Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

11-18 մարտի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցնող շաբաթվա ընթացքում քաղաքական եւ հանրային հարթակներում քննարկման հիմնական նյութը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ մարտի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսի շուրջ էր: Նախապես նշվել էր, որ այս անգամ ԶԼՄ-ների ավելի մեծ ներկայություն է լինելու, քան նախորդ ասուլիսին, որը տեղի էր ունեցել երկու ամիս առաջ՝ հունվարին: Եթե փորձենք երկու խոսքով բնորոշել լրագրողների հետ Փաշինյանի ընթացիկ հանդիպումը՝ պիտի նկատել, որ այն առանձնապես չէր տարբերվում նախորդներից՝ նույն անդեմ, անբովանդակ գորշություն էր, նույն ստերն ու մանիպուլյացիաները, որոնք շատ օգտագործվելուց արդեն հալումաշ են եղել:

Հարցերի գունապնակը բավական լայն էր եւ ներառում էր ժամանակի ամենահրատապ օրակարգը՝ անվտանգություն, տարածաշրջանային զարգացումներ, հայ-ադրբեջանական հարաբերություններ, Արցախ, ներքին ու արտաքին մարտահրավերներ, կոռուպցիա եւ այլն: Կդիտարկենք ասուլիսի ամենաուշագրավ դրվագները: Դրանցից են, օրինակ, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի եւ, ընդհանրապես, անվտանգային համակարգի վերաբերյալ Փաշինյանի դատողությունները, որոնցում երկրի ապագայի հանդեպ հույսի որեւէ նշույլ չի առկայծում, փոխարենը լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Ըստ նրա, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխադարձ ընդունելի նախագիծ չի հաջողվում պատրաստել՝ վերջինիս առավելապաշտական նկրտումների պատճառով:

Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը, բանախոսի փոխանցմամբ, փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, ընդ որում՝ ունենալով նաեւ ՀՀ-ի ստորագրությունը: «Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ անգամ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը կարմիր գիծ է մեզ համար, քանի որ մենք այսօր ունենք ստորագրված փաստաթուղթ, որը չի կատարվում»,- գանգատվում է Փաշինյանը՝ նկատի ունենալով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի համաձայն՝ Բերձորի միջանցքը պետք է փակ չլիներ, սակայն փակ է: Նա Հայաստանի դեմ նոր լայնածավալ պատերազմի վտանգ է տեսնում:

Բանախոսը համարում է, որ ամեն փաստաթուղթ պետք է ունենա իրականացման միջազգային երաշխիք: Չեմ վիճում, գուցեեւ ասածի մեջ իմաստ կա, բայց ուժեղ գործիչը ոչ թե պետք է թղթեր կամ երաշխիքներ պատրաստի հարկ եղած դեպքում դրանց հետեւում «թաքնվելու» համար, այլ դիվանագիտական արվեստ սովորի եւ կարողանա բանակցային սեղանի շուրջ պաշտպանել իր պետության շահերը: Բերձորի միջանցքը փակ չէր լինի, եթե գլխավոր բանակցողը համարձակություն ունենար իր վերահսկողության տակ պահեր հայերով բնակեցված Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը, ինչի հնարավորությունն ուներ: Կամ գոնե Պրահայում չստորագրեր այն չարաբաստիկ համաձայնագիրը, որով Արցախը, ըստ էության, մնում է Ադրբեջանի կազմում:

44-օրյա պատերազմի պարտության հանգամանքների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնում, որ պատերազմը տանուլ է տրվել, որովհետեւ բանակում «5-րդ շարասյուն» է գործել: Նրա տվյալներով՝ այս պահին ՀՀ զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ՝ այդ թվում բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են պետական դավաճանության եւ թշնամու օգտին լրտեսության մեջ: «Հիմա հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ ունենք կալանքի տակ: Կա նաեւ, որ մեղադրվում է Շուշիի գործով»,- հավելել է նա՝ չհստակեցնելով իր պնդումները:

Ընդհանրապես՝ Փաշինյանը երբեք ոչ մի սուր հարցի հստակ պատասխան չի տալիս, միշտ նախընտրում է խոսել «կտրտված» նախադասություններով, հարցի շուրջ անկապ դատողություններ անել եւ, ինչպես ասում են, հարցը «ջրել»: Այս ասուլիսում նա հարցերի «ոռոգման» եւ մանիպուլյատիվ հնարքների օգտագործման յուրահատուկ ռեկորդներ սահմանեց: Օրինակ՝ խոսելով անտեսանելի, անհասցե «5-րդ շարասյան» մասին, չմանրամասնեց, թե, ի վերջո, ում մասին է խոսքը, ով է այդ խորհրդավոր «Շարասյունը», որը մեզ տարավ խայտառակ պարտության եւ որը պիտի պատասխան տա իր հանցավոր արարքների համար:

Փաշինյանի «լոլոներից» ժողովուրդը մինչեւ կոկորդը կուշտ է: Նա արդեն պատերազմի որերորդ մեղավորին է մատուցում հանրությանը՝ առանց սեփական անձին դիպչելու: Նախ՝ մեղավոր էին նախկինները, հետո՝ բանակի գեներալները, այնուհետեւ ընդդիմադիրներից Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը եւ այլք, հիմա էլ, պարզվում է, մեղավոր է անուն-ազգանուն չունեցող, անհայտ ծագման ինչ-որ «5-րդ շարասյուն»: Չլինի՞ այդ անվան տակ հենց իրեն նկատի ունի… ուրեմն թող հստակ ասի, որպեսզի ժողովուրդն էլ իմանա՝ ինչն ինչոց է, «հեքիաթների» ժամանակը սպառվել է, պետություն ենք կորցնում:

Անվտանգության թեմայի համատեքստում մի երկու բառով նա անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ-ին՝ նշելով, թե Հայաստանը չէ, որ դուրս է գալիս ռազմաքաղաքական այդ դաշինքից, այլ հակառակը՝ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից, ինչը «մեզ անհանգստացնում է»: Խոսքի շարունակության մեջ էլ ակնարկում է, որ Արցախի անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն են: Հիմա այստեղ ինչպե՞ս չդառնաս ու չասես՝ ա՛յ խելոք, եթե գիտակցում ես, որ լավ-վատ՝ Ռուսաստանն է Արցախի մատից մի փուշ հանողը, ինչո՞ւ ես այդ հզոր գերտերության դեմ պոզուպոչ խաղացնում, հակառուսական կապիկություններ անում՝ ի տես աշխարհի: Ո՞րն է տրամաբանությունը: Պատասխան, բնականաբար, չեմ ակնկալում:

Այժմ գանք եւս մեկ հետաքրքիր դրվագի եւ ավարտենք: Առաջ անցնելով՝ արձանագրենք, որ այս դրվագը բերում է ստույգ եզրահանգման, որ ՀՀ-ում կա համակարգային կոռուպցիա, եւ այն հովանավորողը Նիկոլ Փաշինյանն է:

Հարցը վերաբերում էր անցած տարվա ամռանը մայրաքաղաքի էլիտար շենքերից մեկում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ձեռք բերած թանկարժեք բնակարանին: Պապիկյանը Երեւանի կենտրոնում գնել է 165 քմ մակերեսով եւ այս պահին $412 հազար արժեցող բնակարան, որը, սակայն, Պնախարարը 6 ամիս առաջ ձեռք էր բերել $168 հազարով (69 մլն դրամ): Տարբերությունը դրամական արտահայտությամբ կազմում է 100 մլն դրամ: Լրագրողի հարցը հնչում էր մոտավորապես այսպես. ինչպե՞ս է հնարավոր ներկայում 412 հազար դոլար գնահատվող բնակարանը 6 ամիս առաջ 100 միլիոն դրամ պակաս արժեք ունենար, եւ արդյո՞ք Փաշինյանը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում այս գործարքի հետ կապված:

Վերջինս նախ՝ մի լավ անլրջացրեց այդ կարեւոր ահազանգը, ապաեւ՝ չզարմանաք, լրագրողին առաջարկեց բանկի միջոցով Պապիկյանից 69 մլն դրամով գնել խնդրո առարկա բնակարանը, վերավաճառել 169 մլն դրամով եւ արդյունքում ստանալ 100 մլն դրամ շահույթ: Հետո փորձեց «քար նետել» լրագրողների ու լրատվականների ղեկավարների բոստանը՝ ասելով. «Շատ լավ, եկեք դիտարկենք, օրինակ, լրատվամիջոցների ղեկավարներն ինչ տներ են առել։ Անցած տարվանից ուզում եմ մեր բնակարանը վաճառեմ, որ ես էլ փորձեմ օգտվել, եթե կարելի է, բայց դեռեւս չի հաջողվել»։ Խեղճացած է ձեւանում՝ չի կարողանում վաճառել բնակարանը: Ո՞վ կհավատա, որ մի ողջ երկիր ծախողը չի բաշարում խզբզված պատերով մի քոսոտ բնակարան վաճառել:

Իրավապահ մարմիններին, ասում է, հրահանգելու կարիք չկա (հանցագործության պարտակում), բայց եթե լրագրողներին պետք է, թող ստուգեն Պապիկյանի տվյալները։ Հարցը հնչեցրած լրագրողն ապշել էր, երեւի չէր պատկերացնում, որ երկրի ղեկավար կոչեցյալը կարող է այդաստիճան անտարբեր լինել բարձր կարգի պետական պաշտոնյայի ենթադրյալ կոռուպցիոն գործարքների նկատմամբ: Նա փորձեց նշված գործողությանն առնչվող եւս մեկ, ավելի խորքային շերտ բացել՝ պարզաբանելով, որ Պապիկյանի այդ շահավետ գործարքը կնքվել է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Ասենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» կառուցապատման ընկերության հետ:

Բանն այն է, որ «թավշյա» իշխանափոխությունից հետո Արսենյանի որդու նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ բանակից խուսափելու դեպքով, հետո էլ կարճվել էր պատճառաբանությամբ, թե զինվորական ծառայությունից ազատվելը եղել է օրինական։ Քրեական պատասխանատվությունից ազատված Արսենյանը նախորդ ընտրություններում գլխավորել է իշխող ՔՊ կուսակցության ընտրացուցակը եւ դարձել Ջերմուկի քաղաքապետ: Լրագրողները սպասում էին, որ հիմա Փաշինյանը «կհալվի»՝ կարծես թե կոռուպցիոն բուրգ է ստացվում: Բայց՝ զուր հույսեր: Փաշինյանը շատ հանդարտ արձագանքեց. «Բայց դա ի՞նչ է փոխում այս խոսակցության մեջ»։

Որոշ վերլուծաբանների դիտարկումներով՝ մարտի 14-ին Փաշինյանի չորսուկես ժամ տեւած մամուլի ասուլիսը ծայրից ծայր ապագա «հայկական նյուրնբերգյանում» տրվելիք ինքնախոստովանական ցուցմունք էր: Ըստ երեւույթին, գնահատականն այնքան էլ չափազանցված չէ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայկական կողմի նախաձեռնությամբ մարտի 13-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը. այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ այդմ՝ ԼՂ շուրջ ստեղծված իրադրության քննարկման ընթացքում Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական կերպով՝ ռուսաստանցի խաղաղապահների հետ սերտ գործակցությամբ լուծելու անհրաժեշտությունը։ «Քննարկվել են 2020-22 թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններում տեղ գտած համալիր պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտները»,- նշված է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ:

Երկօրյա այցով մարտի 16-7-ը Երեւանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը. այս տեղեկությունն «Ազատությանն» է փոխանցել ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ ՀԱՊԿ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Երեւանում, այդ թվում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Պնախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը մարտի 16-ին բավարարել է Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցը կիրառելու՝ դատախազի միջնորդությունը։ Խաչատուրովը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ «Ազատությանն» այս մասին  հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2016-2021 թթ. Երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալը մեղադրվում է փողերի լվացման համար:

Արցախի խորհրդարանը նախագահ ընտրելու իրավունք կստանա. մարտի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց փոփոխությունը, համաձայն որի՝ ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին։ Արցախի գործող Սահմանադրությամբ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, եւ նախագահի ու ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Մինչդեռ առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել խորհրդարանի լուծարումից, եւ օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել:

Ադրբեջանի կառավարությունը մարտի 16-ից սկսել է 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած Թալիշ գյուղի բնակեցման գործընթացը։ Այդ օրվանից գյուղում կհաստատվեն առաջին 20 ընտանիքները: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Թալիշի առաջին բնակիչների առանձնատներն արդեն պատրաստ են։ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը ադրբեջանական զինված ուժերը գրավել են 2020թ. հոկտեմբերի 3-ին։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր այդ գյուղում մեծածավալ շինաշխատանքների մեկնարկի մասին:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: