Հինգշաբթի, Փետրվարի 21, 2019

Կենտրոնը մամուլում

Կարող է այդ մարդիկ կոմպետենտ չեն, թող նստեն՝ սովորեն․ Մանվել Սարգսյան (Factor.am)

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ:

– Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի պատգամավորական մանդատները բավարար են, որ այդ քաղաքական ուժը միայնակ կառավարություն ձևավորի: Եվ արդեն իսկ քննադատություններ են հնչում, որ երկրում ձևավորվել է միաբևեռ քաղաքական համակարգ: Պարոն Սարգսյան, Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

– Իհարկե, եթե մի ուժ մեծամասնություն ունի, և հավատ չկա, որ մյուս ուժերն իսկապես ընդդիմադիր են, բնական է՝ նման խոսակցությունները շատանում են: Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե ինչ որակի է վերածվելու այս պառլամենտը: Ոչ ոք չի կարող դա ասել, որովհետև մենք ուղղակի, եթե նույնիսկ ունեցել ենք, մի նախադեպ ենք ունեցել՝ 1990 թվականի ընտրությունները, որտեղ նույնպես, ինչպես հիմա, հեղափոխական ալիքի վրա ձևավորվել է մի ուժ՝ ՀՀՇ-ն: Հիմա էլ նմանատիպ վիճակ է: Եվ, բնական է, ունենալով 90-ական թվականների բացասական փորձը, շատերը մտածում են, որ այսօրվա իշխող ուժը նույնպես վերածվի ոչ այնքան ճիշտ կառավարության:

– Ասում են՝ վտանգ է սպառնալու ժողովրդավարությանը:

– Դա բնական է, վտանգ է սպառնում, որովհետև եթե կարող, էֆեկտիվ աշխատող ուժ չի ստեղծվում, դրանից ինչ-որ ուրիշ բաներ են ստեղծվում: Կարելի է նայել այս 27-30 տարվա մեջ և տեսնել, թե ոնց է այլասերվում մի ուժ, եթե ի վիճակի չէ իրեն ճիշտ դրսևորել: Իհարկե՝ ժամանակներն ուրիշ են, հետխորհրդային հանրությունն ուրիշ էր: Հիմա նոր վիճակ է, դրա համար էլ աննախադեպ է: Ի վերջո՝ բոլորը սպասում են, որ այդ ուժն իրեն ճիշտ կդրսևորի և կստեղծվեն նոր ընդդիմադիր, ընդհանրապես՝ նոր ուժեր: Բայց այդ ուժերը հենց այնպես չեն ստեղծվում, առաջինը պետք է հանրային պահանջ լինի, հանրությունը պետք է ընկալի նոր ուժերին:

– ՀՀԿ-ն հայտարարել է, որ այս ընտրություններն իրենց ձևով էին ժողովրդավարական, ոչ թե բովանդակությամբ: Դուք կիսո՞ւմ եք այս գնահատականը:

– Որտեղի՞ց բովանդակություն: Սև-սպիտակ գիծն առաջարկված էր ամիսներ առաջ, հետո իրենք մեծ հաճույքով վերցրեցին, ավելի հզորացրեցին այդ սև-սպիտակը, վերցրեցին շանտաժի դրոշը… Ես հետևում էի, հանրապետականները սարսափեցնում էին հանրությանը, որ հանկարծ եթե իրենք դուրս մնան քաղաքականությունից, այս երկիրը քանդվելու է: Միայն դրանից էին խոսում գիշեր-ցերեկ: Բայց ուրիշ ինչի՞ց խոսեին: Ընդհանրապես, որևէ հին համակարգի ներկայացուցիչները, երբ արդեն վտանգ են զգում, որ պետք է հեռանան, ձեռքի միակ դրոշը շանտաժն է:

– Արցախի թեման այս քարոզարշավի ընթացքում շատ շահարկվեց: Ինչ եք կարծում, արդյո՞ք կարելի էր Արցախի թեման օգտագործել՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

– Մենք 30 տարի միայն դա ենք տեսնում: Ինչո՞ւ է դա այդքան օգտագործվել, որովհետև այդ շանտաժի դրոշի համար լավագույն թեման պատերազմն է, Արցախն է: Դրանից լավ ի՞նչ պետք է լինի, որ մարդկանց սարսափեցնես, որ հեսա վաղը չէ, մյուս օրը փլուզվում է, քանդվում է, կոտորվում է…

– Այդուհանդերձ, Արցախի թեման շատ կարևոր է մեզ համար: Առաջիկայում բանակցային գործընթացում բեկման հնարավորություն տեսնո՞ւմ եք: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս պետք է առաջ գնանք:

– Մինչև հիմա որևէ բան չի եղել, ինձ համար ընդհանրապես պարզ չի՝ այս նոր իշխանություններն ի՞նչ դիրքորոշում ունեն: Կարևոր բաներ հայտարարվել են ամիսներ առաջ, բոլորս ծանոթ ենք, բայց ո՞րն է կուրսը, ա՛յ, այդ մասին ոչ ոք չի հայտարարել, ոչ մի բան չի երևում՝ ինչի՞ համար են այդ բանակցությունները, ընդհանրապես կան, թե՞ չկան այդ բանակցությունները: Դրա համար պետք է լրատվամիջոցները պարտադրեն նոր եկած մարդկանց, որ պարզ, հստակ ներկայացնեն՝ որն է խնդիրը, ինչ վիճակում է և ոնց են տեսնում լուծումները:

– Վարչապետի պաշտոնակատարն այդ թեմայով խոսելիս բազմիցս ասել է, որ առաջինը պետք է Հայաստանին չտրվի այդ հարցը՝ պատրա՞ստ եք տարածքային զիջումների, թե՞ ոչ, երբ Ադրբեջանը կպատասխանի այդ հարցին, նաև մենք կպատասխանենք: Սա ի՞նչ է նշանակում:

– Տեսեք, երբ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ խոսելու է ՀՀ-ի անունից, իսկ Լեռնային Ղարաբաղի անունից խոսելու է ԼՂ-ի ղեկավարությունը, դա դիրքորոշում է, որից հետո անմիջապես հարց է ծագում. բայց ի՞նչ թեմաներով եք խոսելու ՀՀ-ի կողմից, իրավասության շրջանակները որո՞նք են: Այդ մասին ոչ ոք չի խոսում: Երբ ասվում է, որ այդ տարածքը ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված է, պետք է պարզ ու հստակ ասել, որ այն ամենը, ինչ վերաբերում է այդ Սահմանադրությանը, մենք չենք քննարկելու, մենք քննարկելու ենք այն, ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը: Նման բաներ երբ չկան, ստեղծվում է մի անորոշ վիճակ, որտեղ հնարավոր են այդ շանտաժները:

– Նիկոլ Փաշինյանն Արցախի թեմայով մեկ այլ բանաձև էր առաջարկում. ասում էր՝ եթե կառաջարկվեն լուծումներ, որոնք ինձ համար ընդունելի կլինեն, կներկայացնեմ հանրությանը, և հանրությունը կորոշի:

– Իսկ մեխանիզմն ո՞ւմ է հետաքրքրում: Դա ոչ մեկին չի հետաքրքրում: Հետաքրքրում է ձեր դիրքորոշումը, ձեր պատկերացումը և այն, թե ինչ եք դուք անում: Եթե դա չկա, մնացածը ոչ ոքի չի հետաքրքրում: Բայց ոչ մի բան չկա դեռ: Դրա համար ցանկացած հանդիպում էլ լինի, էլի լավաշներով հորինելու են: Ես չգիտեմ, կարող է՝ այդ մարդիկ կոմպետենտ չեն, կարող է՝ գաղափար էլ չունեն խնդրից, թող նստեն՝ սովորեն: Բայց երբ հարց են տալիս, պետք է պարզ պատասխանել, այլ չասել՝ ժողովուրդը կորոշի: Լուրջ չի… 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան

https://factor.am/107505.html

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am