Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Խմբագրական

Սյունյաց սեպը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքում տեղ է գտել վիճահարույց մի հատված, ըստ որի՝ XIX դարասկզբին Ռուսաստանը բռնակցել էր Արեւելյան Հայաստանը: Մեծ աղմուկ էր բարձրացել, եւ Ռուսաստանն իր արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով դիմել էր պաշտոնական Երեւանին՝ կոչ անելով չհրապարակել նմանատիպ ապատեղեկատվություններ ու չխեղաթյուրել պատմությունը: ՀՀ-ից, կարծես թե, խոստացել էին վերանայել դասագիրքը եւ շտկել խնդրո առարկա ձեւակերպումը:

Ուսումնական ձեռնարկներում շարադրվող պատմական նյութերն ու անցքերը կարեւոր ազդակներ են. դրանք հիմնականում փոխանցում են անցյալի մասին տվյալ պետության պաշտոնական գնահատանքը եւ ծրագրավորում քաղաքացիների պատկերացումները, ձեւավորում աճող սերնդի ազգային ինքնության կոդերը: Այս առումով խիստ անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել երկու դար առաջ եւ ինչպիսի հետեւանքների է հանգեցրել տեղի ունեցածը:

Հայտնի է, որ մեր օրերի Հայաստանը ստեղծվել է 1828 թվականին՝ ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներում Ռուսաստանի տարած հաղթանակների արդյունքում: Հայերի համար դա ծանր ժամանակաշրջան էր: Նրանք, ըստ էության, ստիպված էին՝ իբրեւ քաղաքական ազգ, լքել պատմության թատերաբեմը եւ տարբեր երկրներում գոյություն պահպանել փոքրաթիվ, աստիճանաբար ուծացվող էթնիկ խմբի կարգավիճակով: Սակայն ճակատագիրը բարեհաճ գտնվեց եւ նոր հնարավորություն տվեց հայերին՝ որպես քաղաքական միավոր, կրկին վերադառնալ պատմության թատերաբեմ:

Ի՞նչ խնդիր էր լուծում այն ժամանակվա Ռուսաստանը: Երկիրը պետք է դուրս գար Սեւ ծով, ինչը չէր ստացվի, եթե չգրավեր Հյուսիսային ու Հարավային Կովկասը՝ այդկերպ ապահովելով սեւծովյան տարածքների անվտանգությունը: Այդ տարածքները՝ Ղրիմը, Հարավային Ուկրաինան, Մոլդովան, Ազովի ծովը եւ Հյուսիսային Կովկասը Ռուսաստանը գրավել էր օսմանյան Թուրքիայից, իսկ Հարավային Կովկասը՝ նույն օսմանցիներից ու Պարսկաստանից:

Այս գործընթացը տեւել է տասնյակ տարիներ՝ հարյուր հազարավոր զոհերի գնով եւ միլիոնավոր մարդկանց տեղահանությամբ: Ճակատի մյուս կողմում օսմանցիներն ու բրիտանացիներն էին: Ռուսաստանի վարած քաղաքականության նպատակն այն էր, որ օսմանցիների եւ Կովկասի թաթարների միջեւ սեպ հաստատվեր՝ հանձինս հայերի ու վրացիների: Կազմակերպում էին անգամ էթնոսների տեղահանություն՝ իրենց ցանկալի էթնոխճանկարը ստանալու համար: Այդ քաղաքականության շնորհիվ հետագայում վերականգնվեց Հայաստանի պետական սուբյեկտայնությունը եւ փրկվեց Վրաստանի պետականությունը:

Առհասարակ՝ փոքր պետությունները ստեղծվում են որոշակի աշխարհաքաղաքական դերակատարության համար՝ որպես թափարգել կամ փոխզիջում մեծ երկրների միջեւ: Այդ դերի կորուստը երբեմն կարող է հանգեցնել տվյալ երկրի պետականության կորստին: Այսպիսով՝ Հայաստանը գոյության շանս է ստացել, որովհետեւ Ռուսաստանին պետք էր թյուրքական ազգաբնակչության արանքում «սեպ խրել», եւ դա արեց հայերի ու վրացիների միջոցով, որոնք ազդեցության գործակալներ էին Թուրքիայի ու Բրիտանիայի համար: Ի դեպ՝ վերջինս այդ ժամանակ համաշխարհային թիվ մեկ գերիշխանն էր:

Հայաստան պետության գոյության իմաստն այժմ եւս այդ սեպի դերակատարությունն է, ինչը ոմանց խանգարում է, իսկ ոմանց համար Հայաստանը դարձնում է հրապուրիչ: Ընդ որում՝ սեպի դերակատարությունը Սյունիքին է վերապահված, որի համար հիմա պայքար է գնում: Առանց Սյունիքի Հայաստանն ուղղակի տարածք է՝ զուրկ աշխարհաքաղաքական հետաքրքրությունից: Սյունիքի համար պայքարը մեծագույն աշխարհաքաղաքական մրցակցություն է, որը, ամենայն հավանականությամբ, երկար է տեւելու, եւ որին մենք պետք է պատրաստվենք: Սյունիքի հանդեպ եղած դիրքորոշմամբ է որոշվելու, թե ով է Հայաստանի բարեկամը եւ ով՝ թշնամին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: