Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

26 հունվարի - 2 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հունվարի 28-ին Հայոց բանակը դարձավ 27 տարեկան։ 1992 թվականի այս օրը կառավարությունը պատմական որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», որով էլ իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծման մասին:

Բանակի օրվա առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ Անվտանգության խորհրդի անդամները, Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի ղեկավար կազմերը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին եւ ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։

Հունվարի 28-ը հայկական տոնացույցի ամենահիշարժան տարեթվերից է` Հայոց բանակի ծննդյան օրը: Այն ծնունդ է առել Արցախյան գոյամարտի կրակներում, թրծվել ու ամրացել` հաղթանակների եւ հպարտության բերկրանք պարգեւելով մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Սա տոն է, որը մեզ հետ է արդեն 27 տարի: Մեզ հետ է` իբրեւ կոչնակ եւ հիշեցում առ այն, որ պայքարը չի ավարտվել, եւ նոր հաղթանակները դեռ առջեւում են: Ասել է թե` Հայոց բանակն ամուր կանգնած է ժողովրդի պաշտպանության եւ անվտանգության երաշխավորի դիրքերում` պատրաստ հետայսու եւս հավատարմորեն ծառայելու ազգին ու ազգային գաղափարներին: Բանակաշինության գործում վճռորոշ դեր է խաղացել 1990 թվականի Անկախության հռչակագիրը, որով իրավական եւ գործնական նոր հեռանկարներ են բացվել բանակի առջեւ:

Այսուհանդերձ` չպետք է մոռանալ, որ բանակը կենդանի օրգանիզմ է, որն ունի բոլորիս ուշադրության, գուրգուրանքի եւ հոգածության կարիքը: Չի կարելի ամեն ինչ թողնել բանակի հույսին ու մի կողմ քաշվել` փոխանակ նրա կողքին կանգնելու, նրան սատարելու` ինչպես հարկն է: Կար ժամանակ` ոմանք իրենց զավակներին փախցնում էին հեռուներ` զորակոչից զերծ պահելու համար: Կամ, պարզապես, լքում էին Հայրենիքը, երբ վերջինս ամենաշատն էր զգում իր զավակների կարիքը: Փառք Աստծո, որ այժմ դա անցյալում է, եւ հիմա հակառակ միտումներն են նկատվում: Դա ուրախալի է. Զինված ուժերը լիարժեք կայացած չեն կարող համարվել` քանի դեռ բանակը չի դարձել հասարակության վստահության աղբյուր, իսկ բանակում ծառայելը` յուրաքանչյուր երիտասարդի պատվավոր պարտականություն:

Արցախի շուրջն այսօր ծավալվող իրադարձությունները, տարածաշրջանային զարգացումները հրամայաբար պահանջում են երբեք չթուլացնել բանակի նկատմամբ ուշադրությունը, ինչպես ասում են` «վառոդը չոր պահել»: Եթե ուզում ենք իրական բարեփոխումներ արմատավորել պաշտպանության համակարգում, պետք է սկսել մտածողության փոփոխությունից` շարքային զինվորից մինչեւ նախարար եւ գեներալ: Առանց դրա` չի կարող իրականացվել բանակի մարտունակության ու ներքին կարգապահության ամրապնդման, կոռուպցիայի ու մյուս հակոտնյա երեւույթների վերացման հետ կապված ոչ մի ծրագիր: Մեր հերոսական անցյալի դասը պետք է մշտական ուղեկիցը լինի հայոց սահմաններն անառիկ պահող զինվորի մտքի ու կամքի: Տեղին է այստեղ հիշատակել Արա Շիրազի իմաստուն պատվիրանը. «Ցանկանում եմ, որ հայ զինվորը երբեք չմոռանա, որ ինքը հերոսների զարմից է, զգա իր հազարամյա, փառահեղ պատմության ներկայությունն իր հոգում ու ինքն իրեն փառավորի ավուր սխրանքներով»:

 

Հունվարի 30-ին ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը վայրէջք կատարեց Քյոլնում: Այդտեղից էլ մեկնարկեց Հայաստանի ղեկավարի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիա: Հինգշաբթի առավոտյան Փաշինյանը ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում եւ պատասխանել բուհի դասախոսների, ուսանողների հարցերին: Վարչապետին ընդունել է Քյոլնի քաղաքապետը, իսկ օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի շուրջ 600 ներկայացուցիչների հետ: Այցի երկրորդ օրը Բեռլինում տեղի ունեցան պաշտոնական հանդիպումները. իր նստավայրում Հայաստանի վարչապետին ընդունեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երկու երկրների ղեկավարները ճաշի սեղանի շուրջ տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել մամուլի ասուլիսով: Գերմանիայում Փաշինյանին ուղեկցում էր կինը՝ Աննա Հակոբյանը, որը հանդիպումների առանձին օրակարգ ուներ: Պաշտոնական պատվիրակության կազմում էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Երկօրյա այցի արդյունքները Նիկոլ Փաշինյանն ամփոփել է տեղական հեղինակավոր լրատվամիջոցների հետ զրույցում:

…Բեռլինում Նիկոլ Փաշինյանի այցի առաջին օրը տնտեսական ուղղվածություն ուներ, երկրորդ օրը` պաշտոնական, որի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել Գերմանիայի նախագահի եւ խորհրդարանի՝ Բունդեսթագի խոսնակի հետ, ելույթով հանդես է եկել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում, որը նաեւ Հայաստանում է գործունեություն ծավալում: Արտասահմանյան գրեթե բոլոր այցերի ժամանակ Փաշինյանը կարեւորում է տվյալ երկրի գործարար խավերի հետ հանդիպումները կամ, այլ կերպ ասած, այցելության տնտեսական բաղադրիչը: Բացառություն չէր նաեւ բեռլինյան այցը: Գերմանացի գործարարների հետ վարչապետի բանակցությունների գլխավոր թեման տնտեսական ու ներդրումային հնարավորությունների արծարծումն էր եւ Հայաստանի տնտեսական զարգացման զինանոցում դրանց արդյունավետ օգտագործումը` փոխշահավետ հիմունքներով։

Հայաստանի ու Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունվարին: Հատկանշական է, որ այժմ Հայաստանում գործում են գերմանական կապիտալով ավելի քան 150 ընկերություններ: Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ Գերմանիան Հայաստանի առեւտրային երրորդ խոշորագույն գործընկեր-պետությունն է` Ռուսաստանից ու Չինաստանից հետո: Տարիներ շարունակ Գերմանիան Հայաստանի համար եղել է որպես դոնոր երկիր՝ աջակցել է մեր երկրի տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը, տնտեսական զարգացվածությանը եւ այլն: Հայ-գերմանական հարաբերությունների խորացմանը նոր լիցք ու որակ է հաղորդել անցած տարվա օգոստոսին կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան, որը գնահատվել էր որպես պատմական: Հայաստանյան «թավշյա» հեղափոխությունը դրական էր ընկալվել Գերմանիայում: Այդ երկրի կառավարությունը քանիցս պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը, որի հաջորդ հանգրվանը կլինի Գերմանիայի կողմից Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի վավերացումը եւ, իբրեւ դրա տրամաբանական ընթացք, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Մերկելի հրավերով Նիկոլ Փաշինյանի սույն աշխատանքային այցը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ թափ կհաղորդի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների ընդլայնմանը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Ռուսաստանն առաջարկում է ապաքրեականացնել «անխուսափելի» կաշառքը

The Independent-ը գրում է, որ «բացառիկ հանգամանքներում» կաշառք ստանալն ու կոռուպցիոն այլ գործարքները կարող են ապաքրեականացվել, հայտարարել է Ռուսաստանի արդարադատության նախարարությունը: Ինչպես արդեն հայտնի է դարձել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա հունիսին ստորագրած հակակոռուպցիոն ծրագրերում կոչ է արել օրենսդրորեն թույլատրել պաշտոնատար անձանց`« ֆորս մաժորային» կամ բացառիկ հանգամանքներում խուսափել կոռուպցիայի համար նախատեսված պատժից:

The Moscow Times-ը հաղորդում է, որ ՌԴ արդարադատության նախարարությունն այժմ օրենքներում փոփոխություններ է մտցնում՝ պաշտոնյաներին պատժից ազատելու համար, երբ կոռուպցիան համարվի անխուսափելի:

Ըստ NPR-ի, առաջարկվող օրինագծում նշվում է, որ պաշտոնյաներն ու հասարակական գործիչները կարող են ազատվել պատժից, եթե «օբյեկտիվ հանգամանքները» անհնարին են դարձնում հակակոռուպցիոն օրենքներին համապատասխան գործելը:

«Որոշ հանգամանքներում, սահմանափակումներին եւ արգելքներին համապատասխան գործելը ... շահերի բախումները կանխելու կամ լուծելու համար ... անհնար է օբյեկտիվ պատճառներով», - ասվում է օրինագծում:

Հարկ է հիշեցնել, որ Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում: Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ կոռուպցիայի ընկալման ամենամյա ցուցանիշով նա 180 երկրների շարքում այս տարի 138-րդ տեղում է:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: