Կիրակի, Մայիսի 29, 2022

Խմբագրական

«Խաղի կանոնների» բացակայությունը քաղաքական ու հանրային դաշտում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Բոլորն են հասկանում, որ ներկայիս իշխանությունը, տապալելով այն ամենը, ինչը հնարավոր է, և ինչն անգամ անհնարին է, սպառնում է պետականության գոյությանը, ու մարդիկ, ըստ պարզ տրամաբանության, պետք է միավորվեին իրավիճակը փոխելու համար, սակայն դա տեղի չի ունենում։ Կա կարծիք, որ նման փորձերի կազմակերպիչները չեն կարողանում ճիշտ և հստակ ձևակերպել իրենց նպատակները։ Այս կարծիքի հետ միանշանակորեն պետք է համաձայնել, սակայն արդյո՞ք դա է հիմնական պատճառը, որ հանրային մոբիլիզացիա տեղի չի ունենում, թե՞ պատճառն ավելի խորքային է։

Վերջին երեսուն տարիների ընթացքում՝ անկախությունից ի վեր, Հայաստանում կա փոխվստահության խնդիր։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ որքան երկիրը կայացած ու բարգավաճ է, այնքան բարձր է մարդկանց փոխվստահության աստիճանը և հակառակը։ Կարելի է նաև այլ կերպ մեկնաբանել. որքանով բարձր է փոխվստահության աստիճանը, այնքանով բարձրանում է երկրի բարեկեցությունը, կայանում են ինստիտուտները։

Ցանկացած շարժման կամ առհասարակ ցանկացած կազմակերպված գործունեության համար մարդիկ պետք է միմյանց վստահեն։ Փոխվստահությունը բխում է պայմանավորվածությունների ու սկզբունքների պահպանությունից, որի շնորհիվ է միմիայն կարելի հասնել առաջադրված նպատակներին։

Հրապարակում հայտնված մարդիկ, որպեսզի կարողանան համախմբել մյուսներին, նախ պետք է կարողանան ապահովել կազմակերպման կանոնները՝ որոշումներն ընդունելու թափանցիկ մեխանիզմները, այսինքն՝ ունենալ կառուցվածք, սկզբունքներ ու կանոններ, որոնք տեսանելի ու ընդունելի են բոլոր նրանց համար, ում հրավիրում են միանալու իրենց ։

Հայաստանի հիմնական խնդիրը փոխվստահության ու կազմակերպման ձևի բացակայությունն է։ Դրանց բացակայության պատճառով հեղինակազրկված են կուսակցությունները, տարաբնույթ կազմակերպությունները, պետական հիմնարկները։

Նույնը կարելի է ասել բիզնեսի մասին. ոլորտը տարբեր է, բայց էությունը նույնն է։ Պատահական չէ, որ Հայաստանում չի ստացվում ստեղծել ակցիոներական ընկերություններ, որովհետև չկան որոշումների կայացման թափանցիկ կանոններ, չկա փոխվստահություն, արդյունքում ցանկացած մասնակցային ոլորտ հանգեցնում է կոնֆլիկտների ու փոխադարձ անվստահության։ Կուսակցությունները, հանրային շարժումները, նույնիսկ խորհրդարանն իրականում հենց ակցիոներական կազմակերպություններ են։

Որպես եզրակացություն՝ ամրագրենք, որ հաջողված քաղաքական ու հանրային շարժումների կայացման համար առաջնային խնդիր է կայացնել կազմակերպման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բարձրացնել փոխվստահության աստիճանը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: