Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Անցած շաբաթ օրը` հունվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս տվեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում։ Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն` լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ Փաշինյանը նախ ներկայացրեց բոլոր ոլորտներում Նոր Հայաստանի ձեռք բերած հաջողությունների մասին վկայող 100 փաստ: Լրագրողներին նախապես բաժանվել էր փաստերի այդ «հարյուրյակն» ամփոփող բրոշյուրը, որն աշխատանքային տարբերակն էր, իսկ ասուլիսից հետո տարածվեց վերջնական խմբագրված տարբերակը:
…Միանգամից նկատենք, որ ասուլիսից ասուլիս վարչապետի խոսքում, կարծես թե, ամրանում է այն համոզմունքը, թե հրապարակային իր մեկնաբանություններն ու մյուս ելույթները աներկբայորեն հասնում են մարդկանց մտքին ու սրտին, ընկալվում իբրեւ վերին ճշմարտություն, ինչպես 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին էր: Մինչդեռ այդ ժամանակներից շատ ջրեր են հոսել, շատ բան է փոխվել մարդկանց ներաշխարհում: Հետեւաբար` նման ինքնավստահությունը, որն ավելի ու ավելի նկատելի է դառնում, ոչ այլ ինչ է, քան խաբկանք. իրականում գնալով շատանում են հանրության, ինչպես նաեւ քաղաքագիտական-փորձագիտական շրջանակների բացասական արձագանքները: Կապանյան վերջին ասուլիսը դրա ցայտուն վկայությունն է: «100 փաստ»-ի շրջանակում Նիկոլ Փաշինյանի բերած բազմաթիվ անհիմն տվյալներ, հնչեցրած քաղաքական մի շարք հայտարարություններ ու աչառու գնահատականներ, լրագրողների անցանկալի հարցերի հանդեպ քամահրական վերաբերմունքի, ագրեսիվության, նրանց ձայնը խլացնելու դրսեւորումներ կոշտ հակադարձման են արժանացել մամուլում եւ սոցցանցերում:
Առանցքային թեման, որի շուրջ ասուլիսի օրը եւ հաջորդ օրերին լարվածությունը հասել էր կիզակետին, եւ որին էլ նվիրված են սույն դիտարկումները, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անձի ու գործունեության արծարծումներն էին բացասական լույսի ներքո: Չնայած այդ արծարծումները, խոշոր հաշվով, շատ այլ խնդիրներ եւս հանեցին ջրի երես: Բայց ամեն ինչի մասին` հերթով:
Եվ այսպես, Կապանում` անդրադառնալով «Ազատության» հարցին, թե համաձայն ՍԴ նախագահի պնդումների, իշխանությունները դեռ ամիսներ առաջ իրեն զգուշացրել էին, որ հրաժարական չտալու դեպքում կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում, Փաշինյանն ասել է. «Հեղափոխությունից հետո Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ եւ մերժվել, որովհետեւ ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»: Ըստ վարչապետի, Հրայր Թովմասյանն օկուպացրել է Սահմանադրական դատարանը»: Դժվար չէ նկատել, որ նախկին վարչակարգի հետ համագործակցելու հարցում Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անկեղծ չէր: Մի՞թե իր ասած «կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներ չեն, օրինակ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ բազմաթիվ ուրիշներ: Պետության առաջին դեմքը չպետք է անպատասխանատու հայտարարություններ անի: Սա՝ իմիջի այլոց: Հրայր Թովմասյանը հերքել է իր մասին վարչապետի պնդումները` որակելով «շինծու եւ իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ»: Ըստ նրա, երբեք իր պաշտոնավարման մասով որեւէ առաջարկություն չի ներկայացրել ո´չ Փաշինյանին, ո´չ էլ իշխանության մեկ այլ ներկայացուցչի: «Այս պահից սկսած ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որեւէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,- հայտարարել է Հրայր Թովմասյանը:
20 օր սպասելու հարկ չեղավ: Հենց նույն օրը` հունվարի 25-ին, տակավին Կապանում գտնվող վարչապետը ֆեյսբուքյան կապի միջոցով ազդարարեց. «Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»: Վե´րջ,- թեթեւացած շունչ քաշեցին վարչապետին սատարողները,- Թովմասյանի բանը բուրդ է: Պահո~, կորած ենք,- «անհամաչափ ուժեղ հակահարվածի» հեռանկարից խուճապահար` մտածեցին ՍԴ նախագահի կողմնակիցները: Եվ Նիկոլի «անհամաչափ» հակահարվածը` խոստացած ահասարսուռ փաստը, չուշացավ: Վարչապետը ՖԲ-ի իր էջում հրապարակել էր գրիչ պատկերող մի լուսանկար` հետեւյալ մակագրությամբ. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով: Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է: Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի, թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում: Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար»:
Այստեղ են ասել. «Լեռը երկնեց` մուկ ծնեց»: Այս իրավիճակը որքան զավեշտալի` նույնքան եւ ցավալի է: Վարչապետի ներկայացրած «առարկայական փաստը» ճիշտ հակառակն է ապացուցում` Թովմասյանին բնորոշելով բացառապես դրական լույսով: Անգամ խոշորացույցի տակ դժվար է այստեղ գտնել կեղծիքի, շողոքորթության որեւէ նշույլ: Նույնն են վկայում ԶԼՄ-ներում հրապարակված անդրադարձները, որոնցից պատառիկներ կներկայացնենք ստորեւ.
«Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» եւ մեզ խնդրել է պատրաստել հայցադիմումը»:
Ամրամ Մակինյան, Հ.Թովմասյանի փաստաբան
«Պայքարը ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ է, այլ` Նիկոլ Փաշինյանի եւ Սահմանադրության միջեւ. երկրի պետականությունը կվերանա այն պահին, երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ Նիկոլ Փաշինյանը վեր է Սահմանադրությունից»:
Դավիթ Հարությունյան, Արդարադատության նախկին նախարար
«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:
Արթուր Վանեցյան, ԱԱԾ նախկին տնօրեն
«Մարդ չգիտի՝ խնդա, թե լա. Համազգային թյուրիմացության մեջ ենք»:
Էդուարդ Շարմազանով, ԱԺ նախկին փոխխոսնակ
Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում, էլի… Չի լինում»:
Սամվել Ֆարմանյան, ԱԺ նախկին պատգամավոր
«Լավ, բա ամոթ չի՞։ Մեկը չկա՞ր Կապանում՝ համոզեր Փաշինյանին, որ նման անհարիր, ցածր, ամոթալի գրառում չկատարի»:
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
«Այս անձը Արցախյան բանակցություններ է վարում, երկիր ներկայացնում, մարդկանց ճակատագրերի հետ խաղում, Սահմանադրությամբ գլխավոր հրամանատար պիտի դառնա… Ապեր, դու ընդհանրապես էլ չես ձգում։ Կարո՞ղ է լավով գնաս։ Խոստանում եմ, մի հիշվող գրիչ էլ ես քեզ նվեր տամ»։
Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ
«Ստյոպա Սաֆարյանը պնդում էր, որ գրիչն արժե 530 եվրո: Եթե նվերի արժեքը գերազանցում է 75 հազար դրամը, ապա, ըստ ՀՀ օրենսդրության, վարչապետը պարտավոր էր այն հանձնել պետությանը, եւ եթե չի հանձնել, ապա յուրացրել է: Եթե Ստյոպան ճիշտ է ասում, ապա Նիկոլը հանցագործություն է արել, եթե սուտ է ասում, ապա ինքն է կեղծ մատնություն արել: Տղե՛րք, դուք որոշեք՝ ձեզնից ով է նստելու էս գրչի գործով»:
Աղասի Ենոքյան, քաղաքագետ
Վարչապետի ղափանյան ասուլիսից մի օգտակար բան, այնուամենայնիվ, մնաց` հայոց լեզվում նոր իմաստով շրջանառության մեջ մտավ «ճտիկով գրիչ» բառեզրը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այլ պաշտոնական անձինք` Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ, հունվարի 28-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Նույն օրը նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղություն եւ նոր հաղթանակներ։ «Հայկական բանակն այսօր ազգային միասնականության եւ համախմբման կենդանի մարմնացումն է: Այն մեր հպարտության ու ազգային արժանապատվության ամուր սյունն է, որի շուրջը ձեւավորվում եւ դաստիարակվում է գիտակից ու հայրենասեր քաղաքացին»,- մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 29-30-ը Ժնեւում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ վերջիններիս միջնորդությամբ ու մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Քննարկվել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նախորդ անգամ հանդիպել էին Բրատիսլավայում` 2019-ի դեկտեմբերի 5-ին: Մնացականյանը եւ Մամեդյարովը քննարկել էին հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը:
Հունվարի 28-ին Ոստիկանության 6-րդ վարչությունը` բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին եւ «Ադեկվատ» միաբանության 4 անդամների` ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Մի քանի ժամ ոստիկանությունում պահելուց հետո բերման ենթարկվածներին ազատ են արձակել: Ավելի ուշ նույն եղանակով՝ կոպտորեն գետնին պառկեցնելով, ձեռնաշղթաներ հագցրած, բերման ենթարկվեց նաեւ քաղաքական մեկ այլ ակտիվիստ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, որին եւս քիչ անց ազատ արձակեցին:
Ընդդիմադիր գործիչները տեղի ունեցածը բնորոշել են որպես այլակարծության նկատմամբ հատուկ հրահանգով կատարված բռնաճնշում: Դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը: