Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Կառավարել` նշանակում է գրավել մարդկանց մտքերն ու սրտերը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի հանրությունն ապակողմնորոշված վիճակում է։ Եթե անցած տարի կյանքը հասկանալի էր՝ պայքար էր գնում «սեւերի» ու «սպիտակների» միջեւ, որտեղ հերոսներն ու հակահերոսները, ազնիվներն ու անազնիվները հստակորեն տարանջատված էին, ապա այժմ ամեն ինչ միախառնվել է։ Գույները կորցնում են իրենց հստակությունը եւ սկսել են տարրալուծվել գորշի մեջ։

Ինչո՞ւ այսպես ստացվեց, ո՞վ է մեղավորը, հանուն ինչի՞ 2018-ին տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ իրականացրին իշխանափոխություն։ Այս հարցերի պատասխանը չափազանց կարեւոր է` ոչ միայն հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ, այլեւ պարզելու, թե նոր կառավարությունն ինչ պետք է աներ հետագայում: Տարօրինակ կերպով այս հարցադրումները Հայաստանի քաղաքական մտքի օրակարգից բացակայում են, այնինչ դրանք պետք է լինեին ներկայիս քաղաքական կյանքի գլխավոր թեման։

Երեսուն տարի առաջ` 1988-ին սկսված պայքարի նպատակը պարզ էր` «Ղարաբաղը մերն է», եւ այն ժամանակվա իշխանություններն այդ հարցը լուծեցին այնքանով, որքանով կարողացան։ Այլ պարտավորություն հանրության առջեւ նրանք չէին ստանձնել։ Սակայն հաջորդ փուլում ժողովուրդը, կարծես թե, այլ պահանջ սկսեց ներկայացնել իշխանությանը, իսկ իշխանությունն այդ պահանջը «ականջի հետեւ» գցեց։ Փորձենք համեմատության մեջ հասկանալ, թե ինչ էր ուզում Հայաստանի հասարակությունը եւ, ըստ այդմ, ինչ պետք է աներ ներկայիս իշխանությունը։

«Իշխանություն իրականացնել»` առաջին հերթին նշանակում է կատարել մտավոր աշխատանք, այն է` գնահատել անցյալը եւ հանրությանը ներկայացնել զարգացման նոր հայեցակարգ: Իսկ ցանկացած հայեցակարգ հիմնվում է փիլիսոփայական ու աշխարհայացքային հասկացությունների վրա։ Քաղաքական տեսությունների հիմնական հասկացություններից են Ազատությունը, Հավասարությունը, Արդարությունը։ Դրանցից յուրաքանչյուրն ամեն մի ժամանակաշրջանում ունեցել է իր մեկնությունները։ Հին Հունաստանից մինչ հիմա այդ մոտեցումները տարբեր կերպ են մեկնաբանվել ու դրվել պետությունների կառավարման համակարգերի հիմքում։

«Ղարաբաղը մերն է» կարգախոսը ազատության խնդիր էր, այսինքն` Արցախի ժողովուրդն ունի ազատության ու ինքնորոշման իրավունք եւ, հանուն այդ ազատության, շատերը գնացին պատերազմ, հաղթեցին, իսկ ոմանք՝ հատուցեցին կյանքով։ Դրանով Հայաստանի հանրային գիտակցությունը մեկ աստիճանով աճ ապրեց, սակայն միայն ազատության գաղափարը, ինչպես վկայում է մարդկության պատմությունը, բավարար չէ արդյունավետ եւ արդար հասարակություն կառուցելու համար։ 2018-ին հանրությունն այլ պահանջ էր ներկայացրել. դա, կարծես թե, արդարության եւ հավասարության պահանջն էր։

Մեր նպատակն այստեղ վերոնշյալ հասկացությունները ներկայացնելն ու մեկնաբանելը չէ, դրա համար պետք է ուսումնասիրել մարդկության պատմությունը եւ գաղափարների էվոլյուցիոն շարժերը։ Դրանք ցույց են տալիս, որ ցանկացած գաղափարի ծայրահեղացում կարող է հանգեցնել բացասական հետեւանքների: Մասնավորապես` բացարձակ ազատությունը հանգեցնում է ամենաթողության, որի պատճառով էլ քաղաքական միտքը մեկ այլ ծայրահեղության է տանում` բացարձակ հավասարության գաղափարի` կոմունիզմի, որի դեպքում մարդիկ զրկվում են ազատության եւ ընտրության իրավունքներից, սակայն իրավահավասար են: Իսկ բացարձակ արդարությունը բերում է ատելության մթնոլորտի ու ամբողջատիրության (տոտալիտարիզմ) հաստատման, որովհետեւ այս մեղավոր աշխարհում դժվար է գտնել կատարելապես արդար անձնավորություն: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ թիրախում հայտնվում են բոլորը, եւ դա էլ հանգեցնում է ամբողջատիրության ու «վհուկների որսի» իրադրության հաստատման։

«Մերժիր Սերժին» կարգախոսը միավորեց հանրության մի ստված զանգվածին, սակայն իշխանության եկած ուժն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչ ասել է` «սերժիզմ», որպեսզի հստակություն մտցվի, թե, այնուամենայնիվ, ինչն ենք մերժել եւ ուր ենք գնում։ «Իզմ»-երից հրաժարվելը նոր կառավարությանն «ինտելեկտուալ ծուղակի» մեջ է գցել կամ, ավելի շուտ, սեղմել է նրան «մտավոր ոչնչության» աքցանում։ Պատահական չէ, որ ԱԺ-ի ոչ իշխող խմբակցությունում կան հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող ավելի վառ անհատականություններ, իսկ իշխող ուժի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները չեն կարողանում հանրային օրակարգ ձեւավորել։

Կառավարել` նշանակում է գրավել մարդկանց մտքերն ու սրտերը եւ առաջարկել զարգացման հայեցակարգեր։ Այդպիսի բան մենք չենք տեսնում եւ, ամենայն  հավանականությամբ, չենք էլ տեսնի, սակայն դա չէ ամենավատ նորությունը։ Ամենավատ նորությունն այն է, որ մյուս քաղաքական ուժերը նույնպես մտավոր կոլապսի մեջ են հայտնվել, այսինքն` դեռեւս բացակայում է քաղաքական այլընտրանքը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: