Երեքշաբթի, Հունիսի 28, 2022

Շաբաթվա անցուդարձ

14-21 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր: Կրեմլում նա մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը եւ, ըստ կազմակերպությունում գործող ռոտացիոն կարգի, ինքն էր վարում նիստը: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ նստաշրջանը համընկնում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակի հետ։ «Կազմակերպությունը շատ կարեւոր՝ կայունացնող դեր է խաղում հետխորհրդային տարածքում։ Հուսով եմ, որ այս առումով մեր պատասխանատվության գոտում իրավիճակի վրա նրա հնարավորություններն ու ազդեցությունը միայն կավելանան»,- ընդգծել է Պուտինը։ Երկրների ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ ձեւաչափում փոխգործակցության առանցքային հարցերը, ինչպես նաեւ ուշադրություն են դարձրել միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին, հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործմանը:

 

Մեկնաբանությունը

Կրեմլյան հանդիպման նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գագաթաժողովի հիմնական մասից դուրս Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի ղեկավարների հետ: Միջոցառման հիմնական մասից առաջ ՌԴ նախագահն արդեն հանդիպել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Դատելով Պեսկովի թվարկած ցանկից, կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետի հետ երկկողմ հանդիպում նախատեսված չի եղել:

Սա բավական արտառոց երեւույթ է միջազգային փոխհարաբերություններում՝ եթե չասենք ցուցադրական խտրականություն: Հայաստանում ոմանք նույնիսկ շտապեցին հեռուն գնացող եզրահանգումներ անել: Այդ առումով ուշագրավ է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի անդրադարձը. «Կամ Նիկոլն է «изгой» հռչակվել, կամ էլ նա որոշել է փոխել արտաքին վեկտորը։ Երկու դեպքում էլ Հայաստանը չի շահում։ Վաղվանից ավելի մեծ թափով պետք է պայքարել հակապետական կապիտուլյանտ ռեժիմի դեմ»,- գրել է ընդդիմադիր գործիչը:

Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պուտին-Փաշինյան հանդիպում, այնուամենայնիվ, կայացել է: Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության, այն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի խնդրանքով: Վերջինիս հասկանալ կարելի է՝ ներհայաստանյան այս լարված օրերին Փաշինյանի համար օդուջրի պես անհրաժեշտություն է ինչ-որ կերպ ցուց տալ, որ ինքը շարունակում է վայելել միջազգային հանրության աջակցությունը: Այս համատեքստում պետք է դիտարկել ոչ միայն ՌԴ նախագահի հետ հանդիպում խնդրելու նրա ջանադրությունը, ինչի մասին մանրամասներ են հաղորդել ռուսական էլեկտրոնային ԶԼՄ-ները, այլեւ օրեր առաջ նրա մեկնումը Նիդեռլանդներ, ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանի մայիսի 18-ի հայտարարությունը, թե իրենք «հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին եւ վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին»:

Գալով Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հավաքին, հարկ է նկատել, որ այն մաս էր կազմում աշխարհում եւ, հատկապես, հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գլոբալ իրադարձությունների օրակարգի՝ Ուկրաինական ճգնաժամ, ՆԱՏՕ-ի աշխուժացում, Արեւմուտք-Ռուսաստան դիմակայություն, Աֆղանական խնդիր եւ այլն, որոնք չէին կարող չարծարծվել գագաթաժողովի շրջանակում: Բայց սա չի նշանակում, որ անտեսված էին մնացել տեղային բնույթի մի շարք հիմնահարցեր, որոնք առկա են ՀԱՊԿ անդամ երկրներում՝ կապված Կազմակերպությունից ունեցած ակնկալիքների հետ:

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո ՀԱՊԿ-ի չափազանց զգուշավոր կեցվածքի շուրջ էր Նիկոլ Փաշինյանի ոչ պակաս զգուշավոր քննադատություն պարունակող ելույթը: Նա հիշեցրեց ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման մասին, ինչի առնչությամբ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ՝ գործարկելու համար կազմակերպության ձեռքի տակ եղած մեխանիզմները։ «Բայց, ցավոք, մենք չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանը եւ հայ ժողովուրդը»,- նշել է նա՝ չհստակեցնելով ամենակարեւորը՝ իսկ ի՞նչ էր սպասում ՀԱՊԿ-ից Հայաստանը եւ հայ ժողովուրդը:

Եվ, առհասարակ, ո՞րն է եղել ՀԱՊԿ-ի զլացումը, եթե Փաշինյանի կառավարությունը նրան դիմել էր ոչ թե «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքով, որով ռազմական աջակցություն է նախատեսվում կազմակերպության անդամ պետության վրա հարձակման կամ տարածքային ամբողջականության խախտման դեպքում, այլ նախընտրել էր 2-րդ հոդվածը, որն ընդամենը նախատեսում է համատեղ խորհրդատվություններ՝ համակարգելու դաշինքի անդամ երկրների դիրքորոշումները եւ որոշ միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար:

Պայմանագրի այս կարեւոր նրբության պահը Փաշինյանը կամ լղոզված է ներկայացնում, կամ ուղղակի թաքցնում է: Բայց, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի, ով-ով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քաջատեղյակ է այդ գործընթացներից, գիտի՝ ինչն ինչոց է: Իր ելույթում նա ՀԱՊԿ-ի նկատմամբ անվստահության խնդրի համատեքստում որոշ ակնարկներ հնչեցրեց, որոնցից, կարծես թե, բաժին էր հասնում նաեւ Փաշինյանին: «Ես մի հարցում կարող եմ վստահ լինել,- ընդգծեց Զասը,- մեր երկրների միջեւ ինչ-որ սեպ խրելու, ինչ-որ պառակտում մտցնելու բոլոր փորձերը ոչ մի տեղ չեն տանի: Մեր կազմակերպությունը կպահպանվի եւ կամրապնդվի»:

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ըստ երեւույթին, տեղում այլեւս «գնորդ» չգտնելով, որոշել է իր ստերն ու մանիպուլյացիաները «վաճառքի հանել» միջազգային հարթակներում: Բայց բանից պարզվում է, որ նրա ժամկետանց «ապրանքը» դրսերում եւս պահանջարկ չունի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մայիսի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նույն օրը Փաշինյանն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Այդ ձեւաչափով նախորդ եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել անցած ամիս՝ ապրիլի 6-ին Բրյուսելում:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ը աշխատանքային այցով Թուրինում էր (Իտալիա): ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Միրզոյանը մեկնել էր Թուրին՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին: Այցի շրջանակներում նախարարը նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ:

Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Նախատեսված էր նախագահներ Վահագն Խաչատուրյանի եւ Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակում Լիտվայի նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Լիտվայի նախագահը մայիսի 18-ին Բաքվում էր, որտեղ հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելով հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, այս էլ որերորդ անգամ, հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդագրությունը սահմանի արեւելյան հատվածում հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում՝ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը»,- ասված է ՀՀ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Հունիսի 27 2022
Հունիսի 17 2022
Հունիսի 13 2022
Մայիսի 29 2022
Մայիսի 22 2022
Մայիսի 15 2022

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: