Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

28 սեպտեմբերի-5 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հոկտեմբերի 1-ին Երեւանում աշխատանքներն սկսեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նիստը շարունակվեց փակ դռների հետեւում: Մասնակցում էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցում էին նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը միշտ էլ նշանակալի իրադարձություն է ԵԱՏՄ անդամ երկրների համար: Այն լավ հնարավորություն է՝ ամփոփելու մի շարք կարեւոր ցուցանիշներով կատարված աշխատանքների արդյունքները, վերլուծելու նոր ռազմավարական մարտահրավերները, քննության առնելու եւ առաջարկելու համագործակցության ավելի արդյունավետ, բոլոր անդամ պետությունների համար ընդունելի ձեւեր: Կազմավորման 5 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն՝ չնայած հետխորհրդային տիրույթի ամենաքննադատված կառույցներից մեկը լինելուն, զգալի աշխատանք է կատարել Միության անդամ երկրների տնտեսությունների համաչափ զարգացումը խթանելու, եղած պաշարամիջոցները համատեղելու, արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու համար: Երեւանյան գագաթաժողովից առաջ «Вестник Экономики ЕАЭС» ամսագրին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը կարեւորել է հատկապես ԵԱՏՄ-ի շրջանակներում տնտեսական ֆորումների անցկացումը՝ արտերկրի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, գործարար միջավայրի, գիտական ու հասարակական կազմակերպությունների լայն մասնակցությամբ: Այդ առումով Երեւանում հոկտեմբերի 1-2-ն անցկացված միջոցառումը առաջինն էր թե՛ մասնակիցների թվով, թե՛ օրակարգի հագեցվածությամբ: «Այսպիսի ֆորումները կնպաստեն ակտիվ առեւտրատնտեսական եւ ինստիտուցիոնալ երկխոսության հաստատմանը՝ ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների ու միությունների հետ, ինչը Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ներուժի զարգացման կարեւոր գործոններից մեկն է»,- վերոհիշյալ իր հարցազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ լոկալ առումով մյուս կարեւոր, եթե չասենք՝ զգայուն, թեման ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ գազի մատակարարման եւ փոխադրման ոլորտում անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման վերաբերյալ որոշման ընդունումն է, որի արդյունքում Հայաստան մատակարարվող գազի գինը կարող է բարձրանալ: Մի խոսքով, երեւում է, տնտեսական բաղադրիչի կայունացման տեսակետից ԵԱՏՄ-ն տակավին փնտրտուքների մեջ է:

Գալով քաղաքական բաղադրիչին՝ նկատենք, որ գագաթաժողովից շատ առաջ հանրության շրջանում քննարկման նյութ էր դարձել ՌԴ նախագահի մասնակցության-չմասնակցության կեղծ օրակարգը: Որոշ շրջանակների կողմից արհեստականորեն լուրեր էին գեներացվում, թե իբր Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, ուստի վերջինս Երեւան չի այցելելու: Մինչդեռ փաստերը հակառակի մասին են վկայում: Ավելին` ռուսական մամուլը մեջբերում էր Պուտինի խոսքը, թե անհամբեր սպասում է Հայաստան ժամանելուն: «Ուզում եմ շուտ հասնել Հայաստան, տեսնել Փաշինյանին եւ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն այսուհետ մտնելու են նոր, էլ ավելի ծաղկուն փուլ»,- նշել է ՌԴ նախագահը: Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա` Հայաստանն աշխարհագրական իր շահեկան դիրքով նույնքան կարեւոր է Ռուսաստանի համար, որքան Ռուսաստանը՝ Հայաստանի: Եվ, բացի դրանից, Պուտինը շատ լավ է հասկանում, որ հանձին Փաշինյանի` գործ ունի հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը վայելող ղեկավարի հետ: Շատ արագ պայթեց նաեւ նույն շրջանակներից ասպարեզ նետված եւս մեկ «փուչիկ», թե Պուտինը, բացի ընդհանուր տեսակցությունից, Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չի ունենալու: Իրականում եղավ ոչ թե մեկ, այլ երկու այդպիսի հանդիպում:

Ահա այսպիսի բաներ: Դե, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը:

 

Անցած շաբաթավերջին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն անհայտ անձանց կողմից, որոնք ներկայացել էին իբրեւ լրագրողներ, ենթարկվել է հետապնդման ու ճնշումների։ Պատկերված նյութում մի երիտասարդ` տեսանկարահանելով դատավորին, անհարգալից արտահայտություններ էր թույլ տալիս նրա հասցեին, մասնավորապես հարցնում էր` «արդյո՞ք դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվին եք պատկանում»։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում երկու անձի` Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը»: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Գործը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է:

Հանրության շրջանում միջադեպը լայն արձագանք է գտել, որին անդրադաձել են իրավաբաններ, փաստաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, շարքային քաղաքացիներ եւ այլք։ Նրանց մի մասը դատապարտել է տեղի ունեցածը, մյուսն էլ` դատապարտելով հանդերձ, արդարացիորեն մեղադրել է իշխանություններին ու իրավապահ համակարգին, որոնք առաջնորդվում են երկակի չափանիշներով` մի դեպքում պաշտպանության տակ են առնում «յուրայիններին», մյուս դեպքում չտեսնելու տալիս իրենց համար անհաճո անձանց վերաբերմամբ կատարված ավելի ակնհայտ ոտնձգությունները: Վերջիններիս պարագայում խոսքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի, Ալվինա Գյուլումյանի, Դավիթ Բալայանի մասին է: Ինչ վերաբերում է Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքին, ապա այդ առնչությամբ հաղորդագրություններ են տարածել նաեւ իրավապահ մարմինները, Բարձրագույն դատական խորհուրդըՄարդու իրավունքների պաշտպանը եւ Արդարադատության նախարարը։ Ինչ ասել կուզի՝ եթե սրան էլ հավելենք հարուցված քրեական գործը, խտրական վերաբերմունքն իսկապես դառնում է ակնհայտ:

Մյուս կողմից էլ` հարկ է նկատել, որ վերջին միջադեպի հանդեպ հանրային մեծ արձագանքը պատահական չէ: Խոսքն այս դեպքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործը քննող դատավորին է վերաբերվում` մի հանգամանք, ինչով էլ պայմանավորված են համընդհանուր հետաքրքրությունն ու տիկին դատավորին զորավիգ կանգնելու անկեղծ մղումը: Աննա Դանիբեկյանը, ըստ մամուլի տեղեկության, համեստ ընտանիքից է, դատավոր է դարձել սեփական ուժերով ու գիտելիքներով, չունի որեւէ հովանավոր ո´չ ներկա, ո´չ նախկին իշխանությունում, այսինքն` միայնակ է բոլորի դեմհանդիման: Հետեւաբար` ամենաշատն ունի հանրության սատարման ու քաջալերանքի կարիքը: Մանավանդ որ, հակառակ կողմում «ամենակարող» Քոչարյանն է` աջակիցների բավական պատկառելի ու, թերեւս, շահադիտական նկրտումներ ունեցող իր թիմով: Հենց այդ թիմի երկու երիտասարդ «խաղացողներն» էին, որ սեպտեմբերի 27-ին ժամը 20:15-ի սահմաններում իրենց մի խումբ կողմնակիցներով որոշեցին հետապնդել երկրորդ նախագահի կալանքի վերացումը մերժած դատավորին` փորձելով անհարկի հարցերի միջոցով վիրավորել եւ նսեմացնել նրան, ենթարկել հոգեբանական ճնշման: Դատելով լրագրող ներկայացած անձի օգտագործած` «դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվի՞ն եք դասվում» բառապաշարից, կարելի է անսխալ գուշակել, թե որ կողմից է փչում քամին: Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա դատապաշտպանների միջնորդության մերժման վճիռ կայացրած Աննա Դանիբեկյանին ճիշտ նույն հարցապնդմամբ էր դիմել երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը դրանից մի քանի օր առաջ: Ըստ երեւույթին, Քոչարյանի թիմում հստակ դրվածք կա` երիտասարդները հանձնառու են գործնականապես շարունակել ու զարգացնել ավագների նախաձեռնությունները: Իսկ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտության հեղինակային իրավունքը, ինչպես հայտնի է, վարչապետինն է:

Ինչեւէ: Մեկնաբանությունն ավարտենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան հետեւյալ գրառումով. «Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները «երեսատեղ» չունեն քննադատելու կատարվածը` հենց նրանք են բացել Պանդորայի արկղը` դատարաններն արգելափակելով, դատավորներ Ազարյանի ու Գրիգորյանի նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումներով, դատավորներին «վնգստացողներ» անվանելով: Իմաստություն ունեցեք հնարավորինս մեղմել ձեր հասցրած վնասը»:

Դիպուկ է ասված եւ ամենակարեւորը` տեղին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Ռուսաստանյան հեղինակավոր` ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՏՄ ղեկավարները եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրել են ազատ առեւտրի գոտու համաձայնությունը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը` հավելելով, որ դա Վիետնամից հետո արդեն երկրորդ երկիրն է, որի հետ ԵԱՏՄ-ն համապատասխան փաստաթուղթ է ստորագրում:

Երեւանում հոկտեմբերի 1-ի երեկոյան կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքում հաղորդել է Հայաստանի վարչապետը: Երկու պետությունների ղեկավարները բարձր են գնահատել Երեւանում անցկացված ԵԱՏՄ գագաթաժողովի արդյունքները, մասնավորապես՝ նիստին Իրանի եւ Սինգապուրի ղեկավարների մասնակցությունը, Սինգապուրի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումն ու Իրանի հետ ստորագրված փաստաթղթի ուժի մեջ մտնելը: Փաշինյանը եւ Պուտինը նաեւ շեշտել են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը:

Կառավարության սեպտեմբերի 30-ի արտահերթ նիստում, որը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիրը հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրինագծին: Ըստ այդմ` եկող տարվա պետբյուջեն եկամուտների գծով կազմելու է 1 տրիլիոն 697 միլիարդ 618 միլիոն 538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 880 միլիարդ 186 միլիոն 389.8 հազար դրամ, պակասուրդը՝ 182 միլիարդ 567 միլիոն 851.0 հազար դրամ:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: