Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2024

Շաբաթվա անցուդարձ

22-29 հունիսի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հունիսի 22-ին Հանքավանում տեղի է ունեցել «Քաղպայմանագիր» կուսակցության 4-րդ քաղաքական ժողովը, որի օրակարգում «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ մարզերում ու Երեւանում կուսակցության մարմինների գործունեության մասին» հարցն էր: Զեկույցներով հանդես են եկել կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն ու վարչության անդամ Գնել Սանոսյանը եւ պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին: «Իրական Հայաստան» կոչված գաղափարախոսության տրամաբանության շրջանակում Փաշինյանն, ի մասնավորի, անդրադարձել է մարդկանց երջանիկ կյանքը, ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր դարձնելու հրամայականին:

Նրա պարզաբանմամբ՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունն այն է, երբ ժողովուրդն ասում է. «Լսեք, չենք ուզում այլեւս մաքառել, գոյատեւել, տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»: Եվ իր էլիտաներին ու կառավարող մեծամասնությանն ուղղված՝ ժողովրդի ուղերձը, ըստ Փաշինյանի, հետեւյալն է. «կարո՞ղ եք ստեղծել պայմաններ, որ պարզապես ապրենք»: Ինչ ասել կուզի՝ «պարզապես ապրել»-ը սնամեջ, մտացածին, հակագիտական, նույնիսկ՝ հակաբարոյական հայեցակարգ է: Եթե սրանով Փաշինյանն ուզում է յուրայիններին հասկացնել, որ Ալիեւի բոլոր ուզածները տալու եմ, որ հանգիստ ապրենք ու վայելենք իշխանական բարիքները՝ դա ուրիշ բան: Դա մենք տեսնում ենք, արդեն գիտենք:

Բայց անհասկանալի է ոչ միայն իրական եւ պատմական հայաստանների միջեւ քաշվող ջրբաժանը՝ անընդհատ հիշեցնելով, որ ինքն իրական Հայաստանի վարչապետն է, այլեւ «պարզապես ապրելու» իմաստը: Քանի՞ գրոշ արժե քո «պարզապես ապրելը», երբ ամեն աստծո օր թշնամին քեզ անարգում է, պատիվդ գետնով տալիս, երբեմնի ծաղկուն երկիրդ՝ բզկտում, ընտանիքդ դարձնում թրքահպատակ: «Պարզապես ապրել»-ը սպառողական հոգեբանություն է, մինչդեռ ապրելու իմաստը արարելն է, հայրենիքդ պաշտպանված եւ ապահով դարձնելը, սերունդներ կրթելն ու մեծացնելը, ազգային ավանդույթներդ աչքի լույսի պես պահել-պահպանելը: Ես հակառակը կասեի՝ «պարզապես ապրելուց» պատվով մեռնելն ավելի լավ է:

Ակնհայտ է, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից անիմաստ թեզերի տարածումը, մեր փառավոր անցյալի, պատմության, մշակութային ժառանգության, հոգեւոր մյուս արժեքների մերժումը ինքնանպատակ չէ: Այդպիսով՝ նա փորձում է արդարացնել իր հանձնողական քաղաքականությունը, կյանքի կոչել Ալիեւի հետ ձեռք բերված ստվերային պայմանավորվածությունները, որոնց արդյունքը անթաքույց Ադրբեջանին զիջված ու դեռ մաս-մաս զիջվելիք հայկական տարածքներն են Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում եւ այլուր: Այդ մասին Փաշինյանը, մամուլի որոշ հաղորդումների համաձայն, Հանքավանում բացեիբաց հայտնել է՝ տագնապ առաջացնելով անգամ յուրայինների շարքերում:

«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ սահմանազատման, տարածքային նոր զիջումների վերաբերյալ ժողովում հնչած հարցերին Փաշինյանը հստակ պատասխաններ չի տվել՝ կրկնելով, որ Ադրբեջանն ինչ ուզի, տալու է, որպեզի պատերազմ չսկսվի: «Չնայած ՔՊ-ականները չեն համարձակվել առճակատման գնալ, բայց ակնարկել են, որ չի կարելի ամեն ինչ զիջել, մանավանդ որ դա խաղաղության երաշխիք չէ, սակայն ժողովից հետո խմբերով ակտիվ քննարկել են, որ այս ամենից վատ հոտ է գալիս՝ եթե Տավուշը մարսեցինք, չի նշանակում, որ Տիգրանաշենը կամ Ջերմուկն էլ ենք մարսելու»,- գրում է պարբերականը: Փաշինյանն արդեն որերորդ անգամ ուղիղ ասում է, որ չգիտի՝ որտեղ ու երբ կավարտվեն Ադրբեջանի պահանջները:

«Քաղպայմանագրի» հավաքում Փաշինյանն անդրադարձել է նաեւ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ ընդգծելով, որ այն հերթական ձախողվածներից է, իսկ ձախողման պատճառը, նրա համոզմամբ, այն է, որ «իրական Հայաստանը՝ որպես գաղափարախոսություն, հաստատվում է հանրապետությունում եւ ընկալվում ժողովրդի կողմից»։ Մինչդեռ իրականում հիշյալ գաղափարախոսությունը ժողովուրդը չընդունեց, քանզի այն ՔՊ-ի առաջադրածն է, ում վարկանիշը աննախադեպ ցածր է: Վկան սոցիոլոգիական հարցումներն են եւ, մասնավորապես, Երեւանի ավագանու վերջին ընտրությունը՝ ՔՊ-ի ստացած 9% քվեներով:

 

Նախորդ շաբաթավերջին մամուլի եւ հանրության ուշադրության կենտրոնում ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչման մասին տեղեկատվությունն էր: Հայաստանի որոշումը Պաղեստինն ընդունեց շնորհակալությամբ, իսկ Իսրայելը՝ կոշտ քննադատությամբ: Գազայի հատվածում շարունակվող մարտական գործողությունների հենքին Երեւանն իր որոշման մասին հայտնեց հունիսի 21-ին՝ այսպիսով միանալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում:

Այնտեղ, ըստ ՀՀ ԱԳ նախարարության, աղետալի հումանիտար իրավիճակ է, իսկ շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից է: Արտաքին քաղաքական գերատեսչությունից նաեւ ընդգծում են, որ հայկական կողմը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, խաղաղ բնակչության դեմ բռնությունները, նրանց պատանդառումն ու գերեվարումը եւ միանում առանց նախապայմանների նրանց ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին:

Հիմա դառնանք մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ հարցնենք. տո՛, հեր օրհնածներ, մոտ մեկ տարի առաջ Արցախում հումանիտար իրավիճակը պակա՞ս աղետալի էր, թե՞ «քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում, խաղաղ բնակչության դեմ բռնություններ ու նրանց գերեվարումներ» չկային: Բա ինչո՞ւ այն ժամանակ ծպտուն չէիք հանում: Էրդողանը չէ՞ր հորդորում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՞ Ալիեւից էիք վախենում: Գուցե Ռուսաստա՞նն էր մեղավոր… Բա Ալեն Սիմոնյանն ասում է՝ մենք ինքնիշխան պետություն ենք, ինչպե՞ս հասկանալ: Անշուշտ, եղբայրական Պաղեստինի դեմ ոչինչ չունենք, խնդիրը դուք եք ձեր խտրական վերաբերմունքով:

Երբ բանն Արցախին էր վերաբերում, սարսափում էիք «ճանաչում» բառից: Հիմա Էրդողանն առաջինը ողջունեց Հայաստանի քայլը: Գոնե հասկացա՞ք, որ նա ձեր ձեռքով «շագանակներ է հանում կրակից»: Հասկացա՞ք, որ աշխարհաքաղաքական ներկա բարդ իրավիճակում անխոհեմություն էր ձեր ճանաչումը: Լավ, ո՞րն էր դրանից Հայաստանի շահը: Մեծ հաշվով՝ Հայաստանը ոչինչ չշահեց, բայց ձեռք բերեց եւս մեկ ազդեցիկ ու վտանգավոր թշնամի՝ ի դեմս Իսրայելի, որի կողմից արդեն «երկարաժամկետ լուրջ հետեւանքների» առումով սպառնալիք է հասցեագրվել պաշտոնական Երեւանին: Տեսնենք ա՛յս անգամ որն է լինելու ձեր անմտության գինը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվե Կլաարը ողջունել է հրադադարի խախտումների երկկողմ մեխանիզմ ստեղծելու՝ Հայաստանի առաջարկը: «Լարվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու՝ Հայաստանի առաջարկը ողջունելի է»,- հունիսի 23-ին X սոցիալական ցանցում գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը: Կլաարն ընդգծել է, որ Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով «15 տարի օգնել է նման հանդիպումներ կազմակերպել Վրաստանում եւ պատրաստ է կիսել իր փորձը»:

Ադրբեջանում ԼՂ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան: Այդ մասին հունիսի 24-ին, ըստ ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության, Ստեփանակերտում (հաղորդագրությունում՝ Խանքենդի) ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը: Նրա խոսքով՝ 15 անձի նկատմամբ հետաքննությունն արդեն ավարտվել է։ Ձերբակալվածների թվում են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ բարձրաստիճան նախկին զինվորականներ:

Հունիսի 24-ի վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ճանապարհը։ «Ազատության» հետ զրույցում նրանք ասացին, որ դեմ են գյուղի հողատարածքից 110 հա-ն հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացին: Նրանց խոսքով՝ Արագածի լանջին լեռնադահուկային հանգստավայր ու ֆերմաներ կառուցող «Ռիդ» ընկերությունն իրենց արոտավայրերի համար չնչին փոխհատուցում է առաջարկում՝ 1 քառ. մետրի համար 345 դրամ: Մինչդեռ, ըստ գյուղացիներից մեկի, անկախ գնահատմամբ, մեկ քառ. մետրն ավելի քան 3 հազար դրամ է։ Ավելի քան երկու ժամ ճանապարհը փակ պահելուց հետո վարդենուտցիներն այն բացեցին՝ վարչապետի հետ հանդիպման պայմանով:

Ներկայումս Ստեփանակերտում ավելի քան 3 հազար քաղաքացի է բնակվում՝ պետական կառույցների աշխատողներ ու բիզնեսով զբաղվող անձինք, APA-ի փոխանցմամբ, հայտարել է Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչիմ Յուսուբովը։ Նա նաեւ նշել է, որ Խանքենդիում (ադրբեջանցիները Ստեփանակերտն այդպես են կոչում) 43 հաստատություն է գործում, որտեղ ավելի քան 300 մարդ է աշխատում։ «Նախատեսվում է առաջիկայում եւս 37 օբյեկտի բացում, իսկ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո բնակիչների թվի ավելացում է ակնկալվում»,- ասել է Յուսուբովը։

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն անընդունելի են քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժեքների տեսանկյունից. հունիսի 26-ին այսպիսի հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ իր ուղերձում։ Մանսայանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների որդեգրած այդ քաղաքականությունը միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի:

Նոյեմբերի 30 2024
Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: