Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Նախորդ շաբաթավերջյան ամենաաղմկոտ իրադարձությունը՝ իրանաիսրայելական ռազմական առճակատումը, ստիպեց առժամանակ հետաձգել ընթացիկ շաբաթվա համար նախատեսված բոլոր հրատապ թեմաները եւ ուշադրությունը սեւեռել իր վրա: Դիպվածը դուրս է սոսկ տարածաշրջանային կամ մերձավորարեւելյան նշանակության կաղապարից եւ ընգրկում է աշխարհաքաղաքական ավելի լայն հորիզոններ՝ սպառնալով վերածվել միջուկային բախումների թատերաբեմի: Այն Իրանի եւ Իսրայելի միջեւ տասնամյակներ շարունակվող հակամարտության ամենաթեժ ընդհարումն է, որը կարող է տարածվել հարեւան երկրներում ու իր հորձանուտների մեջ ներքաշել Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ին եւ այլ խոշոր տերությունների:
Թրամփի խոստովանությամբ՝ ինքը տեղյակ է եղել Թել-Ավիվի մտադրությանը, սակայն չի խառնվել: Այժմ, երբ գրվում են այս տողերը, արդեն հինգերորդ օրն է, ինչ Հայաստանի անմիջական հարեւանությամբ լայնածավալ պատերազմ է գնում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) եւ Իսրայելի միջեւ, ով հունիսի 13-ի գիշերն առաջինը սկսեց հրետակոծությունը՝ թիրախավորելով գլխավորապես երկրի միջուկային օբյեկտներին, ռազմական ղեկավարությանն ու միջուկաբան-գիտնականներին: Իրանի պատասխանը չուշացավ, եւ երկու կողմից էլ սաստկացան օդային գրոհները, եղան զոհեր, վիրավորներ ու սոսկալի ավերածություններ:
Կան վարկածներ, որ Թեհրանի դեմ Իսրայելի արձակած հրթիռների ելման կետը, այսպես ասած՝ պլացդարմը, Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքում է: Այս տեղեկությունը հաստատվելու դեպքում Իրանը Ադրբեջանին չի խնայի, խստագույնս կպատժի, ինչպես խոստացել է հարվածել բոլոր այն երկրներին, որոնք տարածք կտրամադրեն կամ որեւէ այլ կերպ կաջակցեն թշնամուն: Ջեյհուն Բայրամովն արդեն կանխավ ապահովագրել է Բաքվին՝ հայտարարելով, որ «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ»: Նախօրեին ԻԻՀ-ի դիրքորոշման շուրջ որոշ պարզաբանումներ էր տվել նաեւ այդ երկրի ԱԳ նախարարը:
Աբբաս Արաղչին, մասնավորապես, նշել է, որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել ու երաշխավորել միջուկային զենքի բացակայությունը: Նախարարը պնդել է, որ Թեհրանը միջուկային զենքի տարածումն արգելելու դիրքորոշման կողմնակից է: Ըստ նրա, ԻԻՀ-ն պատրաստ էր հաստատել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ինչն արձանագրվել է 2015 թվականի գործարքում: Արաղչին միաժամանակ ընդգծել է, որ «եթե պայմանագրի նպատակն Իրանին օրինական միջուկային իրավունքներից զրկելն է, ապա իր երկիրը պատրաստ չէ դրան»: Ամեն դեպքում փոխհրաձգությունները երկուստեք ծանր հետեւանքներ ունեցան եւ, գումարած դրան, տապալեցին միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերջին փուլը:
Փորձագետների դիտարկմամբ՝ իրանաիսրայելական սրացումները՝ կախված հետագա զարգացումներից, կարող են անկանխատեսելիորեն վնասաբեր լինել հարավկովկասյան երկրների՝ այդ թվում Հայաստանի համար: Մեր պարագայում հարցերի հարցը հետեւյալն է. որքանո՞վ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ազդել ստեղծված իրավիճակի վրա, կօգտագործե՞ն արդյոք Սյունիքի վրա հարձակվելու առիթը: ԵՊՀ դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը չի բացառում, որ վերոհիշյալ երկրները կփորձեն օգտվել առկա իրավիճակից, «սակայն այս պահին որեւէ սպառնալից խոսք կամ քայլ նրանց կողմից տեսանելի չէ»։ Ըստ նրա, որքան շուտ պատերազմը կանգնեցվի՝ մեր շահն է:
«Կարծում եմ,- ասում է միջազգայնագետը,- Միացյալ Նահանգները գաղտնի սաստել է Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն այս իրավիճակից չօգտվի՝ լինի կարճաժամկետ, թե երկարաժամկետ պատերազմի դեպքում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգների շրջանակի մեջ գտնվող երկիր է, ինքնագլուխ՝ առանց ԱՄՆ-ի ցուցումի չի կարող օգնել Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ագրեսիա նախաձեռնելու համար»։
Պատերազմի շարունակությունը, բնականաբար, կախված է նաեւ ԱՄՆ-ի կամքից ու հետագա դերակատարությունից. չմոռանանք, որ նախկինում բավական մեծ էր Միացյալ Նահանգների ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ, միաժամանակ, նրա կողմից Իրանին վերապահված՝ «տեղական ոստիկանի» դերը: Հիմա ժամանակներն ուրիշ են: Համո Սահյանը կասեր. «փոխվել են տերերն ու դերերը, բայց նույնն է երախը վիշապի…» Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ այլք այժմ Իսրայելի կողքին են, բայց չեն կարող Իրանի դեմ լիարժեք գործել, որովհետեւ Իրանի կողքին էլ պատրաստ են կանգնելու ՌԴ-ն, Չինաստանը, Պակիստանը, էլի այլ երկրներ, եւ այդժամ «վիշապի երախը» կբացվի աշխարհով մեկ:
Հայաստանին ու նրա նման փոքր պետություններին այլ բան չի մնա, քան աղոթել, որ իրանաիսրայելական հրդեհը հնարավորինս արագ մարի:
Մինչ արագ փոփոխվող աշխարհակարգի համատեքստում պետությունները զբաղված են արեւի տակ իրենց տեղի ու դերի ակտիվ փնտրտուքով կամ հարմար դիրքավորմամբ, Հայաստանի ոչուփուչ իշխանությունները սեփական կաշին փրկելու, աթոռներն անառիկ պահելու եւ հաջորդիվ վերարտադրվելու հոգսերի մեջ են: Այդ ճանապարհին նրանք կանգ չեն առնում ոչնչի, նույնիսկ պետականության կործանման իրական սպառնալիքի առջեւ: Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ անբարո, ճղճիմ եւ, բարեբախտաբար, ապարդյուն կռիվները հազիվ հանդարտված՝ հիմա էլ Փաշինյանն ու իր թիմը թիրախավորել են Հայ Եկեղեցուն եւ Վեհափառ Հայրապետին զորակցող կազմակերպություններին ու անձանց:
Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ հերթական թիրախը ռուսաստանաբնակ գործարար, բարեգործ, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է, որն այս օրերին՝ լինելով Երեւանում, առիթն օգտագործեց զորակցություն հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ջղերն այս անգամ էլ տեղի տվեցին, երբ նշանավոր գործարարը հայտարարեց, որ ինքը՝ որպես հավատացյալ հայ, պատրաստ է պաշտպանել ու բարոյապես աջակցել Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Վեհափառ Հայրապետին՝ ‹‹վերջին շրջանում իշխանությունների նախաձեռնած աննախադեպ վարկաբեկիչ արշավին արժանապատվորեն դիմագրավելու գործում››:
Գործարարն այդ օրն առավոտյան երեւանյան իր առանձնատան ընդարձակ բակում, որտեղ ծանոթ-բարեկամներ էին հավաքվել, լրագրողների խնդրանքով մեկնաբանեց ՀԱԵ-ի դեմ իշխանության արշավը՝ նշելով. «Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ՝ մոռանալով հայոց պատմությունը, հայ Եկեղեցու 17-դարյա պատմությունը, հարձակվել է Եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ ՀԱԵ-ի ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալով անմիջական մասնակցություն, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Հատկապես այս վերջին բառերն, ըստ երեւույթին, կպան Փաշինյանի հոգու նուրբ լարերին:
Շատ չանցած՝ սոցցանցում հետեւեց նրա կոշտ արձագանքը՝ 5 տարբերակով, եւ մեկը մյուսից անպարկեշտ. ‹‹Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Սա նրա 5 գրառումներից մեկն է, մյուս 4-ը եւս նույն ոգով են, նույն զզվելի բառամթերքով: Ի դեպ՝ այս օրինակը բերվեց՝ հատուկ հիասթափեցնելու բոլոր նրանց, ովքեր դեռ մտածում են, թե այդ անձը զղջացել է Եկեղեցուն ու հոգեւորականությանն ուղղված իր նախորդ անվայելուչ բառապաշարի համար: Իրականում ոչ մի զղջում, բառապաշարի ոչ մի փոփոխություն: Իզուր չէ ասված՝ ‹‹կարմիր կովը կաշին չի փոխի››:
Նույն օրը խոսքին հաջորդեց գործը՝ ‹‹գրոհ›› բարերարի տան վրա, խուզարկություն, բերման ենթարկված մի քանի տասնյակ անձինք, որոնք կանգնած զրուցում էին բակում՝ ենթադրաբար գործարարի բարեկամներն ու հարեւանները: Հաջորդ առավոտյան տեսնելով, որ ուզում են իրեն ձերբակալել ‹‹մասկի շոուի›› ցուցադրմամբ, Կարապետյանը ինքնակամ գնաց ոստիկանություն, որտեղ էլ կալանավորվեց: Նրան շինծու մեղադրանք ներկայացվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Իսկ ԱԱԾ ղեկավար Աբազյանն աշխատանքից ազատվեց Փաշինյանի ‹‹մասկի շոուի›› ծրագիրն իրագործելուց հրաժարվելու համար:
Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական հաշվեհարդար են՝ թաքնված իրավական ընթացակարգերի անվան տակ: Նրա առանձնատան խուզարկությունից ու նրա ձերբակալությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց միլիարդատիրոջ ընկերությանը պատկանող ‹‹Հայաստանի էլեկտրական ցանցեր›› (ՀԷՑ) ՓԲԸ-ն ազգայնացնելու մասին։ Ավելին՝ հրապարակավ խրախուսում խոստացավ ՀԷՑ-ի ու ‹‹Տաշիր գրուպ»-ի սեփականատիրոջ դեմ ցուցմունք տվող աշխատակիցներին՝ նշելով, թե ԱԺ օրակարգում արդեն ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենքի նախագիծ կա։ Սա այն դեպքն է, երբ իշխանությունը կորցնելու վախից մարդ կարող է զրկվել սթափ դատելու ունակությունից:
Մասնագետները միաբերան զգուշացնում են՝ նման ձեւով մասնավոր սեփականության պետականացումը, որի նախադեպը հազիվ թե աշխարհում գտնվի, բիզնեսի ‹‹հերն անիծելու››, այն երկրից անվերադարձ դուրս բերելու եւ ներդրումների մասին մեկընդմիշտ մոռանալու ամենաուղիղ ճանապարհն է: Բայց Փաշինյանի համար վաղուց արդեն ‹‹կարմիր գծեր›› գոյություն չունեն: Դեռ վաղ է եզրակացություններ անել, թե ինչ շահեր ու գաղտնիքներ են թաքնված այս աղմկահարույց կալանավորման տակ, բայց միանշանակ է, որ խոսքը սոսկ քաղաքական ու տնտեսական հետաքրքրությունների մասին չէ: Դրանք ավելի խորն են, որոնց դեռ առիթ կունենանք անդրադառնալու:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Սահմանամերձ Ագարակի ու Մեղրիի հյուրանոցներում այս օրերին ազատ համարներ գրեթե չկան։ Իրանի սահմանից այս կողմն անցնողները նաեւ հենց այս բնակավայրերում են գիշերում։ Սեփականատերերն ու աշխատակիցներն ասում են՝ հիմնականում Իրանից եկող երրորդ երկրների քաղաքացիների համար են համարներն ամրագրվում։ Ավելի վաղ հայ-իրանական սահմանին աշխատող հայ ծառայողներն «Ազատությանը» պատմել էին, որ մարդկանց շարժը մի քանի անգամ ակտիվացել է՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հրավերով հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա. ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ նախագահը՝ այցը որակելով պատմական: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրավերը եղել է երկկողմ ձեւաչափով: Թե ինչ է դա նշանակում՝ Սիմոնյանը չի հստակեցրել: Ավելի վաղ՝ հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Կառավարության առաջադրմամբ՝ Արտակ Զեյնալյանը հունիսի 19-ին ընտրվել է ՍԴ դատավոր: Ապրիլին դատավորի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Վահե Գրիգորյանը: Արտակ Զեյնալյանը միջազգային իրավունքի մասնագետ է, 2018-2019թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, դրանից առաջ ԱԺ պատգամավոր էր։ Նա նաեւ ՄԻԵԴ-ում ներկայացնում է գերիների շահերը: Ընդդիմությունն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել, որ Զեյնալյանը չի կարող լինել անկախ անդամ՝ մասնավորապես նրա քաղաքական գործունեությունը հաշվի առնելով: Զեյնալյանը Երեւանի ավագանու անդամ է «Հանրապետություն» խմբակցությունից:
Իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունը ԱԺ հունիսի 17-ի նիստում դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագծին, որով հնարավորություն է ընձեռվում գումարի դիմաց վաղաժամկետ ազատվել պարտադիր զինծառայությունից: 87 դեմ քվեարկողների մեջ նաեւ ինքը՝ Սարգսյանն էր: Նա իր այդ քայլը հիմնավորեց նրանով, որ վարչապետի հորդորով դեռ աշխատելու է նախագծի վրա։ Մինչ քվեարկությունը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու նախագծին: Ի դեպ, քվեարկությունից րոպեներ առաջ վարման կարգով իր խոսքում Սարգսյանը շարունակեց պնդել, թե պետք է գնալ վճռորոշ լուծումների, եւ որ հետաձգում չի լինելու։ Նա պնդում էր, որ օրինագիծը փողով բանակից ազատվելու դեմ պայքարելու միջոց է: