլգենցիան այդ ըմբռնմամբ, թերեւս, քրիստոնեության պատմության մեջ մեծագույն պառակտման պատճառ է դարձել. Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ Մարտին Լյութերի պահանջներից մեկը եղել է հենց ինդուլգենցիաների առեւտուրը: 1567 թվականին Հռոմի պապը եւս արգելել էր ինդուլգենցիայի համար դրամական որեւիցե տուրքերի վճարումը:

Այսօրվա Արցախում մենք գործ ունենք «մեղքերի փրկագնի» առավել պարզունակ ձեւի հետ` հասարակությանը նախագահի իշխանական թեկնածուի դրամական դիմակահանդեսի մեջ ներքաշելու տեսքով: Բուն գաղափարը, որ կարելի է ոչ միայն փրկագին տալով ազատվել հասարակության պահանջներից, այլեւ պարտադրել նրան մեղավորի աշխարհայացքը, խիստ հանդուգն է: Այդ փորձն ուղղված է իր լկտիությամբ մարդու կամքի բարոյական ճնշմանը: Այսինքն՝ չքավել մեղքերը, այլ փրկագին տալով` հանրությանը փոխհատուցել մեղքերի համար` նրան ներգրավելով իր մեղավոր աշխարհում: Եվ պահպանել այդ աշխարհը: Այլ հնարավորություն գործող իշխանությունները պարզապես չունեն: Եթե հնարավոր չէ բռնաճնշումներով կոտրել մարդկանց կամքը, մնում է միայն բարոյապես տրորել այդ կամքը: Ինչպես ասում են՝ եթե անկարող ես նվաճել ընտրողի սիրտը, ավելի հեշտ է գնես ու խաբես նրան: Ինչը եւ արվում է ի տես ամենքի:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: