Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Կապույտ մազերով աղջկա ակամա բացահայտումները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջին օրերին 19-ամյա, իր պահվածքով եւ արտաքին տեսքով հայաստանյան ու արցախյան ընդունված չափորոշիչներին չհամապատասխանող Ասյա Խաչատրյանի հետ կապված միջադեպը դարձել է սոցիալական ցանցերի գլխավոր թեման։ Քննարկումներում իրար են խառնվել մի քանի ենթաթեմաներ՝ հայաստանցի-ղարաբաղցի, նամուս-ադաթ, ոստիկանական ամենաթողություն, օրինականություն եւ անձի ազատություն, հայրենասիրություն, գենդերային խտրություն եւ այլն։ Տարիներով կուտակված խնդիրները միանգամից՝ մեկ կծիկում, դարձան քննարկման նյութ:

Իրավական երկրներում նման դեպքերը կոչվում են «քեյսեր», երբ իրավական կամ հասարակական հնչեղության որեւէ դեպք հայտնվում է հանրային բուռն քննարկումների թիրախում, որոնց արդյունքում հասարակությունը վերարժեվորում է իր աշխարհայացքը, ձեւակերպում արժեքային, իրավական նոր վերաբերմունք ու նորմեր։

Կապույտ ներկված մազերով եւ փողոցում ծխող աղջկանը գավառական քաղաքի ոստիկանները փորձում են կարգի հրավիրել իրենց բնորոշ եղանակով՝ ծեծով, նվաստացմամբ ու փողոցային հայհոյանքով, առանց օրինական ընթացակարգերը պահպանելու, ինչի հետեւանքը եղավ այն, ինչ եղավ՝ վերստին «նորոգվեց» հայաստանցի-ղարաբաղցի տարբերակումը, ինչպես նաեւ ջրի երես դուրս եկան լուծման կարոտ մի շարք իրավական խնդիրներ՝ Արցախում ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայության կարգավիճակը, հայաստանցիների պաշպանվածության հարցը Արցախում, արցախցիների եւ, առհասարակ, Արցախի կարգավիճակի խնդիրը եւ այլն։ Ու այստեղ էլ դեմ ենք առնում քաղաքական մի մեծ անօրինականության, որն դրվել էր Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքում։

1988-ին Հայաստանի եւ Արցախի բնակչությունն աննախադեպ կերպով միավորվել էր հանրորեն ազդարարված «միացումն» ապահովելու համար։ Համաժողովրդական ճնշման հետեւանքով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը 1989-ին Արցախի հետ ընդունեց միասնական որոշում, որով  Ղարաբաղը ճանաչվեց Հայաստանի մաս, եւ Արցախի ժողովուրդը, ըստ էության, ստանալով Հայաստանի քաղաքացիություն, 1990թ. ընտրությունների ժամանակ ընտրեց միավորված Հանրապետության խորհրդարանի իր պատգամավորներին: Այստեղ ամեն ինչ պարզ էր. այս պարագայում Հայաստանի զինվորներն օրինական կարգով կծառայեին Ստեփանակերտում, իսկ Ասյայի իրավունքների ոտնահարման հարցը լուծում կստանար հենց Ստեփանակերտում, եթե նա քաղհայցով դիմեր տեղի քաղաքային դատարան։

Ասյայի արցախյան արկածների սկիզբը դրվել էր շատ ավելի վաղ, նույնիսկ նրա ծննդից առաջ՝ 1991-ին, երբ Հայաստանում անկախություն հայտարարած երկիրը,  առանց Հայաստանի հետ Արցախի միավորման մասին որոշումն օրինական կերպով բեկանելու եւ առանց բուն Արցախի, Հայաստանում անցկացրեց անկախության հանրաքվե, իսկ հետագայում իրավաբանորեն միջազգային հարթակներում Արցախը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս: Դա տեղի ունեցավ Հայաստանի՝ ԱՊՀ կազմի մեջ մտնելու, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ին անդամագրվելու ժամանակ ստանձնած հանձնառությունների միջոցով, որոնք վավերացրել էր ՀՀ խորհրդարանը եւ որոնց բովանդակության այդ կետերին Հայաստանի քաղաքացիները տեղյակ չէին։ Ըստ էության, դա արվել էր ծածուկ, առանց Գերագույն մարմնի նախորդ որոշումը բեկանելու։

Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ՝ 1991-1992 թվականներին, առաջին անգամ հենց Հայաստանի քաղաքական ղեկավարների կողմից լսվեցին հայաստանցի-ղարաբաղցի պառակտողական հայտարարությունները։ Ըստ էության, դա կատարված քայլի արդարացման միտումով բարոյական միջավայրի ստեղծման համար էր արվում՝ ցույց տալու, որ «ղարաբաղցիներն» իրենց խնդրով հարվածի տակ են դնում Հայաստանը՝ նրան մատնելով սովի եւ հարեւան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ թշնամանքի։

Այդպիսով՝ «Մայր Հայաստանի» ղեկավարների կողմից Արցախի մեջքին հասցված հարվածը տարանջատման հոգեբանական հետեւանք առաջ բերեց։ Ասյա Խաչատրյանի դեպքը վերածվեց կուտակված փոխադարձ անվստահության կատալիզատորի՝ վեր հանելով ավելի քան քառորդդարյա անիրավությունները, որոնց ետեւում, անտարակույս, կոնկրետ խմբի քաղաքական շահեր էին թաքնված։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: