Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Եվրոպա. փլուզվող երազանքների աշխարհը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Համաեվրոպական պատերազմները մենք կոչում ենք համաշխարհային պատերազմներ, ժամանակակից քաղաքակրթություն ասելով՝ հասկանում ենք եվրոպականը, առաջընթաց ասելով՝ հասկանում ենք այն հոլովույթը, որը  բնորոշ է Եվրոպային։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Այսինքն՝ Եվրոպան, ըստ մեր ընկալման, աշխարհի մշակութային, քաղաքակրթական, տեխնոլոգիական զարգացումների կենտրոնն է: Անգամ Միացյալ Նահանգները մենք ընկալում ենք որպես եվրոպական մեծ քաղաքակրթության ծնունդ եւ նրա կարեւոր մաս։

Այս առումով եթե մենք ցանկանում ենք լինել ժամանակակից ու քաղաքակիրթ ազգ, քայլել ժամանակին համընթաց՝ փորձում ենք նմանակել Եվրոպային, ներկայանալ իբրեւ հին աշխարհի նորագույն արժեքների կրող։ Եվրոպան մեր ձգտումների, ակնկալիքների կողմնորոշիչ աստղն է, եւ այդ տեսակետից եվրոպական վերջին նախագիծը՝ Եվրոպական Միությունը, ըստ մեր պատկերացումների, այն է, ինչը պետք է ընդօրինակման տիպար լինի մեզ համար։

Միացյալ Եվրոպան, անշուշտ, հաջողված նախագիծ է։ Հիմնական իմաստն այն է, որ երկարատեւ պատերազմներից հետո աշխարհամասի ժողովուրդները կարողացել են համաձայնության գալ այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքների հարգումը, օրենքի գերակայությունը, հարցերը խաղաղ եղանակով, բանակցությունների միջոցով լուծելու մշակույթը եւ այլն։ Դա բերել է խաղաղություն, բարեկեցություն, ընդհանուր չափորոշիչների հաստատում եւ, ամենակարեւորը, միասնական եվրոպական ինքնություն։

Կարճ ասած՝ բազմաթիվ մտածողների ուտոպիստական երազանքները, վերջապես, կյանքի են կոչվել։ Արդյունքում բոլոր մերձեվրոպական ազգերը ձգտում են դառնալ եվրոպացի, այսինքն՝ անդամագրվել Եվրոպական Միությանը։ Սա էր ուկրաինացիների, վրացիների, անգամ թուրքերի ու էլի շատերի վերջին 30 տարիների ազգային իղձը։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կլինի, եթե եվրոպական նախագիծը տապալվի։ Ինչի՞ մասին են երազելու այդ ազգերը, ինչպես նաեւ արդեն ԵՄ անդամները։ Դա ինքնության կորուստ է նշանակում՝ այդ իրողությունից բխող բոլոր հետեւանքներով։ Համընդհանուր ֆրուստրացիան եւ արժեքային հետընթացը, կարծես թե, տրամաբանական սպասելիք է. կատարվում է անխուսափելին՝ Եվրոպան ու եվրոպական քաղաքակրթությունը նահանջում են։ Տնտեսական, արտադրական կարողությունների, անգամ մշակույթի առումով Եվրոպան սկսել է զիջել դիրքերը։

Հարավ-արեւելյան Ասիան դարձել է ֆինանսական ու արտադրական կենտրոն, այնտեղ սկսել են զարգանալ մշակույթը, տեխնոլոգիաները։ Քովիդի համաճարակը ցույց տվեց, որ Ասիան ավելի կազմակերպված է, ունի ավելի արդյունավետ կառավարման համակարգեր։ Որպեսզի Եվրոպան կարողանա դիմանալ այդ մրցակցությանը, պետք է բարձրացնի իր ինքնիշխանության աստիճանը եւ կարողանա մնալ առաջատար: Սակայն մենք բոլորովին այլ գործընթացի ենք ականատես լինում։

Ուկրաինական պատերազմը հօդս ցնդեցրեց այն տեսակետը, թե Եվրոպան կայունության եւ անվտանգության կղզյակ է: Ճիշտ հակառակն ենք տեսնում՝ հին աշխարհը դառնում է անկայության հերթական օջախ։ Խարխլված է եվրոպական անվտանգային համակարգը, տնտեսությունը կախված է արտաքին հումքից, շուկաների մեծ մասը գտնվում է դրսում, իսկ քաղաքականապես Եվրոպան դարձել է Միացյալ Նահանգների կցորդը։

Մարդկության մի զգալի հատված այս ամենի հետեւանքով կորցնում է Եվրոպային նմանակելու, նրա մի մասը դառնալու իր երազանքը։ Եվրոպական բարգավաճման ու կայունության նախագիծը, կարծես թե, սկսում է սնանկանալ՝ շատերից խլելով զարգացման կողմնացույցը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: